Jump to content

Եգիպտոսի ալբանական գահատոհմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ալու գահատոհմ
(Ալաուիյյա դինաստիա, Կավալացիների դինաստիա, Ալբանական դինաստիա)

Եգիպտոս և Սուդան
Country երկիր` Եգիպտոս և Սուդան
Titles տիտղոսներ` վալի, ինքնահռչակված որպես խեդիվ (1805–1867)
խեդիվ պաշտոնապես ճանաչված (1867–1914)
Եգիպտոսի սուլթան (1914–1922)
Եգիպտոսի թագավոր (1922–1953)
Founder հիմնադիր` Մուհամմադ Ալի փաշա
Final ruler վերջնական տիրակալը` Եգիպտոսի թագավոր Ֆուադ II
Current head ներկայիս տոհմապետը՝ Ֆուադ II
Founding year հիմնադրման տարեթիվը` 1805 թ., Մուհամմադ Ալի փաշան զավթում է իշխանությունը
Deposition վերացումը` 1953 թ., միապետության վերացումը 1952 թվականի Եգիպտական հեղափոխությունից հետո
Ethnicity ազգային պատկանելիությունը` ալբանական ծագմամբ եգիպտացիներ

Եգիպտոսի ալբանական գահատոհմ (զորավար Մուհամեդ Ալի կավալացու գահատոհմ) (արաբ․՝ أسرة محمد علي‎‎, թուրքերեն՝ Mehmet Ali Paşa Hanedanı կամ թուրքերեն՝ Kavalalılar Hanedanı, Կավալացիների գահատոհմ, ալբ․՝ Dinastia e Muhamed (Mehmet) Ali Pashës) եգիպտական տիրակալների գահատոհմ, որը կառավարել է 1805 թվականից մինչև 1953 թվականը (1952 թվականից՝ փաստորեն իշխանազրկված)։ Հիմնադիրն է եղել ալբանացի սպա Մուհամեդ Ալին։

Եգիպտոսն ալբանական գահատոհմի օրոք՝ 1805-1914 թթ.

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի ալբանական գահատոհմի (1805-1952) հիմնադիրը՝ Մուհամմեդ Ալին ալբանացի սպա էր, ով ծառայում էր օսմանյան այն զորաբանակում, որն ուղարկվել էր Եգիպտոսից վտարելու Նապոլեոն Բոնապարտի զավթիչ զորքերը։ Ֆրանսիական զորքերին վտարելուց հետո Մուհամմեդ Ալին ինքը խլեց Եգիպտոսի իշխանությունը և հարկադրեց Օսմանյան կայսրությանը՝ հանձին սուլթան Մահմուդ II-ի՝ 1805 թվականին ճանաչելու իրեն որպես Եգիպտոսի վալի կամ կառավարիչ։ Ցուցադրելով իր ավելի հեռու գնացող նկրտումները՝ Եգիպտոսի նորաթուխ վալի Մուհամեդ Ալին ինքն իրեն հռչակեց խեդիվ։ Բնականաբար, դա չստացավ օսմանյան արքունիքի, այսինքն՝ Բարձր Դռան հավանությունը։

Մուհամեդ Ալին նպատակ ուներ Եգիպտոսը վերածելու տարածաշրջանային գերտերության, որը, նրա տեսակետից, բնականորեն պետք է փոխարիներ քայքայվող Օսմանյան կայսրությանը։ Եգիպտոսի վերաբերյալ իր տեսակետը նա ամփոփել է հետևյալ կերպ.

Ես շատ լավ գիտեմ որ (Օսմանյան) Կայսրությունը գնում է դեպի կործանման օրը... Նրա ավերակների վրա ես կկառուցեմ լայնարձակ թագավորություն... մինչև Եփրատ ու Տիգրիս[1]։

Եվ իր այդ հեռահար քաղաքական ծրագիրն իրականացնելիս ալբանական ծագմամբ այդ ռազմաքաղաքական գործիչն ու իր հաջորդները բավական ճիշտ կերպով օգտվում էին Եգիպտոսում բնակվող բոլոր ազգությունների կարող տարրերի հնարավորություններից։ Այդ թվում՝ նաև հայերի[2]։

Եգիպտոսի ալբանական գահատոհմի հիմնադիրը` կավալացի զորավար Մուհամմադ Ալին, Եգիպտոսի վալի 1805-1848 թթ.

Վալիներ (նահանգապետներ, կառավարիչներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին Մուհամեդ Ալին (օսման.՝ محمد علی پاشا المسعود بن آغا, արաբ․՝ محمد علي باشا‎‎) հարկադրեց Օսմանյան կայսրության սուլթանին ճանաչելու իրեն որպես Եգիպտոսի փոխարքա-նահանգապետ, սակայն, չբավարարվեց դրանով։ Որպես Եգիպտոսի վալի՝ պաշտոնապես գահակալել է 1805 թվականի հուլիսի 9-ից մինչև 1848 թվականի սեպտեմբերի 1-ը։

Իր հզորության գագաթնակետին Մուհամեդ Ալին և իր որդին՝ Իբրահիմ փաշան տիրապետում էին այնպիսի մի ռազմական հզորության, որն իրոք սպառնում էր Օսմանյան կայսրության բուն իսկ գոյությանը։

Մուհամեդ Ալին մտադիր էր Օսմանյան կայսերական գահատոհմը փոխարինել իր սեփական գահատոհմով:

Վերջ ի վերջո, եվրոպական մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի ռազմական միջամտությունն էր, որ կանխեց Եգիպտոսի զինված ուժերի կողմից Կոստանդնուպոլսի դեմ ուղղված ռազմարշավը, որը, բնականաբար, կհանգեցներ կայսրության մայրաքաղաքի գրավմանը և գահակալական հեղաշրջման (տե՛ս Թուրք–եգիպտական պատերազմ (1831—1833)

Ահա այս պատճառով էր, որ Եգիպտոսում իշխանության եկած ալբանական գահատոհմը վերջ ի վերջո ստիպված եղավ բավարարվել Աֆրիկայով և Սինայի թերակղզով (տե՛ս Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)

Նոր գահատոհմի հիմնադիրը, իր գահակալության առաջին կեսին Եգիպտոսից դեպի հարավ արշավանքներով նվաճեց Սուդանը։ Իր հաջորդների և ժառանգների՝ Իբրահիմ փաշայի և Իսմայիլ փաշայի օրոք՝ Եգիպտոսի իշխանությունն ամրապնդվեց և ընդլայնվեց։

Իր կառավարման տարիներին (1805-1848) Մուհամեդ Ալին Եգիպտոսում խորը բարեփոխումներ անցկացրեց։ Տնտեսության արդիականացումը, բանակի վերակազմավորումը և մյուս փոփոխությունները պահանջեցին հսկայական միջոցներ և Մուհամեդ Ալին ու իր հետնորդները ստիպված էին մեծ պարտքեր անել։

Հայերը Եգիպտոսում Մուհամեդ Ալի փաշայի կառավարման ժամանակաշրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականից Եգիպտոսում Մուհամեդ Ալի փաշայի իրականացրած բարեփոխումները զգալի կերպով նպաստել են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացմանը։ Կրոնական հանդուրժողականության պայմաններում հայերը Եգիպտոսի գրեթե բոլոր ասպարեզներում բարձր դիրքեր են զբաղեցրել[3]։ 1817 թվականին Օսմանյան կայսրությունից Եգիպտոս են եկել շուրջ 200 հայ հմուտ արհեստավորներ (գործավոր, որմնադիր, ատաղձագործ, երկաթագործ և այլն)[4]։ 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել դեպի Եգիպտոս հայկական կապիտալի ներհոսքի համար։ Հայ սարաֆները (դրամափոխները) և առևտրականները սերտաճել են Եգիպտոսի պետական մոնոպոլիաների հետ։ Կահիրեում և Ալեքսանդրիայում հաստատված առևտրականներն ու վարկատուները հիմնականում արաբական անուններ կրող (Այվազ, Պուլոս, Ֆաթալլա, Հինդի, Յուսուֆ, Իլիաս, Սապպաղ, Խայյաթ և այլք) դամասկոսաբնակ և հալեպաբնակ հայեր էին[5]։ Հայ սառաֆներն իրենց ձեռքն էին առել նաև Եգիպտոսի գլխավոր սառաֆի պաշտոնը (արդիական տերմինով ասած՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը)[6]։ Նրանք կապալով վերցնում էին Եգիպտոսի պետական հարկերի հավաքման, արդյունաբերական ձեռնարկությունների (մետաղամշակման, հյուսվածքեղենի, շաքարի, թղթի, կաշվի, քիմիական նյութերի և այլն) ֆինանսավորման, մաքսատների մենաշնորհը[7]։

Մինչև 1827 թվականը Եգիպտոսի առաջին գլխավոր սառաֆը Եղիազար Պետրոսյանն էր, իսկ 1828-1847 թթ.` Ալեքսանդր Միսակյանը[8]։ 1837 թվականին հայ սառաֆները Կահիրեում հիմնել են ժամանակակից իմաստով առաջին բանկը, որը գործել է մինչև 1841 թ.[8]:

Հայերը նշանակվել են նաև Եգիպտոսի դրամահատարանի վերակացուի պաշտոնում[8]։

Մուհամեդի Ալի փաշայի, իսկ ապա նրա հաջորդների կառավարությունում և տարբեր դիվաններում ծառայել են հայ խորհրդականներ, թարգմանիչներ, քարտուղարներ։ Խոշոր կապիտալի հայ ներկայացուցիչներին վստահվել են կարևոր պաշտոններ, մասնավորապես Եգիպտոսի լուսավորության դիվանում, ինչպես նաև Եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության դիվանում, որն, ըստ էության, Եգիպտոսի արտաքին գործերի և արտաքին առևտրի բարձրագույն մարմինն էր[8]։ Այդ դիվանի հաջորդական նազիրները (այսինքն` նախարարները) եղել են հետևյալ ականավոր հայերը.

  • Պողոս բեյ Յուսուֆյանը 1808-1844 թթ. ղեկավարել է Եգիպտոսի Արտաքին նախարարությունը, ապա՝ Առևտրի նախարարությունը, այնուհետև՝ Ֆինանսների նախարարությունը, և վերջապես՝ Ներքին ու Ռազմական նախարարությունները[8]. այսինքն՝ 36 տարի շարունակ եղել է Մուհամեդ Ալի փաշայի կառավարության նախարարներից մեկը.
  • Յակուբ Արթին բեյ Չրաքյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Իբրահիմի և վալի Աբաս I-ի օրոք[8]. կանդրադառնանք համապատասխան տեղում.
  • Առաքել բեյ Նուբարյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Աբաս I-ի օրոք[8]. կանդրադառնանք համապատասխան տեղում.
  • Ստեփան բեյ Դեմիրճյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Աբաս I-ի օրոք[9]. կանդրադառնանք համապատասխան տեղում։

Գերակշիռ մեծամասնությամբ հայեր ներգրավված էին նաև Եգիպտոսի կառավարության զանազան դիվանների տարբեր բաժանմունքների վարիչների ու արտասահմանյան ներկայացուցիչների պաշտոններում. ինչպես՝ Առաքել անունով մի հայ նշանակվել է Սուդանի կառավարիչ[10]։

Հատկապես Մուհամեդ Ալի փաշայի և նրա որոշ հաջորդների օրոք Եգիպտոսում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ՝ Օսմանյան կայսրությունից այդ երկիր են սկսել ներհոսել բազմաթիվ ունեզրկված ու չքավոր հայ ընտանիքներ։ Այնպես, որ արդեն XIX դարի 40-ական թվականներին Եգիպտոսում բնակվում էր 10.000-ից ավելի հայ[11]։

Մինչև XIX դարի կեսը հայերը կենտրոնացած էին հիմնականում Կահիրեում, ինչպես նաև Ալեքսանդրիայում։ Փոքրաթիվ հայեր ապրել են նաև Ռոզետաում (Ռաշիտ) և Դամիետայում (Ալեքսանդրիայի մոտ)[12]։

Իբրահիմ փաշա, Մուհամեդ Ալիի որդին, Եգիպտոսի վալի. գահակալել է 2 Մարտի, 1848 – 10 Նոյեմբերի, 1848

