Ձողաձկան պատերազմներ
Ձողաձկան պատերազմներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
բրիտանա-իսլանդական առափնյա հակամարտություն | |||||||||||
Իսլանդական առափնյա պահպանության «Óðinn» պարեկային նավի և բրիտանական «Scylla» ֆրեգատի բախումը 1976 թվականի փետրվարի 23-ին | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսլանդիա դիվանագիտական աջակցություն՝ |
Միացյալ Թագավորություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Նախագահ Կրիստիան Էլդյաուդն | Եղիսաբեթ II թագուհի | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Իսլանդիայի առափնյա պաշտպանություն | Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժեր | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
1 զոհված | 1 զոհված |
Ձողաձկան պատերազմներ (անգլ.՝ The Cod Wars, իսլ.՝ Þorskastríðin), հայտնի է նաև որպես Առափնյա պատերազմներ կամ Տարածքային պատերազմներ (իսլ.՝ Landhelgisstríðin), 1958-1976 թվականներին Միացյալ Թագավորության և Իսլանդիայի միջև առճակատումների և դիվանագիտական հակամարտությունների շարք՝ Ատլանտյան օվկիանոսում ձկնորսական իրավունքների վերաբերյալ[1][2]։ Վեճերից յուրաքանչյուրն ավարտվում է իսլանդական կողմի դիվանագիտական հաղթանակով։ Որոշ իսլանդացի պատմաբաններ այս հակամարտությունը համարում են Իսլանդիայի պայքարը սեփական ծովային ռեսուրսների վերահսկողության համար[3], որը սկբնավորվել է դեռևս 14-15-րդ դարում և ծովամթերքի պահանջարկի աճով պայմանավորված աշխուժացել 19-րդ դարում։
Ժամանակակից վեճերը սկզբնավորվել են դեռևս 1952 թվականին, երբ Իսլանդիան Արդարադատության միջազգային դատարանի որոշման հիման վրա ընդլայնում է իր տարածքային ջրերը՝ մինչև 4 ծովային մղոն։ Ի պատասխան՝ Միացյալ Թագավորությունը արգելում է իսլանդական նավերի մուտքը բրիտանական նավահանգիստներ[4]։ 1958-ի ՄԱԿ-ի ապարդյուն կոնֆերանսից հետո Իսլանդիան միակողմանիորեն ընդլայնում է իր տարածքային ջրերը և արգելում օտարերկրյա ձկնորսությունը այս ջրերում։ Միացյալ Թագավորությունը և Արևմտյան Եվրոպայի որոշ պետություններ (առավել ակտիվորեն՝ Արևմտյան Գերմանիան) հրաժարվում են ընդունել այս որոշումը[5], ինչը հանգեցնում է երեք «Ձողաձկան պատերազմների»՝ 1958-1961, 1972-1973 և 1975–1976 թվականներին։ Պատճառն այն էր, որ բրիտանացի նավաստիները թագավորական նավատորմի ուղեկցությամբ շարունակում էին ձկնորսությունը վիճելի ջրերում, իսկ Իսլանդիայի առափնյա պահակախումբը փորձում էր ցանցակտրիչներով կտրել նավերին ամրացված ծկնորսական ճոպանները։
Ստեղծված հանգամանքներում Իսլանդիան սպառնում էր լքել Հյուսիսատլանտյան դաշինքը, ինչը ՆԱՏՕ-ի տերություններին կզրկեր Ֆարերո-իսլանդական (GIUK) սահմանագիծ ազատ մուտքից։ Այն Սառը պատերազմի ժամանակ հակասուզանավային հնարավոր պատերազմի կարևորագույն հենակետ էր։ 1976-ին ՆԱՏՕ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրով ՄԹ-ն ընդունում է Իսլանդիայի կողմից իր ափերի շուրջ 12 ծովային մղոն տարածությամբ բացառիկ տնտեսական գոտու ստեղծումը և 200 ծովային մղոն հեռավորությամբ իսլանդական ձկնորսական գոտու ընդլայնումը։
Համաձայնագիրը վերջ է դնում ավելի քան 5 հարյուրամյակ այս ջրերում Մեծ Բրիտանիայի անսահմանափակ ձկնորսությանը։ Արդյունքում, բրիտանացի ձկնորսները զրկվում են հյուսիսի ձկնառատ ջրերում որսի հանարավորությունից. կորսվում են հազարավոր աշխատատեղեր[6]։ Միացյալ Թագավորությունը հրաժարվում է իր հռչակած «բաց ծովերի» միջազգային ձկնորսական քաղաքականությունից։ 1982 թվականից ի վեր 200 ծովային մղոն բացառիկ տնտեսական գոտին Միավորված ազգերի կազմակերպության ծովային իրավունքի մասին կոնվենցիայի միջազգային ստանդարտն է։ Ձողաձկան պատերազմներից քաղված դասերը մեր օրերում կիրառվում են միջազգային հարաբերությունների և միջազգային ծովային իրավունքի տեսության մեջ[7]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովամթերքը դարեր շարունակ եղել է Բրիտանական կղզիների, Իսլանդիայի և հյուսիսեվրոպական այլ երկրների բնակիչների սննդատակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը, քանի որ այս վերջիններիս տարածքն աշխարհագրորեն շրջապատված է հարուստ ձկնորսական շրջաններով։ Սկանդինավյան նվաճողները՝ վիկինգները, 9-րդ դարում հաստատվելով Բրիտանիայում (Հյուսիսծովյան կայսրության ձևավորում)՝ բրիտների ազգային սննդակարգ են մտցնում հատկապես ձկան մեկ տեսակ՝ Հյուսիսային ծովի ձողաձուկը։
Բրիտանական վաղ հավակնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դարի վերջից ի վեր ձկնորսական նավերը Անգլիայի ափերից սկսում են նավարկել դեպի Իսլանդիա կղզու ափեր՝ ձողաձկան և այլ ձկնատեսակների որսի նպատակով։ Ժամանակի ընթացքում բրիտանացիների հոսքը Իսլանդիա այնքան է մեծանում, որ առաջացնում է քաղաքական լարվածություն Անգլիայի և Դանիայի միջև, որը տվյալ ժամանակահատվածում իշխանություն ուներ Իսլանդիայի նկատմամբ։ Դանիայի արքա Էրիկ Պոմերանացին 1414 թվականին արգելում է անգլիացիների ձկնային առևտուրը և բողոք հղում Անգլիայի միապետ Հենրիխ V-ին՝ կղզու հարևանությամբ ձկնային պաշարների ճգնաժամի կապակցությամբ։
Պառլամենտի կողմից ընդունված բրիտանական ձկնորսության սահմանափակումներն ընդհանուր առմամբ, սակայն, անտեսվում են, ինչը հանգեցնում է Հանզայական միության հետ Անգլիայի թագավորության պատերազմի սկզբնավորման։ Վերջնարդյունքում որոշում է կայացվում խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և օտարերկրացի ձկնորսների հոսքը Իսլանդիայի ջրեր նվազեցնելու նպատակով սահմանել լիցենզավորման գործընթաց։ Այս տարբերակը ևս չի կարողանում հանգուցալուծում ապահովել, ինչը սկզբնավորում է Իսլանդիայի և Անգլիայի միջև ծովային տարածությունների համար վեճերի դարավոր շարքին։ Հայտնի է, որ 16-րդ դարի սկզբին անգլիացի նավաստիներն ու ձկնորսները դեռևս մեծ ներկայություն ունեին Իսլանդիայի ջրերում։ 19-րդ դարի վերջին գոլորշու ջերմային պոտենցիալ էներգիայի ընձեռած հնարավորություններով պայմանավորված զարթոնք է ապրում ձկնորսական արդյունաբերությունը․ նավերի սեփականատերերն ու ձեռներեցները ձգտում են շահագործման ենթարկել նոր ձկնառատ տարածքներ։ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում՝ իսլանդական ջրերում, բրիտանացիների որսի ծավալները վերստին մեծանում են, ինչով պայմանավորված 1893 թվականին Դանիայի կառավարությունը, որը այդ ժամանակ կառավարում էր Իսլանդիան և Ֆարերյան կղզիները, ստիպված է լինում սահմանել ափագծից 50 ծովային մղոն հեռավորությամբ ձկնորսական սահմանի սահմանափակում։ Անգլիացի ձկնարդյունաբերողները հրաժարվում են ճանաչել այս որոշումը և շարունակում նավեր ուղարկել Իսլանդիայի ափեր։ Որոշումը չի ճանաչվում նաև Բրիտանական կայսրության կառավարության կողմից, քանի որ այն նախադեպ կդառնար նաև Հյուսիսային ծովի ափերին ձգվող մյուս պետությունների համար՝ վնասելով բրիտանական ձկնորսական արդյունաբերությանը։
