Տրայանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրայանոս
Զինվորական կոչումլեգատ և Իմպերատոր (Հին Հռոմ)
Ծնվել է՝սեպտեմբերի 18, 53[1][2][3][…]
ԾննդավայրԻտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն[1][4][2][…]
Մահացել է՝օգոստոս 117[5] (63 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրSelinus, Կիլիկիա, Հռոմեական կայսրություն[1][6][3][…]
Տրայանոսի սյուն
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմNerva–Antonine dynasty? և Ulpii Traiani?
պետական գործիչ, քաղաքական գործիչ և սպա
ՀայրՄարկոս Ուլպիուս Տրայնոս[1][7] և Ներվա
ՄայրAureliana?[8][9][10][…]
ԵրեխաներՀադրիանոս
Հավատքհին հռոմեական կրոն
Տրայանոսի սյունը Հռոմում

Տրայանոս (լրիվ անունը՝ Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս, լատին․՝ Marcus Ulpius Nerva Traianus; 53 թ. սեպտեմբերի 15, Իտալիկա, Իսպանիա - օգոստոսի 8/օգոստոսի 9 117 թ., Սելինունտ, Կիլիկիա), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստությունից։

Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում։ Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության՝ երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում։ 89 թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91 թ. Դոմիցիանոս կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ։ 97 թ. Ներվա կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել է նրան։ 98 թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել։ Նրա կողմից 101–106 թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի` Հռոմեական կայսրությանը միացմամբ։ 114-116 թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը և անգամ նա գրավել է Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիսը (Տիզբոն)։ 105 թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը։ Շուրջ 115 թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել Մեծ Հայքը։

Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում։ Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ Հադրիանոսին։

1966 թվականին Հայաստանի տարածքում` Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տրայանոսի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։

Արևելյան արշավանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայանոսն իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։

Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինեին Արտաշատի վրա հին և փորձված ռազմագիտական ուղիով՝ Մելիտինե, Սատաղ, Կարին, Բագավան և այնուհետև Կուջաղի կամ Քարվանսարայի լեռնանցքով՝ Արտաշատ։ Այդ զորքերի ձախ թևը հյուսիսից եղել է անվտանգ, քանի որ Հռոմի դաշնակիցներն իրենց զորքերով պահպանում էին այդ թևը։

Չնայած Հայաստանի համար ստեղծված աննպաստ կացության, ինչպես հաստատում է Մոմզենը, առաջին իսկ ճակատամարտերում, Եփրատ գետի մոտ, հռոմեացիները պարտություն կրեցին, ուստի դա եղավ հիմնական առիթը, որ 115 թ. գարնանը, խիստ ծերացած, բայց մարտերում կոփված, հաղթանակների սովոր Տրայանոս կայսրը ստիպված ինքը գլխավորեց զորքը։

Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից Էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը՝ թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»։

115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը։ Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը։

Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում։

117 թ., Տրայանոսի մահից հետո, հռոմեական գահ բարձրացած Անդրիանոսը հռոմեական քաղաքականությունը արևելքում աննպատակահարմար է համարում և զորքերը դուրս է բերում Փոքր Ասիայի երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ «Հայաստանը դադարում է լինել Հռոմի նահանգ,— գրում է Մոմզենը,— և դառնում է Պարթևստանի սեփականությունը»։ Հայոց թագավորական գահն է բարձրանում Արշակունիների տոհմից Վաղարշ I-ը (117—140 թթ.)։ Հայաստանում տիրում է խաղաղություն, որը շարունակվում է շուրջ 40 տարի։

Չկայացած ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի ունեցավ 114 թ.: Հռոմի կայսր Տրայանոսի լեգեոններն արևելյան արշավանքի ժամանակ հասել էին Պարսից ծոց և այստեղ էլ հռոմեացիներն անակնկալ հանդիպեցին Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին։ Նրանք, Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո, շարունակել էին առաջխաղացումը դեպի Միջագետք։ Այսքան հեռու չինացիները դեռևս չէին հասել։ Երկու բանակները մոտենալով՝ մի լավ «զննեցին» մեկմեկու, ապա սկսեցին լիաթոք ծիծաղել միմյանց վրա։ Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Любкер Ф. Ulpii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1431—1432.
  2. 2,0 2,1 Catholic Encyclopedia — 1995.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Траян (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIIа. — С. 744—745.
  5. Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. AshtianyUSA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
  6. Hammond M. Encyclopædia Britannica
  7. Н. О. Ульпии (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIVа. — С. 705—706.
  8. Alfonso X of Castile and Leon Estoria de España
  9. Colmenares D. d. Historia de la insigne Ciudad de Segovia y compendio de las historias de Castilla — 1637.
  10. Juan de Contreras y López de Ayala Boletín de la Real Academia de la Historia, Boletin de la Real Academia de la Historia (իսպ.) / Real Academia de la HistoriaMadrid. — ISSN 0034-0626; 2386-530X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրայանոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 78