Նոր գահատոհմի 2-րդ ներկայացուցիչը՝ Եգիպտոսի վալիի գահին եղել է Իբրահիմ փաշան (թուրքերեն՝ Kavalalı İbrahim Paşa, կավալացի Իբրահիմ փաշա)։ Վերջինս ծնվել է 1789 թվականին (օրն ահնայտ է)։ Վախճանվել է 1848 թ. նոյեմբերի 10-ին։ Իբրահիմ փաշան պաշտոնապես շատ կարճ է գահակալել՝ (1 սեպտեմբերի 1848 – 10 նոյեմբերի 1848) գահակից լինելով հորը՝ Մուհամեդ փաշային, վերջինիս մտավոր անկարողության ժամանակահատվածում։

Իբրահիմի ծագումը մինչ այժմ անհստակ է մնում։ Երբեմն նրան անվանում են ալբանացի Մուհամեդ Ալիի որդեգրված զավակ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ծնվել է Հունաստանի Դրամա քաղաքում ամուսնուց բաժանված մի քրիստոնյա հույն կնոջից[13]։ Սակայն, իր հոր ծննդավայրի՝ Մակեդոնիայի Կավալա քաղաքի անվամբ թե' Իբրահիմին, թե' նրանց ամբողջ գահատոհմն անվանում են «կավալացիների» դինաստիա։

Իբրահիմի մորը հաջողվում է ամուսնանալ ալբանացի սպա Մումահեդ Ալիի հետ, ով անմիջապես որդեգրում է կնոջ որդուն, տալիս նրան Իբրահիմ անունը և նրան դարձնում է մուսուլմանական հավատի (ընդ որում՝ սուննի դավանանքի)և օսմանյան մշակույթի հետևորդ։ Այլ տեղեկությունների համաձայն՝ Իբրահիմի ոչ մուսուլմանական ծագման մասին լուրերն, իբր, տարածել էր Եգիպտոսում Ֆրանսիայի հյուպատոսը, որը վիրավորված էր փաշայից[14]։

Այսպես, թե այնպես, Իբրահիմը Մուհամեդ Ալիի ավագ որդին էր։ Իր ռազմական գործունեությունը՝ հոր ստեղծած բանակում բարձր հրամանատարական պաշտոններում ծառայելով, սկսել է դեռևս դեռահաս տարիքից։

Հայերը Եգիպտոսում Իբրահիմ փաշայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի նկատմամբ Եգիպտոսի հաջորդ ալբանացի վալիի՝ Իբրահիմ փաշայի վերաբերմունքը նույնն էր, ինչ իր հոր ժամանակ։ Աչքի ընկնող հայերից էր Յակուբ Արթին բեյ Չրաքյանը, ով իր պաշտոնավարությունը Եգիպտոսի կառավարությունում սկսել է դեռ Իբրահիմի հոր՝ Մուհամեդ Ալի փաշայի օրոք (1844 թվականին)։ Յակուբ Արթին բեյ Չրաքյանը 1848 թվականին՝ Իբրահիմի կարճատև գահակալության ժամանակ շարունակում էր մնալ եգիպտական կառավարության Արտաքին և Առևտրի նախարար՝ նազիր, և մնաց կառավարության անդամ նաև Իբրահիմ փաշայից հետո՝ մինչև 1850 թվականը[15]։

Անգլիական դիվանագիտությունը, օգտվելով եգիպտա-օսմանական հակամարտությունից (տե'ս Թուրք–եգիպտական պատերազմ (1831—1833), հատկապես՝ Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)) փորձեց հասնել Մուհամեդ Ալիի, իսկ ապա՝ նրա որդու՝ տաղանդավոր զորահրամանատար Իբրահիմի հրաժարականին։ Եգիպտա-թուրքական և եգիպտա-անգլիական հարաբերությունների վատթարացման և հատկապես՝ 2-րդ թուրք-եգիպտական պատերազմում եվրոպական մեծ տերությունների միջամտության հետևանքով Եգիպտոսի կրած պարտության արդյունքում խիստ կրճատվեցին Եգիպտոսի քաղաքական, տնտեսական ու ռազմական արտաքին և ներքին իրավասությունները[16]։ Դա հանգեցրեց նրան, որ երկրից հետագա տարիների ընթացքում՝ Իբրահիմից, բայց հատկապես Աբաս I Հիլմի փաշայից հետո արտաքսվեցին Եգիպտոսի համար խիստ կարևոր դեր խաղացած մի շարք գործիչներ, այդ թվում՝ նաև հայազգի պետական շատ գործիչներ[17]։

Աբաս I Հիլմի, Եգիպտոսի վալի 1848-1854 թթ.

Աբաս I-ը (արաբ․՝ عباس الأول ‎‎, թուրքերեն՝ I. Abbas Hilmi Paşa ծնվել է 1812 թվականի հուլիսի 1-ին – վախճանվել՝ 1854 թվականի հուլիսի 13-ին[18]։ Նա հայտնի է նաև Աբաս I Հիլմի փաշա կամ Աբաս փաշա։ Գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի բավական երկար ժամանակ (10 նոյեմբերի 1848 – 13 հուլիսի 1854)։ Աբասը Թուսուն փաշայի որդին էր, ուստի և Եգիպտոսի և Սուդանի կառավարող նոր գահատոհմի հիմնադիր Մուհամմադ Ալի փաշայի թոռը։ Եվրոպական աղբյուրներում, մասնավորապես Չամբերսի կենսագրական բառարանում (Chambers Biographical Dictionary) Աբաս I-ի մասին ասված է հետևյալը. «Լինելով մոլեռանդ ու զգայական, շատ բան է արել, որ ի չիք դարձնի Մուհամեդ Ալիի օրոք կատարված առաջընթացը»[19]։

Հայերը Եգիպտոսում Աբաս I Հիլմի փաշայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդի Ալի թոռան՝ Աբաս I-ի կառավարությունում և տարբեր դիվաններում ևս ծառայել են հայ խորհրդականներ, թարգմանիչներ, քարտուղարներ, ինչպես իր մեծանուն պապի օրոք։ Հայերին վստահվել են կարևոր պաշտոններ Եգիպտոսի լուսավորության դիվանում, Եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության դիվանում, որն, ըստ էության, Եգիպտոսի արտաքին գործերի և արտաքին առևտրի բարձրագույն մարմինն էր[15]։ Այդ դիվանի հաջորդական «նազիրները» (այսինքն՝ նախարարները) վերը հիշատակվել են։ [8]:

  • Յակուբ Արթին բեյ Չրաքյանը - Եգիպտոսի կառավարության անդամ է դարձել 1844 թվականին՝ դեռ Մուհամեդ Ալի փաշայի օրոք և իր պաշտոնավարությունը շարունակել է նրա հաջորդների՝ Իբրահիմ փաշայի և Աբաս I-ի օրոք։ Նրա պաշտոնավարությունն ավարտվել է 1850 թվականին[8]։ Ղեկավարել է Եգիպտոսի Արտաքին և Առևտրի նախարարությունը[8]։
  • Առաքել բեյ Նուբարյանը նշանավոր Նուբար փաշա Նուբարյանի եղբայրն էր[8]։ Առաքել բեյ Նուբարյանը Աբաս I Հիլմի փաշայի օրոք՝ 1850-1853 թթ. Եգիպտոսի կառավարության Առևտրի նախարարն էր[8]։
  • Ստեփան բեյ Դեմիրճյանը Առաքել բեյ Նուբարյանին զուգահեռ՝ 1850-1853 թթ. եղել է Եգիպտոսի կառավարության նախարար, բայց ղեկավարել է Արտաքին գործերի նախարարությունը[9]։ Այնուհետև՝ 1855-1857 թթ. ղեկավարել է Եգիպտոսի կառավարության Առևտրի նախարարությունը[10]։

Աբաս I-ի և նրա հաջորդների օրոք ևս հայերը ակնառու դեր էին խաղում Եգիպտոսի քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ ռազմական կյանքում։ Պետական ղեկավար պաշտոններում աչքի են ընկել բազմաթիվ հայեր։ Նրանց թվում էին նաև Խոսրով Չրաքյանը (1800-1873), Արիստակես Ալթուն Տյուրին (1804-1858) և այլք[20]։

Հայերի ներգրավվածությունը Եգիպտոսի կառավարությունում այնքան մեծ էր, իսկ մասնավորապես Արտաքին և Առևտրի նախարարությունում այնքան անուրանալի, որ օտարներն այդ նախարարությունն անվանում էին «Պալե Արմենիեն» (ֆր.՝ Palais Armenien, «Հայկական պալատ»)[21]։

Մուհամմադ Սաիդ, Եգիպտոսի վալի 1854-1863 թթ.

Մուհամմադ Սայիդ փաշան (արաբ․՝ محمد سعيد باشا‎‎, թուրքերեն՝ Mehmed Said Paşa ծնվել է 1822 թվականի մարտի 17-ին – վախճանվել՝ 1863 թվականի հունվարի 18-ին։ Գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի 1854-1863 թվականներին։ Պաշտոնապես նա պարտավոր էր հավատարիմ լինել Օսմանյան սուլթանին, բայց գործնականում վայելում էր փաստական անկախություն։ Սայիդ փաշան ալբանական կամ կավալացիների գահատոհմի հիմնադրի՝ Մուհամեդ Ալի փաշայի չորրորդ որդին էր։ Սայիդը ֆրանսախոս էր, կրթություն էր ստացել Փարիզում։

Սայիդի օրոք մի քանի իրավական, հողային և հարկային բարեփոխումներ կատարվեցին։ Օգտագործելով արևմտյան վարկերը կատարվեց Եգիպտոսի և Սուդանի ենթակառուցվածքի որոշակի արդիականացում։ 1854 թվականին Սուեզի ջրանցքի համար ֆրանսիացի գործարար Ֆերդինանդ դե Լեսեպսին շնորհվեց հողային կոնցեսիայի առաջին ակտը։ Մեծ Բրիտանիան ընդդիմանում էր Ֆրանսիայի կողմից Սուեզի ջրանցքի կառուցման նախագծին և համոզեց Օսմանյան կայսրությանը՝ թույլտվությունը մերժել երկու տարով։

Սայիդի հայրը Սուդանը 1821 թվականին նվաճել էր և ներառել Եգիպտական տիրույթների մեջ, գլխավորապես՝ իր բանակի համար ստրուկներ հափշտակելու նպատակով։ Ստրուկների գերեվարման ամենամյա արշավանքները գնում էին Սուդանից էլ ավելի հեռու՝ մինչև Կորդոֆան և Եթովպիա։ Հանդիպելով եվրոպական պետությունների ճնշմանը, որոնք պահանջում էին վերջ տալ Եգիպտոսի կողմից պաշտոնապես իրականացվող ստրկավաճառությանն ու ստրուկների գերեվարման արշավանքներին, Սայիդ փաշան այդ ռազմարշավներն արգելող հրամանագիր ստորագրեց։

Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ բամբակի խիստ պակաս առաջացավ, ուստի Սայիդի օրոք Եգիպտոսից արտահանվող բամբակը դարձավ եվրոպական տեքստիլ գործարանների հիմնական հումքը։ Նապոլեոն III-ի հորդորով 1863 թվականին, Սայիդը Սուդանյան մի գումարտակ ուղարկեց՝ ճնշելու Երկրորդ Մեքսիկական կայսրության դեմ բռնկված ապստամբությունը[22]։

1854 թվականին Սայիդ փաշան հիմնադրեց Եգիպտոսի բանկը։ Նույն տարում Եգիպտոսի առաջին երկաթուղին շահագործման հանձնվեց, միացնելով Քաֆր էլ-Զայյաթ բնակավայրը (Նեղոսի դելտայում, Ռոզետայի գետաբազկի մոտ) և Ալեքսանդրիա նշանավոր նավահանգստային քաղաքը[23]։

Սայիդի հաստատագրված ժառանգորդը՝ Ահմադ Ռիֆաաթ փաշան, 1858 թվականին երկաթուղային վթարի զոհ դարձավ և խեղդվեց Նեղոսում[24] Այդ իսկ պատճառով՝ 1863 թվականի հունվարին Սայիդի մահից հետո՝ նրան հաջորդեց իր եղբոր որդին՝ Իսմայիլ փաշան։