Բրիտանա-իսլանդական գնդացրային դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքում Դանիայի հետ, որով սահմանվում էր բրիտանական նավերի կողմից կայանման համար Իսլանդիայի նավահանգիստների անխոչընդոտ օգտագործման հնարավորությունը։ Փոխարենը՝ Բրիտանիան պարտավորվում էր ապահովել, որ իր քաղաքացիները ձեռնպահ մնան Ֆաքսաֆլոուի ծովածոցում՝ Կեֆլավիկի հրվանդանից մինչև Թորմոդսկեր ձգվածությամբ տարածությունում ձկնորսությունից։ Պայմանագրի կնքումից հետո ևս բրիտանացիները շարունակում են որսը արգելված ձկնային շրջաններում, ինչի արդյունքում վերջիններս բազմաթիվ անգամներ տուգանվում են դանիական հրետանավակների կողմից։ Այս փաստը, սակայն, չի ճանաչվում Բրիտանական կառավարության կողմից, իսկ մեդիայի ճնշումների ներքո 1896 և 1897 թվականներին թագավորական նավատորմը ստիպված է լինում այսպես կոչված «դանիական գործողություններից բրիտանացիների տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով» ցուցադրել գնդացրային դիվանագիտություն։ 1901 թվականին կնքվում է անգլո-դանիական տարածքային ջրերի վերաբերյալ համաձայնագիր, որով սահմանվում էր 3 ծովային մղոն (6 կմ) տարածքային ջրերի սահման։
Իսլանդիայի ձկնային պաշարների նշանակությունը բրիտանական ձկնորսական արդյունաբերության համար վերստին մեծանում է 19-րդ դարի վերջում։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած ձկնորսական ակտիվության կրճատումը որոշ ժամանակով, փաստորեն, վերջ է դնում վեճին։ 1919-ից մինչև 1938 թվականներին վերստին արձանագրվում է իսլանդական ջրերում բրիտանական որսումների տեսանելի աճ։ Բրիտանական որսումները Իսլանդիայում ավելի քան երկու անգամ գերազանցում էին բրիտանական հեռավոր ջրային նավատորմի բոլոր այլ տարածքների ընդհանուր որսումներին։ Իսլանդացիները ավելի ու ավելի էին սկսում անհանգստանալ բրիտանական ներկայության փաստից։
Ճգնաժամը 1949-1958 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]1949 թվականի հոկտեմբերին Իսլանդիան նախաձեռնում է 1901 թվականին Դանիայի և Միացյալ Թագավորության միջև կնքված համաձայնագրի չեղարկման գործընթաց, որի արդյունքում Իսլանդիայի հյուսիսում ձկնորսության սահմանները ընդլայնվում են մինչև 4 ծովային մղոն (7 կմ)։ Այնուամենայնիվ, քանի որ բրիտանական նավատորմն ըստ էության չէր օգտագործում ընդլայնված շրջանները, Իսլանդիայի «հյուսիսային ընդլայնումը» երկու պետությունների միջև էական վեճի տեղիք չի տալիս։ Չնայած ի սկզբանե որդեգրված ծովային սահմանների ընդլայնման քաղաքականությանը՝ Իսլանդիան չի նախաձեռնում որևէ գործողություն՝ սպասելով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող «Միացյալ Թագավորությունն ընդդեմ Նորվեգիայի» դատական գործով ելքային ակտին, որը վերաբերում էր այն հարցին, թե որտեղ է ավարտվում Նորվեգիայի ծովային սահմանը և որտեղ սկսվում միջազգայնին ձկնորսության համար օգտագործման ենթակա «բաց ծովը»[8]։
1951 թվականի դեկտեմբերի 18-ին կայացված Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ հաստատվում էր այն փաստը, որ Նորվեգիայի հավակնությունները իր սահմաններին հարող ջրային տարածությունների նկատմամբ ամբողջությամբ համապատասխանում է տարածքային ջրերի վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումներին։ Իսլանդացիների համոզմամբ դատարանի այս որոշումը «կանաչ լույս» էր իրենց հետագա գործողությունների համար։ Նույն տարում Մեծ Բրիտանիան և Իսլանդիան փորձում են բանակցություններ վարել խնդրի հանգուցալուծման ուղղությամբ, սակայն համաձայնության գալ վերստին չի հաջողվում։ Իսլանդիայի կառավարությունը 1952 թվականի մարտի 19-ին հայտարարում է, որ մտադիր է 1952 թվականի մայիսի 15-ին վերաընդլայնել ձկնորսական սահմանները[9]։
1952 թվականի մայիսից մինչև 1956 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Իսլանդիան և Միացյալ Թագավորությունը ունենում են բազմաթիվ վեճեր՝ կապված Իսլանդիայի կողմից ձկնորսության սահմանների միակողմանի ընդլայնման հետ՝ 3-ից մինչև 4 ծովային մղոն (6-ից 7 կմ)[10]։ Միացյալ Թագավորությունը այս փուլում ձեռնպահ է մնում կոնֆլիկտի ռազմական միջամտությունից, փոխարենը՝ սահմանում է խիստ պատժամիջոցներ Իսլանդիայի նկատմամբ՝ արգելելով իսլանդական ձկնորսական նավերի մուտքը բրիտանական նավահանգիստներ[9][11]։ Միացյալ Թագավորության պատժամիջոցները տարակուսանք են առաջացնում իսլանդացի պետական գործիչների շրջանում[12][13], քանի որ Միացյալ Թագավորությունը Իսլանդիայից ձկան արտահանման ամենամեծ շուկան էր։ Այս պայմաններում կողմերը 1953 թվականի սկզբին որոշում են Իսլանդիայի ծովային տարածությունների ընդլայնման հարցի իրավաչափության և Ֆաքսաֆլոյի հատվածում բազմաթիվ վեճերի առիթ դարձած սահմանազատման հարցերի քննարկումը վերապահել ՄԱԿ-ի դատարանին[9]։
Ընթացող Սառը պատերազմը, սակայն, բարենպաստ անդրադարձ է ունենում Իսլանդիայի վարած քաղաքականության պաշտպանության համար[14]։ Խորհրդային Միությունը, օգտվելով ստեղծված առիթից, փորձեր է անում փոխարինելով բրիտանացիներին մենաշնորհային դիրք ձեռք բերել Իսլանդիայում՝ որպես վերջինիս ձկնարդյունաբերական գործընկեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, վախենալով Իսլանդիայում խորհրդային ազդեցության հնարավորությունից, նույնպես հաստատում է գործընկերային հարաբերություններ և համոզմում Հյուսիսատլանտյան դաշինքի իր դաշնակիցներ Իսպանիային և Իտալիային վարվել նույն տրամաբանությամբ։ Ստեղված իրադրությունը հանգեցնում է Միացյալ Թագավորության սահմանած պատժամիջոցների թուլացման[15][16][17]։ 1949-1958 թվականների բրիտանա-իսլանդական հակամարտությունն ավարտվում է հօգուտ Իսլանդիայի, որի 4 ծովային մղոն ընդլայնված ծովային սահմաններում ի վերջո ճանաչվում են Միացյալ Թագավորության կողմից՝ Եվրոպական տնտեսական համագործակցության կազմակերպության 1956 թվականի որոշմամբ։ Երկու տարի անց՝ 1958 թվականին, Միավորված ազգերի կազմակերպությունը գումարում է ծովային իրավունքի մասին առաջին միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են 86 պետություններ[18]։ Որոշ երկրներ այս համաժողովում ձգտում էին ընդլայնել իրենց տարածքային ջրերի սահմանները մինչև 12 ծովային մղոն (22 կմ), սակայն կոնֆերանսը որևէ հստակ եզրակացություն չի արձանագրում[19][20]։
