Ծննդյան տոների կիբերփանկ, կամ Սուրբ ծննդյան գիշեր-117.DIR
Ծննդյան տոների կիբերփանկ, կամ Սուրբ ծննդյան գիշեր-117.DIR | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1996 |
«Ծննդյան տոների կիբերփանկ, կամ Սուրբ ծննդյան գիշեր-117.DIR» (ռուս.՝ «Святочный киберпанк, или Рождественская Ночь-117.DIR»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի երգիծական պատմվածքը, որը գրվել է 1996 թվականին[1][2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը մոդելավորում է մի իրավիճակ, երբ «Սուրբ ծննդյան գիշեր» կամ «РН-117.DIR» համակարգչային վիրուսի պատճառով Ռուսաստանի Պետրոպլախովսկ քաղաքը մեկ օրով հայտնվում է քաոսի մեջ[3]։ Ինչպես հուշում է վերնագիրը, այս ստեղծագործությունը միավորում է կիբերփանկի և Ծննդյան տոների պատմվածքի ժանրերը։ «Ծննդյան տոների կիբերփանկը» կարելի է դիտել որպես Տուրգենևի «Մումու» պատմվածքի ռեմեյք[4]։
Ըստ սյուժեի՝ ոչ ոքի չի հաջողվում պարզել համակարգչային վիրուսի հեղինակին, ինչպես նաև, թե ինչպես է տեղի ունեցել վարակումը։ Դրանում նկատվում է ֆանտաստիկության տարր, որը բնորոշ է Ծննդյան տոների պատմվածքներին։ Խոսակցություններ կային, որ վիրուսին կարող է առնչություն ունենալ ինժեներ Գերասիմովը։ Նա չէր ընդունում 1990-ական թվականներին ռուսական հասարակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները, և այդ դրանց հիմնական խորհրդանիշը նրա համար դարձել էր բուլտերիերը։ Գերասիմովը մտնում է պարտքի տակ և սկսում է պահել այդ ցեղատեսակի շուն, որի անունը դնում է Մումու։ Նա հաճախ էր Մումուի հետ քայլում գետի մոտով և երկար ժամանակ նայում ջրին։ Տեղեկանալով այդ մասին՝ հարևանները դատական հայց են ներկայացնում ընդդեմ Գերասիմովի։ Դատարանի որոշմամբ նա զրկվում է շան նկատմամբ իրավունքներից, վերջինիս էլ ուղարկում են շների ընդունման հատուկ կենտրոն։ Մումուին խնամելու համար գումարը հատկացնում է Պետրոպլախովսկի քաղաքապետ Ալեքսանդր Վանյուկովը, որը նաև քրեական հեղինակություն էր[4]։
Սուրբ Ծննդյան գիշերը Վանյուկովի համակարգչում վիրուս է ակտիվանում։ Այն վերափոխում է քաղաքապետի հրամանները՝ փոխելով հասցեատերերին։ Արդյունքում, փողոցային բանվորները հրաման են ստանում «տապալել Կիշկերովին», պրոֆեսիոնալ մարդասպաններին ասվում է, որ «մինչև երեկո գլխավոր փողոցում չլինի ոչ մի բլրակ» (ռուսերեն ժարգոնով «բլրակ» (бугор) նշանակում է մեծ մարդ, շեֆ), ռեկետիրներին, որոնք պատանդ էին պահում ոստիկանին, ուղարկվում է «ե՞րբ է վերջապես այրվելու աղբը» հարցը[4]։
Չնայած հրամանների անհեթեթությանը, ենթակաները սկսում են դրանք իրականացնել՝ նմանվելով համակարգիչներին։ Նման հակամարդասիրությունը բնորոշ է հենց կիբերփանկ ժանրին։ Տեղեկանալով քաղաքում կատարվող դեպքերի մասին՝ Վանյուկովը ներխուժում է իր աշխատասենյակ և ատրճանակով կրակում համակարգչին[3]։
Համակարգչի հրահրած խառնաշփոթի պատճառով Մումուն չի հայտնվում շների հատուկ ընդունարանում, այլ մի քանի օր անցկացնում է տուփի մեջ, իսկ հետո սոված ու զայրացած շանը տանում են Վանյուկովի տուն։ Երբ քաղաքապետը բացում է տուփը, բուլտերիերը կրծում է նրա կոկորդը[4]։
Արդյունքում, Մումուն վերադարձվում է Գերասիմովին։ Նա ձեռք է բերում սառույցի անցքեր բացող շաղափիչ, իսկ հաջորդ առավոտ նրան տեսնում են քաղաքից դուրս։ Նա ուներ շան կծածի հետքեր, բայց «նրա տեսքը լուսավոր էր, հաղթական, և նրա աչքերը նման էին երկու թունելի, որոնց վերջում դողում էր դեռ անորոշ, անկայուն, բայց և անկասկած ներկա լույսը»[4]։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է 1996 թվականին «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարում[2]։ Ներառված է հեղինակի պատմվածքների «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածուի մեջ (2005)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
- ↑ 2,0 2,1 Сергей Некрасов Виктор Пелевин: опыт библиографии
- ↑ 3,0 3,1 Катаев Ф. А. Семантика и функции компьютерного дискурса в прозе Виктора Пелевина // Вестник Пермского университета. Российская и зарубежная филология. 2011. Вып. 2(12).
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Гимранова Ю. А. Креативные рецепции тургеневских рассказов Виктором Пелевиным // Вестник Южно-Уральского государственного гуманитарно-педагогического университета. 2018. № 1.