Հայաստանի առաջին բաժանում
Հայոց պատմություն | |
---|---|
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Հայաստանի առաջին բաժանում կամ Մեծ Հայքի բաժանում, 387 թվականին Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը[1]։
Հռոմեա-պարսկական պայքար
[խմբագրել | խմբագրել կոդը]226 թվականին Սասանյանները Պարսկաստանում հասնում են արքունի իշխանության և ասպարեզից հեռացնում նախորդ արքայատոհմին՝ Արշակունիներին։ Երկրի ներսում կարճ ժամանակ անց հաստատվում է կենտրոնաձիգ իշխանություն, ինչը հիմք է հանդիսանում նոր տարածքներ նվաճելու քաղաքականությանը։ Այդ հարցում պարսիկների հիմնական ախոյանը Հռոմեական կայսրությունն էր։ Արշակունիների կրտսեր ճյուղերը շարունակում էին իշխել Մեծ Հայքում, Վիրքում ու Աղվանքում։ Սասանյանները որոշում են ասպարեզից հեռացնել նաև նրանց, և հսկողության տակ առնել ամբողջ Միջագետքը, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը։ Հռոմն այստեղ հանդես եկավ վերոնշյալ պետությունների պաշտպանությամբ։
301 թվականին հայոց Արշակունի թագավոր Տրդատ Գ Մեծը (287-330) քրիստոնեությունն ընդունում է որպես հայոց պետության պաշտոնական կրոն, քառորդ դար անց այսպիսի դարակազմիկ իրադարձություն է տեղի ունենում նաև Վրաստանում և Աղվանքում։ Դա վերջնականապես հեռացնում է հայերին և Կովկասի ժողովուրդներին զրադաշտական պարսիկներից։ Հռոմի և Պարսկաստանի միջև հերթական խոշոր ռազմական ընդհարման արդյունքում 363 թվականին կնքվում է Մծբինի հաշտության պայմանագիրը[2]։ Համաձայն դրա՝ Հռոմը հրաժարվում է անդրտիգրիսյան այն երկրներից, որոնք Մծբինի 298 թվականի դաշնագրով անցել էին կայսրությանը՝ Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք, եւ Ռեհիմենե։ Բացի այդ, Հռոմը պարտավորվում է չօգնել Մեծ Հայքին, եթե Շապուհ II-ը պատերազմ սկսի նրա դեմ[3]։ Հաջորդ տարի սկսեց հայ-պարսկական քառամյա պատերազմը, որն ավարտվեց Մեծ Հայքի պարտությամբ։ Սկիզբ դրվեց Հայաստանի նվաճմանը[4]։
Մեծ Հայքի թուլացում
[խմբագրել | խմբագրել կոդը]364 թվականին Հռոմում գահ բարձրացած Վաղես կայսրը որոշ ժամանակ անց սատարում է Մեծ Հայքին՝ ընդդեմ պարսիկների։ Հայաստանում գահ է բարձրանում Արշակ Բ-ի (350-368) որդի Պապը (368-374)։ Ժամանակավոր հաջողություններից հետո կայսրը վեստգոթերի դեմ մարտում զոհվում է։ Հռոմեական կայսրությունը ստիպված էր պաշտպանել սեփական սահմանները բարբարոս ցեղերից՝ Առաջավոր Ասիան թողնելով երկրորդական պլան։ Միևնույն ժամանակ Հռոմում տեղի է ունենում մեկ այլ կարևոր իրադարձություն. 381 թվականի Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում քրիստոնեությունը հայտարարվում է Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնը։ Դրանով Հռոմը նաև ցույց էր տալիս, որ մտադրություն չունի պարսիկներին զիջել քրիստոնեական տարածքները՝ Սիրիան, Հայաստանը, Միջագետքը։
Մեծ Հայքում այդ ժամանակ թագավորական գահին էր Պապ թագավորի մանկահասակ որդին՝ Արշակը։ Նրան սատարում էր Հռոմեական կայսրությունը, իսկ երկրի ներսում՝ արքունիքի մեծ մասը, այդ թվում՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանը։ Վերջինս Հայաստան էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, երկրից արտաքսել Հռոմի դրածո Վարազդատ արքային։ 385 թվականին պարսից արքան պարսկական ազդեցության տակ գտնվող հայ նախարարությունների համար թագավոր է նշանակում Խոսրով Արշակունուն։ Արշակը հարկադրված է լինում տեղափոխվել Արևմտյան Հայաստան և կառավարել հռոմեական ազդեցության տակ գտնվող նախարարություններրը[5]։
Երզնկայի պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի վերջին կայսր Թեոդոս I Մեծը (379-392) և պարսից շահ Շապուհ III-ը (384-388), երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 387 թվականին կնքեցին Երզնկայի հաշտության պայմանագիրը, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև. արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց Արշակ Գ-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ Խոսրով Դ-ն։
Հռոմին անցավ Մեծ Հայքի միայն արևմտյան փոքր հատվածը՝ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները. Փոքր Հայքն անկախությունը կորցրել էր դեռ Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում։ Հռոմը հրաժարվաում էր նաև Վիրքից և Աղվանքից[6]։ Մեծ Հայքի մնացած 12 նահանգները անցան Պասրկաստանին, սակայն ոչ որպես վարչատարածքային մեկ միավոր. Պարսկահայքը և Փայտակարանն ընդգրկվում են Ատրպատականի սահմաններում։ Դրանք աստիճանաբար զրկվում են հայկական ինքնությունից և այլևս երբեք որևէ հայկական իշխանության կամ թագավորության մեջ չեն մտնում։ Գուգարաց բդեշխութունը, ինչպես նաև Ջավախքը և Կղարջքը միանում են Վիրքին, իսկ Ուտիքը և Արցախը՝ Աղվանքին[7]։
Արշակունիների թագավորական իշխանությունն Այրարատից բացի տարածվում էր Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Մոկք, Տայք աշխարհների վրա։ Դրանց առավել ազդեցիկ նախարարները՝ Սյունիները, Արծրունիները, Մամիկոնյանները, Ռշտունիներն ու Բագրատունիները, միշտ չէ, որ համատարած ընդունում էին թագավորի իշխանությունը։ Կենտրոնախույս ձգտումներ ունեին նաև ավելի նվազ իշխանական տները։ Արդյունքում չորս տասնամյակ անց՝ 428 թվականին, հայ նախարարները դիմում են պարսից արքունիքին՝ իրավազրկել հայոց արքային և Հայաստանը վերածել մարզպանության։ Որոշ ընդհատումներով ավելի քան հազար տարի (մ.թ.ա. 612 - մ.թ. 428) գոյատևած հայոց թագավորությունը թուլանում և անկում է ապրում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լեո, «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան։ «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 487-500
- ↑ Potter, David S., The Roman Empire at Bay, AD 180-395, Routledge, (Taylor & Francis Group, 2004), p520 & p527
- ↑ Beate Dignas & Engelbert Winter, Rome & Persia in Late Antiquity; Neighbours & Rivals, (Cambridge University Press, English edition, 2007), p131.
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 24-27
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 260-261
- ↑ Ronald Grigor Suny, The Making of the Georgian Nation
- ↑ Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45. Արխիվացված 2014-04-07 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
|