Ձողաձկան առաջին պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 12 ծովային մղոն ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականի սեպտեմբերի 1-ի կեսգիշերին Իսլանդիան նոր ընդունված օրենքի լույսի ներքո ընդլայնում է իր ձկնորսական գոտու սահմանները 4-ից մինչև 12 ծովային մղոն[21]։ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամ պետությունները դեմ էին Իսլանդիայի միակողմանի գործողություններին[22]։ Այս առնչությամբ պաշտոնական Լոնդոնը հայտարարում է, որ իրենց նավերը ձկնորսություն կիրականացնեն Վեստֆիրդիրում, Հորնից հյուսիս և Իսլանդիայի հարավ-արևելքում։ Ըստ երևույթին, օրենքի ընդունման պահի դրությամբ իսլանդական տարածքային ծով հայտարարված գոտիներում տեղակայված է եղել բրիտանական թվով քսան ուռկանապարկակիր նավ (տրալեր), չորս ռազմանավ և մեկ մատակարարման նավ[23]։
1960 թվականին իսլանդական ափերում գտնվող թագավորական նավատորմի հրամանատար, Փիթեր Քարինգթոնը հայտարարում է, որ բրիտանական նավերը տարեսկզբից ի վեր շուրջ կես միլիոն ֆունտ ստերլինգ գումարային արժեքով նավթ են ծախսել[24]։
Թագավորական նավատորմի տեղակայումը վիճելի ջրերում հանգեցնում է Իսլանդիայում քաղաքացիական անհնազանդության նախաձեռնությունների ու բողոքի զանգվածային ցույցերի։ Ռեյկյավիկում Բրիտանական դեսպանատան դեմ ցույցերի ժամանակ Իսլանդիայում Միացյալ Թագավորության դեսպան Էնդրյու Գիլքրիստը ծաղրում է ցուցարարների՝ գրամոֆոնով միացնելով անգլիական ռազմահայրենասիրական երաժշտություն[25]։ Դրան հաջորդում են բազմաթիվ այլ միջադեպեր ևս։ Իսլանդացիները, սակայն, անբարենպաստ վիճակում էին վիճելի ջրերում պարեկություն իրականացնելիս՝ պայմանավորված տարածքի մեծության և պարեկային նավերի սահմանափակ քանակի պատճառով։ Ըստ պատմաբաններից մեկի՝ «միայն «Թոր» առաջատար նավը կարող էր արդյունավետորեն ձերբակալել և, անհրաժեշտության դեպքում, բրիտանական օրինազանց նավը նավահանգիստ տանել»[26]։
Ծովային առճակատումները 1958-1961 թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբերի 4-ին «ICGV Ægir» իսլանդական պարեկային նավը, որը կառուցվել էր 1929 թվականին[27], փորձ է կատարում Վեսթֆիրդիրի ափերի մոտից արգելափակել բրիտանացի ձկնորսներին պատկանող ուռկանապարկակիր նավ, սակայն միջադեպի վայրում հայտնվում է «HMS Russell» ռազմանավը, որը բախվում է «ICGV Ægir»-ին։ Հոկտեմբերի 6-ին պարեկության ժամանակ «V/s María Júlía»-ը կրակ է բացում «Kingston Emerald» տրալերի վրա՝ վերջինիս ստիպելով փախուստի դիմել։ Նոյեմբերի 12-ին իսլանդական «Þór»-ը Իսլանդիայի հայտարարած ծովային գոտու եզրային սահմաններում հանդիպում է «Hackness» ուռկանապարկակիրին, որն իր ցանցերը տեղակայում էր իսլանդական օրենքով արգելված տեղերում։ Նախազգուշացումներից հետո օպօրինի ձկնորսությունը չդադարեցնելուն պես «Þór»-ը կրակոցներ է արձակում բրիտանական ձկնորսանավի ուղղությամբ։ Հերթական անգամ օգնության է հասնում «HMS Russell» ռազմանավը, որի նավապետը իսլանդացի նավապետին հրամայում է լքել նավը, քանի որ այն չէր գտնվում Միացյալ Թագավորության կառավարության կողմից ճանաչված 4 ծովային մղոն սահմաններում։ «Þór»-ի նավապետ Էյրիկուր Քրիստոֆերսոնը հրաժարվում է կատարել բրիտանացիների պահանջը և իր անձնակազմին հրամայում ատրճանակներով զինված մոտենալ ենթադրաբար որսագողությամբ զբաղվող տրալերին։ Ի պատասխան՝ «HMS Russell»-ը սպառնում է խորտակել իսլանդական նավը, եթե վերջինիցս կրակ արձակվի «Hackness»-ի ուղղությամբ։ Կարճ ժամանակահատվածում դեպքի վայր են ժամանում նաև բրիտանական այլ նավեր և այդ ճնշումների ներքո Իսլանդիայի առափնյա պաշտպանության ուժերի առաջամարտիկ «Þór» ռազմանավը ստիպված է լինում նահանջել։
Այս միջադեպերի արդյունքում Իսլանդիայի պաշտոնատար անձինք սպառնում են հետ կանչել Իսլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին[28] և վտարել Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականներին Կեֆլավիկի ռազմակայանից։ Ընդ որում, այս ուլտիմատումի հետ համաձայն էին նույնիսկ Իսլանդիայի ամենաամերիկամետ քաղաքական գործիչները, քանի որ հակառակի վերաբերյալ պնդումը կնշանակեր գնալ «քաղաքական ինքնասպանության» ճանապարհով[29]՝ հաշվի առնելով իսլանդական հասարակության հավաքական կարծիքը հակամարտության վերաբերյալ։ Արդյունքում ՆԱՏՕ-ն անցնում է պաշտոնական և ոչ պաշտոնական միջնորդություններով վեճի համապարփակ կարգավորման[30]։
«CGV Þór»-ը Իսլանդիայի առափնյա պահպանության օֆշորային պարեկային նավ է։ Այն առափնյա պահպանության երրորդ նավն էր, որը կրում էր սկանդինավյան դիցաբանության մարդկության պաշտպանության համար պատասխանատու Թոր աստվծո անունը։ Հանդիսացել է Իսլանդիայի նավատորմի դրոշակակիրը և որպես պարեկային «առաջամարտիկ» ծառայել Ձողաձկան բոլոր երեք հակամարտությունների ընթացքում։ «Þór»-ը պատվիրվել է 1948 թվականի նոյեմբերի 8-ին։ Այն կառուցվել է Դանիայի Օլբորգ քաղաքում և Իսլանդիա ժամանել 1951 թվականի հոկտեմբերի 20-ին։ Այն ի սկզբանե զինված էր երկու 47 մմ և մեկ 57 մմ տրամաչափանոց հրանոթներով։ |
