Jump to content

Եմենի հնադարյան քաղաքակրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արձանագրություն, որտեղ հիշատակվում է Ալմաքահ աստծո անունը, մ. թ. ա. 7-րդ դար

Եմենի հնադարյան քաղաքակրթություն, մարդկությանը հայտնի ամենահին քաղաքակրթությունը Արաբական թերակղզու տարածքում։ Եմենի (Հարավային Արաբիա) պատմությունը ավելի հեշտ է վերականգնել՝ ի տարբերություն Արևելյան կամ Հյուսիսային Արաբիայի։ Դեռ վերջնական չեն հավաստիացվել գիտնականների փորձերը՝ իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ դասավորելու համար։ Առավել դժվար է ներկայացված Հարավային Արաբիայի պատմության վաղ շրջանը։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, երբ Մերձավոր Արևելքում տարածվեց հելլենիզմի (հունականություն) դարաշրջանը, հույն և հռոմեացի առևտրականների, պատմաբանների ու հետախույզների թողած տեղեկությունների շնորհիվ Եմենի պատմությունը առավել հստակ է ներկայացված։

Կահտան ցեղային միություն (մ.թ.ա. 23 - մ.թ.ա. 8-րդ դար)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հունաստանի պատմության ընթացքում մ.թ.ա. 5 -րդ դարից մինչև մ.թ.ա. 4-րդ դարերը բնորոշվում են որպես դասական ժամանակաշրջան: Հույները առավելագույն նվաժումների էին հասել գիտության, մշակույթի ու արվեստի բնագավառներում։ Փիլիսոփայությունից ճյուղավորվեցին և առանձին գիտություններ դարձան աշխարհագրությունը, աստղագիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան, լեզվաբանությունը։ Հույները սկսեցին կազմել քարտեզներ։ Արաբական թերակղզին դրանցում բաժանված է երեք հիմնական գոտիների՝ Լեռնային Արաբիա (Հիջազ, ալ-Ասիր), Ավազուտային Արաբիա (Մեծ Նեֆուդ, Դահնա, Ռուբ ալ-Խալի) և Երջանիկ Արաբիա (Եմեն)։ Եմենը Երջանիկ կամ Ֆելիքս Արաբիա էր կոչվում աշխարհագրական բարենպաստ դիրքի ու բարեբեր հողերի շնորհիվ։

Եմենում թափվում էին մուսսոնային առատ անձրևներ։ Նախկինում եղել, այսօր՝ մասամբ պահպանվել են արևադարձային մշտադալար անտառներ։ Դրանց մի մասը յուրացվել է գյուղատնտեսական նպատակներով։ Անտառներում կան Արաբական թերակղզում չհանդիպող տարբեր կենդանիներ՝ կապիկներ, վաղ անցյալում՝ փղեր, և այլն։ Այս բարենպաստ պայմանները նպաստեցին առաջին քաղաքակրթությունների ստեղծմանը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին այստեղ հիմնադրվեցին առաջին ցեղային միությունները։ Դրանք ստեղծվել էին բրոնզե դարում, երբ հիմնադրվել էին մոլորակի առաջին պետությունները՝ Հին Եգիպտոսի թագավորությունը, Միջագետքի քաղաք-պետությունները, Ինդոս և Գանգես գետերի հովիտների հնդկական, Հուանհե և Յանձ գետերի հովիտների չինական պետությունները։ Եմենի՝ մեզ հայտնի ամենահին ցեղային միությունը Կահտանն էր, արաբ․՝ قحطان‎‎‎ (մ.թ.ա. 23-8-րդ դարեր)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարանցիկ առևտուր

Եմենը տարանցիկ առևտրի կենտրոն էր հունական և փյունիկյան քաղաք-պետությունները ծով-ցամաք ճանապարհով Հնդկաստանի և Չինաստանի հետ կապելու ճանապարհին։ Առևտրական նավերը «Համեմունքների կղզիներից» ու Հնդկաստանից հասնում էին Արաբական ծով, որտեղ նրանց մի մասը ցամաքով՝ Իրանի տարածքով, անցնում էր Առաջավոր Ասիա, մյուս մասը ծովով շարունակում էր ճանապարհը դեպի Եմեն։ Այստեղ՝ Կանա նավահանգստում կայանելով, նրանք առևտրական քարավաններով անցնում էին հյուսիս՝ Պաղեստին և Եգիպտոս։ Ճանապարհն անցնում էր Հիջազի լեռների հողմահայաց լանջերին գտնվող Թիհամայի դաշտավայրով։ Հետագայում այստեղ ձևավորվում են խոշոր քաղաքներ Մեքքան, Յասրիբը, ալ-Թաիֆը և այլն։