Միջերկրական ծովի Պորտ Սայիդ նավահանգիստը կոչվել է Սայիդ փաշայի անվամբ։

Ամուսնացել է երկիցս։ Առաջին կինը՝ Ինջի Հանըմէֆենդին զավակ չի ունեցել։ Երկրորդ կինը՝ Մելեքբեր Հանըմէֆենդին ունեցել է երկու որդի, Մուհամմադ Թուսուն փաշան և Մահմուդ փաշան։

Սայիդի սերունդներից արքայազն Մոհամմեդ Ֆարուք Շարիֆը Ահմեդ Շարիֆ Բաշայի ավագ թոռն է և և Սայիդ փաշայի ծոռը։ Վերջինս ապրում է Ալեքսանդրիայում։

Հայերը Եգիպտոսում Սայիդ փաշայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտա-օսմանյան և եգիպտա-անգլիական հակամարտությունը հանգեցրել էր Եգիպտոսի քաղաքական, տնտեսական ու ռազմական արտաքին ու ներքին իրավասությունների խիստ կրճատմանը։ Դա իր հերթին նպաստել էր երկրից հայազգի բազմաթիվ գործիչների արտաքսմանը։ Սաստկացել էր հայերի արտագաղթը Եգիպտոսից[21]։ 1854 թվականից հետո, այսինքն Աբաս I Հիլմի փաշայի գահակալումից հետո Եգիպտոսում հայերի թիվը խիստ կրճատվել էր։ Մուհամեդ Ալի փաշայի օրոք եղած 10.000 հայերից մնացել էր միայն 3.000-4.000-ը[10]։

Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում հայ ականավոր գործիչներից ոմանք բավական հզոր դիրքեր ունեին Եգիպտոսի պետական ապարատում։ Մասնավորապես Նուբար փաշա Նուբարյանը 1857 թվականին նշանակվել է Եգիպտոսի Երկաթուղու և տրանսպորտի վարչության պետ[10], ապա չորս անգամ պաշտոնավարել է որպես երկրի Արտաքին գործերի նախարար[10]։ Բայց դա արդեն եղել է հաջորդ վալիի (ապագա պաշտոնական խեդիվ) Իսմայիլ փաշայի օրոք։

Իսմայիլ փաշան (արաբ․՝ إسماعيل باشا‎‎ Ismā‘īl Bāshā, թուրքերեն՝ İsmail Paşa), հայտնի է որպես Իսմայիլ Փառահեղ։ Ծնվել է 1830 թ. դեկտեմբերի 31-ին – վախճանվել՝ 1895 թ. մարտի 2-ին։ 1863-1867 թթ. գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի։

Հայերը Եգիպտոսում 5-րդ վալի Իսմայիլ փաշայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ XIX դարի կեսին Եգիպտոսը մասամբ անցել էր Մեծ Բրիտանիայի գաղութատիրական վերահսկողության ներքո[25]։

Դա ուներ իր թե' դրական, թե' բացասական կողմը։ Դրականը Օսմանյան հետամնաց և վայրենաբարո տիրապետությունից փաստական ազատագրումն էր և եվրոպական ամենազարգացած տերության հետ շփումների առավել ակտիվացումը։ Բացասականը՝ Եգիպտոսի ազգային անկախության սահմանափակումն էր և երկրի ռեսուրսների շահագործումը՝ հօգուտ Բրիտանական կայսրության։ 1867 թվականին Եգիպտոսի վալին՝ Իսմայիլ փաշան Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Նուբար փաշա Նուբարյանի գործուն աջակցության և եվրոպացիների հետ փոխործակցության ճկուն քաղաքականություն վարելու շնորհիվ ստացավ խեդիվ (հայերեն՝ «խտիվ») տիտղոսը[25]։ Մինչ այդ էլ Մուհամեդ Ալին և իր ժառանգները փորձում էին իրենք իրենց խեդիվ (տիրակալ, արքայազն, փոխարքա) հռչակել, սակայն այդ տիտղոսը նրանք կրում էին առանց իրենց սյուզերենի՝ Օսմանյան սուլթանի կողմից պաշտոնապես ճանաչման։ Եվ այսպես, 1867-ին Իսմայիլ փաշան պաշտոնապես ճանաչվել է որպես Եգիպտոսի խեդիվ։ 1863-1879 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի առաջին պաշտոնապես ճանաչված խեդիվը։

Ի դեպ, Նուբար փաշա Նուբարյանը Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար էր նշանակվել 1866 թվականին[26], երբ դեռ Իսմայիլ փաշան պաշտոնապես գահակալում էր որպես վալի։ Երկրի Արտաքին գործերի նախարար բարձր պաշտոնում Նուբար փաշա Նուբարյանը պաշտոնավարեց մինչև 1874 թվականը[26], երբ Իսմայիլ փաշան արդեն հենց Նուբարի իսկ ջանքերով պաշտոնապես գահակալում էր որպես Եգիպտոսի խեդիվ[26]։

Խեդիվներ (փոխարքաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլո-եգիպտական Սուդանի քարտեզը

Թեպետ Մուհամեդ Ալին և իր հաջորդները գերադասում էին օգտագործել ավելի բարձր խեդիվ տիտղոսը, ավելի ցածր՝ վալի տիտղոսի փոխարեն, սակայն դա պաշտոնապես չէր ճանաչվում Օսմանյան արքունիքի՝ Բարձր Դռան կողմից մինչև 1867 թվականը, երբ սուլթան Աբդուլ-Ազիզը պաշտոնապես հավանություն տվեց խեդիվ տիտղոսի գործածմանը՝ Եգիպտոսի Իսմայիլ փաշայի և իր հաջորդների կողմից։

Իսմայիլ փաշա, վալի` 1863-1867 թթ., խեդիվ` 1867-1879 թթ.

Իսմայիլ փաշան (արաբ․՝ إسماعيل باشا‎‎ Ismā‘īl Bāshā, թուրքերեն՝ İsmail Paşa), հայտնի է որպես Իսմայիլ Փառահեղ։ Ծնվել է 1830 թ. դեկտեմբերի 31-ին – վախճանվել՝ 1895 թ. մարտի 2-ին։ 1863-1867 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի վալին։ 1867-ին պաշտոնապես ճանաչվել է որպես Եգիպտոսի խեդիվ։ 1863-1879 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի առաջին պաշտոնապես ճանաչված խեդիվը։ 1879 թվականին Մեծ Բրիտանիայի պահանջով խեդիվ Իսմայիլը գահընկեց արվեց։

Իսմայլիը Իբրահիմ փաշայի երեք որդիներից երկրորդն էր և Մուհամեդ Ալիի թոռը։ Ըստ երևույթին, Իսմայիլը հայրական կողմից ալբանական, իսկ մայրական կողմից կովկասյան ծագում ուներ։ Իսմայիլը ծնվել է Կահիրեում, Ալ Մուսաֆիր Խանա պալատում[27] Իսմայիլի մայրը Հոշիարն է (տիկին Խուշիյար Խաթերը), իր հոր երրորդ կինն էր։ Տեղեկություններ կան, որ խեդիվ Իսմայիլի մայրը թուրքական սուլթանի տիկնոջ՝ սուլթանուհի Փերթևնիյալի (1812–1883) քույրն էր։ Փերթևնիյալը (Փերթև Նիհալ, Պարթև Նիհալ) օսմանյան Մահմուդ II սուլթանի տիկինն էր և սուլթան Աբդուլազիզ II-ի մայրը[28][29][30][31]։ Հայտնի է, որ Փերթևնիյալը, ուստի և իր քույրը՝ Եգիպտոսի ապագա խեդիվ Իսմայիլի մայրը՝ տիկին Խուշիյար Խաթերը կովկասյան ծագում ունեին. ըստ որոշ աղբյուրների՝ չերքեզական, այլ աղբյուրների համաձայն՝ հայկական։

Խեդիվ Իսմայիլը բաժանում էր իր մեծանուն պապի՝ Մուհամմադ փաշայի պատվախնդիր տեսակետը, ուստի նա իր գահակալության օրոք մեծապես արդիականացրեց Եգիպտոսը և Սուդանը։ Խեդիվ Իսմայիլը ծանրակշիռ ներդրումներ էր կատարում արդյունաբերական և, ընդհանրապես, տնտեսական զարգացման, քաղաքաշինության ու քաղաքների զարգացման մեջ, ինչպես նաև ձգտում էր ընդլայնել երկրի սահմանները Աֆրիկա մայրցամաքում։

Խեդիվ Իսմայիլի փիլիսոփայությունը կարելի է տեսնել 1879 թվականին իր արած մի հայտարարության մեջ. «Իմ երկիրն այլևս Աֆրիկայում չէ. մենք այժմ Եվրոպայի մասն ենք։ Ահա թե ինչու մեզ համար բնական է, որ վերջ տանք մեր նախկին ապրելաձևերին և ընդունենք մեր սոցիալական պայմաններին համապատասխանող նոր համակարգ»։

1867 թվականին Իսմայիլը նաև ապահովեց թե' Օսմանյան կայսրության, թե' նաև միջազգային ճանաչումը՝ իր «խեդիվ» (փոխարքա) տիտղոսի համար, որը Եգիպտոսի գահակալները գերադասում էին «վալի» (կառավարիչ, նահանգապետ) տիտղոսից։ «Վալի» տիտղոսը կրում էին Օսմանյան կայսրության Եգիպտոս էյալեթի կամ նահանգի կառավարիչները (1517–1867 թթ.)։ Սակայն, Իսմայլիլի քաղաքականությունը Եգիպտոսի Խեդիվաթը (1867–1914 թթ.) ծանր պարտքերի տակ գցեց։ Դրա մեջ իր մեծ դերն ունեցավ նաև Եգիպտոսի նկատմամբ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականությունը։

Դեռ Սայիդ փաշայի օրոք զարգացվում էր գյուղատնտեսական հումքի նախնական մշակման արդյունաբերությունը, վերասարքավորվում էին երկրի նավահանգիստները, կառուցվում էին երկաթուղիները։ Իսմայիլ փաշայի օրոք այդ ամենն առավել մեծ թափ ստացավ։ Ձևավորվում էր Եգիպտոսի նոր դասակարգը՝ բուրժուազիան։ Սակայն դրամատիրական հարաբերությունների լիակատար զարգացմանը խանգարում էին եգիպտական գյուղաշխարհում տիրող ավատատիրական կարգերը և օտարերկրյա կապիտալի առավել մեծացող ներթափանցումը։ Արդյունաբերության զարգացման և տրանսպորտային կառույցների զարգացման հետ կապված Եգիպտոսի կառավարությունը նոր մեծ վարկեր էր վերցնում։ 1863 թվականին՝ Իսմայիլ փաշայի կառավարման առաջին տարում Եգիպտոսի պետական պարտքը հասավ 16 միլիոն ֆունտ ստեռլինգի։ Արդյունքում հենց միայն վարկերի տոկոսների վճարումը կլանում էր երկրի եկամուտների զգալի մասը։ Իսկ վարկերը երաշխավորվում էին եգիպտական բյուջեի հիմնական եկամտային հոդվածներով[32]։

1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումից հետո եվրոպական մեծ տերությունների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պայքարը Եգիպտոսի նկատմամբ գերիշխանության հասնելու համար ընդունեց առավել լարված բնույթ[32]։

1875 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը հայտարարեց իր ֆինանսական սնանկացման մասին։ Արդյունքում եգիպտական արժեթղթերի կուրսը (փոխարժեքը) աղետալիորեն անկում ապրեց։ Դրանցի օգտվեց բրիտանական կառավարությունը, որպեսզի հարկադրի խեդիվ Իսմայիլին՝ ջրի գնով Մեծ Բրիտանիային վաճառելու Սուեզի ջրանցքի ընկերության՝ Եգիպտոսին պատկանող բաժնետոմսերը[32]։

Օտարերկրյա վարկատուները սկսեցին բացեիբաց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին։ Ի վերջո նրանք կազմեցին Եգիպտոսի պետական պարտքի համատեղ հանձնաժողով՝ Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչներից[33]։ Տնտեսական կախվածությունը հանգեցրեց երկրի քաղաքական կախվածությանը օտարերկրյա պետություններից։ 1878 թվականին կազմավորվեց Եգիպտոսի այսպես կոչված եվրոպական կառավարությունը (նախարարների դահլիճը)` Անգլիայի դրածո համարվող Նուբար փաշա Նուբարյանի գլխավորությամբ[33]։