Ձողաձկան առաջին պատերազմն ավարտվում է այն բանից հետո, երբ 1960-1961 թվականների Ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնֆերանսից հետո[20][31] 1961 թվականի փետրվարի վերջին Մեծ Բրիտանիան և Իսլանդիան գալիս են համաձայնության։ Այդ համաձայնությամբ ճանաչվում էր Իսլանդիայի՝ ափագծից մինչև 12 ծովային մղոն հեռավորությամբ ձկնորսական սահմանը, իսկ Միացյալ Թագավորությանը տրվում էր ձկնորսության իրավունքներ առանձին գոտիներում։ Իսլանդիայի Ալտինգը համաձայնագիրը հաստատում է 1961 թվականի մարտի 11-ին։ Համաձայնագրով, ի թիվս այլնի, սահմանվում էր, որ Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ապագայում առաջացած ցանկացած տարաձայնություն ձկնորսության գոտիների կապակցությամբ պետք է քննվեր Հաագայում՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։
Ձողաձկան երկրորդ պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Իսլանդիայի կառավարությունը կրկին ընդլայնում է երկրի ձկնորսական սահմանները՝ ափագծից մինչև 50 ծովային մղոն հեռավորությամբ։ Այս որոշմամբ իսլանդացիները հետապնդում էին երկու նպատակ․ առաջին՝ պահպանել Իսլանդիայի ափերում ձկան պաշարները և երկրորդ՝ մեծացնել սեփական մասնաբաժինը ձկնարդյունաբերության մեջ[32]։ Ի սկզբանե Իսլանդիան նպատակադրված էր ընդլայնել տարածքային ջրերը մինչև 200 ծովային մղոն, սակայն այս որոշումը չեղարկվում է, քանի որ ամենաձկնառատ շրջանները դրանք 50 ծովային մղոն հեռավորության սահմաններում են։ Բացի այդ, 200 ծովային մղոն տարածության պարագայում գրեթե անհնարին կդառնար արդյունավետ կերպով պարեկային ծառայության իրականացումն ու իրավախախտների հայտնաբերումը[33]։
Միացյալ Թագավորությունն իր հերթին վիճարկում էր իսլանդական կողմի հերթական տարածքային ընդլայնման իրավաչափությունը, քանի որ ձգտում էր հասնել վիճարկվող ջրերում բրիտանացի ձկնորսների որսի առավելագույն հնարավոր քվոտային և փորձում կանխել Իսլանդիայի կողմից իրականացված միակողմանի ընդլայնման ճանաչումը՝ հնարավոր այլ նախադեպերից խուսափելու նպատակով[34]։
Ինչպես ՆԱՏՕ-ի անդամ արևմտաեվրոպական տերությունները, այնպես էլ Վարշավայի պայմանագրի կազմակերպության մաս կազմող արևելաեվրոպական սոցիալիստական երկրները դեմ էին Իսլանդիայի միակողմանի ընդլայնումներին[35][36]։ 1971 թվականին Իսլանդիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Աֆրիկա մայրցամաքի մի շարք պետություններ հայտարարում են Իսլանդիայի գործողություններին իրենց աջակցությունը։ Պատճառն այն էր, որ աֆրիկյան պետությունների առաջնորդների հետ հանդիպումներում իսլանդացի պաշտոնյաները պնդում էին, որ «բաց ծովերի քաղաքականությանը» Իսլանդիայի հակադրվելը գաղութատիրության և կայսերապաշտության դեմ պայքարի մաս է կազմում։
Մինչև 50 ծովային մղոն ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի սեպտեմբերի 1-ին սկսվում է օրենքի կիրառման գործընթացը, որը նախատեսում էր ընդլայնել Իսլանդիայի ձկնորսական սահմանները մինչև 50 ծովային մղոն (93 կմ)։ Չնայած Իսլանդիայի հայտարարություններին՝ բրիտանական և արևմտագերմանական բազմաթիվ տրալերներ շարունակում են ձկնորսությունը այդ տարածքներում։ Միևնույն ժամանակ, Իսլանդիայում իշխող ձախական կոալիցիան անտեսում է նմանօրինակ հանգամանքներում Արդարադատության միջազգային դատարանին դիմելու պարտավորությունը՝ համարելով, որ Միացյալ Թագավորության հետ ձեռքբերված համաձայնությունը նախկին կենտրոնամետ կառավարության «ձեռամբ» է, որով իրենց իշխանությունը կաշկանդված չէ։ Նոր ընդլայնման առնչությամբ ձկնորսության նախարար Լյուդվիկ Յոսեպսոնը հայտարարում է, որ «Իսլանդիայի անկախության հենասյունը տնտեսական անկախությունն է»[37]։ Սեպտեմբերի 2-ին բոլորովին նոր՝ 1968 թվականի արտադրության իսլանդական «ICGV Ægir» պարեկային նավը դուրս է գալիս ծառայության[38] և երկրի արևելյան ափերում՝ 50 ծովային մղոնի սահմաններում, սկսում հետապնդել Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող 16 ուռկանապարկակիր նավեր։ Իսլանդիայի առափնյա պահպանությունը սկսում է օգտագործել ցանցակտրիչներ (իսլ.՝ Togvíraklippur)՝ Իսլանդիայի ափերում օտարական նավերի տեղադրած որսացանցերը կտրելու և հեռացնելու համար։
1972 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 10:25-ին[39], «ICGV Ægir» ռազմանավը՝ Գուդմունդուր Կյերնեստեդի հրամանատարությամբ, հանդիպում է Հորնբանկիից հյուսիս-արևելքում ձկնորսացող անհայտ տրալերի։ Սև գույնի ձկնորսանավի նավապետը հրաժարվում է հրապարակել նավի անունն ու համարը, իսկ Իսլանդիայի առափնյա պահպանության հրամաններին հետևելու վերաբերյալ նախազգուշացումից հետո նավից սկսում է հնչել «Rule Britannia!» («Կառավարի՛ր, Բրիտանիա») անգլիական հայրենասիրական երգը։ 10։40-ին իսլանացիները ստիպված են լինում առաջին անգամ կիրառել ցանցակտրիչ, որն ամրացված էր «ICGV Ægir»-ին։ Երբ ամրացված ցանցակտրիչով «ICGV Ægir»-ը մոտենում է տրալերին, անհայտ նավի բարկացած անձնակազմը սկսում է ածուխ, ինչպես նաև հրդեհի բռնկման ռիսկ պարունակող թափոններ նետել իսլանդական պարեկային նավի ուղղությամբ` հայհոյանքների տեղատարափի հետ զուգահեռ։ Ավելի ուշ պարզվում է, որ բրիտանական տրալերը «Peter Scott (H103)»-ն է։
1972 թվականի նոյեմբերի 25-ին Արևմտյան Գերմանիայի դրոշով նավարկող «Erlangen» նավի անձնակազմի անդամները ստանում են տարբեր մարմնական վնասվածքներ (նրանց մեծամասնությունը՝ գլխի հատվածում) այն բանից հետո, երբ իսլանդական պարեկային նավը կտրում է մինչև 50 ծովային մղոն հատվածում գտնվող ձկնորսացանցը[40]։ 1973 թվականի հունվարի 18-ին միայն իսլանդացի պարեկտները հեռացնում են բրիտանացիներին պատկանող 18 ձկնորսացանցեր։ Արդյունքում՝ բրիտանացի այն ծովայինները, որոնք չունեին թագավորական նավատորմի ուղղակի պաշտպանությունն ու հսկողությունը, ստիպված են լինում լքել իսլանդական ափերը։ Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայից Իսլանդիայի ուղղությամբ է շարժվում արագընթաց հսկա «Statesman» բուքսիրային նավը, որը պետք է պաշտպաներ Ատլանտյանում ձկնորսությամբ զբաղվող բրիտանական ուռկանապարկակիրներին։
1973 թվականի հունվարի 23-ին Հեյմայում ժայթքում է Էլդֆել հրաբուխը, որը Իսլանդիայի առափնյա պահակախմբերին ստիպում է լծվել կղզու բնակիչերին բնական աղետից փրկելու գործին։ Ըստ Իսլանդիայի՝ բրիտանացի «որսագողերը» առավելապես օգտվում են ստեղծված իրավիճակից։
