Հյումի սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հյումի սկզբունք (Հյումի գիլիոտին), բացառապես տրամաբանության վրա հիմնված սկզբունք, ըստ որի՝ «կա» (նկարագրական) դատողություններից հնարավոր չէ անցնել «պետք է» (հանձնարարական) դատողություններին։ Անվանվել է շոտլանդացի փիլիսոփա Դեյվիդ Հյումի անունով, որը նշել է ժամանակակիցների՝ բարոյական չափանիշները գոյության մասին գիտելիքներից դուրս բերելու փորձերի անխոհեմությունը[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբունքն առաջին անգամ նկարագրվել է Հյումի՝ 1740 թվականին գրված «Տրակտատ մարդու էության վերաբերյալ» աշխատության մեջ[2]։

Aquote1.png Ես նկատել եմ, որ ինձ հանդիպած յուրաքանչյուր բարոյական տեսության մեջ հեղինակը որոշ ժամանակ սովորական ձևով ճառաբանում է, հաստատում Աստծո գոյությունը կամ ներկայացնում իր դիտարկումները մարդկային գործերի վերաբերյալ։ Եվ հանկարծ, ի զարմանս ինձ, ես նկատել եմ, որ նախադասություններում օգտագործած սովորական «կա» կամ «չկա» կապերի փոխարեն, ես չեմ գտնում մի նախադասություն, որում չլինեն «պետք է» կամ «պետք չէ» կապերը։ Այս անցումը աննկատ է, բայց այդուհանդերձ, չափազանց կարևոր։ Քանի որ «պետք է» և «պետք չէ» կապերը արտահայտում են նոր վերաբերմունք կամ կարծիք, պետք է ուշադրություն դարձնել այդ իրողությանը և փորձել բացատրել այն։ Միևնույն ժամանակ պետք է գտնել լիովին անհասկանալի թվացող երևույթների հիմնավորումը, և հասկանալ, թե ինչպես կարող է նոր մոտեցումը դեդուկցիա դառնալ՝ ծագելով իրենից բացառապես տարբեր մոտեցումներից։ Aquote2.png


Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին այս պնդմանը համակ ուշադրություն են դարձրել փիլիսոփաները, տրամաբանները և իրավաբանները։ Մասնավորապես, Անրի Պուանկարեն այս սկզբունքի օգնությամբ մատնանշել է բարոյականությունը գիտականորեն հիմնավորելու փորձերի ապարդյունությունը, իսկ Կարլ Փոփերը այն մեծապես կարևորել է՝ կապված «բարոյական ինքնավարության» և լիբերալիզմի հետ։ Հետագայում այս թեզը դարձել է մետաէթիկայի ոլորտում վերլուծական փիլիսոփայության համար ամենակարևորներից մեկը։ Սկզբունքը քննադատվել է «արժեքների աշխարհը» «փաստերի աշխարհից» կտրականապես տարանջատելու համար, ինչը խիստ հակասում է ավանդական էթիկային։ Այդ իսկ պատճառով էլ Մաքս Բլեքը այս սկզբունքին երկրորդ անուն է տվել՝ «Հյումի գիլիոտին»[3]։ Սկզբունքը կասկածի տակ դնելու բազմաթիվ փորձեր են արվել, բայց մինչ օրս համընդհանուր հերքման արժանացող որևէ ապացույց ի հայտ չի եկել[1][4]։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբունքն ունի համափիլիսոփայական նշանակություն. կապված է էթիկայի, իմացաբանության և գոյաբանության հետ։

Էթիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյումի սկզբունքը կարևորագույն դեր ունի որոշակի նորմեր և արժեքներ հիմնավորել փորձող գիտությունների մեթոդաբանության մեջ։ Գոյություն ունի մի հիմնավորում, ըստ որի բարոյական կյանքին կարելի է միայն հետևել, բայց ոչ կոդիֆիկացնել, ինչից հետևում է, որ էթիկայի բոլոր համակարգերը հավասար են, քանի որ դրանք հավասարապես հիմնված չեն փաստերի վրա։ Սկզբունքը ցույց է տալիս էթիկայի անկախությունը բնական գիտություններից, և հատկապես, ֆիզիոլոգիայից։ Այնուամենայնիվ, պետք չէ եզրակացնել, որ դրանց հետազոտության ոլորտների միջև կապը ընդհանրապես բացակայում է[1]։

Իմացաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբունքը հստակ ցույց է տալիս, որ ընդհանուր դրույթների հավաստիությունը կարող է խիստ տրամաբանորեն չբխել փաստերից։ Այս պարադոքսի մասնակի լուծումը տվել է Իմանուիլ Կանտը, որը կանխադրել է ապրիորի սինթետիկ դատողությունների առկայությունը[3]։ Այնուամենայնիվ, առաջացել է ճշմարտությունը փաստերից ընդհանուր դրույթների վերածելու խնդիր։ Եվ եթե գիտության փիլիսոփայության մեջ այդ նպատակների համար ապացուցում է առաջարկվում, ապա էթիկայում այդպիսի սկզբունք մինչ օրս չի մշակվել։ Սկզբունքը կարելի է իմացաբանորեն դիտարկել ավելի հիմնարար դրույթների շրջանակներում, որոնք հաստատում են նկարագրական և հանձնարարական հիմունքների գործառույթների անհամատեղելիությունը։ Նկարագրության նպատակը բառերը՝ աշխարհին, իսկ հանձնարարության նպատակը՝ աշխարհը բառերին համապատասխանեցնելն է. դրանք հակառակ են, հետևաբար չենք կարող համատեղվել[1][4]։

Գոյաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ի. Տ. Կասավինի՝ սկզբունքը հիմնված է մեր գիտելիքների սահմանափակ լինելու սկեպտիկ ճանաչման և պլատոնական մետաֆիզիկայի վրա, որը «գաղափարների աշխարհը» առանձնացնում է «իրերի աշխարհից»[3]։ Այսպիսով՝ այս թեզի «անհերքելիությունը» կարող է ուղղակիորեն կապված լինել աշխարհների այդպիսի բաժանման գոյաբանական իսկության հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Под редакцией А.А. Ивина Юма принцип // Философия: Энциклопедический словарь. — М.: Гардарики. — 2004. на Академике.
  2. Юм Д. Трактат о человеческой природе, или попытка применить основанный на опыте метод рассуждения к моральным предметам — М., 1995, с. 229—230.
  3. 3,0 3,1 3,2 Касавин И. Т. Дэвид Юм. Парадоксы познания.
  4. 4,0 4,1 Ивин, Александр Архипович|Ивин А. А. Основы теории аргументации: Учебник — М., Гуманитарный издательский центр ВЛАДОС, 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]