Նոր կառավարությունը հարուցեց եգիպտական հասարակության ազգայնականորեն տրամադրված մասի դժգոհությունը։ Նուբար փաշայի կառավարությունը 1879 թվականի փետրվարին զորացրեց 2,5 հազար եգիպտացի սպաների, ինչն արագացրեց դժգոհության բռնկումը բանակում, որը վերածվեց սպաների ցույցի։ 1879 թվականի ապրիլին խեդիվ Իսմայիլին ուղարկվեց ավելի քան 300 ուլեմաների, փաշաների, բեյերի և սպաների դիմումը, որը պահանջում էր անհապաղ կառավարությունից հեռացնել բոլոր օտարերկրացիներին[33]։

Խեդիվ Իսմայիլը հարկադրված էր բավարարել եգիպտական հասարակության ազգայնականորեն տրամադրված մասի պահանջը։ Եվրոպականացման գործընթացը որոշ չափով դանդաղեց։ Շերիֆ փաշայի գլխավորությամբ Եգիպտոսի նոր կառավարություն կազմվեց` կազմված բացառապես եգիպտացիներից[33]։

Սակայն, ի պատասխան Նուբար փաշա Նուբարյանի հրաժարականի և Եգիպտոսի կառավարությունից օտարերկրացիների հեռացման՝ Անգլիան և Ֆրանսիան պահանջեցին Օսմանյան սուլթանից և ի վերջո հասան նրան, որ Իսմայիլ փաշան հեռացվեց խեդիվի պաշտոնից և նրա տեղ նշանակվեց նոր խեդիվ՝ Թաուֆիք փաշան[33]։ Դա տեղի ունեցավ 1879 թվականին։

Ամփոփելով, կարելի է ասել, որ ի հակադրություն իր մեծանուն պապի՝ Մուհամեդ Ալի փաշայի ռազմատենչ-պատերազմական քաղաքականությանն ընդդեմ Օսմանյան կենտրոնական կառավարության, Իսմայիլ փաշան ձգտում էր ուժեղացնել Եգիպտոսի և Սուդանի կիսանկախ պետականության, ինչպես նաև իր սեփական գահատոհմի դիրքերը՝ նվազ բախումնային միջոցներով։ Արդյունքում՝ սիրաշահելու և կաշառքի միջոցով Իսմայիլ փաշան ապահովեց Եգիպտոսի և Սուդանի վիրտուալ անկախության՝ Օսմանյան կենտրոնական կառավարության կողմից պաշտոնական ճանաչումը։ Այս ազատության կարգավիճակը խիստ խախտվեց, երբ 1879 թվականին հայակեր «կարմիր» սուլթանը՝ Աբդուլ Համիդ II-ը Մեծ տերությունների հետ միասին կարողացավ գահընկեց անել Իսմայիլ փաշային և նրա փոխարեն գահ բարձրացնել ալբանական գահատոհմի հաջորդ փաշային՝ Իսմայիլի որդի Թաուֆիքին։

Հայերը Եգիպտոսում 1-ին խեդիվ Իսմայիլ փաշայի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի նկատմամբ Եգիպտոսի ալբանական գահատոհմի ներկայացուցիչների վերաբերմունքը գրեթե բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր պայմաններում, այնուամենայնիվ, եղել է բավական դրական։ Դրա ապացույցն էր եգիպտահայության ներկայացուցիչներին երկրի պետական ապարատի բարձր պաշտոններին նշանակելու դարավոր ավանդույթը։

Մասնավորապես, խեդիվ Իսմայիլի, իսկ ապա նրա հաջորդների օրոք հայազգի Նուբար փաշա Նուբարյանը չորս անգամ զբաղեցրել է Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնը[34]։

Ընդ որում, եգիպտահայության այս ականավոր ներկայացուցիչը երեք անգամ Արտաքին գործերի նախարար է եղել հենց խեդիվ Իսմայիլի գահակալման օրոք՝

  • 1866-1874,
  • 1875-1876,
  • 1878-1879[17]:

Նուբար փաշա Նուբարյանը խեդիվ Իսմայիլի օրոք պաշտոնավարել է նաև որպես Եգիպտոսի վարչապետ (1878-1879)[17]։

Դեռ 1876 թվականին Նուբար փաշա Նուբարյանի անմիջական մասնակցությամբ Եգիպտոսում ստեղծվել են Միջազգային (կամ Խառը) դատարանը և Նոթաբլների պալատը (խորհրդարանի նմանությամբ), որով վերջ է դրվել Եգիպտոսի նկատմամբ օտար պետությունների միակողմանի միջամտությանը, երկիրը ստացել է օտարերկրյա տերությունների հետ ինքնուրույն ֆինանսական պայմանագրեր կնքելու իրավունք[17]։

1869 թվականին Սուեզի ջրանցքի կառուցմամբ մեծացավ Եգիպտոսի տեսակարար կշիռը համաշխարհային առևտրում։ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից (Վան, Բաղեշ, Մուշ, Սղերդ, Սասուն) տարաբախտ ու չքավոր հայ պանդուխտները ևս սկսել են խռնվել եգիպտական նավահանգսիտներում՝ սևագործ աշխատանք կատարելու համար[12]։

Որոշ տվյալներով 1867 թվականին Սուեզում շուրջ 100 հայեր (որոնցից 65-ը՝ մշեցի) մասնակցել են ջրանցքի բացման աշխատանքներին[35]։

Եթե մինչև XIX դարի կեսը Եգիպտոսում հայությունը հիմնականում կենտրոնացած էր Կահիրեում և Ալեքսանդրիայում, ապա XIX դարի կեսերից հայերի տեղաշարժ է նկատվել նաև դեպի Զագազիգ, Թանթա, Ասիութ, Ֆայում և Եգիպտոսի ներքին այլ քաղաքներ[36]։ Ի դեպ, Զագազիգը գնդապետ Արաբիի հարազատ քաղաքն է։

Թաուֆիք փաշա, Եգիպտոսի և Սուդանի խեդիվ` 1879-1892 թթ.

Մուհամեդ Թաուֆիք փաշան (արաբ․՝ محمد توفيق باشا‎‎, թուրքերեն՝ Muhammed Tevfik Paşa ծնվել է 1852 թվականի ապրիլի 30-ին (այլ տվյալներով՝ նոյեմբերի 15-ին), վախճանվել՝ 1892 թվականի հունվարի 7-ին։ Իր հորից՝ 1-ին խեդիվ Իսմայիլ փաշայից հետո Եգիպտոսի և Սուդանի 2-րդ խեդիվն էր 1879-1892 թվականներին, իսկ Եգիպտոսի ալբանական կամ կավալացիների գահատոհմում 6-րդ տիրակալն էր՝ գահատոհմի հիմնադիր Մուհամմադ Ալի փաշայից հետո։

Թաուֆիքը խեդիվ Իսմայիլի ավագ որդին էր։ Նրա մայրն էր արքայադուստր Շաֆիք Նուրը։ Թաուֆիքը չի ուղարկվել Եվրոպա՝ կրթություն՝ իր կրտսեր եղբայրների պես, այլ՝ մեծացել է Եգիպտոսում։

1866 թվականին Թաուֆիքի հորը՝ Իսմայիլ փաշային հաջողվեց փոխել Եգիպտոսում գահաժառանգության կարգը։ Այդուհետև Եգիպտոսի տիրակալի տիտղոսը անցնելու էր ոչ թե Մուհամեդ Ալիի գահատոհմի ավագագույն արական ներկայացուցչին, այլ փոխանցվելու էր հորից որդի։ Իսմայիլը առանձնապես չէր սիրում իր հորեղբորը՝ Հալիմ փաշային, ով պետք է դառնար իր հաջորդը՝ Եգիպտոսի գահի վրա։ Ընդ որում, Իսմայիլը կարծում էր, որ գահը կարող է թողնել իր որդիներից նրան, ում ինքը կցանկանա։

Սակայն Եգիպտոսի գահաժառանգության կարգը փոխելուց հետո պարզվեց, որ Մեծ տերությունները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրիան և Օսմանյան Կայսրությունը, գահաժառանգության նոր կարգը մեկնաբանում են որպես գահի` հորից ավագ որդուն փոխանցում։ Արդյունքում Իսմայիլ փաշայի ավագ որդին՝ Թաուֆիքը դարձավ արքայազն-գահաժառանգ։

1873 թվականի հունվարի 15-ին Կահիրեում արքայազն գահաժառանգ Թաուֆիք փաշան ամուսնացավ օսմանյան արքայադուստր Էմինա Իլհամիի հետ։ Վերջինս օսմանյան սուլթանի փեսայի՝ Դամադ Իբրահիմ Իլհամի փաշայի դուստրն էր։

1878 թվականին արքայազն Թաուֆիքը նշանակվեց Եգիպտոսի արքունական խորհրդի նախագահ, այն բանից հետո, ինչ այդ պաշտոնից հեռացվեց Նուբար փաշան։

Թաուֆիք փաշան այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը մի քանի ամիս։ Բայց դա էլ բավարար եղավ, որպեսզի երևա, թե որքան ոչ ամբիցիոզ, ոչ այնքան ինտելիգենտ ու նաև ոչ եռանդուն մարդ է Եգիպտոսի ապագա խեդիվը։ Սակայն Թաուֆիք փաշան բավական իմաստուն գտնվեց, որպեսզի հեռու մնա այն պալատական բանսարկություններին մասնակցելուց, որոնք այն ժամանակ կազմում էին Եգիպտոսի և Սուդանի քաղաքական կյանքի կարևոր մասը։

Թողնելով պաշտոնավարությունը, Թաուֆիքը վերադարձավ իր կալվածքը և դարձյալ անցավ գյուղական կյանքին։ Սակայն շուտով նրա ներկայությունը Եգիպտոսի քաղաքական կյանքում մեծ կարևորություն ստացավ։

1879 թվականի հունիսի 26-ին Թաուֆիքի հայրը՝ խեդիվ Իսմայիլը՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պնդմամբ գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից։ Սուլթանը միաժամանակ հրամայեց, որպեսզի գահընկեց արված խեդիվ Իսմայիլի ավագ որդին՝ Թաուֆիքը, համաձայն Եգիպտոսի գահաժառանգության նոր կարգի՝ հռչակվի խեդիվ։

Նոր խեդիվն այնքան անպատրաստ էր դրան, որ նույնիսկ բացահայտ արտահայտում էր իր դժգոհությունը։ Եվրոպական մեծ տերությունները, հավանաբար, լավ գիտեին նոր խեդիվ Թաուֆիքի քաղաքական անպատրաստության աստիճանը։

Թաուֆիքը վերականգնեց անգլո-ֆրանսիական վերահսկողությունը Եգիպտոսի ֆինանսական համակարգի նկատմամբ, ինչպես նաև կրճատեց եգիպտական բանակի թիվը՝ հասցնելով 18 հազարի[33]։

Գնդապետ Արաբիի ապստամբությունը։ Ճանապարհ դեպի խեդիվի իշխանազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրացիների ամենազորությունը վիրավորում էր եգիպտացիների ազգային զգացմունքները։ Ազգային-ազատագրական շարժման գլուխ կանգնեցին երիտասարդ եգիպտական ազգային բուրժուազիայի ներկայացուցիչները, եգիպտական մտավորականությունը, բանակի սպաները, հայրենասիրորեն տրամադրված կալվածատերերը։ Նրանք բոլորը միավորվեցին «Եգիպտոսը` եգիպտացիներին» կարգախոսի ներքո և ստեղծեցին Եգիպտոսի առաջին քաղաքական կազմակերպությունը՝ «Հիզբ-ուլ-վաթան», այսինքն «Հայրենիքի կուսակցությունը» կամ «Ազգայնական կուսակցությունը»[33][37]։

1880 թվականի մայիսին Եգիպտոսի բանակի սպաների մի խումբ հանդես եկավ ընդդեմ եգիպտացի-սպաների առաջխաղացման համար ստեղծված խոչընդոտների, զինվորներին տարբեր ոչ ռազմական աշխատանքների մեջ հարկադրաբար օգտագործելու և զինվորականների աշխատավարձերի պարբերական ուշացումների[33]։

