Ասորիների ցեղասպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասորի Ցեղասպանությունից)
Jump to navigation Jump to search
Ասորի Ցեղասպանություն

Ասորիների Ցեղասպանություն (արամ. ܩܛܠ ܥܡܐ ܡܫܝܚܝܐ, թուրք. Süryani Katliamı - «սիրիական ջարդ» ), Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ասորի բնակչության զանգվածային բնաջնջում, Հայոց ցեղասպանության և Հույների ցեղասպանության հետ համատեղ[1][2][3]։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորիներն Արևելքի հնագույն դասական ժողովուրդներից են: Նրանց նախնիները կանգնած են եղել վաղնջական քաղաքակրթության ակունքներում և մեծ նպաստ են բերել համաշխարհային մշակույթի զարգացման գործին : Ասորական պետության անկումից / 605 թ. մ.թ.ա. / անցել է ավելի քան 2,5 հազարամյակ: Ասորիների ժառանգները, շարունակելով ապրել իրենց պատմական հայրենիքում՝ Պարսից ծոցի, Միջերկրական ծովի, Ուրմիա լճից մինչև Միջագետքի անապատներն ընկած տարածքն ընդգրկող հնագույն Բեթնահրինում, հալածվել են պարսիկների, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի և քրդերի կողմից: Այդ բազմաչարչար ժողովուրդն ծվարել է Իրաքի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի սահմաններում՝ Վերին Միջագետքի սահմանափակ մի տարածքի վրա :

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ասորական գյուղեր կային Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջաններում՝ Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Հաքյարիի սանջակում, ինչպես և Էրզրումիի, Դիարբեքիրի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգների, Իրանի Ուրմիայի, Իրաքի Մոսուլի և Սիրիայի հյուսիս -արևմտյան տարածքներում : Այստեղ ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ միասնական լեզվով , մշակույթով, ազգային սովորույթներով :

Ասորի ժողովրդի պատմությունը սերտ առնչություններ ունի հայոց պատմության հետ : 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ սկզբին հայ և ասորի ժողովուրդները ենթարկվեցին թուրքական իշխանությունների կողմից ձեռնարկված հալածանքներին և եղբայրաբար կողք կողքի կանգնած, պայքարեցին օսմանյան բռնապետության դեմ : 1914-1918 թթ. մեծ տերությունների կողմից սանձազերծված համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ավանդական ջարդարարական քաղաքականությունը հասավ իր գագաթնակետին :

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը ռազմա-ֆեոդալական բռնապետություն էր : Երկիրը պատած էր լրտեսների ցանցով, իսկ բանտերը լցված էին քաղաքական բանտարկյալներով : Կայսրության ասիական նահանգները գրեթե դուրս էին մնացել սուլթանի իրավասությունից: Երկրի ներսում հզորացող կենտրոնախույս ուժերի ոչնչացումը, ֆեոդալական մանր ու մեծ կիսանկախ իշխանությունների վերացումը, պետության կենտրոնացումը հրամայական պահանջ էին դարձել : Պետական գանձարանը կողոպտված ու դատարկված էր : Սուլթանը կուսակալներից պահանջում էր չափից դուրս գումարներ, իսկ վերջիններս այդ ամենը գանձում էին ժողովրդից՝ սահմանելով կամայական տուրքեր : Հարկային բեռն ընկած էր գերազանցապես գյուղացիների վրա, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության առավելագույն մասը : 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի օրոք հռչակվում է կայսերական թանգիմաթ, որն իբրև իրավահավասարություն պետք է շնորհեր կայսրության բոլոր կրոնական համայնքներին : Ինչպես այս, այնպես էլ 1856 թ. նույն սուլթանի կողմից հռչակված բարեփոխումների ծրագիրը, որն ըստ էության առաջինի լրացված տարբերակն էր, մնացին թղթի վրա, և կայսրության ազգային փոքրամասնությունների, մասնավորապես ասորիների՝ վիճակը հետզհետե վատանում էր :