Հարավային Արաբիայում հիմնական առևտրական պետությունը եղել է Մաինը, ում ձեռքում էլ եղել է այսպես կոչված “խունկի ճանապարհը”: Նրանց առևտրական քարավանները հասել են մինչև Էգեյան ծով և Միջագետք։ Հետագայում, երբ Մաինը ընկնում է Սաբայի տիրապետության տակ, իր ձեռքն է վերցնում առևտրական ճանապարհները։ Իսկ Կաթաբանի և Հադրամաութի առևտրական քարավաները Պարսից ծոցի միջոցով հասել են մինչև Եփրատ և Տիգրիս, իսկ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի միջոցով առևտուր են արել Արևելյան Աֆրիկայի երկրների հետ։ Միջազգային տարանցիկ առևտուրը և աշխարհագրական բարենպաստ պայմանները զարկ են տալիս Եմենի տնտեսությանը։ Հիմնվում են առաջին քաղաքները, որտեղ կատարվում էր գյուղ-քաղաք ապրանքափոխանակությունը և առևտուրը։ Գյուղերում մշակվում էին զանազան արևադարձային մրգեր՝ խաղող, արմավ, թուզ, դեղձ, ձիթապտուղ և այլն։ Հացահատիկային մշակաբույսերից տարածված էր ցորենը, բրինձը, գարին։ Գյուղատնտեսությունը հնարավոր էր միայն արհեստական ոռոգման համակարգի շնորհիվ, այդ պատճակով կառուցվում էին պատնեշներ և այլ անհրաժեշտ կառույցներ ոռոգումն իրականացնելու նպատակով։ Հատկապես նշանավոր էր Մարիբյան ամբարտակը (600 մ երկարությամբ, 15 մ բարձրությամբ), որը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում և 13 տարի օգտագործվել է։ Լեռան լանջերին անգամ զբաղվել են խաղողագործությամբ։ Եմենցիները հաց էին պատրաստում նաև արմավի կորիզից առաջացած ալյուրից։ Զարգանում էր նաև անասնապահությունը, ընտելացվել էին ուղտերը, խոշոր և մանր եղջերավոր անասունները, որոշ թռչուններ։ Եմենում մշակվում է տեղական և եթովպական ծագում ունեցող մշակաբույսը՝ սուրճը։ Հետագայում, երբ արաբները ընդունում են իսլամ, սուրճը շարունակում է մնալ նրանց գլխավոր ըմպելիքը և հայտնի դառնում որպես «Իսլամի գինի»: Ուշ միջնադարում սուրճը դուրս է եկել թերակղզու սահմաններից և լայն տարածում գտել ամբողջ աշխարհում։

Հավատալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուբալի արձանը. պահվում է Դամասկոսի թանգարանում

