Անթրոպոգենի ժամանակաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անթրոպոգենի ժամանակաշրջան, անթրոպոգեն, չորրորդական ժամանակաշրջան, պոստպլիոցեն, Երկրի շերտագրական սանդղակի և երկրաբանական պատմության վերջին, այսօր շարունակվող ժամանակաշրջանը։

Անթրոպոգենի ժամանակաշրջանի տևողությունը որոշվում է 600 հազար-1միլիոն տարուց մինչև 2,5-3,5 միլիոն տարի։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի միասնական ընդունված միջազգային շերտագրական սանդղակ դեռևս չկա։ Սովորաբար ընդունվում է Եվրոպայի չորրորդական նստվածքների միջազգային քարտեզի հանձնաժողովի 1932 թվականին առաջարկած քառանդամ բաժանման սխեման՝ ստորջյա, միջին, վերին պլեյստոցեն, և հոլոցեն։

Անթրոպոգենի ժամանակաշրջանի կլիմայաշերտագրական բաժանման չափանիշ է համարվում Ալպերի համար Ա. Պենկի և Է. Օրյուկների 1909 թվականին կազմած սխեման։ Այդ սխեմայում առանձնացված է 5 սառեցման փուլ (սառցապատումներ կամ գլացիալներ), որոնք ընդմիջվել են տաքացումներով (միջսառցադաշտային ժամանակամիջոցներ կամ ինտերգլացիաններ)։ Սառցապատումներից երկուսը (դաեուբյաննգյունցյան) վերագրում են վերին պլիոցենին, իսկ երեքը (մինդելի, ռիսի նվյուրմի)՝ Անթրոպոգենի ժամանակաշրջանին։ Գիտնականների գերակշռող մասը կողմնակից է բազմակի սառեցման կամ պոլիգլացիալիզմ ի տեսությանը, ըստ որի հաշվվում է 3-8 սառցապատում։ Այդ սառեցումները օրգանական աշխարհում առաջ են բերել մեծ փոփոխություններ։ Միջին լայնություններում մերձարևադարձային բուսականությունը իր տեղը զիջել է համարյա ժամանակակից անտառներին և տափաստաններին։ Արևմտյան և Հարավային Եվրոպայի ծովերն են թափանցել փափկամորթների հյուսիսային տեսակները, մահացել են Նեոգենի կաթնասունների շատ տեսակներ և զարգացել են անթրոպոգենի տիպիկ խմբերը (փղեր, միասմբակավոր ձիեր և այլն)։

Միջսառցադաշտային ժամանակամիջոցներում վերականգնվել է ժամանակակից գոտիականությանը մոտ գոտիականություն, իսկ կլիման երբեմն եղել է ավելի տաք, քան այժմ։ Մայրցամաքային սառցադաշտերի հալչելուց գոյացած ջրային զանգվածները տեղափոխվել են Համաշխարհային օվկիանոս՝ առաջ բերելով նրա մակարդակի է վստատիկ տատանումներ։

Սառցադաշտային ժամանակամիջոցների ընթացքում ծովի մակարդակը ներկայիս համեմատ իջել է, ըստ տարբեր հաշվարկների՝ 85-120 մ։ Բրիտանական կղզիները բազմիցս միացել են Եվրոպա մայրցամաքին, իսկ Բերինգի նեղուցի տեղում առաջացել է ցամաքային «կամուրջ», որով մոտ 20–30 հազար տարի առաջ կատարվել է Ամերիկայի մարդաբնակեցումը։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած երկրակեղևի հզոր տեկտոնական շարժումները ձևավորել են Երկրի մակերևույթի հատկապես Ալպ-Հիմալայան գոտու ժամանակակից ռելիեֆի հիմնական տարրերը։

Պլեյստոցենի ընթացքում Խաղաղ օվկիանոսի ծայրամասերում, Կովկասում, Իսլանդիայում, Արևելյան Աֆրիկայում և այլ շրջաններում հրաբխայնությունը եղել է ավելի ինտենսիվ, քան այժմ։ Երկրագնդի ներկայիս մակերևույթում գերակշռում են անթրոպոգենի տարբեր ծագում ունեցող մայրցամաքային ֆացիաներ ՝ լյոսերը, ալյուվիալ, պրոլյուվիալ, էլյուվիալ, լճային և էոլյան նստվածքները, որոնք ժամանակակից հողերի նախահիմքն են։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի հետ կապված է մարդու ծագման ու զարգացման պատմությունը։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի ուսումնասիրությունը հանգեցրել է գիտության ինքնուրույև ճյուղի՝ չորրորդական երկրաբանության առանձնացմանը։

Հայաստանում անթրոպոգենը ներկայացված է ցամաքային ֆունկցիաներով՝ դարավանդային, լճագետային, սառցադաշտային նստվածքներով։ Չնայած ռիսի ու վյուրմի սառցապատումների տարածումը Արագածի զանգվածում և Գեղամա լեռնաշղթայում ընդունվում է շատ հետազոտողների կողմից, սակայն հնագույն սառցապատումների տարածման, սառցադաշտերի հզորության հարցերը առ այսօր վիճելի են։ ժամանակակից սառցապատում դիտվում է միայն Արագածի զանգվածում (ընդհանուր մակերեսը մոտ 5,5 կմ 2)։ Անթրոպոգենի ժամանակաշրջանի ընթացքում ձևավորվել է Հայաստանի ռելիեֆը, տեղանքը բարձրացել է մոտ 500—800 մ, բուսական և կեևդանական աշխարհում տիրապետել են անթրոպոգենի ձևերը։ ՀՀ-ում աևթրոպոգեևի հասակի տարբեր շերտախմբերում հայտնաբերվել են կաթնասունների բազմաթիվ բրածո ներկայացուցիչներ՝ փիղ, ռնգեղջյուր, ձի, ուղտ, նախնադարյան եզներ, եղջերու և այլն։ Հայաստանի Հանրապետությունը չորրորդական հրաբխայնության դասական մարզ է։ Այստեղ զգալի տեղ են գրավում տարբեր տիպերի լավաները, նրանց հոսքերն ու ծածկույթները, տուֆերը և տուֆալավաները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н.В., Хаин В.Е., Ясаманов Н.А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н.А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н.А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 406