«Դյուի» գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի մայիսի 17-ին բրիտանական ուռկանապարկակիր նավերը լքում են իսլանդական ջրերը և երկու օր անց վերադառնում՝ բրիտանական ֆրեգատների ուղեկցությամբ։ Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերի տեղակայման գործողությունը ստանում է «Օպերացիա Դյուի» անվանումը[41]։ Իսլանդացի պարեկների հետ առճակատումներից խուսափելու նպատակով Միացյալ Թագավորությունը որդեգրում է նոր մարտավարություն. բրիտանական «Hawker Siddeley Nimrod» ծովային պարեկային ինքնաթիռները թռչում էին իսլանդացիների մշտադիտարկման ներքո գտնվող ջրային տարածությունների վրայով և ծանուցում ֆրեգատների և ձկնորսությամբ զբաղվող ուռկանապարկակիր նավերի նավապետերին իսլանդական պարեկային նավերի գտնվելու վայրի մասին[42]։ Իսլանդիայի պետական այրերը վրդովված էին թագավորական նավատորմի՝ իսլանդական ափերին մոտեցումից։ Իսլանդիայի հանրային ողջ դիսկուրսը ողողված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու կամ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին ապավինելու հարցերով։ Ըստ տվյալ ժամանակահատվածում Իսլանդիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրեդերիկ Իրվինգի, Իսլանդիայի վարչապետ Օլաֆուր Յոհաննեսոնը Ամերիկայի Միացյալ Նահանգներից պահանջել է ինքնաթիռներ ուղարկել Իսլանդիա՝ բրիտանական ֆրեգատները ռմբակոծելու համար[42]։ 1973 թվականի մայիսի 24-ին Ռեյկյավիկում տեղի են ունենում խոշոր բողոքի ցույցեր[43]։ Ցուցարարները անողոքաբար կոտրում են Ռեյկյավիկում տեղակայված Միացյալ Թագավորության դեսպանության շինության բոլոր ապակիները։
Մայիսի 26-ին «Ægir» ռազմանավը հրամայում է «Everton» տրալերին կանգառել, սակայն ձկնորսական նավի նավապետը հրաժարվում է ենթարկվել։ Միջադեպին հաջորդում է երկարատև հետապնդումը, որը ընթացքում «Ægir»-ը նախազգուշական կրակ է արձակում, իսկ ավելի ուշ նաև թիրախային կրակոցներով շարքից դուրս է բերում բրիտանական ձկնորսանավը։ «Evenrton»-ը խոցվում է 57 մմ-անոց չորս պարկուճներով, սակայն նավի անձնակազմին հաջողվում է հասնել բրիտանական պահպանության գոտի, որտեղ վերջիններիս օգնություն է ցուցաբերում «HMS Jupiter» եռակայմ հետախուզանավը[44]։ Իսլանդիայի վարչապետ Յոհաննեսոնը միջադեպը որակում է «օրինական և անխուսափելի իրավապահ գործողություն»[45]։
Իսլանդական «Árvakur»-ը հունիսի 1-ին բախվում է չորս բրիտանական նավերի, իսկ վեց օր անց՝ հունիսի 7-ին, «Ægir»-ը Գրենլանդական սառցե վահանի ճանապարհին բախվում է «HMS Scylla»-ին։ Իսլանդիայի առափնյա պահպանությունը հայտարարում է, որ «Scylla»-ն հետապնդել է իսլանդական պարեկային նավին և խոչընդոտել իրավապահների գործողություններին։ Ի հակառակ՝ ՄԹ պաշտպանության նախարարությունը տարածած հայտարարության մեջ մեղադրում է «Ægir»-ի անձնակազմին՝ բրիտանական ֆրեգատին դիտավորյալ հարվածելու համար[46]։ Օգոստոսի 29-ին Իսլանդիայի առափնյա պահպանությունը կրում է առաջին և հակամարտության ընթացքում միակ զոհը՝ «Ægir»-ի և «HMS Apollo»-ի բախման արդյունքում[47]։ Զոհվածը իսլանդական նավի վրա գտնվող ինժեներ Հալդոր Հալֆրեսսոնն էր, որի մահվան պատճառը եռակցման սարքավորումների էլեկտրահարումն էր այն բանից հետո, երբ ծովի ջուրը լցվել էև այն խցիկի մեջ, որտեղ նա վերանորոգում էր նավի կորպուսը[48][49]։
Ռեյկյավիկյան համաձայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի սեպտեմբերի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Լունսը ժամանում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ՝ զրուցելու իսլանդացի նախարարների հետ, որոնք մտորումների մեջ էին Հյուսիսատլանտյան դաշիքը լքելու հարցի կապակցությամբ։ Վերջիններս կարծում էին, որ ապարդյուն է Իսլանդիայի անդամակցությունը մի ռազմական դաշինքի, որը չի պատրաստվում օգնել իրենց հակամարտության ժամանակ։ Իրականում և՛ Իսլանդիան, և՛ Միացյալ Թագավորությունը ՆԱՏՕ-ի անդամ պետություններ էին և կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեին կառույցի համար։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի միջնորդությամբ մի շարք բանակցություններից հետո բրիտանական նավերը 1973 թվականի հոկտեմբերի 3-ին հետ են կանչվում[50]։ Բրիտանացիները լքում են Իսլանդիայի ափերը «Rule Britannia!» («Կառավարի՛ր, Բրիտանիա») հայրենասիրական երգի հնչյունների ներքո։ Որոշ նավերում լսվում էր նաև «The Party's Over» երգը։ Նոյեմբերի 8-ին ստորագրվում է Իսլանդիայի ափագծից մինչև 50 ծովային մղոն տարածքում արտասահմանյան ձկնորսական գործունեության սահմանափակման մասին համաձայնագիր[51]։ Համաձայն դրա՝ բրիտանական ձկնորսանավերը Իսլանդիայի ջրերում պետք է սահմանափակվեին տարեկան մինչև 130,000 տոննա որսով։
1974 թվականի հուլիսի 19-ին` համաձայնագրի ստորագրումից ավելի քան ինը ամիս անց, բրիտանական ամենամեծ ուռկանապարկակիրը՝ «C. S. Forester»-ը, որը ձկնորսություն էր անում 12 ծովային մղոն (22 կմ) սահմաններում, հրետակոծվում և գրավվում է պարեկային ծառայություն իրականացնող «Þór»-ի կողմից՝ շուրջ 185 կմ հետապնդվելուց հետո։ Սկզբում «C. S. Forester»-ը զգուշացվում է ոչ պայթուցիկ զինամթերքով, որից հետո՝ ռմբակոծվում։ Բրիտանական նավը խոցվում է երկու թիրախավորումների միջոցով, որի արդյունքում վնասվում է շարժիչի սենյակը և ջրի բաքը։ «C. S. Forester»-ի նավապետը և անձնակազմը ձերբակալվում են, իսկ անձնապես նավապետը՝ Ռիչարդ Թեյլորը, դատապարտվում է 30 օր ազատազրկման և տուգանվում 5000 ֆունտ ստերլինգով։ Նավի սեփականատերերը ստիպված են լինում վճարել լրացուցիչ 26,300 ֆունտ ստերլինգ։
Երրորդ ձողաձկան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին՝ Ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի երրորդ խորհրդաժողովում, մի շարք պետություններ հայտնում են իրենց աջակցությունը տարածքային ջրերի 100 ծովային մղոն սահմանաչափի գաղափարին[52]։ Չնայած ձեռքբերված թվացյալ համաձայնությանը՝ 1975 թվականի հուլիսի 15-ին Իսլանդիայի կառավարությունը հայտարարում է երկրի ձկնորսական սահմաններն ընդլայնելու մտադրության մասին[53]։
