Սոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոս (այլ կիրառումներ)
Գյուղ
Սոս
ադրբ.՝ Sos
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու
ԲԾՄ675 մետր
Բնակչություն1 016[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սոս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Սոս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Սոս, գյուղ Արցախի Մարտունու շրջանում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 50 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 3323,29 հա տարածք, որից 2895,15 հա գյուղատնտեսական նշանակության, 271,93 հա՝ անտառային հողեր։ Սոս համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Սոս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1087 մարդ, կա 245 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքի տարածքում առկա են ֆելզիտի հանքային պաշարներ։ Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 170 աշակերտներ, ունի նորաբաց մանկապարտեզ։

Հիշատակում պատմության մեջ

Ըստ Մակար Բարխուդարյանի՝ Սոս գյուղը հիմնված է Լուսավորչի սարի արևմտյան ստորոտին մոտ լանջի վրա։ Բնակիչները բնիկ են, հողը անջրդի է, բայց բարեբեր և հացառատ, օդն ու կլիման սննդարար են, ջուրը՝ գովելի։ Բնակիչները երկարակյաց են, ապրում են 85-90 տարի։ Ունի Սբ. Գևորգ եկեղեցի, որի երկարությունը 12 մ 60 սմ է, լայնությունը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճակատակալ քարի վրա գրված է.«Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս»: Ունի 107 ծուխ։ Լուսավորչի սար. Գտնվում է գյուղի վերևում՝ արևելյան կողմում։ Սարի կատարին կա եկեղեցու ավերակ։ Ավանդությունը պատմում է, որ Գրիգոր Լուսավորիչն այդ կողմերում քարոզելու և եկեղեցիներ հիմնադրելու ժամանակ գիշերները բարձրանում է սարի գլուխը և աղոթքով լուսացնում։ Աղվանից կաթողիկոս Սուրբ Գրիգորիսի մարմինը նրա աշակերտները փախցնում են Դերբենտից և բերում այդտեղ։ Թագավորի զորականները նրանց հետապնդում են։ Սակայն, ապավինելով աստծուն, նրանք հասնում են Սուրբ Լուսավորչի աղոթած տեղը և ազատվում իրենց հալածողներից։ Նահատակված Սուրբ Գրիգորիսի մարմինը տանում թաղում են Ամարասի վանքում ու փախչում դեպի Հայաստան։

Տեսարժան վայրեր

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ վանական համալիր Ամարաս /4-19-րդ դդ./, վանական համալիր Գ. Լուսավորիչ /5-6-րդ դդ./, եկեղեցի Սբ. Գևորգ /19-րդ դ./, աղբյուր /1902 թ./, հաշվառված է 5 հուշարձան։

Սոսեցիներ

Գրականություն

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
  • Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, 1895

Ծանոթագրություններ

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