Հին արաբական դիցաբանության մասին տեղեկություններ են պահպանվել Կենտրոնական և Հյուսիսային Արաբիաներում ապրող արաբների թողած արձանագրությունների միջոցով։ Արաբական դիցաբանության մասին մասնակի տեղեկություններ կան նաև հույն և հռոմեացի հեղինակների մոտ։ Շատ կարևոր աղբյուր է նաև Ղուրանը, սակայն ամենից կարևոր աղբյուրը Իբն ալ-Կալբիի (8-րդ դար) «Կուռքերի գիրքը»։ Հին արաբական դիցաբանությանը միասնական համակարգ չի եղել։ Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ցեղերը մշտական շփման մեջ են եղել միջագետքյան ժողովուրդների հետ և նրանց մշակույթները սինթեզվել են։ Տարբեր վայրերում միևնույն աստվածը կարող էր զբաղեցնել տարբեր դիրքեր, ունենալ նոր անուն նմանատիպ ֆունկցիաներով, իսկ մյուս կողմից կարող է լինեին աստվածներ տարբեր անուններով։ Հաճախ պատահող երևույթ էր աստվածների միաձուլումը, երբ այս կամ այն աստվածը ընդունվում էր նոր բնակչության կողմից։ Դա կատարվում էր ինչպես ցեղերի տեղաշարժման հետևանքով այնպես և ցեղերի միավորման ժամանակ։ Ամբողջ Արաբիայի տարածքում կարևոր տեղ էր զբաղեցնում լուսնի պաշտամունքը։ Արևը անապատային Արաբիայում ուներ ավերիչ աստծո պատկերացում։ Անձրևը, ամպրոպը ևս երկրպագվել են։ Գոյություն ունեին բնության և պտղաբերության, անասնաբուծության և այլնի աստվածություններ։ Ամեն կարևոր գործառույթ կատարում էր գերագույն աստվածը, որը համարվում էր տվյալ ժողովրդի նախահայրը, հովանավորողը, այդ պետության տերը, երկնքի աստվածը, մարդկանց և երկրի արարիչը, և որպես կանոն անձրև բերողը։ Ուշ ժամանակաշրջանում Հյուսիսային և Կենտրոնական Արաբիայում ստեղծվեց ընդհանուր աստված տեղային գերագույն աստվածների միաձուլման հետևանքով։ Այդ աստվածը Ալլահն էր։ Ալլահի կինը և աստվածամայրը Սիրիական անապատում համարվում է ալ-Լաթը։ Աստվածների համար կառուցվում էին սրբավայրեր, որտեղ գտնվում էր բեյթ-իլը ՝ «աստծո տունը», որը համարվում էր միաժամանակ և՛ աստծո կացարանը, և՛ աստծո մարմանցումը։ Բեյթ-իլը հանդիսանում էր կոշտ, մշակված, բուրգանման կամ կոնաձև քար, ժայռ, ծառ։ Երբեմն բետելի շուրջը կամ կուռքի մոտ կառուցվում էր շինություն խորանարդի ձևով՝ քաաբա (արաբերեն «խորանարդ»)։ Այդ սովորույթների մնացորդները ձևափոխված պահպանվել են իսլամում։

Ալ-Լաթ աստվածուհին

Եմենական դիցաբանությունն առաջացել է մ.թ.ա 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Հարավային Արաբիայում։ Եմենական դիցաբանության հիմքում դրված են հին արաբական դիցաբանական պատկերացումները։ Եմենական դիցաբանությունը չի ընկել օտարների ազդեցության տակ այնպես, ինչպես Հյուսիսային և Կենտրոնական արաբների դիցաբանությունները, քանի որ Հին Եմենը զարգանում էր յուրովի չնայած նրան, որ աշխույժ առևտրական և մշակութային կապի մեջ էր Միջագետքի, Սիրիայի, Հնդկաստանի և Արևելյան Աֆրիկայի հետ։ Սակայն այս ամենի հետ որոշ աստվածների կերպարներում հատկապես անունների ստուգաբանությունում երևում է միջագետքյան ազդեցությունը։ Եմենական դիցաբանությունում գոյություն ունեին առասպելներ նվիրված մի ամբողջ աստվածների սերնդի։ Լայնորեն օգտագործվում էին խորհրդանիշերը։ Եմենում աստվածները ունեին իրենց սուրբ կենդանիները (տոտեմական կերպարներ)։