1881 թվականին եգիպտական բանակի մի խումբ սպաներ՝ գնդապետ Ահմեդ Արաբիի կամ Օրաբիի գլխավորությամբ Եգիպտոսի կառավարությանը խնդրագիր-դիմում ուղարկեցին՝ պահանջելով պաշտոնազրկել ռազմական նախարարին և հետաքննել նրա կողմից կատարված որոշ ռազմական պաշտոնյաների աստիճանների բարձրացումը։ Գնդապետ Արաբին ծագում էր ֆելլահներից և «Հիզբ-ուլ-վաթան» կուսակցության տաղանդավոր ու եռանդուն գործիչներից մեկն էր։ Նա հասկանում էր բանակի, որպես Եգիպտոսի միակ կազմակերպված ուժի նշանակությունը և փորձում էր ազգայնական շարժման համար աջակցություն ձեռք բերել գյուղացիության շրջանում[37][38]

1881 թվականի փետրվարին Եգիպտական բանակի հայրենասեր-սպաների հրամանատարության ներքո գործող զինվորները գրավեցին եգիպտական ռազմական նախարարության շենքը և ձերբակալեցին ռազմական նախարարին[39]։

Գնդապետ Արաբիի խմբի հաջողությունը սարսափեցրեց կառավարությանը և նրա օտարերկրյա խորհրդականներին։ Նրանք փորձեցին Կահիրեցի հեռացնել եգիպտական բանակի հայրենասիրորեն տրամադրված զորագնդերը։ Սակայն այդ փոսրձը հանդիպեց դիմադրության։ «Վաթանիստները« այժմ պահանջեցին արդեն եգիպտական ամբողջ կառավարության հրաժարականը, նաև՝ մշակել Եգիպտոսի սահմանադրություն և մեծացնել Եգիպտոսի բանակը, որը նրանք համարում էին երկրի հզորության ու ազգային ինքնիշխանության հիմնական պաշտպանը։ Բանակի զինված ելույթը 1881 թվականի սեպտեմբերին ստիպեց խեդիվ Թաուֆիքին ընդունելու «վաթանիստների» բոլոր պահանջները[39]։

Այս իրադարձություններն ուժեղացրեցին օտարերկրյա մեծ տերությունների տագնապը։ Անգլիական և ֆրանսիական դիվանագիտությունը փորձեց կազմակերպել օսմանյան ռազմական ներխուժումը Եգիպտոս։ Երբ դա չհաջողվեց, Ֆրանսիան առաջ քաշեց Եգիպտոսի նկատմամբ համատեղ անգլո-ֆրանսիական ռազմական վերահսկողության նախագիծը։ Անգլիացիները, որոնք ձգտում էին ինքնուրույն գերիշխել Եգիպտոսում մերժեցին պաշտոնական Փարիզի այդ առաջարկը[39]։

Այնինչ 1881 թվականի սեպտեմբերյան ապստամբությունից հետո կազմավորված Շերիֆ փաշայի նոր կառավարությունը որոշում կայացրեց՝ անցկացնել Եգիպտոսի խորհրդարանի ընտրություններ։ Ընտրությունները պետք է կատարվեին 1866 թվականի ընտրական օրենքի հիման վրա, որը խիստ սահմանափակում էր ազգաբնակչության ընտրական իրավունքները։ Այնուամենայնիվ, խորհրդարան անցան մեծ մասամբ հենց «վաթանիստները»։ Վերջիններս պնդում էին, որ Եգիպտոսի ապագա սահմանադրությունը խորհրդարանին իրավունք պետք է տա լիովին վերահսկելու պետական բյուջեի թեկուզ այն մասը, որը նախատեսված չէր պետական պարտքի մարման համար։ Այնինչ, վարչապետ Շերիֆ փաշայի մշակած սահմանադրության նախագիծը խորհրդարանին այդ հարցում սոսկ խորհրդակցական իրավունք էր տալիս։ Եգիպտոսի խորհրդրանի պատգամավորների մեծ մասը 1881 թվականի դեկտեմբերի 26-ին բացված նստաշրջանի ժամանակ իրենց դժգոհությունն արտահայտեցին երկրի սահմանադրության՝ Շերիֆ փաշայի մշակած նախագծի նկատմամբ։ Գնդապետ Արաբին առաջարկեց՝ կազմավորել Եգիպտոսի նոր կառավարություն[37][39]։

Հաջորդ ամիս՝ 1882 թվականի հունվարին խեդիվ Թաուֆիքը ստացավ անգլո-ֆրանսիական համատեղ նոտա, որը պահանջում էր՝

  • ա. ցրել Եգիպտոսի խորհրդարանը,
  • բ. կասեցնել գնդապետ Արաբիի գործունեությունը։

Այնուամենայնիվ, Եգիպտոսի՝ հիմնականում ազգայնականորեն տրամադրված խորհրդարանը, չնայած անգլո-ֆրանսիական բացահայտ ճնշմանը՝ հասավ նրան, որ Շարիֆ փաշայի կառավարությունը հրաժարական տվեց։

Կազմավորվեց Եգիպտոսի նոր կառավարություն։ Այստեղ նոր ռազմական նախարար նշանակվեց գնդապետ Արաբին[37]։

Եգիպտոսում բազմամարդ հավաքներ էին անցնում, որոնք ողջունում էին նոր կառավարության կազմավորումը։

Նոր կառավարությունը նոր սահմանադրության նախագիծ ընդունեց, որը նախատեսում էր երկրի բյուջեի հաստատումը կառավարության կողմից՝ խորհրդարանի հետ համատեղ, անշուշտ առանց բյուջեի այն մասի, որը նախատեսված էր պետական պարտքի մարման համար[39]։

Ֆրանսիան և Անգլիան փորձեցին կաշառել գնդապետ Արաբիին, սակայն դա նրանց չհաջողվեց։ Դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան 1882 թվականի մայիսի 25-ին խեդիվ Թաուֆիքին նոտա հանձնեցին՝ պահանջելով պաշտոնաթող անել նոր կառավարությունը, երկրից վտարել գնդապետ Արաբուն և Կահիրեց հեռացնել բոլոր ականավոր «վաթանիստներին»[37]։

Ի նշան կոպիտ օտարերկյա միջամտության դեմ բողոքի՝ ազգային կառավարությունը հրաժարական տվեց, սակայն դա այնպիսի լուրջ հուզումներ առաջացրեց Եգիպտոսի խոշորագույն քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Կահիրեում, որ խեդիվ Թաուֆիքը հարկադրված եղավ 1828 թվականի մայիսի 28-ին ռազմական նախարարի պաշտոնում դարձյալ նշանակել գնդապետ Արաբիին[40]։

1882 թվականի անգլո-եգիպտական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական մեծ տերությունների և, հատկապես, Անգլիայի հետ Եգիպտոսի հակասությունները ի վերջո պետք է հանգեցնեին երկու կողմերի ռազմական բախման։

Եգիպտոսի հարցով միջազգային համաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի հարցով միջազգային համաժողով հրավիրվեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ 1882 թվականի հունիսին այդ համաժողովի անգլիացի պատվիրակները ստիպված էին միանալ միջազգային համաժողովի ընդունած արձանագրությանը, որը պարտավորեցնում էր բոլոր եվրոպական տերություններին՝ չդիմել Եգիպտոսի տարածքի որևէ աննեքսիայի (բռնակցման) կամ օկուպացիայի (զինակալման)[41]։

Անգլո-եգիպտական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Չսպասելով այդ համաժողովի արձանագրության հաստատմանը, Ալեքսանդրիայի նավահանգստի մոտ ծովում կանգնած անգլիական էսկադրայի հրամանատարը՝ փոխծովակալ Սեյմուրը Ալեքսանդրիայի ռազմական կառավարչին (Military Governor) սադրիչ պահանջ ուղարկեց՝ դադարեցնել եգիպտացիների կողմից կատարվող ամրաշինական աշխատանքները։ 1882 թվականի հուլիսի 10-ին հանձնված այդ վերջնագիրն առաջարկում էր եգիպտական կողմին՝ կատարել անգլիական կողմի տվյալ պահանջը 24 ժամվա ընթացքում[41]։

1882 թվականի հուլիսի 11-ին անգլիական նավատորմը Ալեքսանդրիան ենթարկեց կատաղի 10-ժամյա ռմբակոծության։ Այնուհետև անգլիական ցամաքային զորքերը, որոնք բաղկացած էին 25 հազար մարդուց, ափ իջան և գրավեցին քաղաքը։ Խեդիվ Թաուֆիքը, դավաճանելով Եգիպտոսի ազգային շահերին, Կահիրեից փախավ Ալեքսանդրիա, որն այդ ժամանակ զինակալված էր անգլիացիների կողմից[41]։

Խեդիվի իշխանազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահիրեում կազմավորվեց «Արտակարգ ժողով», կազմված Եգիպտոսի ազնվականության, հոգևորականության և վաթանիստ-սպաների ներկայացուցիչներից։ «Արտակարգ ժողովի» նպատակն էր կառավարել երկիրը և կազմակերպել նրա պաշտպանությունը «Արտակարգ ժողովը» խեդիվ Թաուֆիքին գահընկեց հայտարարեց և գնդապետ Արաբուն նշանակեց զինված ուժերի գլխավոր հրամանատար[37][41]։

Գնդապետ Արաբու ենթակայության ներքո գտնվում էին շուրջ 19.000 մարդուց կազմված կանոնավոր զորքեր և 40.000 նորակոչիկներ։ Եգիպտոսի բանակն ուներ զգալի քանակությամբ զինամթերք և շուրջ 500 թնդանոթ։ Մշակվեց Եգիպտոսի պաշտպանության ռազմավարական պլանը[37][42]։

Սակայն այդ պլանի իրագործման ժամանակ Արաբին թույլ տվեց լուրջ ռազմա-քաղաքական սխալներ։ Մասնավորապես,

  • նա չամրացրեց Սուեզի ջրանցքի գոտին, հուսալով, թե անգլիացիները չեն խախտի ջրանցքի չեզոքության մասին կոնվենցիան,
  • կարևորագույն մի շարք պաշտպանական դիրքերի պաշտպանությունը հանձնարարեց անկարգապահ բեդուինական ջոկատներին, որոնց առաջնորդներին անգլիացիները կարողացան կաշառել[37][42]։
Հեղափոխական բանակի պարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնինչ անգլիացիները, հաշվի չառնելով Սուեզի ջրանցքի չեզոքացման մասին կանվենցիան, Պորտ-Սայիդ և Իսմայիլիա զորքեր նետեցին Հնդկաստանից, դրանով իսկ ապահովելով իրենց հարձակումը Կահիրեի վրա երկու կողմից[37][42]։

Անգլիական զորքերը ճեղքեցին ձգված և բեդուինական առաջնորդների կողմից թուլացված ռազմաճակատի գիծը։ 1882 թվականի սեպտեմբերի 13-ին Արաբու զորքերը պարտություն կրեցին Թել-ալ-Քաբիրի մոտ։ Սեպտեմբերի 14-ին անգլիականա զորքերը գրավեցին Կահիրեն, իսկ դրանից հետո զինակալեցին ամբողջ Եգիպտոսը։ Արաբին ձերբակալվեց, դատի տրվեց և աքսորվեց Ցեյլոն կղզի[37][43]։

Եգիպտոսում այն ժամանակ չկար հասարակական ուժ, որն ունակ լիներ գլխավորել հաղթական ժողովրդական պայքարն ընդդեմ օտարերկրյա նվաճողների։ Թույլ, նոր ձևավորված եգիպտական ազգային բուրժուազիան հույս ուներ իր իրավունքներն ընդլայնել փոխզիջումների ուղիով և շահագրգռված չէր հեղափխական պատերազմով։ Գնդապետ Արաբուն միացած ավատատիրական տարրերը անգլիական ագրեսորների դեմ պայքարի ամենասուր պահին կանգնեցին ազգային դավաճանության ուղու վրա։ Այդ ամենը, միասին վերցրած՝ պայմանավորեց ազգային շարժման պարտությունը և դյուրացրեց Եգիպտոսի վերածումը Անգլիայի հերթական գաղութի[43]։

