Օսմանա-սաուդյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմանա-սաուդյան պատերազմ
Ժամանակ

1811—1818

Վայր

Արաբական թերակղզի

Արդյունք

Օսմանյան կայսրության լիակատար հաղթանակ,
Սաուդիդների առաջին պետության ոչնչացում

Հակառակորդներ
Flag of the First Saudi State.svgՍաուդիդների առաջին պետություն Օսմանյան կայսրությունFictitious Ottoman flag 2.svg Օսմանյան կայսրություն
Զորահրամանատարներ
Flag of the First Saudi State.svgՍաուդ ալ-Քաբիր

Flag of the First Saudi State.svgԱբդալլա I իբն Սաուդ (մահապատժի է ենթարկվել)

Օսմանյան կայսրությունՄուհամեդ Ալի Եգիպտացի

Օսմանյան կայսրությունԻբրահիմ փաշա
Օսմանյան կայսրությունԹուսուն-փաշա

Կողմերի ուժերը

(ուժերի հարաբերակցությունը)

20 000 50 000
Կորուստները
11 000 սպանված

3000 վիրավոր

3000 սպանված

50 գերեվարված

ալբանացի Մուհամմեդ Ալի, Եգիպտոսի փաշա. եգիպտա-վահհաբական պատերազմում հաղթող կողմը
Աբդալլա I իբն Սաուդի նկարը. Սաուդյան տոհմի վահհաբական այս իշխանը գերեվարվեց և գլխատվեց՝ պարտվելով Օսմանա-սաուդյան կամ Եգիպտա-վահհաբական պատերազմում

18111818 Օսմանա-սաուդյան պատերազմը (Օսմանա-սալաֆիական)կամ Եգիպտա-վահհաբական պատերազմը՝ ռազմական կոնֆլիկտ (զինաբախում) էր մի կողմից՝ Եգիպտոսի և մյուս կողմից՝ Սաուդիդների առաջին պետության միջև։ Ընդ որում՝ Եգիպտոսը պաշտոնապես կամ ձևականորեն գտնվում էր Օսմանյան կայսրության իշխանության ներքո։ Եգիպտոսի գլուխ էր կանգնած ծագումով ալբանացի Մուհամեդ Ալի փաշան։

Եգիպտոսը Մուհամմադ Ալիի գահատոհմի օրոք. 1805-1914 թթ.

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդիդների առաջին պետությունը

Այս ռազմական կոնֆլիկտի պատճառ դարձավ Օսմանյան կայսրության աստիճանաբար թուլացումը, ինչպես նաև վահհաբիզմի գաղափարախոսության ու հակաթուրքական տրամադրությունների աճը արաբների շրջանում։

Վահհաբիզմը կամ վահհաբականությունը, որը ծագել էր XVIII դարում, որպես իսկական՝ «մաքուր» իսլամին վերադառնալու մի շարժում, սկզբնական շրջանում կրում էր հակաօսմանյան բնույթ։ Այն իր մեջ կրում էր հետևյալ քաղաքական գաղափարները.

1. պայքար «դավաճան»-շիայականների դեմ,

2.պայքար՝ ընդդեմ թուրքական սուլթանի՝ որպես «կեղծ խալիֆի»[1],

3. պայքար հանուն արաբական ցեղերի միավորման, ընդ որում՝ "մաքուր", այսինքն "նախնական" իսլամի դրոշի ներքո։

Վահհաբական գաղափարերի տարածման արդյունքում XVIII դարի կեսերին ստեղծվեց առաջին կենտրոնացված ավատա-կրոնապետական (ֆեոդալա-թեոկրատական) սաուդյան պետությունը, որի կենտրոնը Ադ-Դիրիյա քաղաքն էր։ Այս պետությունը մոտ 1780 թվականին իր վերահսկողության տակ առավ Նեջդի ամբողջ տարածքը։ Իրենց ձեռքում կենտրոնացնելով ամբողջ կրոնական և աշխարհիկ իշխանությունը, սաուդյան էմիրները (իշխանները) էքսպանսիա սկսեցին Արաբական թերակղզում գտնվող հարևան տարածքների դեմ։ Հաջորդաբար զավթվեցին Պարսից ծոցի առափը (Ալ-Հասա), Քուվեյթը և Բահրեյնը (1803), ինչպես նաև Օմանի ներքին շրջանները։ 1802 թվականին վահհաբականները գրոհեցին Քերբելան, ապա անցան ՛՛սուրբ քաղաքների՛՛ նվաճմանը. 1803 թվականին զավթեցին Մեքքան, 1804 թվականին՝ Մեդինան: 1806 թվականին նրանք իրենց վերահսկողության տակ առան ամբողջ Հիջազը:

