Ֆրանսիայի հայոց թեմ
Ֆրանսիայի հայոց թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Եվրոպայի տարածքում գտնվող, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է ֆրանսահայության հոգևոր կյանքը։ Կազմավորվել է 2006 թվականին՝ միավորելով Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության Փարիզի հայոց թեմը, Լիոնի և Մարսելի շրջանները։ Առաջնորդանիստը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի սուրբ Հրեշտակապետաց Մայր տաճարն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում հայերի հաստատման և մշտական բնակության մասին տեղեկությունները թվագրվում են վաղ միջնադարին։ Խաչակրաց արշավանքների շրջանում աշխուժանում են Կիլիկիայի հայոց թագավորության և Ֆրանսիայի թագավորության հարաբերությունները ռազմական, տնտեսական, քաղաքական և կրոնական ոլորտներում։ Աշխարհագրական մեծ հայտնագործություններից որոշ ժամանակ անց, երբ Ֆրանսիան դառնում է գաղութատիրական տերություն, և հատկապես Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո աստիճանաբար ավելանում է հայերի թիվը, որը կտրուկ աճում է հայոց ցեղասպանությունից վերապրածների շնորհիվ։
1927 թվականին կազմավորվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Փարիզի և շրջակայքի կրոնական ընկերությունը, որի ղեկավար մարմինը ներկայացուցչական ժողովն է (ընտրվում է չորս տարին մեկ, կազմված է 24 աշխարհիկ և 3 եկեղեցական ներկայացուցիչներից), նախագահն է Փարիզի հայոց հոգևոր առաջնորդը։ Նույն թվականին ստեղծվել են Միջին Ֆրանսիայի (կենտրոնը՝ Լիոն) և Հարավային Ֆրանսիայի (կենտրոնը՝ Մարսել) թեմական կազմակերպությունները։
Փարիզի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի շրջան, կենտրոնը՝ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Փարիզի առաջնորդին շնորհվել է հայրապետական պատվիրակի կարգավիճակ։ Փարիզում առաջին հայկական մատուռը՝ սուրբ Էջմիածինը, կառուցվել է 1854 թվականին (գործել է մինչև 1869 թվականը)։ 1870 թվականից հայերն օգտագործել են Փարիզի Վիեն փողոցում գտնվող, բողոքականներին հատկացված ժողովարանը։ 1902 թվականին կատարվել է սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը (Ալեքսանդր Մանթաշյանի նյութական օժանդակությամբ), 1904 թվականին՝ օծումը։ Կից գործում է մեկօրյա դպրոց։
Փարիզի հայաբնակ արվարձաններից Ալֆորվիլում 1930 թվականին կառուցվել է սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, կից գործում է Սահակ-Մեսրոպ վարժարանը (ամենօրյա), Առնովիլ լը Գոնեսում 1931 թվականին կառուցվել է Վարագա սուրբ Խաչ եկեղեցին (օծվել է 1932 թվականին), կից գործում է շաբաթօրյա վարժարան, Շավիլում 1957 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ 1975 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը կատարել է սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը։ Կից գործում է շաբաթօրյա դպրոց։
Լիոնի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիոնի շրջան, կենտրոնը՝ Լիոնի սուրբ Հակոբ եկեղեցի։ Ընդգրկում է Միջին Ֆրանսիայի Լիոնի և Ռոն-Ալպերի հայաշատ շրջանների քաղաքները։
1918 թվականին Լիոնում, Ստեփան Կարապետ Օղլուի նախաձեռնությամբ, ստեղծվել է Ազգային միություն, որը կազմակերպել է հայ համայնքի հասարակական, հետագայում նաև՝ հոգևոր կյանքը։ Միության վարչությունը հայ ընտանիքների բնակության համար Ֆուայե Լիոնե թաղամասում վարձակալել է փայտաշեն տներ։ 1925 թվականին այդ տներից մեկը վերածվել է մատուռի՝ սուրբ Աստվածածին անունով։ Նույն թվականին Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդ և հայրապետական պատվիրակ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանը հանդիպել է Ազգային միության ղեկավարների հետ՝ Ազգային միությանը զուգահեռ Միջին Ֆրանսիայի թեմական կազմակերպություն ստեղծելու համար։
1927 թվականից գործել է Լիոնի և շրջակա թեմերի ազգային գավառական խորհուրդ անունով թեմական կազմակերպությունը՝ իր մեջ ընդգրկելով Լիոնի և Ռոն-Ալպերի շրջանի հայկական ծխերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս թեմական կազմակերպությունը դադարել է գործել։
1932 թվականին սուրբ Աստվածածին մատուռը, պահպանելով անունը, փոխադրվել է մեկ այլ թաղամաս, որտեղ գործել է մինչև 1962 թվականը։ Կից բացվել է մեկօրյա Հայկազյան վարժարանը (1936 թվականից)։ 1954 թվականին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ սուրբ Հակոբ եկեղեցին (օծվել է 1963 թվականին)։
Կից գործում է մեկօրյա դպրոց։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1981 թվականին, օծվել՝ 1984 թվականին։ 1987 թվականին, Լիոնի շրջանի առաջնորդ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի ջանքերով, Լիոնի աստվածաբանական համալսարանում բացվել է Գալուստ Կյուլպենկյանի անվան հայագիտական ամբիոն։ 1988 թվականից ցայսօր Առաջնորդարանին կից գործում է Մարգարյան-Փափազյան ամենօրյա վարժարանը։ 1977 թվականին կազմակերպվել է Լիոնահայ տիկնանց միությունը, որն ունի մատենադարան (Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի անվան)։ Լիոնի «Եփրատ» տպարանում 1982-1990 թվականներին տպագրվել է «սուրբ Հակոբ» պարբերականը։