Խեդիվի իշխանության վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով, խեդիվ Իսմայիլի գահընկեց արվելուց (1879 թվական) և նրա ավագ որդի Թաուֆիքին խեդիվաթի գահին բազմելուց երեք տարի անց՝ 1882 թվականին, Եգիպտոսի ու Սուդանի ազատությունը գրեթե խորհրդանշանական էր դարձել, և Մեծ Բրիտանիան ներխուժելով՝ նվաճեց երկիրը, իբր, աջակցելով խեդիվ Թաուֆիք փաշային՝ ընդդեմ իր ներքին հակառակորդների՝ գնդապետ Ահմեդ Արաբիի (Ահմեդ Օրաբի) ազգայնական կառավարության։

Դրանից հետո թեպետ խեդիվն անվանապես շարունակում էր տիրել Եգիպտոսին և Սուդանին, բայց իրական իշխանությունն արդեն գտնվում էր բրիտանացիների ձեռքին։ Եգիպտոսի գաղութացման այդ գործընթացը սկսվել էր դեռ 1876 թվականին, երբ պետական ծանր պարտքերի տակ գտնվող Եգիպտոսը հայտնվեց վարկատուների վերահսկողության ներքո և փաստացիորեն վերածվել էր անգլիական գաղութի։ Պաշտոնապես իշխանությունը պատկանում էր խեդիվին և իր նախարարների խորհրդին, բայց իրական իշխանությունը անգլիական գեներալ-ռեզիդենտի կամ գերագույն կոմիսարի (գերագույն հանձնակատարի) ձեռքին էր։ Իրերի նման վիճակը փաստորեն տևեց գրեթե կես դար՝ 1882 թվականից մինչև 1932 թվականը[44]։

Սուդանի խլումը Եգիպտոսից
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հեճուկս եգիպտացիների, բրիտանացիները Սուդանը 1899 թ. հռչակեցին անգլո-եգիպտական համատիրություն՝ կոնդոմինիում, այսինքն նեղոսյան այդ երկիրը դադարեց Եգիպտոսի անբաժանելի մասը լինելուց։ Եգիպտական կողմը մշտապես մերժում էր դա, պնդելով Նեղոսի հովտի միասնության վրա։ Այդ հարցը հակասության ու թշնամության աղբյուր էր Եգիպտոսի ու Միացյալ Թագավորության միջև՝ ընդհուպ մինչև 1956 թ. Սուդանի անկախացումը[45]։

Հայերը Եգիպտոսում 2-րդ խեդիվի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին Եգիպտոսն ամբողջությամբ ընկավ Մեծ Բրիտանիայի գերիշխանության ներքո[46]։ Բնականաբար, երկրի տնտեսությունն անցավ անգլիական կապիտալի վերահսկողության տակ[47]։ Անուրանալի փաստ է, որ անգլիացիները սկսեցին կրկին խրախուսել ոչ իսլամադավան տարրի, այդ թվում հայերի ներհոսքը դեպի Եգիպտոս և ոչ իսլամադավան տարրերի, այդ թվում՝ հայերի ներգրավվածությունը Եգիպտոսի քաղաքական ու տնտեսական կյանքում[47]։

1891 թվականին Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար է դարձել հայազգի Տիգրան փաշա տ'Ապրո Բագրատունին[20] (Tigran pasha d'Abro Bagratouni), որն իրականացրել է երկրի ավատատիրական հետամնացության հաղթահարման, եգիպտական բանակի ամրապնդման քաղաքականություն[46]։

Հայերը լայնորեն ներգրավվել են ծխախոտի արդյունաբերության մեջ. նրանց է պատկանել Եգիպտոսի ծխախոտի արտադրության 90%-ը[47]։

Հայերն իրենց ներդրումն են ունեցել նաև Եգիպտոսի կյանքի հետևյալ ասպարեզներում[47].

  • ճարտարապետություն,
  • լրագրություն,
  • մետաղամշակություն
  • գյուղատնտեսություն,
  • գործվածքեղենի արտադրություն,
  • օճառի արտադրություն,
  • ներկարարություն,
  • դերձակություն,
  • կոշկակարություն,
  • փորագրություն,
  • ցինկոգրաֆիա,
  • ոսկերչություն։

Գյուղատնտեսության առնչությամբ ուշագրավ է այն իրողությունը, որ Յուսուֆ էֆենդի էլ Արմանին Ֆրանսիայից առաջին անգամ Եգիպտոս է ներմուծել մանդարինը և մշակել ընդարձակ հողատարածություններում։ Ուստի հենց այդ հայ գործարարի անունով էլ մանդարինը արաբերեն կոչվել է «Յուսուֆէֆենդի», այսինքն «Պարոն Հովսեփ»[47]։

Գործվածքեղենի առնչությամբ ուշագրավ է այն իրողությունը, որ գլխաշորի արտադրությունը հայերն են ներմուծել Եգիպտոս[47]։

Ինչ վերաբերում է փորագրությանը, ցինկոգրաֆիային և հատկապես՝ ոսկերչությանը, ապա դրանք հայերի առանձնահատուկ մենաշնորհն են եղել[48]։ Դրանք մինչև օրս էլ Եգիպտոսում պահպանվում են որպես հայերի առանձնահատուկ մենաշնորհ[46]։

Առևտուրը ևս հայերի մենաշնորհներից էր։ Այսպես՝ Ալեքսանդրիայում 1882 թվականին կար շուրջ 80, իսկ Կահիրեում 1886 թվականի տվյալներով՝ 250 հայկական առևտրական տուն[47]։

Աբաս Հիլմի II, Եգիպտոսի և Սուդանի խեդիվ` 1892-1914 թթ.

Աբաս II Հիլմի Բեյը (որը հայտնի է նաև որպես Աբաս Հիլմի Փաշա) (արաբ․՝ عباس حلمي باشا‎‎), ծնվել է 1874 թվականի հուլիսի 14-ին, վախճանվել՝ 1944 թվականի դեկտեմբերի 19-ին։ Նա Օսմանյան կայսրության վասալ հանդիսացող Եգիպտոսի և Սուդանի փոխարքայության խեդիվներից վերջինն էր։ Կառավարել է 1892 թվականի հունվարի 8-ից մինչև 1914 թվականի դեկտեմբերի 19-ը[49][50]։ 1914 թվականին, երբ Թուրքիան միացավ Կենտրոնական տերություններին և մտավ I Համաշխարհային պատերազմի մեջ, Եգիպտոսի ազգայնական խեդիվը՝ Աբաս II Հիլմին գահընկեց արվեց Եգիպտոսի իրական տերերի՝ բրիտանացիների կողմից։ Խեդիվ Աբաս II-ին փոխարինեց իր առավել անգլիամետ կամ բրիտանամետ հորեղբայրը՝ Հուսեյին Քամիլը։ Ընդ որում այդ փոխարինմամբ ավարտվեց նաև Եգիպտոսի պաշտոնական կախվածությունը Օսմանյան կայսրությունից։ 1517 թվականից ի վեր Եգիպտոսը, չորս դար տևած կախվածությունից հետո դադարեց փաստացի՝ de facto, կամ իրավականորեն՝ de jure տեսակետից որևէ կերպ ենթարկվել Օսմանյան կայսրությանը։

Հայերը Եգիպտոսում 3-րդ խեդիվի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ նախորդ խեդիվների ժամանակներից Եգիպտոսում առևտուրը հայերի մենաշնորհներից մեկն էրՙ[51]: Հայ առևտրականները հիմնականում զբաղվել են ներմուծվող ապրանքների առևտրով[47]։ 1913 թ. հայկական առևտրական ներկայացուցիչներից 74-ը եվրոպական արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներն էին[47]։ Ներմուծվում էին հիմնականում նավթ և ծխախոտ[47]։ Եգիպտոսում Բաքվի նավթի վաճառքով զբաղվել է Ալեքսանդր Մանթաշյանի առևտրական ընկերությունը, որի կենտրոնը Ալեքսանդրիայում էր[47]։ Ամբողջ երկրով մեկ տարածված մասնաճյուղերի աշխատակիցները հայեր էին[47]։

Ծխախոտի ներմուծման և տարածման մենաշնարհը պատկանել է հալեպցի հայ Խալիլ Հայյաթին[52][53]

Որոշ հայեր զբաղվել են նաև Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում արտադրվող արհեստագործական ապրանքների վաճառքով[54]։

Հայերը Եգիպտոսում նաև խոշոր հողատերեր էին, խոշոր հողատեր էր նաև հայ եկեղեցին[55]։

Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված պարբերական կոտորածների և Հայոց ցեղասպանության հետևանքով ստվարացել է տարագիր ու փախստական հայերի հոսքը դեպի Եգիպտոս։ Այսպես՝ 1894-1896 թթ. համիդյան ջարդերի հետևանքով ավելի քան 3000 հայ է ապաստանել Եգիպտոսում[56]։

Նրանք ժամանակավորապես ապաստանել են հայկական եկեղեցիներում, դպրոցներում, վրաններում՝ Առաջնորդարանի հոգածության ներքո։ Սակայն օտարության մեջ հայտնված թշվառների ու կարիքավորների թիվը գնալով մեծանում էր, ուստի, հայրենակիցներին օգնելու նպատակով 1906 թ. ապրիլի 15-ին Կահիրեում եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ, ազգային բարերար Պողոս Նուբարի (Նուբար փաշա Նուբարյանի որդու) նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ՀԲԸՄ[57]։

Սուլթանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսի պատմության մեջ բեկումնային կետերից մեկն է համարվում 1914 թվականի դեկտեմբերի 19-ը, երբ անգլիացիները գահընկեց արեցին վերջին խեդիվին՝ Աբաս II-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում։

Բանն այն է, որ Աբաս II-ին սատարում էր Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը, որը դաշնակցել էր Կենտրոնական տերություններին` կայզերական Գերմանիային, Ավստրո-հունգարական կայսրությանը և Բուլղարիայի թագավարությանը և մտել էր I Աշխարհամարտի մեջ։

Եգիպտոսում իշխանությունն անցավ Աբաս II-ի հորեղբորը՝ Հուսային Քամիլին։

Ահա այդ ժամանակ էլ Եգիպտոսի և Սուդանի նկատմամբ Օսմանյան կայսրության տիրապետության իրավական միֆը, որը 1805 թվականից ի վեր այս կամ այն քաղաքական պատճառներով պահպանվում էր, պաշտոնապես չեղյալ հայտարարվեց։

Հուսային Քամիլը հռչակվեց Եգիպտոսի և Սուդանի սուլթան, իսկ դրանից հետո` 1914 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի և Սուդանի սուլթանությունը վերածվեց անգլիական պրոտեկտորատի։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ուղղակիորեն հայտարարեց, թե Եգիպտոսն անցնում է Անգլիայի հովանավորության՝ պրոտեկտորատի, ներքո։

Եգիպտոսի սուլթան Հուսային Քամիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուսեին Քամիլ, Եգիպտոսի սուլթան` 1914-1917 թթ.

