Նորվեգիայի բուսական ու կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորվեգիայի բուսական և կենդանական աշխարհ, Նորվեգիայի կենդանի բնությունը, որը հարմարված է երկրի բնակլիմայական պայմաններին։ Տարածված է Նորվեգիայի ամբողջ տարածքում։

Տունդրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունդրա (ֆիններեն՝ tundra) նշանակում է ամայի վայր։ Այդպես է կոչվում մերձարկտիկական ու մերձանտարկտիկական զոնան։ Հյուսիսային բևեռային շրջագիծը, որը հատում է Նորվեգիայի տարածքը, հարում է տունդրայի զոնային։ Դա Եվրոպայի ամենահյուսիսային ցամաքային զոնան է։

տունդրան ամռանը

Տունդրայի առանձնահատկություններից կապված՝ խիստ տարբեր է բուսական աշխարհը։ Քանի որ չորրորդական ժամանակաշրջանում Նորվեգիայի տարածքում տեղի են ունեցել Երկիր մոլորակի բոլոր սառցակալումները, և սառցադաշտերից վերջինը հալվել է ընդամենը տասներկու հազար տարի առաջ՝ միջին քարի դարի նախօրեին, Նորվեգիայի տունդրայի հողային բարակ շերտի տակ կա բազմամյա սառցույթ։ Ամեն ամառ հալվում է հողի ընդամենը 0,5-1,5 մետրը։ Նման պայմաններում առանց այդ էլ սակավաթիվ (մինչև 300 մմ) տեղումներից գոյացած հալոցքային ջրերը ամռանը չեն ներծծվում, իսկ ձմռանը ձևավորվում են ճահիճներ։ Տունդրայի զոնայում տարվա ամիսների գրեթե կեսը անցնում է մութ, գիշերային պայմաններում, իսկ մյուս կեսին՝ ամբողջ օրը ցերեկային, բայց չջերմացնող լույս է։ Ձմռանը օդի ջերմաստիճանը կարող է իջնել -20 °C-ից, իսկ ամռանը՝ հասնել 10 °C-ի։

ծովառյուծ

Սկանդինավյան լեռների առկայության պատճառով Նորվեգիայում տունդրան տարածվում է ոչ միայն կենտրոնական և հյուսիսային մարզերում, այլև լեռնային գոտու գագաթային հատվածում՝ 1700 մետրից վեր («լեռնատունդրա»)։ Բացի այդ, Նորվեգիայի տարածքում են մի շարք կղզիներ (Շպիցբերգեն, Յան Մայեն և այլն), որոնք ամբողջությամբ ունեն մերձարկտիկական կլիմա և տունդրային բնորոշ բուսականություն։ Ցածր ջերմաստիճանի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից փչող մշտական սառը հոսանքների պատճառով վեգետացիայի շրջանը խիստ կարճ է, շատ են ձյան ու սառույցի անգվածները։ Այս անբարենպաստ պայմանները, որոնք վատթարագույնն են Նորվեգիայի տարածքում, թույլ չեն տալիս բուսականությանը զարգանալ։ Այդ պատճառով Նորվեգական տունդրայում կան երկու հիմնական բուսատեսակներ՝ մամուռներ և քարաքոսեր։

Քանի որ տարածքը հարում է հիմնականում ծովերին, ապա տունդրայում հանդիպում են գլխավորապես գիշատիչ կաթնասուն կենդանիներ, որոնք սնվում են ծովային ձկներով։ Կաթնասունների զգալի մաս բնակվում է Շպիցբերգեն, Յան Մայեն և այլ կղզիներում։ Դրանցից են՝ սպիտակ արջը, ծովացուլը, թավշաոտ ճուռակը, ճայը և այլն։ Ցամաքում բնակվում են զանազան առնետազգիներ, մասնավորապես՝ կուղխ և լեմինգ, որոնք սնունդ են հանդիսանում բևեռաղվեսների համար։ Ժամանակին այստեղ տարածված են եղել նաև բևեռային գայլեր ու արջեր, վաղ անցյալում՝ մամոնտներ։ Բուսակեր կաթնասուններից առավել հայտնին ու խոշորամարմինը հյուսիսային եղջերուն է, որը հարմարվել է տունդրայի պայմաններին և հանդիսանում է տեղի բնակիչների հիմնական փոխադրամիջոցն ու սնունդ ապահովող կենդանին։

Այս գոտում գտնվում են մի քանի ազգային պարկեր, որոնցից միայն Շպիցբերգեն կղզում՝ չորսը (Սյոր Շպիցբերգեն, Ինդրե Վիյդեֆյորդեն, Նորդրե Իսֆյորդեն, Նորդվեստ Շպիցբերգեն

Ալպյան մարգագետիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անբարենպաստության՝ հաջորդ բնական գոտին լեռն ի վար ալպյան մարգագետիններն են։ Դրանք գտնվում են Սկանդինավյան լեռների՝ հիմնականում հողմահայաց շրջաններում։ Ալպյան մարգագետինները միջանկյալ գոտի են հանդիսանում լեռնային տունդրայի և լեռնային անտառների միջև։