Վահհաբականության ծավալումը լուրջ վնաս հասցրեց օսմանյան սուլթանի հեղինակությանը, քանզի նա համարվում էր «սուրբ քաղաքների պաշտպանը»: Բացի այդ, վահհաբականները սկսեցին արգելքներ հարուցել ՛՛հաջ՛՛ կատարող ուխտագնացներին, հարձակվում էին քարավանների վրա և սկսեցին որոշակի սպառնալիք ներկայացնել Օսմանյան կայսրության տնտեսությանը։

Այս պայմաններում օսմանյան սուլթան Մուստաֆա IV-ը, որը հիմնականում զբաղված էր կայսրության եվրոպական մասում առկա հարցերով, 1807 թվականի դեկտեմբերին հանձնարարեց իր վասալին՝ Եգիպտոսի Մուհամմադ Ալի փաշային՝ ուժային ուղիով լուծել Արաբական թերակղզում ծագած հիմնախնդիրը։ Միաժամանակ, եգիպտական բանակի պարտությունը ևս ձեռնտու կլիներ օսմանյան կենտրոնական իշխանություններին, քանզի վերջիններս զգուշանում էին պատվախնդիր Մուհամմադ Ալի փաշայի ուժեղացումից։

Մուհամմադ Ալի փաշան էլ իր սեփական նպատակներն էր հետապնդում՝

1. ձգտելով ամրապնդել իր հեղինակությունը, վերահսկողության տակ առնելով սուրբ քաղաքները՝ Մեքքան և Մեդինան,
2. բարելավել իր ֆինանսական վիճակը՝ ի հաշիվ ուխտագնացներից ստացվող հարկերի,
3. օգտվելով այդ ամենից՝ ստեղծել սեփական կայսրությունը։

Պատերազմի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի եզրափակիչ փուլը. Իբրահիմ փաշայի հարձակումը Ադ-Դիրիյայի վրա

Եգիպտոսի Մուհամեդ Ալի փաշան, զբաղված լինելով ներքին քաղաքականությամբ, Սաուդիդների դեմ դուրս եկավ միայն 1809 թվականին։

1810 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարվեց դեպի Հիջազ եգիպտական զորքերի ռազմարշավի մասին։ Եգիպտական ցամաքային զորքերի գլուխ կանգնեց Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի 16-ամյա որդին՝ Թուսուն-բեյը: Ռազմագործողությունը սկսվեց 1811 թվականի ամռանը։ Առաջին նպատակակետն էր՝ արևմտաարաբական Յանբո նավահանգստի զավթումը և եգիպտական բանակի ծովային ու ցամաքային ռազմարշավող զորամասերի միավորումը։ Դիվանագիտության և ընծաների միջոցով եգիպտացիներին հաջողվեց ստանալ արաբական ցեղերի աջակցությունը։

Եգիպտական ծովային և ցամաքային ուժերի միավորումից հետո Թուսուն-բեյը սկսեց հարձակումը Մեդինայի և Մեքքայի վրա։ 1811 թվականի դեկտեմբերին Ման-զալաթ աս-Սաֆրա և Ջադիդա գյուղերի մոտ տեղի ունեցավ վճռական ճակատամարտ՝ եգիպտական և վահհաբական զորքերի միջև։ Սաուդյան ընտիր զորքերը հանկարծակիի էին բերել եգիպտական բանակին և վերջինս փախուստի դիմեց ու նահանջեց դեպի Յանբո։ Սակայն վահհաբականները չզարգացրեցին իրենց հաջողությունը և Յանբո նավահանգիստը մնաց եգիպտացիների ձեռքին։