Եմենական դիցաբանությունը չուներ մեկ համակարգ։ Հին Եմենի տարածքում գոյություն ունեին մի քանի պետություններ՝ Սաբա, Մաին, Հադրամաութ, Կաթաբան, Ավսան, որոնք մեկը մյուսի դիցաբանական համակարգի և պանթեոնների վրա ազդեցություն ունեին։ Նույնը վերաբերվում էր ցեղերին և նրանց միացություններին, որոնք չունեին ինքնուրույն պետություն, առանձին քաղաքներ և օազիսներ։ Ամեն տեղ առաջնային էր աստծո պաշտամունքը, որը համարվում էր տվյալ ազգի նախահայրը, տերը և հովանավորը։ Հին եմենական պանթեոնները տարբերվում էին իրենց կառուցվածքով, սակայն ունեին նաև նմանություններ։ Ընդհանուր բարձրագույն աստվածը բոլոր պանթեոններում համարվում էր Աստարը(Իշտար), որը մարմնավորում էր Վեներա մոլորակը, և նա հանդես էր գալիս տարբեր սեմական դիցապատմություններում։ Երկրորդը պանթեոնում տվյալ պետության հովանավորող աստվածն էր և տիրակալը։ Այդ դերը միշտ կատարում էր լուսնի աստվածը՝ Ալմաքահը Սաբայում, Ամմը՝ Կաթաբանում, Վադդը՝ Մաինում և այլն։ Հավանաբար այս բոլոր աստվածները հանդիսացել են մեկ աստծո ճյուղեր։ Երրորդը պետական պանթեոնի կազմում արևի աստվածն էր, որը որպես կանոն կին էր։ Ըստ երևույթի դա արևի աստվածուհի Շամեն էր, ում անունն արգելված էր և այն ընդհանուր էր բոլոր պանթեոններում։

Հին Եմենում գոյություն ուներ զարգացած ավանդություն՝ աստվածների պաշտամունք։ Կատարվում էին ծիսակատարություններ և կարևորագույններից մեկն էլ հանդիսանում էր Քայֆի ծեսը։ Այս ծեսը մտնում էր Սաբա և Կաթաբան պետությանների ղեկավարների պարտականությանների մեջ և հաճախ կատարվում էր գուշակների հրամանով։ Կարևոր դեր ուներ նաև որսորդության ծեսը, որը կատարում էին Սաբայի, Կաթաբանի և Հադրամաութի կառավարիչները։

Եմենական թագավորություններ (մ. թ. ա. 8 - մ.թ. 3-րդ դարեր)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաբայի թագուհին և Սողոմոն Իմաստունը

Սաբայի թագավորությունը (արաբ․՝ مملكة سبأ‎‎) առաջացել է Կահտան ցեղային միության տրոհումից անմիջապես հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում՝ այժմյան Եմենի մայրաքաղաք Սանաայի (արաբ․՝ صنعاء‎‎) շրջակայքում։ Նրա հիմնադրումը որոշ աղբյուրներում նշվում է մ. թ. ա. 10-րդ դարը՝ սաբացիներին (արաբ․՝ السبئيون‎‎) նույնեցնելով սաբիացիներ հետ (արաբ․՝ الصابئة‎‎)։ Գոյատևել է մինչև մ.թ. 275 թվականը։

Կահտան ցեղային միության տարածքում առաջացած ամենահայտնի ու հզոր այս պետության մասին առատ վկայություններ կան։ Սաբացիները հայտնի էին իրենց հավատարմությամբ Ալմաքահ աստծուն։ Որպես Սաբայի կենտրոն նշվում է Սիրուահ (արաբ․՝ صرواح ‎‎) քաղաքը։ Ապա Քարիբիլ Ուաթար արքան հիմնադրում է Մարիբ (արաբ․՝ مأرب‎‎) մայրաքաղաքը։ Տարբեր արքաների օրոք Սաբան գրավում էր նոր տարածքներ, և նվաճված ժողովուրդը պարտավորվում էր հարկ վճարել Ալմաքահ աստծուն։ Սաբայի մասին վաղնջական հիշատակությունը Աստվածաշնչյան պատմվածքն է, որն առնչվում է Սողոմոն Իմաստուն թագավորի կառավարման տարիների հետ (մ. թ. ա. 970 - մ. թ. ա. 931 թվականներ)։ Այն պատմում է, որ Սաբայի թագուհին, լսելով Սողոմոն թագավորի հռչակի մասին, եկել էր քննելու նրան դժվար հարցերով։ Նա Երուսաղեմ է ժամանում համեմունքներով, ոսկով և թանկարժեք քարերով բեռնված ուղտերով։ Տեսնելով թագավորի իմաստությունը, երկրի հարստությունը՝ թագուհին ասում է՝

- «Օրհնյա՜լ լինի քո աստվածը, որ քեզ Իսրայելի գահին է նստեցրել»
Մարիբ քաղաքի ավերակները