Ձողաձկան երրորդ պատերազմը սկսվում է 1975 թվականի նոյեմբերին՝ այն բանից հետո, երբ Իսլանդիան վերստին ընդլայնում է իր ձկնորսական սահմանները՝ ափագծից մինչև 200 ծովային մղոն (370 կմ) սահմանաչափով։ Միացյալ Թագավորության կառավարությունը հայտարարում է, որ չի ճանաչում Իսլանդիայի կողմից բացառիկ տնտեսական գոտու միակողմանի ընդարձակումը։ Այսպիսով, սկզբնավորվում է ծովային տարածությունների շուրջ բրիտանա-իսլանդական հակամարտության ամենաթեժ պարբերափուլը, որն ուղեկցվում է Իսլանդիայի առափնյա պաշտպանության կողմից բրիտանական ձկնորսական ցանցերի պարբերական հատումներով, իսլանդական նավերի և բրիտանական տրալերների, ֆրեգատների, քարշակավոր նավերի միջև հաճախակի բախումներով և զանազան այլ միջադեպերով։
Սեյդիսֆյորդյուրյան բախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենից պայթյունավտանգ միջադեպը տեղի է ունենում 1975 թվականի դեկտեմբերի 11-ին։ Ըստ իսլանդական կողմի հաղորդման՝ այդ օրը «Þór» պարեկային նավը՝ Հելգի Հալվարիդսոնի հրամանատարությամբ, հեռանում էր Սեյդիսֆյորդյուրի նավահանգստից, որտեղ իրականացնում էր ականահանման աշխատանքներ, երբ հրաման է ստացվում հետաքննել ֆյորդի շրջակայքում օտարերկրյա օրինազանց նավերի ներկայության վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։ Նույնականացման արդյունքում պարզ է դառնում, որ իսլանդական ջրերում նկատված նավերը նավարկել են Միացյալ Թագավորության դրոշի ներքո։ Դրանց թվում էին՝ «Lloydsman» անվանումը կրող օվկիանոսային քարշականավը, որը չափերով երեք անգամ գերազանցում էր իսլանդացիների «առաջամարտիկ» «Þór»-ի չափերին, Միացյալ Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության նավթամատակարար «Star Aquarius»-ը և վերջինիս «քույր նավը»՝ «Star Polaris» անվանումով[54]։
Հայտնաբերման պահին այս նավերը գտնվում էին Իսլանդիայի տարածքային ջրերի 12 ծովային մղոն սահմաններում, որտեղ վերջիններս պատսպարվում էին ուժգին փոթորիկից (Քամիների ուժի գնահատման Բոֆոր սանդղակի 9-րդ ուժգնություն)։ Ըստ իսլանդական կողմի հաղորդած տեղեկությունների՝ բրիտանական նավերը սկսում են լքել իսլանդական ափերը՝ «Þór»-ի նավապետի կողմից զգուշացումից հետո, սակայն 2 ծովային մղոն հեռավորության վրա «Star Aquarius»-ը հանկարծակի թեքվում է աջ և հարվածում պարեկային նավի նավակողանցքին։ Առաջին հարվածից հետո «Þór»-ն արագացնում է արագությունը և փորձում շրջանցել, սակայն «Star Aquarius»-ը ևս մեկ հարված է հասցնում իսլանդական նավի նավակողանցքին[55]։ «Þór»-ը ինքնապաշտպանական նպատակներով կրակ է բացում բրիտանական նավի ուղղությամբ, սակայն վրիպում է։ Նույնիսկ «Þór»-ի արձակած նախազգուշական կրակը չի խանգարում, որպեսզի բրիտանական նավը թափ հավաքելով ևս մեկ հարված հասցնի, որին ի պատասխան «Þór»-ը երկրորդ անգամ կրակ է բացում և վնասում «Star Aquarius»-ի առջևի մասը։ Միջադեպից հետո բրիտանական նավերը նահանջում են։ «Þór»-ը, որը առճակատումից հետո քիչ էր մնում խորտակվեր, նավարկում է Լոդմունդֆյորդուր ֆյորդի ուղղությամբ՝ վերանորոգվելու համար[55]։
Միջադեպի վերաբերյալ բրիտանական կողմի գնահատականները էականորեն տարբերվում էին։ Մասնավորապես, պաշտոնական Լոնդոնը պնդում էր, որ իրավիճակի պատասխանատվությունը կրում է Իսլանդիան, որն էլ, ըստ Միացյալ Թագավորության համոզման, նախահարձակ կողմն է։ «Star Aquarius» նավի կապիտան Ալբերտ Մաքքենսին նշում է, որ ««Þór»-ը մոտեցել է հետևի մասին և հարվածել բրիտանական աջակցող նավին, որից հետո կրակ է արձակել մոտ 100 յարդ հեռավորությունից»։ Լոնդոնում Իսլանդիայի դեսպան Նիլս Սիգուրդսոնը ի պատասխան բրիտանական կողմի արձագանքի կրկին հակադարձել է, որ ««Þór»-ը կրակ է արձակել բացառապես ինքնապաշտպանական նկատառումներով և միայն այն բանից հետո, երբ այն հարձակման է ենթարկվել բրիտանական նավերի կողմից»։ Միջադեպի վերաբերյալ Իսլանդիան խորհրդակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ, որը հրաժարվում է միջամտել[56]։
Բրիտանական թագավորական նավատորմի անմիջական պատասխանը դառնում է ֆրեգատների ուղարկումը Իսլանդիայի ջրեր՝ նախքան վարչապետ Հարոլդ Վիլսոնը կամ արտաքին գործերի նախարար Էնթոնի Քրոսլանդը կտեղեկացվեին ստեղծված իրավիճակի վերաբերյալ[57]։ Այսպիսով, թագավորական նավատորմը հնարավորություն է ունենում ցուցադրելու իր հին «Type 12» և «Type 81» ֆրեգատների հնարավորությունները՝ վերջիններս տեղակայելով Դանիական նեղուցում։ Ձողաձկան երկրորդ և երրորդ պատերազմները թագավորական նավատորմի կողմից համարվում են «անհրաժեշտորեն մղված հակամարտություններ», ինչպես ավելի ուշ որակվում է նաև Ֆոլկլենդյան պատերազմը Արգենտինայի հետ[58]։ Միևնույն ժամանակ, արտգործնախարար Քրոսլանդը Ձողաձկան երրորդ պատերազմը համարում էր հավաքական արևմուտքի համար ավելի շուրջ սպառնալիք, քան Մերձավոր Արևելքն է։
Բրիտանա-իսլանդական բախումները 1976 թվականին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ խոշոր միջադեպ տեղի է ունենում 1976 թվականի հունվարին, երբ «HMS Andromeda» ֆրեգատը բախվում է «Þór»-ին, որի արդյունքում անցք է բացվում բրիտանական նավի կորպուսի վրա։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ հայտարարում է բրիտանական նավի վրա «կանխամտածված հարձակման» մասին՝ «առանց մարդկանց կյանքերը հաշվի առնելու»։ Իսլանդիայի առափնյա պահպանությունը պնդում է, որ «HMS Andromeda»-ն հանկարծակիորեն հարվածել է «Þór»-ին և անմիջապես փոխել շարժման ուղղությունը։ Միջադեպից հետո՝ Միացյալ Թագավորության նավահանգիստներում վերանորոգման սպասող նավերի մեծաթիվ քանակությամբ պայմանավորված, թագավորական նավատորմի ղեկավարությունը հրամայում է «ավելի զգույշ մոտեցում ցուցաբերել», քանի որ «թշնամին խեցբեկում է նավատորմը»[59]։
1976 թվականի փետրվարի 19-ին Միացյալ Թագավորության գյուղատնտեսության, ձկնաբուծության և պարենի նախարար Ֆրեդ Պրեյթը հայտարարում է, որ Գրիմսբիից սերող ձկնորսը դարձել է բրիտանական կողմի առաջին զոհը Ձողաձկան պատերազմների ժամանակ և որպես պատճառ ներկայացվում էր իսլանդական նավի հարձակումը[60]։ Թեև բրիտանական խորհրդարանական աղբյուրը 1993 թվականին վերստին հաստատում է, որ բրիտանացի ձկնորսը պատահաբար զրկվել է կյանքից իսլանդական պարեկային նավի կողմից արձակված կրակի արդյունքում, այս հանգամանքը, սակայն, չի հաստատվել որևէ վստահելի աղբյուրով։ Մեծ Բրիտանիան, ընդհանուր առմամբ, վիճելի ջրերում տեղակայում է 22 ֆրեգատ և հրամայում ռեզերվից դուրս բերել «Type 41» դասի «HMS Jaguar» և «Type 61» դասի «HMS Lincoln» ֆրեգատները՝ դրանք վերազինելով որպես մասնագիտացված նավեր՝ ամրացված փայտե աղեղներով։ Բացի ֆրեգատներից, բրիտանացիները նաև բաց ծով են դուրս բերում ընդհանուր առմամբ յոթ մատակարարման նավեր, ինը քարշանավեր և երեք օժանդակ նավեր՝ պաշտպանելու իրենց ձկնորսական նավերը[61][62]։
Իրադարձությունները շրջադարձային կերպով փոխվում են, երբ Իսլանդիան իրատեսականորեն սպառնում է հեռացնել Կեֆլավիկում տեղակայված Հյուսիսատլանտյան դաշինքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ռազմակայանը, ինչը Սառը պատերազմի պայմաններում լրջորեն կխարխլեր ՆԱՏՕ-ի դիրքերը՝ զրկելով վերջինիս դեպի Ատլանտյան օվկիանոս Խորհրդային Միության ելքը արգելափակելու հնարավորությունից։ ԱՄՆ-ի ճնշումների ներքո Միացյալ Թագավորությունը համաձայնվում է, որ բրիտանացի ձկնորսներն իրենց գործունեությունը ծավալեն Իսլանդիայի 200 ծովային մղոն բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս՝ առանց կոնկրետ համաձայնագրի։
«Ֆալմութ» (HMS Falmouth (F113))
«HMS Falmouth»-ը «Rothesay» դասի («Կատարելագործված տիպ 12») հակասուզանավային ֆրեգատ է, որը կառուցվել էր թագավորական նավատորմի համար 1950-ականներին։ Մասնակցել է Ձողաձկան երրորդ պատերազմին՝ խոցելով իսլանդական «V/s Týr» պարեկային նավը։ |
«Լինքոլն» (HMS Lincoln (F99))
«HMS Lincoln (F99)»-ը թագավորական նավատորմի Սոլսբերի դասի («Type 61») ինքնաթիռի ուղղորդման ֆրեգատ է, որը դուրս է բերվել ռեզերվից՝ Ձողաձկան երրորդ պատերազմին մասնակցելու նպատակով։ 1976 թվականին տեղակայվել է Իսլանդիայի ջրերում՝ «HMS Jaguar» ֆրեգատի հետ միաժամանակ։ Իրականացրել է բրիտանական տրալերների հսկողություն։ |
«Անդրոմեդա» (HMS Andromeda (F57))
«HMS Andromeda»-ն թագավորական նավատորմի «Leander» դասի ֆրեգատ է 1968 թվականից։ Մասնակցել է ոչ միայն Ձողաձկան պատերազմին, այլ նաև Ֆոլկլենդյան պատերազմներին։ Ձողաձկան պատերազմի շրջանակներում՝ 1976-ին, առճակատվել է իսլանդական «Þór» պարեկայն նավի հետ։ |
«Falmouth»-ի գրոհ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի մայիսի 6-ի երեկոյան՝ երբ առերևույթ Ձողաձկան երրորդ պատերազմի ելքը կանխորոշված էր, պարեկային «Týr» նավը փորձում է հատել «Carlisle» ձկնորսական տրալերի տեղադրած ցանցերը, սակայն վերջինիս պաշտպանող «HMS Falmouth» ֆրեգատի կապիտանը՝ Ջերալդ Փլամերը, հրամայում է խոցել իսլանդական նավը։ Արձակված հրամանից անմիջապես հետո ծանրաքաշ «HMS Falmouth»-ը ավելի քան 22 ծովահանգույց արագությամբ (41 կմ/ժ, 25 մղոն/ժ) բախվում է «Týr»-ին՝ գրեթե շուռ տալով վերջինիս։ «Týr»-ը, սակայն, մնում է աննկուն և հաջողում հեռացնել «Carlisle»-ի տեղադրած ձկնորսական ցանցերը, որից հետո ևս մեկ ուժգին հարված է ստանում «HMS Falmouth»-ից։ Երկրորդ հարձակումից հետո «Týr»-ը ավելի քան մոտ էր խորտակման վտանգին։ Վերջինս ընդամենը մեկ պրոպելերով (պտուտակ) շարժվում է դեպի մոտական նավահանգիստ, սակայն սկսում է հետապնդվել «Stateman» քարշականավի կողմից։
Սահմռկեցուցիչ իրավիճակում հայտնված «Týr»-ի կապիտանը՝ Գուդմունդուր Կյերնեստեդը, հրամայում է մարտական վիճակի բերել հրանոթները՝ հետագա ցանկացած բախում կանխելու համար[63]։ Սրանից հետո «Týr»-ը հաջողում է առանց կորուստների հասնել նավահանգիստ։ Բախումների արդյունքում շարքից դուրս է գալիս «Falmouth»-ի մեծ աղեղը[64][65]։
Պատերազմի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ պատերազմի ընթացքում գրանցվում են առճակատումների 55 դրվագներ[66]։
ՆԱՏՕ-ի միջնորդությամբ 1976 թվականի հունիսի 1-ին Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ձեռք է բերվում համաձայնություն։ Բրիտանացիներին թույլատրվել է ունենալ ոչ ավելի, քան 24 տրալեր Իսլանդիայի մինչև 200 ծովային մղոն սահմաններում և որսալ առավելագույնը 30,000 տոննա[67]։
Չնայած այն հանգամանքին Իսլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքը լքելուն ամենամոտն էր Ձողաձկան երկրորդ պատերազմի ժամանակ, սակայն երրորդ պատերազմի ժամանակահատվածում պաշտոնական Ռեյկյավիկի կողմից ի կատար է ածվում ամենավճռական ռազմական և դիվանագիտական գործողությունները։ Դրանց թվում պետք է առանձնացնել 1976 թվականի փետրվարի 19-ի Իսլանդիայի որոշումը՝ Միացյալ Թագավորության հետ բոլոր տեսակի դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Իսլանդիայի կառավարությունը աչքի էր ընկնում իր վճռական արևմտամետ հայացքներով, այնուամենայնիվ, Ձողաձկան երրորդ պատերազմների ժամանակահատվածում Իսլանդիայի մնալը «արևմտյան ընտանիքում» սկզբունքայնորեն պայմանավորված էր ձկնորսական սահմանների առնչությամբ հակամարտության արդյունքների հետ, քանի որ Իսլանդիայի կառավարությունը քանիցս ակնարկել է, որ բարենպաստ արդյունքի չհասնելու դեպքում հյուսիսեվրոպական պետությունը չի վարանի անմիջապես լքել Հյուսիսատլանտյան դաշինքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Habeeb, William (1988). «6». Power and Tactics in International Negotiations: How Weak Nations Bargain with Strong Nations. Johns Hopkins University Press.
- ↑ Cook, Bernard A. (2014 թ․ հունվարի 27). Europe Since 1945: An Encyclopedia (անգլերեն). Routledge. էջ 605. ISBN 978-1-135-17932-8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Þorsteinsson, Björn (1976). Tíu þorskastríð 1415–1976.
- ↑ How Iceland Beat the British in the Four Cod Wars Արխիվացված 19 Մայիս 2022 Wayback Machine, Gastro Obscura, 21June 2018
- ↑ «Cabinet Papers: The Cod Wars». National Archives (UK). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Ledger, John (2015 թ․ դեկտեմբերի 21). «How the Cod War of 40 years ago left a Yorkshire community devastated». The Yorkshire Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Lessons on the Cold War Susan J. Cunningham OAH Magazine of History Vol. 8, No. 2, Rethinking the Cold War (Winter, 1994), pp. 51-56
- ↑ Kobayashi, Teruo J. The Anglo-Norwegian fisheries case of 1951 and the changing law of the territorial sea (English). University of Florida Press. OCLC 1020148.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 9,0 9,1 9,2 Jóhannnesson, Guðni Th. (2007). Troubled Waters. NAFHA.
