Լոուրենս Օլիվիե
| Լոուրենս Օլիվիե | |
|---|---|
անգլիացի կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | Laurence Kerr Olivier |
| Ծննդյան օր՝ | 22 մայիս, 1907 |
| Ծննդավայր՝ | Դորկինգ, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա |
| Վախճանի օր՝ | 11 հուլիս, 1989 |
| Վախճանի վայր՝ | Սթայնինգ, Արևմտյան Սուսսեքս, Մեծ Բրիտանիա |
| Ամուսին՝ | Ջիլլի Էսմոնդ (1930-1940) Վիվիեն Լի (1940-1960) |
| Պարգևներ և մրցանակներ՝ | 4 Օսկար, 5 Էմմի (մրցանակ), 3 Ոսկե Գլոբուս |
| Երեխաներ՝ | 2 տղա, 2 աղջիկ |
| Կայք՝ | IMDb-ում Լոուրենս Օլիվիեի էջ |
Լոուրենս Քերր Օլիվյե, բարոն Օլիվյե (անգլերեն՝ Laurence Kerr Olivier, Baron Olivier [ˈlɒrəns ɵˈlɪvi.eɪ], մայիսի 22, 1907 — հուլիսի 11, 1989) — բրիտանացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր: Համարվում է բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դերասաններից մեկը, հատկապես փայլել է Շեքսպիրյան տարբեր երկերի լավագույն դերակատարումներով: Հանդես է եկել անտիկ դրամատուրգիական բեմադրություններում և ամերիկյան ու բրիտանական պիեսների ժամանակակից բեմականացումների մեջ:
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է 1907 թվականի մայիսի 22-ին Անգլիայի Սուրրեյ կոմսության Դորկինգ քաղաքում, գյուղական հոգևորական Ջերարդ Օլիվյեի ընտանիքում: Հատկապես ուժեղ կապվածություն է ունեցել վաղամեռիկ մոր Ագնեսա Լուիսի հետ, ով մահացել է 43 տարեկան հասակում երբ Օլիվյեն ընդամենը 12 տարեկան էր, և նա շատ ծանր է տարել մոր անսպասելի վախճանը: Ավարտել է Օքսֆորդի Ս. Էդվարդի դպրոցը: 3 անգամ ամուսնացած է եղել: Առաջին կնոջ անունը Ջիլլ Էսմոնդ էր, ում հետ ապրել է 1930-1940 թթ.: Այնուհետև ամուսնացել է հայտնի դերասանուհի Վիվիեն Լիի հետ (1940—1960), իսկ 1960 թվականից մինչև իր կյանքի վերջ բրիտանացի դերասանուհի Ջոան Պլաուռայթի հետ:
[խմբագրել] Կարիերա, մրցանակներ, ֆիլմեր
Դերասանական կարիերան սկսել է 1930 թթ. խաղալով Լոնդոնի Վեստ-էնդ թատրոնում: Իր շուրջ 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում խաղացել է թատրոնի մոտ 135, կինոյում մոտ 65 և 26 հեռուստատեսային դերեր:
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 14-րդ տեղում:
Ստացել է 36 և ներկայացված է եղել 26 տարբեր մրցանակների, այդ թվում
- 4 Օսկար (ներկայացվել է 13 անգամ, որից 9 անգամ Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում)
- 3 Ոսկե Գլոբուս
- 3 BAFTA
- 5 Էմմի (մրցանակ)
Արժանացել է նաև Վենետիկի կինոփառատոնի Ոսկե Առյուծ և Բեռլինի կինոփառատոնի Արծաթե Արջ մրցանակների: Լոնդոնի թատրոնի մրցանակը 1984 թվականին վերանվանվել է նրա անվամբ: 1960 թվականին ստացել է Հոլիվուդյան Փառքի ծառուղու աստղ: 1970 թվականին Էլիզաբեթ թագուհին նրան շնորհել է բարոնի պատվավոր կոչում:
Առավել նշանավոր ֆիլմերն են`
- «Ամպրոպային անցում» - 1939
- «Ռեբեկկա» - 1940
- «Հպարտություն և նախապաշարմունք» - 1940
- «Լեդի Համիլթոն» - 1941
- «Հենրիխ 5-րդ թագավոր» - 1944
- «Համլետ» - 1948
- «Սպարտակ» - 1960
- «Խարտում» - 1960
- «Ռոմեո և Ջուլիետ» - 1968
- «Նիկոլայը և Ալեքսանդրան» - 1971
- «Մարաթոնի մասնակիցը» - 1976
- «Տղաները Բրազիլիայից» - 1978
- «Ինչհոն» - 1982