Մեկ այլ հիշատակությունը Սաբայի մասին արձանգարություն է, որտեղ կա այսպիսի մակագրություն՝ «Սաբան և միությունը»։ Սա վկայում է, որ մենք գործ ունենք մի դաշնության հետ, որի ղեկավարումը իր ձեռքն էր վերցրել Սաբան։ Այդ համաեմենական միությունը տևել է 4 դար՝ մ. թ. ա. 8-րդ դարից մինչև մ. թ. ա. 4-րդ դարը։

մ. թ. ա. 1-ին դարում ամենից հզոր թագավորությունը հնադարյան Եմենում Սաբան է եղել՝ ձգվելով Կարմիր ծովից մինչև արևելք՝ ներառելով Հադրամաութը։

Բրոնզե արձանիկ, մ. թ. ա. 6-5-րդ դարեր

Մաինի թագավորությունը (արաբ․՝ مملكة معين‎‎) նույնպես հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում, և գոյատևել շուրջ 800 տարի՝ մինչև մեր թվարկության 100 թվականը։ Այն տարածվում էր Սանաայից արևելք։ Նրա ծաղկման ժամանակաշրջանը մ. թ. ա. 6-րդ դարն է։

Ի տարբերություն մյուս երեք թագավորությունների՝ Սաբայի, Կաթաբանի և Հադրամաութի, Մաինի արքաները նվաճողական արշավանքներ չէր կատարել։ Մաինցիները հիմանականում զբաղվում էին առևտրով, հատկապես՝ խունկի առքուվաճառքով։ Նրանց քարավանները հասնում էին մինչև Եգիպտոս և Սիրիա։

Մաինի մայրաքաղաքը Կառնավ (արաբ․՝ قرنو‎‎) քաղաքն էր։

Հադրամաութի թագավորության (արաբ․՝ مملكة حضرموت‎‎) մասին տեղեկությունները ավելի աղքատիկ են։ Հայտի է, որ այն հիմնադրվել է Կահտան ցեղային միության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 8-րդ դարում, և գոյատևել մեկ հազարամյակ՝ մինչև մ. թ. 300 թվականը։ Նրա տարածքը համընկել է նախկին Եմենի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության տարածքին։ Այն մշտապես պայքարել է Սաբայի դեմ, որը ձգտում էր դառնալ տարածաշրջանում ամենից հզոր թագավորությունը։

Ավելի ուշ՝ մ. թ. ա. 4-րդ դարում, Հադրամաութն ընկնում է Մաինի թագավորության վերահսկողության տակ։ Իսկ արդեն մ.թ. 1-ին դարում Հադրամաութը համառ պայքար է մղում տարածաշրջանում իշխող դիրք գրաված Հիմյարի թագավորության հետ և հաջողությամբ կարողնում է հակահարված տալ։

Հադրամաութի մայրաքաղաքը Շիբվա քաղաքն էր (արաբ․՝ شبوة‎‎)։

Այնուամենայնիվ, 300 թվականին Հիմյարը նվաճում է Հադրամաութը՝ այսպիսով միավորելով Հարավային Արաբիան մեկ պետության մեջ։

Արձանիկ Կաթաբանի թագավորությունից

Կաթաբանի թագավորությունը (արաբ․՝ مملكة قتبان‎‎) հիմնադրվել է ավելի ուշ՝ մ. թ. ա. 4-րդ դարում և գոյատևել հինգ դար՝ մինչև մեր թվարկության 200 թվականը։ Այն առաջին անգամ հիշատակվում է Քարիբիլ Ուաթարի արձանագրության մեջ՝ որպես Սաբայի դաշնակից։ Տեղեկություններ կան Սաբայի և Կաթաբանի արքաների վեճերի մասին և մ. թ. ա. 3-2-րդ դարերում։ Կաթաբանը այն մերժում է Սաբայի իշխող դիրքը Հարավային Արաբիայում։

Կաթաբանի թագավորության մայրաքաղաքը Թիմնա (արաբ․՝ تمنع‎‎) քաղաքն էր։

Մ. թ. ա. 1-ին դարում Կաթաբանը թուլանում է, ապա՝ բաժանվում է Սաբայի և Հադրամաութի միջև։