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ասորիները հիմնականում տեղաբաշխված էին Օսմանյան կայսրության ասիական մասում, մասնավորապես Արևմտյան Հայաստանի վեց նահանգներում՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սեբաստիայի նահանգներում : Նրանք բաժանված էին դավանական և սոցիալական հատկանիշներով : Դավանական առումով ասորիները հիմնականում տրոհված էին նեստորականների, կաթոլիկների / քաղդեացիներ /, ուղղափառներ / օրթոդոքսներ / , իսկ սոցիալապես՝ երկու մեծ կաստաների՝ աչիրեթների / ինքնուրույն ցեղախմբեր / և ռայաների

/ ենթական ժողովուրդ /, որոնց հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր :

Խոսելով Օսմանյան կայսրության ազգաբնակչության, տվյալ դեպքում՝ ասորիների թվաքանակի հարցերի մասին, մի շաչք պատմաբաններ իրավացիորեն գտնում են, որ պետք է վերապահությամբ վերաբերվել վիճակագրական տվյալներին : Անճշտությունների պատճառները մի կողմից պետք է փնտրել ընդհանրապես Օսմանյան կայսրությունում կանոնավոր վիճակագրության բացակայության, մյուս կողմից զինվորական հարկից ազատվելու նպատակով քրիստոնյաների հաշվառումից խուսափելու և այլ հանգամանքների մեջ : Պարզաբանելով վերոշարադրվածը նշենք, որ օսմանյան իշխանությունների հակաքրիստոնեական քաղաքականությունը վիճակագրության ասպարեզում տարվում էր երկու ուղղությամբ՝ քրիստոնյա բնակչության թվի կտրուկ նվազեցմամբ և մահմեդականների թվի բարձրացմամբ : Այսպես Վանի ռուսական փոխհյուպատոս Վլ. Մաևսկին իր « Վանի վիլայեթ Ռազմա-վիճակագրական նկարագրություն » գրքում գրում է, որ բելգիացի հետազոտող Վ. Քինեն իր « Ասիական Թուրքիա » աշխատության մեջ, անդրադառնալով 1890-ական թթ. Ասիական Թուրքիայում ապրող 92 հազ. նեստորական ասորիների թվաքանակին[4] նշում է. « Նրանց թիվը հնարավոր չէ ճշգրիտ ասել, որովհետև անգամ իրենք՝ նեստորականները հստակ չգիտեն այն: Եթե ինչ-որ մի ճանապարհորդ կպնդի, որ նրանց թվաքանակը Թուրքիայում հասնում է ոչ թե 100 հազարի, այլ 50 հազարի կամ 150 հազարի, դժվար թե գտնվի մեկը, որ փաստեր բերի հիմնավորելու այդ թվաքանակի անճշտությունը »[5]. Հայ անվանի ազգագրագետ Ե. Լալայանի վիճակագրական տվյալների համաձայն ասորիների թիվն Օսմանյան կայսրությունում կազմում էր ավելի քան 863 հազար , Իրանում 76 հազար , Ռուսաստանում 2 հազար : Կրոնական հատկանիշով ասորիների պատկերն այսպիսին էր[6] .

Ասորիների քանակը ըստ կրոնական պատկանելության
Նեստորականներ 135 հազ
Քաղդեացի-կաթոլիկներ 23 հազ
Հակոբինյաններ 125 հազ.
Մարոնիտներ կամ լիբանանյան կաթոլիկներ 525 հազ.
Սիրիական կաթոլիկներ 100 հազ.
Քաղդեա-լյութերականներ և այլ բողոքականներ 1 հազ.
Ուղղափառներ 32 հազ.
Ընդհանուր 941 հազ.

19- րդ դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության վիճակը գնալով ավելի էր վատթարանում : 1854- 1855 թթ. ռուս գեներալ Մ. Լիխուտինը, որ անմիջական մասնակցություն էր ունեցել Ղրիմի պատերազմի Կովկասյան ճակատի ռազմական գործողություններին և քաջատեղյակ էր Արևմտյան Հայաստանում տիրող իրավիճակին, գրում էր. «  Հայերի, ինչպես Թուրքիայի մյուս բոլոր քրիստոնյաների դրությունը շատ ողբերգական է և նրանք մշտապես գտնվում են անհանգիստ վիճակում : Այստեղ նրանց ահաբեկում են ոչ միայն թուրքերը, այլ նաև քրդերը, որոնք խանգարում են հիմնականում ասորիներին և հայերին՝ խաղաղ ու հանգիստ կյանք վարել »[7] :