Ծովով համալրում ստանալով,1812 թվականին եգիպտական զորքերը՝ վահհաբականների դեմ թշնամաբար տրամադրված բեդուինական ցեղերի աջակցությամբ հարձակման անցան, որի արդյունքում 1812 թվականի նոյեմբերին վերցվեց Մեդինա քաղաքը, իսկ հաջորդ՝ 1813 թվականի հունվարին՝ Ջիդդայի և Մեքքայի մոտ տարած հաղթանակների արդյունքում՝ վերցվեցին նաև Մեքքան, Թաիֆ օազիսը և հանգուցային նավահանգիստ Ջիդդան, որի միջոցով սկսեցին ժամանել եգիպտական մարտնչող բանակի նոր համալրումները։

Չնայած հաջողություններին, եգիպտական բանակը զգալի կորուստներ էր կրում համաճարակներից, տապից, սովից, ինչպես նաև վահհաբականների գործողություններից, որոնք ուշքի գալով անհաջողությունից, անցան ակտիվ գործողությունների։

Ցանկանալով պատերազմում հասնել արմատական բեկման, Եգիպտոսի կառավարիչը՝ Մուհամմադ Ալի փաշան որոշեց անձամբ ժամանել ռազմաբեմ՝ Արաբիա, և գլխավորել իր զորքերը։ Նրա հրամանատարության ներքո եգիպտական բանակը 1813 թվականի հունվարին Բեսալյայի մոտ ճակատամարտ տվեց ընդդեմ վահհաբականների խոշոր ուժերի։ Հաղթանակ տանելով, Եգիպտոսի փաշան շարունակեց հարձակումը, և մի շարք մարտերից ու հյուծիչ երթանցումից հետո գրավեց Կունֆուդա նավահանգիստն ու Ասիրու բնակավայրը։ Եգիպտական բանակին հաջողվեց վահհաբականներին դուրս մղել Արաբական թերակղզու հարավից և 1815 թվականին կնքվեց զինադադար։

Ըստ զինադադարի՝

  • Հիջազն անցնում էր Եգիպտոսի կառավարման ներքո,
  • վահհաբականներին մնում էին միայն Նեջդի ներքին շրջաններուն ու Կասիմը,
  • սաուդյան կառավարող տոհմին պատկանող Աբդալլան՝ վահհաբական ինքնահռչակ պետության ղեկավարը, ճանաչում էր իրեն որպես օսմանյան սուլթանի վասալը՝ ստորական, և պարտավորվոմ էր ապահովել ՛՛հաջի՛՛ անվտանգությունը։
Պատերազմի եզրափակիչ փուլի (1814-1818 թթ.) հաղթական վարողը՝ Իբրահիմ փաշան, Մուհամեդ Ալիի որդին

Պատերազմը վերսկսվեց արդեն հաջորդ՝ 1814 թվականին։ Եգիպտական բանակը՝ Եգիպտոսի կառավարչի որդեգրված զավակի՝ Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ափ իջավ Հիջազում և հարձակում սկսեց դեպի թերակղզու ներքին շրջանները։ 1817 թվականին եգիպտացիները գրավեցին Էր-Ռաս, Բուրայդա և Ունայզա ամրոցները, իսկ 1818 թվականի սկզբին՝ Շաքրան։ 1818 թվականի ապրիլին եգիպտացիները հասան Սաուդիդների մայրաքաղաք Ադ-Դիրիյայի մատույցներին և 1818 թվականի սեպտեմբերին՝ 5-ամսյա պաշարումից հետո քաղաքն ընկավ։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Առաջին սաուդյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

2.1819 թվականին նրանց մայրաքաղաքը ավերվեց եգիպտացիների կողմից, իսկ հիմնական քաղաքներում հայտնվեցին եգիպտական կայազորները։

3. Էմիր Աբդալան հանձնվեց, տարվեց Կոստանդնուպոլիս և մահապատժի ենթարկվեց, իսկ նրա կտրված գլուխը նետվեց Բոսֆորի նեղուցի ջրերի մեջ։

4. Օսմանա-սաուդյան պատերազմը հանգեցրեց Եգիպտոսի խեդիվի՝ Մուհամեդ Ալի-Փաշայի դիրքերի ամրապնդմանը և օսմանյան սուլթանի հեղինակության վերականգնմանը։

5. Սաուդյան պետականության վերստեղծումը որոշ չափով հետաձգվեց։ Այն կրկին ասպարեզ եկավ 1830-ականների կեսերին։ Եվ միայն 1840 թվականին եգիպտական զորքերը դուրս եկան Արաբիայից։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]