Հուսային Քամիլը խեդիվ Իսմայիլ փաշայի որդին էր։ Նրա հայրը գահակալել էր տասնվեց տարի՝ 1863-1879, նախ՝ որպես վալի, ապա՝ որպես խեդիվ։

Հուսային Քամիլը Եգիպտոսի սուլթան հռչակվեց 1914 թ. դեկտեմբերի 19-ին, այն բանից հետո, ինչ Եգիպտոսն օկուպացրած (ռազմակալած) բրիտանական զորքերը գահընկեց արեցին իր զարմիկին՝ խեդիվ Աբաս II Հիլմիին, ինչը տեղի էր ունեցել 1914 թ. նոյեմբերի 5-ին։ Նորաստեղծ Եգիպտոսի սուլթանությունը բրիտանացիների կողմից հռչակվեց պրոտեկտորատ։ Այսպիսով պաշտոնապես Օսմանյան կայսրության նահանգից կամ փոխարքայությունից, թեպետ դա 1805 թվականի Մուհամեդ Ալի փաշայի եգիպտական գահին բազմելուց ի վեր ավելի շատ ձևական բնույթ էր կրում, Եգիպտոսը վերածվեց սուլթանության, որը սակայն ենթարկված էր բրիտանական ռազմակալության։

Եգիպտոսի հայերը սուլթան Հուսային Քամիլի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված պարբերական կոտորածների և Հայոց ցեղասպանության հետևանքով շարունակ ստվարացել է տարագիր ու փախստական հայերի հոսքը դեպի Եգիպտոս։ 1914-1918 թթ. Առաջին աշխարհամարտից հետո և Հայոց Ցեղասպանության հետևանքով 12.000 հայ է ապաստանում Եգիպտոսում, որոնցից 1.500-2.000-ը՝ ցեղասպանությունից փրկված որբեր էին[58]։

Նրանք ժամանակավորապես ապաստանել են հայկական եկեղեցիներում, դպրոցներում, վրաններում՝ Առաջնորդարանի հոգածության ներքո։ Սակայն օտարության մեջ հայտնված թշվառների ու կարիքավորների թիվը գնալով մեծանում էր, ուստի, հայրենակիցներին, հայ կարոտյալներին օգնելու նպատակով Ալեքսանդրիայում 1915 թ. ստեղծվում է նաև Հայկական Կարմի Խաչը, ինչպես նաև «Եգիպտահայ նպաստամատույց մարմին» հիմնադրամը, որը գործել է 1915-1920 թթ.[55]:

1915 թվականին ֆրանսիական և անգլիական ռազմանավերը Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զորքերին դիմագրաված 4058 մուսալեռցիների փոխադրել են Եգիպտոսի Պորտ Սայիդի վրանաքաղաքը։ Այստեղ անցկացրած չորս տարիների ընթացքում՝ 1915-1919 թթ. մուսալեռցիներն իրենց ապրուստը հայթայթել են տոհմիկ արհեստներով՝ սանրագործությամբ, գդալագործությամբ, գորգագործությամբ, ասեղնագործությամբ և այլն, հիմնել են խանութներ։ Գործել են եկեղեցի, ակումբ, գրադարան, ՀԲԸՄ «Սիսուան» (այսինքն՝ Կիլիկիա) վարժարանը, հիվանդանոց[55]։

Եգիպտոսի սուլթան Ահմեդ Ֆուադ I

[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին՝ Եգիպտոսի և Սուդանի սուլթան Հուսայինի մահից հետո, իշխանությունն անցավ նրա կրտսեր եղբորը՝ Ահմեդ Ֆուադ I-ին։ Դառնալով սուլթան, Ֆուադն արագորեն աջակցություն գտավ եգիպտացի ազգայնականների շարքերում, ովքեր Եգիպտոսում ստեղծել էին անկախ եգիպտական պետականության ստեղծման կողմնակիցների հզոր շարժում։ 1919 թվականին բռնկված ապստամբությունը՝ այսպես կոչված 1919 թվականի եգիպտական հեղափոխությունը դաժանորեն ճնշվեց, սակայն ազատագրական շարժումը դրանով չավարտվեց։ 1921 թվականի վերջին երկրում բռնկվեց նոր ապստամբություն, որը հարկադրեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ 1922 թվականին միակողմանիորեն ճանաչելու և հռչակելու Եգիպտոսի անկախությունը։ Հյուսեին Քամիլի հաջորդը՝ Ֆուադ I-ը սկզբում շարունակում էր կրել սուլթանի տիտղոսը (1917-1922)։

Եգիպտոսի հայերը սուլթան Ահմեդ Ֆուադ I-ի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ դեռ նախորդ սուլթանի և երկու խեդիվների օրոք՝ 1882-1917 թթ. ընթացքում եգիպտահայ համայնքը գնալով ստվարանում էր։ Արդյունքում 1917 թվականին Եգիպտոսում հաշվվում էր 17 հազար հայ[59]։

Թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ահմեդ Ֆուադ I, Եգիպտոսի սուլթան` 1917-1922 թթ., Եգիպտոսի թագավոր` 1922-1936 թթ.
Ֆարուք I, Եգիպտոսի թագավոր 1936-1952 թթ.

1922 թվականին Ֆուադ I-ը որոշեց սուլթանի տիտղոսը փոխարինել թագավորի տիտղոսով։ Այնուամենայնիվ, բրիտանական փաստական օկուպացիան և միջամտությունը Եգիպտոսի և Սուդանի ներքին գործերին շարունակվում էին։ Եգիպտոսին առանձնահատուկ մտահոգություն էին պատճառում բրիտանացիների շարունակական ջանքերը՝ Եգիպտոսին լիովին զրկելու Սուդանի նկատմամբ որևէ վերահսկողությունից։

Եգիպտոսի թագավոր Ֆուադ I

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե՛ Ֆուադ թագավորի, թե՛ ազգայնական շարժման համար սա անհանդուրժելի էր։ Այդ իսկ պատճառով Եգիպտոսի կառավարությունը շեշտեց այն հանգամանքը, որ Ֆուադը և նրա որդի Ֆարուք I-ը «Եգիպտոսի և Սուդանի թագավորն» էին։ 1923 թվականի ապրիլին ընդունվեց Եգիպտոսի սահմանադրությունը։ Ըստ վերջինիս՝ Եգիպտոսը դառնում էր երկպալատ խորհրդարանով սահմանադրական թագավորություն։

Եգիպտոսի թագավոր Ֆարուք I

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուադ I-ի մահից հետո 1936 թվականին Եգիպտոսում իշխանությունն անցավ Ֆուադ I-ի որդուն՝ Ֆարուքին։ 1936 թվականին ստորագրված անգլո-եգիպտական պայմանագիրն ընդլայնեց Եգիպտոսի ինքնիշխանությունը։ Նույն տարում Եգիպտոսը մտավ Ազգերի լիգա։ 1940 թվականին Բենուտո Մուսոլինիի գլխավորած ֆաշիստական Իտալիայի ուղարկած զորքերը ներխուժեցին Եգիպտոս։

2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եգիպտոսում սկսվեց ընդդիմադիր շարժման վերելք։ 1952 թվականի հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ազատ սպաներ» կազմակերպությունը (որի գլուխ կանգնած էին փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերը, գեներալ-մայոր Մուհամեդ Նագիբը, Հուսեյին Համուդան, մայոր Խալեդ Մոհիէդդինը, մայոր Քամալ էլ-Դին Հուսեինը, Սալահ Նասրը, գնդապետ Աբդել Հաքիմ Ամերը, Սաադ Թաուֆիքը) Կահիրեում զավթեց իշխանությունը։ 1952 թվականի հուլիսի 26-ին Ֆարուք թագավորը հրաժարվեց իշխանությունից։ Թագավոր հռչակվեց նրա մանկահասակ որդին՝ Ահմեդ Ֆուադ II-ը։ 1953 թվականի հունիսի 17-ին թագավորական իշխանությունը Եգիպտոսում պաշտոնապես վերացվեց, իսկ հունիսի 18-ին երկիրը հռչակվեց հանրապետություն։

Միապետության վերացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարուքի թագավարությունը բնութագրվեց գնալով աճող ազգայնական ընդդիմությամբ՝ բրիտանական օկուպացիայի դեմ։ Միաժամանակ աճում էին նաև արքունիքի կոռուպցիան և անձեռնհասությունը։ Իրավիճակի բարդությունն առավել խորացրեց 1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմը։ Այս բոլոր գործոնները նպաստում էին անդառնալի կերպով քայքայելու Ֆարուք թագավորի քաղաքական դիրքերը և ճանապարհ էին հարթում 1952 թվականի եգիպտական հեղափոխության համար։ Ֆարուք թագավորը ստիպված եղավ գահից հրաժարվել՝ հօգուտ իր նորածին որդի Ահմեդ-Ֆուադի, ով այդպիսով դարձավ Եգիպտոսի և Սուդանի վերջին՝ Ֆուադ II թագավորը, երբ իրականում երկրի ղեկավարումն անցել էր Եգիպտոսի «Ազատ սպաների միությանը», որը ղեկավարում էին գեներալ-մայոր Մուհամմադ Նագիբը և փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերը։ Նորածին թագավոր Ֆուադ II-ի գահակալությունը տևեց մեկ տարուց էլ պակաս, և 1953 թվականի հունիսի 18-ին հեղափոխականները վերացրեցին միապետությունը և Եգիպտոսը հռչակեցին հանրապետություն, դրանով իսկ վերջ դնելով ալբանացի զորավար Մուհամեդ Ալիի գահատոհմի գրեթե 150-ամյա իշխանությանը։

Մուհամեդ Ալի զորավարի (ալբանական) գահատոհմի տիրակալների ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1867 թվականը Եգիպտոսի տիրակալները կրում էին վալիի, այսինքն՝ նահանգապետի կամ կառավարչի տիտղոսը։ 1867 թվականին Իսմայիլ փաշան (զորավար Իսմայիլը) ընդունեց խեդիվի տիտղոսը։ 1914 թվականին՝ Աբաս II-ի գահազրկումից հետո, վերջինիս հորեղբայրը՝ Հուսային Քամիլն ընդունեց սուլթանի տիտղոսը։ 1922 թվականին Ահմեդ Ֆուադ I-ն ընդունեց թագավորի տիտղոսը (արքա)։

Անունը հայատառ Արաբագիր անունը Կյանքի տարիները Տիտղոսը Կառավարման տարիները Ծանոթագրություններ
1 Մուհամեդ Ալի محمد علي باشا‎‎ 1769—1849 վալի 1805—1848 գահատոհմի հիմնադիր. պաշտոնապես կրում էր «վալի» տիտղոսը
2 Իբրահիմ փաշա إبراهيم باشا 1789—1848 վալի 1848—1848
3 Աբաս փաշա عباس حلمي الأول 1813—1854 վալի 1848—1854
4 Մուհամեդ Սայիդ محمد سعيد باش 1822—1863 վալի 1854—1863
5 Իսմայիլ փաշա الخديوي إسماعيل 1830—1895 վալի 1863—1867 1867 թ. ընդունեց «խեդիվ» տիտղոսը. վախճ. 1895 թ.
խեդիվ 1867—1879
6 Թաուֆիք փաշա الخديوي توفيق 1852—1892 խեդիվ 1879—1892
7 Աբաս II Հիլմի عباس حلمي الثاني 1874—1944 խեդիվ 1892—1914 վախճ. 1944 թ.
8 Հուսեյին Քամիլ السلطان حسين كامل‎‎ 1853—1917 սուլթան 1914—1917 ընդունեց «սուլթան» տիտղոսը. վախճ. 1917 թ.
9 Ահմեդ Ֆուադ I فؤاد الأول 1868—1936 սուլթան 1917—1922 1922 թ. ընդունեց «թագավոր» տիտղոս
թագավոր 1917—1936
10 Ֆարուք I فاروق الأول 1920—1965 թագավոր 1936—1952 վախճ. 1965 թ.
11 Ահմեդ Ֆուադ II الملك فؤاد الثاني 1952—ից առայսօր թագավոր 1952—1953 1953 թ. հաստատվեց հանրապետական վարչաձև
Իբրահիմ փաշա, Մուհամեդ Ալիի որդին, Եգիպտոսի վալի. գահակալել է 2 Մարտի, 1848 – 10 Նոյեմբերի, 1848

Եգիպտոսի ալբանական գահատոհմի տոհմածառը՝ ըստ գահակալման տարների

[խմբագրել | խմբագրել կոդը]
 
 
 
 
 
Մուհամեդ Ալի փաշա
Վալի 1805-48(1)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թուսուն փաշա
 
 
 
Իբրահիմ Փաշա
Վալի 1848(2)
 
 
 
Սայիդ փաշա
Վալի 1854-63(4)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Հիլմի I
Վալի 1848-54(3)
 
 
 
Իսմայիլ փաշա
Վալի 1863-67(5)
Խեդիվ 1867-79
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Իբրահիմ Իլհամի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էմինա Իլհամի
 
Թաուֆիք Փաշա
Խեդիվ 1879-92(6)
 
Հյուսեին Քամիլ
Սուլթան 1914-17(8)
 
Ֆուադ I
Սուլթան 1917-22(9)
Թագավոր 1922-36
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Հիլմի II
Խեդիվ 1892-1914(7)
 
Մուհամմադ Ալի Թաուֆիք
(Խնամակալ 1936-37)
 
 
 
 
 
Ֆարուք I
Թագավոր 1936-52(10)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մուհամմադ Աբդել Մոնեիմ
(Խնամակալ 1952-53)
 
 
 
 
 
 
 
 
 
Ֆուադ II
Թագավոր 1952-53(11)

Գահատոհմի չգահակալած անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բանավեճը Եգիպտոսի ալբանական գահատոհմի հիմնադրի և նրա գահատոհմի դերի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտոսում ալբանական կամ կավալացիների գահատոհմի հիմնադիրը` օսմանյան բանակի սպա, ապա զորավար Մուհամեդ Ալին

