Միջազգային ծովային իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջազգային ծովային իրավունք, միջազգային իրավունքի ճյուղ, որը կարգավորում է համաշխարհային օվկիանոսի օգտագործման հետ կապված պետությունների հարաբերությունները առևտրի և ռազմ, ծովագնացության, ձկնորսության, ծովային պաշարների օգտագործման, գիտության ասպարեզում։ Միջազգային ծովային իրավունքը ընդգըրկվում է ծովային իրավունքի մեջ, որն իր հերթին ամփոփում է Միջազգային ծովային հանրային իրավունքը (միջազգային ծովային հարաբերությունների կարգավորման հարցերով պետությունների միջև կնքված պայմանագրեր ու համաձայնագրեր, նրանց գործունեությամբ ձևավորված սովորութային նորմեր), միջազգային ծովային մասնավոր իրավունքը ինչպես այս կամ այն երկրի ներքին օրենսդրության կոլիգիոն նորմերը (տես Միջազգային մասնավոր իրավունք), այնպես էլ միջազգային համաձայնագրային նորմերը, որի մասնակիցը այս կամ այն պետությունն է և ազգային ծովային իրավունքը (ծովային իրավունքի հարցեր, որոնք տարածվում են պետության ներքին, տերիտորիալ ջրերի նկատմամբ ևն)։ Միջազգային ծովային իրավունքի նորմերը մշակվել են պետությունների միջև տնտեսական կապեր հաստատելու պահից և անցել պատմական զարգացման երկարատև ուղի։ Ի սկզբանե պետության տերիտորիա հասկացվել է նրա ցամաքային տարածությունը։ Ծովը դիտվել է կամ որպես տերիտորիայի սահմանազատ գոտի և համընդհանուր սեփականություն, կամ «ոչ ոքի չպատկանող տարածություն»։ Առանձին պետություններ (Հին Հռոմ, Զենովա, Վենետիկ և այլն) ձգտել են ծովը, նրանից ստացվող բոլոր բարիքները յուրացնել։ Բոլոր երկրներին (ժողովուրդներին) ծովերից օգտվելու իրավունք վերապահելու սկզբունքների ու նորմերի համակարգման փորձեր արվել են հին դարերում (Հռոդոսյան ծովային օրենք) և միջնադարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 576 CC-BY-SA-icon-80x15.png