Այդ ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունը հայտնվեց եվրոպական մեծ տերությունների քաղաքական և տնտեսական մրցակցության կիզակետում : Սակայն ստեղծվեց մի իրավիճակ , երբ թուրքական պետության վերնախավերի և արևմտյան խոշոր տերությունների շահերը համընկան, և երկու կողմերի նպատակը դարձավ Օսմանյան կայսրության ամբողջականությունն ու նրանում տիրող փոխհարաբերությունների պահպանումը :

Ասորիների զանգվածային կոտորածներն 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թ. գահ բարձրացած սուլթան Աբդուլ Համիդ II-ը /1876-1909/ ձեռնամուխ եղավ քրիստոնյաների զանգվածային կոտորածների ծրագրմանը : Այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է, որպես Զուլումի տարիներ, երբ երկրում իշխում էին անիշխանությունը և քաոսը, չկար անձի անձեռնամխելիություն ու գույքի ապահովություն : Աբդուլ Համիդի արտաքին և ներքին քաղաքականությունը պանիսլամիզմն էր , որի նպատակն էր Թուրքիայի շուրջ համախմբել մահմեդականներով բնակեցված երկիրներն ու տարածքները՝ անշուշտ չբացառելով ոչ թուրք ժողովուրդների հալածանքը և ազգային-ազատագրական շարժումների ճնշումը : Քաղաքական այդպիսի հաշվարկով էլ կազմակերպեցին զանգվածային ջարդեր, ուր հազարավոր հայերի հետ մեկտեղ զոհ գնացին նաև բազմաթիվ ասորիներ :

Կոտորածների քաղաքականությունն իրագործելու համար սուլթանը բավարար չհամարեց մշտական զորքը. 1891 թ. Արևմտյան Հայաստանում սուլթանի հրամանով ստեղծվեցին «համիդիե» քրդական հեծելագնդերը, որոնք էլ իրականացնում էին կոտորածները : Համիդիեականներին տրվեցին լայն լիազորություններ՝ պաշտոն, թոշակ, զենք կրելու իրավունք և այլն : Համիդիեկանները գործում էին ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլև հաճախակի, անցնելով Իրանական Քրդստան , ասպատակում ու կողոպտում էին նաև այնտեղի քրիստոնյա բնակչություն ունեցող գյուղերը [8] : Աբդուլ Համիդը կարողացավ կեղծիքի, կաշառքի, ահաբեկման և զանազան այլ միջոցներով հպատակ ազգերի միջև թշնամանք սերմանել՝ մի կողմից հայերի և քրդերի, մյուս կողմից՝ ասորիների և քրդերի միջև և կայսրության ազգային փոքրամասնություններին հանեց միմյանց դեմ[9] :

1890 թ. հունիսի 10-ին Էչզրումում ռուսական հյուպատոս Ա. Դեննետը Կ.Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին ուղղված հեռագրում[10] հայտնում էր , որ

Aquote1.png Քրիստոնյա բնակչության վիճակը ծայրահեղ ծանր է, և որ ամեն րոպե մի չնչին առիթից կարող է տեղի ունենալ մահմեդական մոլեռանդության պայթյուն Aquote2.png


Դիարբեքիրի անգլիացի նախկին հյուպատոս Դ. Թեյլորն իր գրքում[11] նշում էր.

Aquote1.png Քրդստանը, որը մի հսկա տարածք էր և իր մեջ էր ներառում ռուս-թուրքական սահմանից մինչև Միջագետքի հյուսիսային շրջաններն ընկած տարածքները, իր արևելյան մասում հյուրընկալել էր բազում ասորիներ: Հողագործ և արհեստավոր բնակչությունը տեղի հայերն ու նեստորական ասորիներն են, որոնք շատ հաճախ տուժում են տեղական իշխանությունների, այսինքն քուրդ - բեյերի հալածանքներից և նման են ստրուկների : Նրանց կոչում են «,զիր- հուրլի ", այսինքն գնված ոսկով : Դա իրոք այդպես է, որովհետև նրանք քրդերի առուծախի առարկան են : Իսկ տեղի քուրդ բեյերն իրենց տարածքում անկախ են և չեն ենթարկվում թուրքական իշխանություններին Aquote2.png