ալպյան բուսականություն

Նորվեգիայի լեռնագրության առանձնահատկություններից են ֆյորդերը և ֆյելդերը։ Առաջինները ձևավորվել են որպես ծովածոցեր, և հանդիսանում են ցամաքի կտրատված ու ճեղքված հատվածները։ Դրանք ոչ միայն բարձր ու ժայռոտ ափեր ունեն, այլև խորն են ու սրընթաց։ Ֆյելդերը լեռների զգալիորեն իջած և հարթության վերածված ձևերն են։

Հյուսիսային եղջերու

Նմանատիպ ֆյելդերում էլ՝ 800-1700 մետր միջին բարձրություններում, տարածված է ալպյան բուսականությունը և համապատասխան կենդանական աշխարհը։ Կլիմայական պայմանները այստեղ նույնպես անբարենպաստ են. ամռանը լինում է զով եղանակ, ձմեռները լինում են ցրտաշունչ ու հողմառատ։ Հողերն այստեղ նույնպես ունեն բարակ շերտ, հիմնականում քարքարոտ են և անմշակ։

Ինչպես մարգագետինների, այնպես էլ տունդրային զոնան խիստ անբարենպաստ է երկրագործության համար։ Վեգետացիայի շրջանը այստեղ նույնպես կարճ է տևում՝ տարվա «լուսավոր կեսին»։ Վերջինս բույսերի տարածման հիմնական ժամանակաշրջանն է։

Բույսերը ներկայանում են ծաղիկների տեսքով, խիստ հազվադեպ են թփուտները կամ գաճաճ ծառատեսակները։ Գետնատարած բուսականությունը հիմնականում գույնզգույն է և հիշեցնում են ալպյան գորգ։ Դրա պատճառը կարճ վեգետացիայի շրջանն է՝ ծաղիկները փոշոտող միջատների համար ավելի գրավիչ լինելու համար։ Ձյունապատ հատվածներում դարձյալ կարել է հանդիպել մամուռներ ու քարաքոսեր։

Բուսական աշխարհի համեմատաբար առատ լինելու շնորհիվ այստեղ ավելի շատ են կենդանիները։ Կաթնասուններից բացի այստեղ մեծ թիվ են կազմում կրծողները՝ դաշտամուկ, կզաքիս, աքիս, ժանտաքիս, երբեմն՝ գետափի հատվածներում՝ սամույր և այլն։ Գիշատիչ կենդանիներից հանդիպում են գայլ, արջ, սովորական աղվես, գիշատիչ թռչուններից՝ բազե և այլն։ Շարունակում են տարածվել հյուսիսային եղջերուները, երբեմն հանդիպում է որմզդեղն։

Անտառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիան հարուստ է անտառներով, քանի որ ունի խոնավ կլիմա։ Երկիրը գտնվում է Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափին։ Այն աղեղի պես ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք և լեռնիվեր՝ ծովափից մինչև 1000 մետր բարձրության վրա, ունի մի քանի անտառային զոնաներ։ Լեռն ի վար օդի ջերմաստիճանը տաքանում է, ձմեռները դառնում են ավելի մեղմ, ամառները՝ տաք։ Ըստ այդմ՝ վերին, լեռնային շրջաններում անտառները սակավ են, հիմնականում՝ փշատերև, ստորոտում դրանք արդեն ունեն լայնատերև բնույթ։ Միջանկյալ գոտին խառը անտառներն են։

Հյուսիսափայլը նորվեգական տայգայում

Վերին գոտին, որտեղ տարածված են լեռնային անտառներն ու տայգան, անմիջապես հաջորդում է ալպյան մարգագետիններին։ Շատ են բացատները, և հանդիպում են նաև մարգագետիններ։ Հանդիպող հիմնական ծառատեսակներն են սոճին, եղևնին, երբեմն՝ տեղ-տեղ ցրտադիմացկուն կեչին ու կաղնին։ Շատ են ջրային տարածքները՝ գետերը, լճերը, ջրվեժները, որոնք լրացուցիչ տեսք են հաղորդում ժայռերին, լեռներին ու ֆյորդերին աճող փշատերև անտառներին։

Նորվեգիայի հարավում՝ մինչև 300 մետր բարձրության վրա, հանդիպող վերջին զոնան լայնատերև անտառներն են։ Ներկայացված են հաճախ հանդիպող կաղնիների, հաճարենիների ու հացենիների տեսքով։ Շատ են պուրակները, որոնք տարածված են խոշոր քաղաքների մոտ։ Լայնատերև և փշատերև անտառների միջև տարածված հիմնական զոնան, որը զբաղեցնում է Նորվեգիայի տարածքի ավելի քան մեկ երրորդը, խառը անտառների գոտին է։ Այդտեղ հանդիպում են վերոնշյալ բոլոր բուսատեսակները։