- ↑ Jóhannesson, Gudni Thorlacius (2004). «Any Port in a Storm. The Failure of Economic Coercion, 1953–54». Troubled Waters. Cod War, Fishing Disputes, and Britain's Fight for the Freedom of the High Seas, 1948–1964 (PhD). Queen Mary, University of London. էջեր 91–92. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Guðmundsson, Guðmundur J. (2006). «The Cod and the Cold War». Scandinavian Journal of History. 31 (2): 97–118. doi:10.1080/03468750600604184. S2CID 143956818.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2007). Troubled Waters. էջ 104.
- ↑ Thorsteinsson, Pétur (1992). Utanríkisþjónusta Íslands og utanríkismál: Sögulegt Yfirlit 1. էջ 440.
- ↑ Ingimundarson, Valur (1996). Í eldlínu kalda stríðsins. էջ 288.
- ↑ Þorsteinsson, Björn (1983). «Þorskastríð og fjöldi þeirra». Saga.
- ↑ Jónsson, Björn (1981). «Tíunda þorskastríðið 1975–1976». Saga.
- ↑ Steinsson, Sverrir (2015 թ․ հունիս). Why Did the Cod Wars Occur and Why Did Iceland Win Them? A Test of Four Theories (Master's) (published 2015 թ․ մայիսի 4). hdl:1946/20916. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «United Nations Conference on the Law of the Sea, 1958». United Nations. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ * «The Cod Wars». The National Archives. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին
- «Icy fishing: UK and Iceland fish stock disputes» (PDF). House of Commons Library. 2012 թ․ դեկտեմբերի 19. էջ 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 20,0 20,1 «The United Nations Convention on the Law of the Sea (A historical perspective)». United Nations. 1998. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. Hafréttarstofnun Íslands. էջեր 61–62.
- ↑ Ingimundarson, Valur (1996). Í eldlínu kalda stríðsins. էջ 377.
- ↑ Jón Björnsson, Íslensk skip. vol. III. Reykjavik. 1990 p. 8-142 9979-1-0375-2
- ↑ Sveinn Sæmundsson, Guðmundur skipherra Kjærnested, Örn og Örlygur. Reykjavík. 1984. p. 151.
- ↑ Jóhannesson, Gudni Thorlacius (2004 թ․ նոյեմբերի 1). «How 'cod war' came: the origins of the Anglo-Icelandic fisheries dispute, 1958–61». Historical Research. 77 (198): 567–568. doi:10.1111/j.1468-2281.2004.00222.x. ISSN 1468-2281.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2003). «Did He Matter? The Colourful Andrew Gilchrist and the First Cod War». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Háskólabókasafn, Landsbókasafn Íslands-. «Tímarit.is». timarit.is (իսլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Ingimundarson, Valur (1996). Í eldlínu kalda stríðsins. էջեր 33–34.
- ↑ Ingimundarson, Valur (2002). Uppgjör við umheiminn. էջեր 33, 36.
- ↑ Bakaki, Zorzeta (2016 թ․ հունվարի 1). «Deconstructing Mediation: A Case Study of the Cod Wars». Negotiation Journal (անգլերեն). 32 (1): 63–78. doi:10.1111/nejo.12147. ISSN 1571-9979.
- ↑ «Second United Nations Conference on the Law of the Sea, 1960». United Nations. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Hart, Jeffrey A. (1976). The Anglo-Icelandic Cod War of 1972–1973. Berkeley: University of California. էջեր 19, 24.
- ↑ Guðmundsson, Guðmundur J. (2000). «Þorskar í köldu stríði». Ný Saga: 67–68. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Icelandic Fisheries». Commons and Lords Hansard, the Official Report of debates in Parliament. UK Parliament. 1973 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Inimundarson, Valur (2002). Uppgjör við umheiminn. էջեր 146, 162–163.
- ↑ Ingimundarson, Valur (2002). Uppgjör við umheiminn. էջ 147.
- ↑ «History of the Cod Wars Part 3». BBC Four. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին – via YouTube. Archived at Ghostarchive.
- ↑ Couhat, Jean Labayle (1988). Combat Fleets of the World 1988/89: Their Ships, Aircraft, and Armament. Naval Institute Press. էջ 265. ISBN 0870211943. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Sæmundsson, Sveinn (1984). Guðmundur skipherra Kjærnested. Örn og Örlygur
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 82.
- ↑ Flintham, Vic (2008). High Stakes: Britain's Air Arms in Action 1945–1990. Pen and Sword. էջ 347. ISBN 978-1844158157.
- ↑ 42,0 42,1 Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 90.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 91.
- ↑ «Icelandic Ship Shells British Trawler After Chase». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1973 թ․ մայիսի 27. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «A Shelled Trawler Repaired by British». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1973 թ․ մայիսի 28. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Iceland Patrol Boat And British Frigate Are in a Collision». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1973 թ․ հունիսի 8. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Guðmundsson, Guðmundur Hörður. 15. Annað þorskastríðið. Tímabilið 19. maí 1973 til nóvember 1973 (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Hart, Jeffrey A. (1976). The Anglo-Icelandic Cod War of 1972–1973. էջ 44.
- ↑ «Dauðsfall um borð i Ægi: Var það alda frá Statesman, sem grandaði manninum?» [Death on board the Ægi: Was it the wake of the Statesman that killed the man?]. Tíminn (իսլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին – via National and University Library of Iceland.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 101.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 102.
- ↑ «Third United Nations Conference on the Law of the Sea, 1973–1982». United Nations. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 112.
- ↑ Storey, Norman, What price cod? A tugmaster's view of the cod wars. Beverley, North Humberside: Hutton Press. c. 1992. 1-872167-44-6
- ↑ 55,0 55,1 Atli Magnússon, Í kröppum sjó : Helgi Hallvarðsson skipherra segir frá sægörpum og svaðilförum. Örn og Örlygur. [Reykjavík]. 1992. p. 204–206 9979-55-035-X.
- ↑ Guðni Thorlacius Jóhannesson, Þorskastríðin þrjú: saga landhelgismálsins 1948–1976, Hafréttarstofnun Íslands. Reykjavík. 2006. 9979-70-141-2.
- ↑ S. Crosland. Tony Crosland. Cape. London (1982)
- ↑ Chris Parry (2013). Down South: A Falklands War Diary. London: Penguin.
- ↑ Ships Monthly, Vol. 39, p. 35. Endlebury, 2004
- ↑ «Tuesday 30 March 1993». hansardarchiv.es. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Jane's fighting ships: the standard reference of the world's navies. London.
- ↑ Atli Magnússon, Í kröppum sjó : Helgi Hallvarðsson skipherra segir frá sægörpum og svaðilförum. Reykjavik: Örn og Örlygur. 1992. pp. 201–202
- ↑ Óttar Sveinsson, Útkall: Týr er að sökkva. Reykjavik: Útkall. 2004. ISBN 9979-9569-6-8.
- ↑ Roberts, John (2010). Safeguarding the Nation: The Story of the Modern Royal Navy. Seaforth Publishing. էջ 119. ISBN 978-1848320437.
- ↑ «Conflict at sea during furious 1970's Cod Wars». The News (անգլերեն). Portsmouth. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Cod Wars». britishseafishing.co.uk. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Jóhannesson, Guðni Th. (2006). Þorskastríðin þrjú. էջ 145.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դմիտրի Կուլիկ. «Ձողաձկան պատերազմ». Ռուսական Գերմանիա, № 41, 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- «Հետազոտության Թեդ կենտրոն». // .american.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- Ռոյ Հաթթերսլի. «Իսլանդիայի հետ խնդիրներ մի՛ ունեցիր». հոկտեմբերի 11, 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
- Յուրի Գուդիմենկո. «Ձողաձկան պատերազմի ծաղրերգական նկարագիր (18+)». site.ua.