Արևմտյան Հայաստանում ապրող ասորիներն իրենց անվտանգությունն ապահովելու համար ամենուրեք մասնակցում էին հակաթուրքական ազատագրական պայքարին, ստեղծում ֆիդայական-զինական խմբեր :

1894 թ. Սասունի ապստամբությունից հետո սկսվեցին հայերի և առհասարակ քրիստոնյաների զանգվածային կոտորածներն Օսմանյան կայսրությունում : Այն տևեց մինչև 1896 թ., որի արդյունքում եղան բազմաթիվ ավերածություններ ու հարյուրհազարավոր անմեղ զոհեր : Ասորիների զանգվածային ջարդերը սկիզբ առան 1895 թ. հոկտեմբերի սկզբին Դիարբեքիրում, ապա տարածվեցին ամենուր : Ասորական կոտորածներն աննախադեպ չափեր ընդունեցին. բազմաթիվ բազմաթիվ վայրերու տեղի ունեցած սոսկալի իրադարձություններ, որոնց ժամանակ սպանվեցին, բռնի կրոնափոխ եղան և արտագաղթեցին հազարավոր ասորիներ : 245 գյուղերի շուրջ 100 հազար ասորի բնակչություն մահմեդականացվեց, բազմահազար ասորի կանայք և աղջիկներ քշվեցին թուրքական հարեմներ[12] :



Ըստ տարբեր աղբյուրներ զոհերի թիվը եղել է 500 000—750 000 մարդ[13][14]։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ճանաչման թվական
Հայաստան Հայաստան մարտի 24, 2015[15]
Շվեդիա Շվեդիա մարտի 11, 2010[16]
Նոր Հարավային Ուելս Նոր Հարավային Ուելս[17]
Նյու Յորք Նյու Յորք[18][19]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Резолюция Международной Ассоциации исследователей геноцида о признании геноцида греков и ассирийцев в Османской империи в 1914—1923 гг.
  2. Aprim, Frederick A. Assyrians: The Continuous Saga, page 40
  3. Ninos Donabed «Assyrians of Eastern Massachusetts» Издатель Arcadia Publishing, 2006 p127 ISBN 0-7385-4480-9, 9780738544809 стр 9]
  4. Cuinet V. , La Turquie d’Asie, T, H, Paris, 1892, p.635
  5. Маевский Владимир։ «,, Ванский вилайет, Военно-статистическое описание Т., 1901, с 98-99» 
  6. Անահիտ Խոսրոևա (2004)։ Ասորիների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում և հարակից թյուրքաբնակ վայրերում (XIX դարի վերջ- XX դարի սկիզբ)։ Երևան: Ա.Ա.Մելքոնյան։ էջեր 13–14։ ISBN 99930-4-213-1 
  7. Лихутин М., Русские в Азиатской Турции в 1854 и 1855 годах СПБ, 1863, с.168,152
  8. Բայբուդյան Վ.Ա., Թուրք-Իրանական հարաբերությունները /1900-1914 թթ./, Ե.,1974, էջ 236:
  9. Джалиле Д., Из истории общественно- политической жизни курдов в конце 19 начале 20 вв., СПБ, 1997, с.80
  10. Геноцид армян в Османской империи, сбр. документов и материалов под редакцией проф.М.Г. Нерсисяна, Е., 1996,с.13
  11. Тейлор Д., Путешествие по Курдистану, Изе. Кавк. отд. русского геогр. общества, Т.II, прилож.I, Т., 1873
  12. Саргизов Л.М., Дружба идущая из глубины веков /Ассирийцы в Армении/, ''Атра'' , .4, СПБ, 1992, ц.71
  13. The Armenian Genocide: Wartime Radicalization Or Premeditated Continuum — Page 272 edited by Richard Hovannisian
  14. The Plight of Religious Minorities: Can Religious Pluralism Survive? — Page 101 by United States Congress
  15. Парламент Армении осудил геноцид греков и ассирийцев
  16. ИА REGNUM: Швеция признала Геноцид армян
  17. "Consultation Paper for Proposed Memorial Dedicated to the Victims of the Assyrian Genocide." Fairfield City Council.
  18. State of New York, Gov. David Paterson, Proclamation, 24 April 2008. Retrieved 2010-02-02.
  19. Governor Pataki Commemorates Armenian Genocide, Proclamation, 05 May, 2004. Retrieved 2010-02-02.