Լիոնի շրջանի մեջ են մտնում շրջակա հայաշատ քաղաքները։ Դեսինում գործում է սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1946 թվականին), կից՝ շաբաթօրյա վարժարան։ Համայնքի հոգևոր հովիվն է Մկրտիչ քահանա Պալապանյանը։ Շարվիեում գործում է սուրբ Նշան եկեղեցին (օծվել է 1982 թվականին)։ Ունի իր վարչական խորհուրդը։ Գործում են տարբեր հանձնաժողովներ (կրոնական, կրթական, մշակութային)։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Կարապետ վարդապետ Հարությունյանը։ Սենտ Էտիենում գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (օծվել է 1984 թվականին), կից՝ ժողովրդական տուն՝ մշակութային նպատակների համար։
Համայնքի հոգևոր հովիվ է եղել Տաթև վարդապետ Մուրադ-Հակոբյանը։ Ռոմանում, 1988 թվականին քաղաքապետարանի համաձայնությամբ, Վալանսի կաթողիկե եպիսկոպոսարանի և Լիոնի Հայ առաքելական եպիսկոպոսարանի միջև կնքվել է պայմանագիր՝ սուրբ Նիկողայոս կաթողիկե եկեղեցին 30 տարով հայերին հանձնելու մասին։ Գործում է եկեղեցական խորհուրդ, որը Ռոման քաղաքի Հայ բարեկամության միության համագործակցությամբ օժանդակում է եկեղեցուն։ Համայնքի հոգևոր հովիվ է եղել Նարեկ քահանա Վարդանյանը։
Վալանսում 1951 թվականին կառուցվել է մատուռ, որը 1953 թվականին օծվել է որպես եկեղեցի՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունով։ Գործում է Ազգային կրոնական ընկերակցություն։ 1990 թվականին Եկեղեցական վարչությունը գնել է կաթոլիկ միաբանությանը պատկանող 17-րդ դարի եկեղեցական համալիր (վերանորոգվել է ազգային բարերար Վ. Պոզաճյանի նյութական օժանդակությամբ), կառուցվել է հայկական ոճով խորան, և եկեղեցին վերանվանվել սուրբ Սահակ (օծվել է 1992 թվականին)։ Եկեղեցուն կից գործում է մեկօրյա Դավիթյան վարժարանը՝ Վալանսի և շրջակայքի հոգևոր հովիվ Անդրանիկ քահանա Մալճյանի ղեկավարությամբ։
Գրենոբլ և Վիեն քաղաքներում առայժմ հայկական եկեղեցիներ չկան։ Գործում են եկեղեցական վարչություններ, որոնք կրոնական արարողություններ կատարելու համար Լիոնից այցելու հովիվ են հրավիրում՝ օգտագործելով տեղի կաթոլիկ եկեղեցին։
Լիոնի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդ է եղել Նորվան եպիսկոպոս Զաքարյանը։
Մարսելի շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսելի շրջան, կենտրոնը՝ Մարսելի սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի (օծվել է 1931 թվականին)։ Ընդգրկում է Հարավային Ֆրանսիայի հայաշատ քաղաքները։ 1927 թվականին հայրապետական պատվիրակ և Փարիզի հայոց առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ Մարսելի շրջանում ստեղծվել է թեմական կազմակերպություն, ընտրվել է Ազգային կենտրոնական վարչություն։ Մարսելում կառուցվել են՝ 1928 թվականին՝ սուրբ Կարապետ, 1929 թվականին՝ սուրբ Աստվածածին եկեղեցիները։
Դեռևս 1673 թվականին Ոսկան Երևանցին Մարսելում հիմնել է տպարան, որտեղ առաջին անգամ տպագրվել է Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ)։
1920-1930-ական թվականներին հայերը հաստատվել են նաև Մարսելի արվարձաններում. Բոմոնի Սեն Լուում 1929 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ և հայերի նյութական օժանդակությամբ կառուցվել է սուրբ Գևորգ եկեղեցին, որին կից գործում է մանկապարտեզ։ Սեն Ժերոմում 1933 թվականին կառուցվել է սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ եկեղեցին, կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սենտ Անտուան-Քամպանյը Ֆրենում 1929 թվականից գործում է սուրբ Թադեոս-սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին, որին կից կազմակերպվում են հայերենի դասընթացներ։ Բոմոնում 1932 թվականից գործում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կից՝ շաբաթօրյա դպրոց։ Գործում են Կրոնական ընկերակցություն և թաղային խորհուրդ։
Նիս քաղաքում 1928 թվականին, Գրիգորիս եպիսկոպոս Պալաքյանի նախաձեռնությամբ կառուցվել է սուրբ Աստվածածին մատուռը (ներկայումս՝ եկեղեցի)։ Եկեղեցու շենքում մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը (1939) գործել է դպրոց, որը հետո վերածվել է մեկօրյա դասընթացների։ 1988 թվականին եկեղեցուն կից կառուցվել է Պարսամյան համալիրը (մեծահարուստ Պարսամյան ընտանիքի նյութական օժանդակությամբ), որտեղ գործում են ամենօրյա վարժարան, գրադարան։ Նիցցայի և շրջանի Հայոց կրոնական ընկերակցությունը զբաղվում է եկեղեցու և Պարսամյան վարժարանի խնդիրներով։ Հոգևոր հովիվն է Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը (2000 թվականից)։
Լա Սիոտայում 1994 թվականին օծվել է սուրբ Փրկիչ եկեղեցին, որին կից գործում է շաբաթօրյա դպրոց։ Սան Ռաֆայելում 1977 թվականից գործում է սուրբ Հովհաննես եկեղեցին։ Մարսելի շրջանի հոգևոր առաջնորդը և հայրապետական պատվիրակի փոխանորդն է Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը (1990 թվականից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |