Վասալիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասալիտետ ( ֆր.՝ vassalite, vassal-ուշ, լատ.՝ vassallus, vassus-ծառա), միջնադարում ֆեոդալների մի մասից (սենիորներ) մյուսների (վասաչներ) անձնական կախվածության հարաբերությունների համակարգ։ Արևմտյան Եվրոպայում վասալիտետը որպես ավարտուն համակարգ ձևավորվել է 8-9-րդ դարերում Ֆրանկական պետությունում, որտեղ թագավորները և խոշոր ֆեոդալները զինվորական ծառայության դիմաց տալիս էին հող, կայք կամ եկամտի որևէ այլ աղբյուր։ Սկզբում ցմահ տրվող հողերը (տես Բենեֆիցիում) աստիճանաբար դարձել են պայմանական ժառանգական տիրույթներ (ավատ, ֆեոդ, լեն)։ Վասալի գլխավոր պարտականությունը իր հաշվին զինծառայությունն էր որոշակի ժամկետով (սովորաբար 40 օր տարվա մեջ)։ Սենիորը պարտավոր էր պաշտպանել իր վասալին և նրա ունեցվածքը։ Վասալիտետի հարաբերությունների տարածման հետևանքով ձևավորվել է ֆեոդ, հիերարխիական սանդուղքը (թագավորից մինչև մանր ֆեոդալները)։ Կենտրոնացված ֆեոդալական պետությունների կազմավորման, ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև վասալական զինծառայությունը վարձու ջոկատների համակարգով փոխարինելու պայմաններում, վասալիտետը աստիճանաբար կորցրել է ռազմական և քաղաքական նշանակությունը։ Արևելքի երկրներում վասալիտետը թույլ էր զարգացած, թեև Ճապոնիայում և մոնղոլների նվաճած երկրներում նույնպես ձևավորվել է բազմաստիճան հիերարխիական սանդուղք։ Ռուսիայում վասալական հարաբերություններ կային միայն մեծ և ուդելային իշխանների միջև։ Հայաստանում ֆեոդալիզմի ժամանակաշրջանում մանր ազնվականները (որոնց վրա հենվել են թագավորները խոշոր ավատատերերի դեմ պայքարում) զինվորական, վարչական և այլ կարգի ծառայության դիմաց արքունիքից ստացել են հող («պարգևական» հողատիրություն), և պատերազմի դեպքում պարտավոր էին իրենց ձիով ու զենքով ներկայանալ սյուզերենին։ Նրանք պարգևական հողից օգտվել են վասալական պարտականությունների կատարման ամբողջ ժամանակամիջոցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 289 CC-BY-SA-icon-80x15.png