Որմզդեղն՝ նորվեգական անտառների գլխավոր խորհրդանիշը

Անտառային գոտում շատ են վարելահողերը, պտղատու այգիները և այլն, քանի որ երկրագործության զարգացման համար կա նպաստավոր ջերմաստիճան ու խոնավություն, հումուսով հարուստ սևահողեր ու դարչնագույն հողեր։ Այս տարածքում գտնվում են Նորվեգիայի հիմնական ազգային պարկերը։ Անտառներում հանդիպում են ինչպես կաթնասուններ, այդ թվում՝ գիշատիչ (նապաստակ, որմզդեղն, ազնվացեղ եղջերու, գայլ, արջ, աղվես), այնպես էլ՝ կրծողներ (գորշուկ, կուղբ, աքիս, կզաքիս, լուսան, սկյուռ)։ Շատ են թռչունները (խլահավ, ցախաքլոր և այլն)։

Երկրագործության զարգացմանը զուգահեռ՝ հարյուրավոր տարիներ Նորվեգիայի բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ։ Անտառների տարածքին հարմարվել են ինչպես խոշոր, այնպես էլ՝ մանր եղջերավոր անասունները (այծեր, ոչխարներ

Ջրային տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ծովափնյա շերտից՝ Նորվեգիան հարուստ է ներքին ջրային ռեսուրսներով։ Սկանդինավյան լեռներից հողմահայաց լանջերն ի վար հոսում են բազմաթիվ գետեր ու գետակներ, որոնց վրա գոյացել են քաղցրահամ ջրով լճեր, կառուցվել ջրամբարներ, շատ են ջրվեժները։ Դրա հետ կապված՝ զգալի փոփոխությունների է ենթարկվել Նորվեգիայի կլիման, որը ջրամերձ տարածքներում դարձել է ավելի մեղմ ու խոնավ։

Վյորինգսֆոսսեն

Տունդրային հարող զոնայում՝ ծովափնյա հատվածում, ինչպես նաև բարձր լեռնային զոնայում՝ գետերի ափին, տարածված են չորուտները։ Դրանք գոյացել են ոչ բավարար ջերմության պայմաններում։ Հիմնական հանդիպող բուսատեսակները կարող են լինել մամուռներ ու քարաքոսեր, տեղ-տեղ՝ խոտեր և փոքր թփեր, հիմնականում՝ հավամարգիներ։ Կենդանական աշխարհից այստեղ առկա են նրանք, ովքեր սնվում են այս բուսատեսակներով, և նրանք, ովքեր սնվում են այդ բուսակեր կենդանիներով (հիմնականում՝ կրծողներ ու կաթնասուններ)։ Ջրի առկայության պայմաններում այստեղ շատ են ձկնատեսակները, ինչը հանգեցնում է թռչնաշուկաների գոյացմանը և ջրային գիշատիչ կենդանիների բազմացմանը։

Հյուսիսային ու Նորվեգական ծովերը, լինելով սառը ջրային տարածություններ, հայտնի են ամառային տաք քամիներով։ Գոլֆստրիմի տաք հոսանքը, որն ապահովում է այդ քամիները, դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս է բերում զանազան ձկնատեսակներ ու պլանկտոններ։ Մյուս կողմից՝ սառը բևեռային ջրերը հարուստ են թթվածնով, որոնք հիանալի պայմաններ են ստեղծում ծովային կենդանիների բազմացման համար։ Այդ հատվածներում հնուց ի վեր զարգացած է եղել ձկնորսությունը, այսօր նաև՝ ձկնարդյունաբերությունը։

Խոյադելֆին

Ծովը ներկայանում է տարատեսակ ձկներով՝ թառափ, ձողաձուկ, սկումբրիա, կաթնասուններից՝ կոլոթվոր փոկը, կենտեղջյուրը, ծովախոզը (բևեռային դելֆին), գրենլանդական կետը, ատլանտյան սպիտակակող դելֆինը, սպիտակադունչ դելֆինը, փոքր կետաձուկը, խոյադելֆինը, կապույտ և սապատավոր կետերը, կաշալոտը, ծովառյուծը, սպիտակ արջը և այլն։ Թռչուններից հանդիպում են ճայեր, բևեռային կաքավներ, այդերուկներ, վայրի բադեր ու վայրի սագեր։

Ներքին՝ քաղցրահամ ջրերում՝ գետերում ու լճերում, շատ են սաղմոնաձկները, կարմրախայտերը և այլն։ Առատ թթվածնի ու մեղմ կլիմայի շնորհիվ ձկները կարողանում են բազմանալ։ Նրանք ձվադրման համար բարձրանում են լեռն ի վեր՝ առավել ապահով վայրեր։ Գետահովիտները հաճախ իրենցից ներկայացնում են բացատներ, որոնք մի քանի հարյուրամյակ առաջ վերածվել են ոռոգովի երկրագործական դաշտերի։ Աճեցվում են հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, կորեկ, աշորա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]