Հայկական գործվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական գործվածք, բրդից, բամբակից, մետաքսից հյուսվածքեղեն, որն օգտագործվել է հայկական տարազային համալիրների, զգեստների, հագուստի տարբեր տեսակների ու մասերի ստեղծման համար։ Ունի տեսակների, գույների, նախշերի յուրօրինակ ու տարբերվող բազմազանություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական պայմանները, տեղական արտադրանքի տեսակները կարևոր էին յուրաքանչյուր շրջանին բնորոշ տարազի ընդհանուր նկարագրի համար։ Ուստի մեծ դեր ունեին տեղական հումքի մշակման, տարբեր որակի գործվածքների պատրաստման և օգտագործման ժողովրդական եղանակները։ Հայկական հյուսվածքեղենը բամբակից, բրդից ու մետաքսից էր։ Մետաքսե կտարի արտադրությունը կապված էր շերամապահության հետ, այն տարածված էր Հայաստանի որոշ գավառներում՝ հատկապես Տիգրանակերտում, Խարբերդում, Սվեդիայում, Սյունիք-Արցախում, Արարտյան հովտում, Աշտարակում, Տավուշում, Գողթնում։ Հունդը արթնացրել են գարնանաը՝ տարեց կանանց թևքերի տակ՝ մարդու ջերմությամբ։ Հետո հատուկ արկղերում տաքացրել են նավթի ճրագի ջերմությամբ։ Շերամապահությամբ զբաղվել են կանայք, իսկ տղմարդիկ կտրել են թթենու ճյուղերն ու տեղափոխել տուն։ Բոժոժի, մետաքսաթելի և մնետաքսե կտորի առևտուր արել են հայ վաճառականները՝ աշխարհի տարբեր երկրներ հասնելով։ 1659 թվականին պարսկահայերի ստեղծած առևտրական ընկերությունը Հնդկաստանից և Պարսկաստանից տարբեր ապրանքներով լցրել է ռուսական շուկան՝ Պարսից ծոցի, Սպահանի և Կասպից ծովի վրայով։ Մինչ այդ հայերը շրջել են Մոսկվայում, Նովգորոդում՝ վաճառելով թանկարժեք քարեր, մետաքս, ներկեր։ Սաֆար Վասիլյանը Թերեքի ափին ստեղծել է մետաքսի մանուֆակտուրա, աճեցրել թթենու տնկարաններ, զբաղվել շերամապահությամբ։ Հայերը հիմնել են մետաքսի ֆաբրիկաներ, սովորեցրել են մետաքս ստանալու արվեստը տեղի բնակչությանը։ Այդ վայրը կոչվել է Շելկոզավադսկոյ[1]

Մետաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին մետաէսաթելի և մետաքսե գործվածքի արտադրություն է եղել Շուշիում։ Այդ արտադրանքը ուղարկվել է Մարսել, 1888 թվականից՝ նաև Մոսկվա։ Մետաքսե կտորեղենը գործվել է միագույն, գծանախշով, ծաղկանախշերով։ Արցախի Հադրութ ավանում և Ջաբրաիլի նահանգում բոժոժի ցածրորակ տեսակը մշակել են տանը և ստացել կոպիտ, ոլորոված մետաքսաթել։ Արցախում աճեցվել է շերամի որդի իտալական տեսակ, որից ստացել են լավ որակի դեղին բոժոժ և մետաքսաթել։ Այն հանվել է վաճառքի։ Ավելի նուրբ թելից պատրաստել են կտոր՝ ալադլսա, որից կարել են կանացի հալավ շապիկ։ Մետաքսյա կտորի տարբեր տեսակներից կարել են ներքնակ, վերմակ, հատուկ որակի թելով գործել են ջեջիմ։ Կոպիտ ոլորուն թելից գործել են գուլպա, սռնապան, հագուստի այլ մասեր։ 19-րդ դարի կեսից գործել է մետաքսաթելի գործատուն, որն արտադրել է մետաքսյա կտոր։ Ստեփանակերտի շրջանի Շոշու գյուղում ևս եղել է մետաքսյա կտորի գործարան։ 1895 թվականին Արցախում գործել է մետաքսի արտադրության 18 գործարան։ Խարբերդում Հյուսենիկ գյուղից մինչև Մորենիկ ու Եղեգիս գյուղեր աճեցրել են թթենի և զբաղվել շերամապահությամբ։ 1871 թվականին Խարբերդ քաղաքում հիմնել են մետքասի ֆաբրիկա։ Այնտեղ արտադրել են կերպասներ՝ ծաղկյա կեզիներ, որն արտահանվել է ընդհուպ մինչև Կ․Պոլիս։ Խարբերդի Մեզիրե գյուղում նույնպես արտադրել են մետաքս։ Տեղում այդ կտորեղենից կարվել է հիմնականում տոնական և հարսանեկան զգեստ։ Խարբերդի ծաղկազարդ մետաքսյա կերպասը վաճառվել է Թուրքիայում, Ռուսաստանում, Եվրոպայի տարբեր երկրներում։ Խարբերդում հայտնի մետաքսագործ էր Գրիգոր Իփակճյանը։ Նա եկել է Արաբկիրից, 7 տարի ԱՄՆ-ում սովորել է մետաքսագործություն,վերադարձել Խարբերդ և 5 զավակների հետ զբաղվել շերամապահությամբ ու մետաքսյա գործվածքների արտադրությամբ[2]։ Շերամապահությամբ հայտնի է եղել խարբերդի Բարջանճ գյուղը։ Այստեղ արտադրել են Խատն, ղութնի մետաքսյա կտորներ։ 1904 թվականին Բարջանճը միջազգային ցուցահանդեսում շահել է մրցանակ[3] Մետաքսաթելի արտադրությամբ հայտնի էր Սվեդիայի Հաջի հաբիբլի գյուղը։ Խարբերդի խոխ գյուղում, Մոկսում հարսների վերնազգեստը կարել են ծաղկանախշերով զարդարուն կտորից։ Սեբաստիայում կային մանարաններ, տարբեր որակի գործվածքների արտադրություն։ Շապին Գարահիսարում, Թոքատում գործել են տեղական գործվածքների արհեստանոցներ։ Դեռևս 16-րդ դարից Կովկասում արտադրվող մետաքսյա մովի, դարայի, տաֆտա կտորների մասին տեղեկություններ է հաղորդել Ի․լ․Սեգալը։ Նա նշել է, որ այդ կտորները վաճառվել են Թիֆլիսում, Բաքվում, Շիրվանում, Թավրիզում, Շամախում,կարսում,Գյումրիում։