«Արդի Եգիպտոսի պետականության կերտողները»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդի համաշխարհային պատմագիտության մեջ ներկայումս գերիշխում է այն տեսակետը (Հենրի Դոդվել, Արթուր Գոլդսմիթ, Ալբերտ Հաուրանի, Ժան և Սիմոնա Լակուտյուրներ, Ֆրենսիս Սքարֆ, Պ.Ջ.Վատիկիոտիս և բազում այլք), որ ալբանացի սպա Մուհամեդ Ալին հանդիսանում է «արդի Եգիպտոսի հայրը»։ 1517 թվականին Օսմանյան կայսրության կողմից Եգիպտոսի նվաճումից ի վեր նա եգիպտական առաջին կառավարիչն էր, ով մշտապես աշխատել է վերացնել Օսմանյան արքունիքի, այսինքն Բարձր Դռան իշխանությունը Եգիպտոսում։ Իր կյանքի ընթացքում Մուհամեդ փաշային չհաջողվեց ձեռք բերել Եգիպտոսի պաշտոնական անկախությունը, սակայն նրան հաջողվեց հիմնադրել մի նոր գահատոհմ և դնել նոր Եգիպտական պետության հիմքերը։ Իր տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու համար Մուհամեդ Ալի փաշան ստեղծեց հզոր ու մարտունակ բանակ, իսկ դրան զուգահեռ նա պետք է ստեղծեր և, իրոք, բավական մեծ հաջողությամբ ստեղծեց կենտրոնական բյուրոկրատիա, կրթական բավական արդյունավետ համակարգ, իսկ վերջինս հնարավորություն տվեց ապահովելու հասարակական շարժունությունը (social mobility)։ Վերջապես, նա ստեղծեց Եգիպտոսի տնտեսական հիմքերը, որը ներառում էր աննախադեպ գյուղատնտեսական մթերքների առևտուրը, հացահատիկների և բամբակի մշակության ընդլայնումը և, իհարկե, ռազմական կարիքների համար մանուֆակտուրային արտադրության ստեղծումն ու զարգացումը։ Նրա այս ջանքերի արդյունքում էր, որ նրա գահատոհմը մեկ ու կես դար իշխեց Եգիպտոսում և Սուդանում և, ի վերջո, Եգիպտոսը վերածվեց անկախ պետության, ազգերի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամի[60]։

«Եգիպտոսի հերթական նվաճողները»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ կան նաև որոշ այլ տեսակետներ (Մորրո Բերգեր, Վիլյամ Լ. Քլիվլենդ, Խալեդ Ֆահմի, Խադիջա Հասիբա, Թոմ Լիթլ, Աֆաթ Լուֆթի ալ-Սայիդ Մարսոտ)։ Օրինակ, ոմանք գտնում են, որ ալբանացի սպա Մուհամեդ Ալին ո՛չ թե պետականության ստեղծող էր, այլ ընդամենը՝ նվաճող։ Ըստ որոշ տեսակետների, Մուհամեդ Ալին լինելով ալբանացի, այլ ո՛չ եգիպտացի, իր գահակալության օրոք եգիպտական արքունիքի պաշտոնական լեզուն դարձրել էր ոչ թե արաբերենը, որով խոսում էր Եգիպտոսի բնակչության մեծ մասը, այլ թուրքերենը, որը պետական լեզու էր Օսմանյան ամբողջ կայսրությունում և նրան ենթակա Ալբանիայում։ Որոշ տեսակետների համաձայն՝ Մուհամեդ Ալին շահագործում էր Եգիպտոսի մարդկային և բնական ռեսուրսները պարզապես իր սեփական իշխանության և անձնական նպատակների համար, այլ ո՛չ թե Եգիպտոսի շահերից ելնելով։ Ընդ որում, մարդուժի պահանջները, որոնք նա դնում էր Եգիպտոսի առջև, չափից դուրս ծանր էին այդ երկրի համար։ Եթե դիտենք այդ տեսակետների լույսի ներքո, ապա, ալբանացի Մուհամեդ Ալին և նրա հիմնած գահատոհմը ընդամենը կարող են համարվել ընդամենը նվաճողներ, միայն մեկ օղակը նվաճողների այն երկար շղթայում, որը սկսվել է Աքեմենյան տերության կողմից մ.թ.ա. 525 թվականին Եգիպտոսի նվաճումից[61]։

Եգիպտական և, առհասարակ, արաբական պատմաբանների և հասարակության ընկալումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն թե' Եգիպտոսի, թե' արաբական այլ երկրների պատմաբանների և, հատկապես, եգիպտական հասարակության մեջ ալբանական գահատոհմի ընկալումը, որպես նվաճողի պակաս ընդունված է, քան արդի Եգիպտոսի հիմնադրի ընկալումը[62]։ Այսպիսով, կարելի է ասել, որ եգիպտական և արաբական գիտական ու հասարակական ընկալման մեջ ալբանական գահատոհմն ընդունված է որպես Եգիպտոսի նոր պետության կերտող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Georges Douin, ed. Une Mission militaire francaise aupres de Mohamed Aly, correspondance des Generaux Belliard et Boyer (Cairo: Société Royale de Geographie d'Egypte, 1923, p.50)
  2. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333-338
  3. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333։
  4. Ա. Եափուճեան, Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն, Գահիրէ, 1981, էջ 16։
  5. Թոփուզյան Հովհաննես, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1978, էջ 23-24
  6. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, էջ 333
  7. Անդ, էջ 333
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Անդ, 333
  9. 9,0 9,1 Անդ, 333-334
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Անդ, 334
  11. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334։
  12. 12,0 12,1 Անդ, էջ 335։
  13. Maravelea, G.A.: "Sketch of the 1821 Revolution", Gamma Editions, Salonika 1959
  14. The New monthly magazine. Books.google.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 13-ին.
  15. 15,0 15,1 Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333
  16. Հայոց պատմություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, էջ 334։
  17. 17,0 17,1 17,2 17,3 Անդ, էջ 334։
  18. Hoiberg 2010, էջ. 8
  19. Thorne 1984, էջ. 1"[b]igoted and sensual, he did much to undo the progress made under Muhammad Ali.
  20. 20,0 20,1 Արշակ Ալպօյաճեան, Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը և հայերը (Սկիզբէն մինչև մեր օրերը), Գահիրէ, 1960, էջ 101։
  21. 21,0 21,1 Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334
  22. http://america-xix.org.ru/library/neeno/ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine[Вместо того чтобы рисковать жизнями французских солдат, генерал Форей отправлял на охрану дороги солдат из подразделения, впоследствии названного Иностранный легион, в котором служили наёмники из суданской пехоты, предоставленные Франции египетским хадивом.]
  23. Hughes, Hugh (1981). Middle East Railways. Continental Railway Circle. էջ 13. ISBN 0-9503469-7-7.
  24. Hughes, 1981, page 17
  25. 25,0 25,1 Հայոց պատմություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, էջ 334
  26. 26,0 26,1 26,2 Անդ, էջ 334
  27. «Musafirkhana Palace, Cairo, Egypt : Reviews of Musafirkhana Palace - Yahoo! Travel». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  28. Christopher Buyers, "The Muhammad 'Ali Dynasty Genealogy"
  29. Non European Royalty Website, entry:"Egypt"
  30. "Women in Power" 1840-1870, entry: "1863-79 Valida Pasha Khushiyar of Egypt"
  31. «Rulers from the House of Mohammed Aly». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  32. 32,0 32,1 32,2 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 209.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 33,7 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 210.
  34. Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334։
  35. Սափրիչեան Տ., Երկարամեայ պանդխտութիւն ի Հապեշստան, Երուսաղէմ, 1871, էջ 8։
  36. Թոփուզյան Հովհաննես, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1972, էջ 37, 40-41։
  37. 37,00 37,01 37,02 37,03 37,04 37,05 37,06 37,07 37,08 37,09 Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Ар—Арл. т. Ia, с. 939—940
  38. Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 210-211 (ռուս.՝ Всемирная история).
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
  40. Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211-212(ռուս.՝ Всемирная история).
  41. 41,0 41,1 41,2 41,3 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).
  42. 42,0 42,1 42,2 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212 (ռուս.՝ Всемирная история).
  43. 43,0 43,1 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212-213 (ռուս.՝ Всемирная история).
  44. Henderson, K.D.D. "Survey of the Anglo-Egyptian Sudan 1898–1944", Longmans, Green and Co. Ltd., London, 1946.
  45. Larry Wills Henderson.Egypt and the Sudan: countries of the Nile. New York : T. Nelson, 221 p. : illus., map. ; ISBN 084077060X, 1971
  46. 46,0 46,1 46,2 Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 335
  47. 47,00 47,01 47,02 47,03 47,04 47,05 47,06 47,07 47,08 47,09 47,10 47,11 Անդ, էջ 335
  48. Եափուճեան Ա., Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն, Գահիրէ, 1981, էջ 16
  49. Thorne 1984, էջ. 1
  50. Hoiberg, 2010, pp=8–9. Sources give different dates for the death of Abbas. Some state that date as 20 or 21 December 1914.
  51. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 335
  52. Թոփուզյան Հովհաննես, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1978, էջ 107-118
  53. Աղազարմ Ն.Մ., Նոթեր Եգիպտոսի հայ գաղութին վրայ, Գահիրէ, 1911, էջ 72
  54. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 335-336
  55. 55,0 55,1 55,2 Անդ, էջ 336
  56. Արշակ Ալպօյաճեան, Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը և հայերը (Սկիզբէն մինչև մեր օրերը), Գահիրէ, 1960, էջ 771
  57. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 336
  58. Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 336
  59. Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, էջ 336
  60. The ‘Father of Modern Egypt’ school includes: Henry Dodwell, The Founder of Modern Egypt: A Study of Muhammad ‘Ali (Cambridge: Cambridge University Press, 1965); Arthur Goldschmidt, Jr., Modern Egypt: The Formation of a Nation-State (Boulder, CO: Westview Press, 1988); Albert Haurani, A History of the Arab Peoples (Cambridge, MA: Harvard University Press, 2002); Jean Lacouture and Simonne Lacouture, Egypt in Transition, trans. Francis Scarfe (New York: Criterion Books, 1958); P.J. Vatikiotis, The History of Modern Egypt: From Muhammad Ali to Mubarak (Baltimore, MD: Johns Hopkins University Press, 1991). The following internet sources, while not necessarily scholarly, show how wide-spread this interpretation is. "History," The Egyptian Presidency, 2008, http://www.presidency.gov.eg/html/history.html Արխիվացված 2008-05-17 Wayback Machine (accessed 29 October 2008); Metz, Helen, Chapin. "Muhammad Ali of Egypt 1805-48," Egypt: a Country Study, 1990, http://countrystudies.us/egypt/ (accessed 29 October 2008); "Muhammad Ali of Egypt 1805-48: The Father of Modern Egypt," Travel to Egypt – Egypt Travel Guide, 2007, http://www.travel-to-egypt.net/muhammad-ali.html Արխիվացված 2016-12-27 Wayback Machine (accessed 29 October 2008); "Muhammad Ali of Egypt," Answer.com, 2008, http://www.answers.com/topic/muhammad-ali (accessed 29 October 2008).
  61. The ‘Foreign Ruler’ school includes: Morroe Berger, Military Elite and Social Change: Egypt Since Napoleon (Princeton, NJ: Woodrow Wilson School of Public and International Affairs, 1960); William L. Cleveland, A History of the Modern Middle East (Boulder, CO: Westview Press, 1994); Khaled Fahmy, All the Pash’a Men: Mehmed Ali, His Army and the Making of Modern Egypt (Cambridge: Cambridge University Press, 1997); Haseeba, Khadijah. «Year's Lesson». UCLA Center for Near East Studies. 2003. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին. Tom Little, Modern Egypt (London: Ernest Benn Limited, 1967); Afaf Lutfi Al-Sayyid Marsot, Egypt in the Reign of Muhammad Ali (Cambridge: Cambridge University Press, 1984); John Marlowe, A History of Modern Egypt and Anglo-Egyptian Relations 1800–1953 (New York: Praeger, 1954).
  62. Mohammed Heikal 'Origins of Establishment'.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]