Ռենտայի հետևից վազել
Ռենտայի հետևից վազել[1](անգլ.՝ rent-seeking), տնտեսական հայեցակարգ, որն ստեղծվում է, երբ կազմակերպությունը ձգտում է ձեռք բերել լրացուցիչ հարստություն՝ արտադրողականության մեջ առանց որևէ ներդրումների։ Անհատները, կազմակերպությունները կամ ընկերություններն օգուտ են ստանում ոչ թե ապրանքների վաճառքից կամ ծառայությունների մատուցումից, այլ ռեսուրսների, իրավական կամ տնտեսական պայմանների հմուտ օգտագործման միջոցով[2]։
Ակունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռենտայի հետևից վազել» տերմինը ստեղծել է տնտեսագետ Գորդոն Թալլոքը[3] 1967 թվականին։ Ավելի ուշ՝ 1974 թվականին, տարածվել է Էն Կրյուգերի[4] կողմից։ Այն առաջացել է Ադամ Սմիթի[5] հետազոտությունների հիման վրա, ով համարվում է «տնտեսագիտության հայրը»։ Հայեցակարգը բխում է ռենտա տնտեսագիտական եզրույթից, որը սահմանվում է որպես տնտեսական հարստություն՝ ձեռք բերված ռեսուրսների հմուտ կամ պոտենցիալ մանիպուլյատիվ օգտագործման միջոցով[6]։ Համաձայն Սմիթի հետազոտության՝ եկամուտ ստանում են շահույթից, աշխատավարձից, ռենտայից։ Շահույթն ունի ռիսկային գործոն, աշխատավարձը պայմանավորված է զբաղվածությամբ, և միայն ռենտան է,որը համեմատաբար կայուն եկամտի տեսակ է և ավելի քիչ ռիսկ է պահանջում[6]։ «Ռենտայի հետևից վազելը» տնտեսական ռենտա ստանալու փորձ է։ Տնտեսական ռենտան ռեսուրսների սեփականության իրավունքի օգտագործումից ստացված եկամուտն է և որևէ առչնություն չունի ձեռնարկատիրական գործունեության հետ։ Այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր ունեն սեփական ռեսուրսներ, կարող են ստանալ եկամուտ ռեսուրսների վարձակալությունից։ Առհասարակ՝ տնտեսական ռենտա տերմինը վերաիմաստավորվել է և նշանակում է համապատասխան ռեսուրսի վարձակալությունից եկամուտ ստանալը, հետևաբար` անհատները և կազմակերպությունները «կվազեն ռենտայի հետևից», որպեսզի ստանան եկամուտ, որը ոչ մի ներդրում նրանցից չի պահանջում։ «Ռենտայի հետևից վազելու» նպատակով կազմակերպությունը վարձում է լոբբիստների, ովքեր ավելի հեշտ շահույթ ստանալու համար տվյալ կազմակերպության շահերից ելնելով ներգործում են օրենսդիրների և պետական ծառայողների վրա օրենքների ընդունման ժամանակ։ Առանձին երկրներում՝ մասնավորապես Անգլիայում, ռենտա է համարվում տանտիրոջ՝ բնակարանի վարձակալությունից ստացած վարձավճարը։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին սկսվեց «ռենտայի հետևից վազելու» տեսության քննադատությունը[7]։ Խնդիրն այն էր, որ «ռենտայի հետևից վազելու» երևույթը կարող է արգելք հանդիսանալ շուկայի արդյունավետության համար, ինչպես նաև անբարենպաստ պայմաններ ստեղծել շուկայի մասնակիցների համար։ Արդյունքում ստեղծվում է սահմանափակ տնտեսական մրցակցություն։ Եթե արդյունավետ տնտեսական միջավայր ստեղծելն ավելի էժան է, քան արտադրություն կառուցելը, ապա տնտեսվարող սուբյեկտները նախապատվությունը կտան առաջին տարբերակին՝ ստանալով եկամուտներ, որոնք կապված չեն ներդրման հետ։ Արդյունքում կատարվում է ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխում՝ ծախսեր լոբբինգի և հակալոբբինգի վրա, այլ ոչ թե ներդրումների հետազոտություն, զարգացում, բիզնես գործընթացների բարելավում,մասնագիտական զարգացում,լրացուցիչ կապիտալի ներդրում։ Այս ամենը, ի վերջո, խոչընդոտելու է տնտեսական աճին[8]։ Նրանք, ովքեր «վազում են ռենտայի հետևից», ստանում են եկամուտ՝ առանց պարտավորության, ինչն ինքնաբերաբար ստեղծում է ոչ արդար առավելություններ, մասնավորապես՝ որոշակի ձեռնարկություններին հարստանալու հնարավորություն, որը հանգեցնում է վերջինիս՝ շուկայի մասնաբաժնի ավելացմանը ի հաշիվ մրցակիցների։ Սա երբեմն կարող է կոռուպցիայի առիթ դառնալ։ Բացասական ազդեցություններից մեկն էլ այն է, որ «ռենտայի հետևից վազելու» տենդենցն առաջացնում է բյուջեի եկամուտների նվազում։ Հետևաբար՝ շատ տնտեսագետներ կարծում են, որ պետության հարկային համակարգը պետք է բարեփոխել այնպես, որ հարկերն առաջին հերթին գանձվեն վարձավճարներ ստացող անձանցից, այլ ոչ թե բեռ լինեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տնտեսագիտական բացատրական բառարան», Գ․ Կիրակոսյան, Հ․ Ղուշչյան, Ի․ Տիգրանյան, Երևան, 1999, էջ 348
- ↑ «What Is Rent-Seeking Behavior?» , Forbes, Dec. 2, 2021
- ↑ ««Efficient Rent-Seeking» , Gordon Tullock». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 28-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ « The Political Economy of the Rent-Seeking Society» , by Anne Krueger
- ↑ « An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations » , Adam Smith, 1776
- ↑ 6,0 6,1 «What is Rent-Seeking? » , Corporate Finance Institute, Dec. 2, 2021
- ↑ « A Critique of Rent-Seeking Theory» , Warren J. Samuels, 1992
- ↑ «Why Is Rent-Seeking So Costly to Growth», M. Kevin, Sh. Andrei, V. Robert, 1993