Մետաքսյա գծավոր կտորը կոչվել է կութնի։ Գործածվել է Շատախում,Մոկսում, Տարոնում,Հարքում տղամարդկանց տոնական կարճ վերնազգեստի՝ ելակի վրայից կապվող գոտու համար։ Տալվորիկում, Խութ-Բռնաշենում, Խիանում, Մոտկանում ջուլհակները գործել են խազ, խազրկի, խուտնի կոչված մետաքսե կտորեղեն։ Այստեղ կանանց և աղջիկների գոտին եղել է գծանախշով, մետաքսյա գծանախշերով ու սլաքաձև նախշերով կտորն արտադրվել է Ակնում։ Վարդանախշով կամ գծանախշով զարդարուն գոտին արտադրվել և կիրառվել է Տրապիզոնի կանանց տարազի համալիրում։

Բամբակյա կտորեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուսա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբակյա կտորի տեսակներից մեծ տարածում է ստացելմանուսան, որն արտադրվել է Սղերդում, Հալեպում, Արաբկիրում, Հաճնում, Մարաշում,Ակնում։ Արաբկիրի մանուսան շատ հայտնի է եղել։ Մանուսագործությամբ զբաղվել են հարուստները՝ փոխանցելով սերնդեսերունդ։ Նաև արտահանել են ու վաճառել։ Արաբկիրում աշխատել են 1600 ջուլհակի հորեր։

Ինքզինքս Լոնտոնի մեջ կկարծեի։ Մեծ քանակությամբ մանիսա կփոխադրվի և կվաճառվի այլ և այլ քաղաքները։ Տերպետերյան Պողոս գործարան մը բացած էր, ուր շրջեցա և ուրախությամբ տեսա արտադրած կերպաս-տարազները, որոն կմրցեին Հալեպի և Շամի ապրանքներուն հետ․ ուներ նաև շերամի թել ոլորելու գործիքներ[4]
- Գարեգին Սրվանձտյան

Արաբկիրի մանուսայի տեսկները տարբերվել են գույներով ու նախշերով և կոչվել են՝

  • թռչնի աչք
  • օձաձև
  • գունդ ծաղիկ
  • լայն ծաղիկ
  • տալ ծաղիկ
  • զույգ ակռա
  • սիմսիմա
  • Էլմաստի

Մանուսան եղել է 3 տեսակի

1հասարակ, որը գործել են տեղացիները։

2տուխումա, լայնությունը 1,25, գործվել է բարձի, մինդարի, սավանի համար։

3կարտոն, ծաղկավոր, ավելի դիմացկուն, գործածել է գյուղի բնակչությունը։

Վանում եղել է ասուի տեղական արտադրանք, որից հիմնականում տեղացիներն են հագուստ կարել։ Վասպուրականում, Տուրուբերանում, Կիլիկիայում մանուսայից կարել են տղամարդու լայն գոտի։

Մոմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կտավն արտադրվել է Բաղեշում, Սասունում։ Մոմի է անվանվել, քանի որ նախշերը արվել են մոմի միջոցով։ Սանրը թաթախել են հալած մոմի մեջ և կաթիլներ կամ ցոլքեր արել շապկի կամ գլխաշորի վրա, որից հետո ներկել են կարմիր կամ կապույտ։ Ներկած շապիկը եռացրել են ջրի մեջ, մոմի տեղերը մնացել են սպիտակ։

Վարշամակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբակյա կտոր էր բուսանախշերով դաջված գլխաշորը՝ ծաղկանկար վարշամակը(յազմա)։ Սա արտադրվել է Թոքատում։ Թոքատում արտադրվել է նաև չիթ կտոր, որը անվանել են արևելյան կերպաս։ Վարշամակը տարածված էր նաև Բարձր Հայքում, Ախալցխայում։ Ալեքսանդրապոլում վարշամակով են պատել գլխի հարդարանքի մասերից վարդը(օյա, թանթանա)՝ առօրյա գործածության համար։

Մալազ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալազ կամ բերնջաղ կոչված կտորը ուներ նոսր հյուսվածք։ Կտորն ունեցել է դեղնավուն կամ սև, ուղիղ գծանախշով եզրեր։ Այս կտորից կարել են կականց գիշերանոցը։ Մալազից շապիկը դրվել է աղջկա օժիտի մեջ։ Արտադրվել է Տրապիզոնում և Կ․Պոլսում։

Խատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալուում թելը մանել են երեք չափի՝ հաստ, միջակ, բարակ։ Բարակ թելը ներկել և գործել խատ կտոր, որից կարել են կանացի ներքնազգեստ։ Միջակ կտորից գործվել է կտոր, որից կարվել է տղամարդու հագուստը, իսկ հաստ թելից հյուսված կտորով կարել են գոգնոց։

Ալաճա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բամբակյա կտորը արտադրվել է Կեսարիայում, ապա նաև Այնթապում։ Ալաճայից կարվել է վերնազգեստ՝ անթարի։

Ասորոց կարմիր չիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարբերդում է արտադրվել է ասորոց չիթը։ Սա կարմիր և սև ծաղկազարդ բամբակյա չիթ կտոր էր՝ թռչնանախշերով և այլ պատկերներով։

Կտավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարբերդում գործել են կտավ, որը սպիտակեցրել են արևի տակ։ Կտավը դրել են գոմաղբից սարքած լափայի մեջ, պահել 3 օր։ Հետո տարել են այգիներով ու ջրով առատ խուրային անվանվող վայրը, ջրի մեջ լավ կոխկրտել, ծեծել թակով, քամել ու փռել արևի տակ։ Օգտագործվել է կանանց ու տղամարդկանց սպիտակեղեն կարելու համար։

Բրդյա կտորեղեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված է եղել բրդյա կտորեղենը՝ միագույն և նախշազարդ։ Շատախում բուրդը մշակել և գործել են շալ։ Թաղ գյուղում տարվա ընթացքում գործվել է 600-700 փաթեթ շալ։ Շալն ուներ 54 սմ լայնություն ու 12 մ երկարություն։ Դրանից կարել են կանացի անդրավարդիք, շրջազգեստ, հոգևորականների փարաջա։ Շատախի շալը հարգի է եղել նաև Եվրոպայում։ Կանանց համար առավելություն է համարվել այս կտորից զգեստ ունենալը։

Տուխուրճին շալվար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրդե շեղանկոյւնաձև և ծաղկանախշ կտոր է արտադրվել Կյուրինում։ Այն որպես տղամարդու գոտի գործածվել է Զեյթունում, Սիսում, իսկ շալվաևրի ու վերնազգեստի համար կիրառվել է Կյուրինի կրկնահյուս բրդյա կտորը՝ տուխուրճին շալվար անվանումով։ Այս կտորից կարվել է անդրավարտիք Փոքր Հայքում և այլ գավառներում։ Հալեպում, Պոնտոսում, Լոնդոնում և այլ վայրերում տարածվել է հայ վաճառականների շնորհիվ։

Խումրի, սարտիրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիզանում գործել են բրդե կտոր, որը կոչվել է խումրի, մանուշակագույն էր։ Իսկ սարտիրին գծերով էր և ծաղկանախշերով։ Իսկ երրոդ տեսակը միագույն էր՝ սև, սպիտակ։ Սարտիրի կտորը գործել են 5 մաքոքով։ Նուրբ շալագործությունը այստեղ զարգացած է եղել։ Բրդյա թելը պատրաստել են տեղում բուծվող անգոական այծի բրդից(չուռ, կաժ)։

Բրկահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրկահը մաքիի բրդից գործված կտոր է, որից կարել են ամենօրյա վերնազգեստ։ Արտադրվել է Մոկսում։

Աբաի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունի Հազզո քաղաքու արտադրվել է աբաի կոչվող բրդե կտոր, որից կարվել է տղամարդու աբաի՝ տաք վերնազգեստ։ Հումքը տարվել է Սղերդից[5]։ Հենքը գցել են բամբակյա թելից, գործել առանձին մասերը, քերել սանրով, մազերը դուրս հանել, ծեծել են հատուկ դֆա գործիքով, ապա միացրել կարով։ Աբային ունեցել է 2 տեսակ՝ շալ և բըսկունի։ Բսկունի աբային արտադրել են Մոկսում։

Աբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունում է արտադրվել աբան, որից կարվել է տղամարդկանց աբա վերնազգեստը։ Հարգի է սև գույնի բրդե կտորի արտադրությունը, որից կարել են շալվար։

Մահուդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախալցխայում պատրաստվել է մահուդի երկու տեսակ՝

  • էռշալ, որը լավորակ մահուդ էր համարվում, գործել են ոչխարի լավ բրդից, ավելացրել նաև մետաքս։

*չուլֆա շալ, գործել են բոլոր տեսակի բրդերից։ Ունեցել է 6 վերշոկ լայնք ու 16-18 արշին երկարություն(27-28 սմ լայնություն և 11,36 մ երկարություն)։ Վերնազգեստի համար արտադրված շալի լայնությունը եղել է 6 վերշոկ, իսկ շալվարի համար՝ 8 վերշոկ։

Գործվածքի գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետքասյա, բրդյա, բամբակյա գործվածքը արվել է աշխատավոր ժողովրդի ձեռքերով։ Եղել են գործվածքներ, որոնք գործել են միայն տղամարդիկ, օրինակ՝ Շատախի շալը։ Բուրդը լվալը, գզելը եղել է նրանց գործը, իսկ թել մանելը, ներկելը, նախշելը կանանց պարտականությունը։ Զգեստի համար կաևոր էր գույնի ընտրությունը։ Վասպուրականում տարածված էր կարմիրը։ Գողթնում ընդունված էր սևի ու կարմրի, շագանակագույնի, կանաչ ու կարմիր գույների համադրությունը։ Վերնազգեստների համար շատ է գործածվել կապույտ գույնը, բաց մանուշակագույնը։ Բայց հայկական տարազին ընդհանուր առմամաբ հատուկ է եղել մեղմ գույների համադրությունը։ Գործվածքի թելերը ներկել են բուսական ու կենդանական ներկերով, իսկ 19-րդ դարավերջից նաև քիմիական ներկերով՝ ալիզարին, ամալին և այլն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործվածքի գույներն ունեցել են իրենց նշանակությունը, զգեստի գույնով մարդն արտահայտել է իր հոգեվիճակն ու տրամադրությունը։ 19-20-րդ դարերի սովորությունների համաձայն՝ սպիտակը համարվել է անմեղության ու պարկեշտության նշան, ծիածանի բոլոր գույները՝ ուրախության և համեստության, իսկ սևը՝ սգո։ Կտորի տեսակը, որակը զգեստների համար ընտրվել է ըստ տարածաշրջանի կլիմայան առանձնահատկությունների։ Տաք կլիմայով հայկական բնակավայրերում տարածված է մետաքսյա, բամբակյա կտորեղենը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագյան, Նազիկ (1983, https://haygirk.nla.am/upload/1941-/avagyan_joxtarazy_1983.pdf). Հայ ժողովրդական տարազը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. {{cite book}}: External link in |year= (օգնություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղ․ Տեր-Ղազարյան, Վարանդա, «Ա․Հ․», գիրք Բ, Թիֆլիս, 1897, էջ 99։
  2. Տես մանրամասն ՝ Մանուկ Պ․Ծերոն, Բարճանջ գյուղ, համայնապատում, Բոստոն, 1938,էջ 57։
  3. Մանուկ Գ․ ճեզմեճյան, Խարբերդ և իր զավակները, Ֆրեզնո, 1955, էջ 88։
  4. Ն․Ավագյան, Հայ ժողովրդական տարազը, Երևան, 1983, էջ 12։
  5. Ե․Կարապետյան, Սասուն, երևան, 1968, Էջ 39։