2-րդ դարից սկսած Սաբայի, Մաինի, Հադրամաութի և Կաթաբանի պետությունները թուլանում են։ Նոր հիմնադրված Հիմյարի թագավորությունը կարողանում է միավորել Եմենի տարածքում առաջացած թագավորությունները։ Հիմյարի շրջանը տևում է մինչև 6-րդ դարի առաջին քառորդը։

Հիմյարի թագավորություն (2-րդ դար - 525 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աքսումի թագավորությունը և Եմենի թագավորությունները՝ Հիմյարի դարաշրջանից առաջ

Հռոմի առաջին կայսր Օկտավիանոս Օգոստոսը մ. թ. ա. 31 թվականին Ակցիումի ճակատամարտում պարտության է մատնում Մարկոս Անտոնիոսին և Կլեոպատրային, տիրանում է Եգիպտոսին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ և տերության վերահսկողության տակ վերցրեց Հնդկաստանից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները։ Նրան հատկապես հետաքրքրում էր Արաբիա Ֆելիքսիան, որը հռչակված էր խնկի առևտրով։ Այդ նպատակի համար մ.թ.ա 24 թվականին Հարավային Արաբիա է ուղևորվում զորավար Ալիուս Գալիուսը։ Իր վերադարձի ճանապարհին կատարում է շատ բացահայտումներ, որոնցից են.

- «...Քոչվորները սնվում են կաթով և վայրի կենդանիների մսով ու արմավով։ Արմավից ստանում են գինի, իսկ քնջութից՝ յուղ։ Հադրամաութցիները աչքի են ընկնում իրենց զինվորներով։ Հիմյարները ամենաբազամարդ ցեղն են, Սաբացիները հարուստ են՝ շնորհիվ իրենց ոսկու հանքերի, ոռոգվող գյուղատնտեսության և մեղրի ու մեղրամոմի...»

Վերոհիշյալ հիմյարցիների կենտրոնը Զաֆարն էր։ Հիմյարը նախկինում գտնվում էր Կաթաբանի տիրապետության տակ, բայց 1-ին դարում այն ամենաազդեցիկ դիրքն է գրավում տարածաշրջանում։ 1-ին դարի երկրորդ կեսին Հիմյարը իր տիրպետության տակ է վերցնում Սաբան և Հիմյարի թագավորները իրենց անվանում էին «Սաբայի և Զու Ռայդանի թագավորներ»։ Սա նշանակում է, որ Սաբան թուլացել էր ստիպված է եղել դաշինք կնքել Հիմյարի հետ։ Կաթաբանը և Մինան կորցրել էին իրենց ազդեցությունը ազդեզությունը և գտնվում էին Հիմյարի տիրապետության տակ։ 4-րդ դարի սկզբում Հիմյարի թագավոր Շամմար Յուհարիշը նվաճեց նաև Հադրամաութը, որը կարևոր դեր էր խաղում տարածաշրջանում։ Շամմար Յուհարիշ իրեն անվանում է «Սաբայի և Զու Ռայդանի և Հադրամաութի և Յամանթի արքա»։ Սա առաջին հիշատակությունն է, որտեղ Հարավային Արաբիան հիշատակվում է որպես միավորված մեկ պետություն։ Ողջ թագավորության տարածքում հիմնվում էին նոր քաղաքներ՝ երկհարկ շենքերով ու հասարակական կառույցներով։ Հատկապես զարգացած էր առևտուրը։ Զարգացած էր նաև գյուղատնտեսությունը, կառուցված էին ոռոգիչ ջրանցքներ։

Սակայն իրավիճակը փոխվեց 6-րդ դարում. Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանը ցանկանում էին տիրանալ Եմենին, քանի որ այդտեղով էր անցնում արևելքից եկող գլխավոր առևտրական ճանապարհները։ Բյուզանդիան այդ պայքարի մեջ օգտագործեց Եթովպիայում ստեղծված Ակցիումի թագավորությանը, ինչպես նաև նպաստում էր քրիստոնեության ներթափանցմանը Արաբիայում։ Քրիստոնեությունը և հուդայականությունը բավականին տարածված էին Եմենում։ Կոստանդին կայսրը ուղարկում է պատվիրակություն Հիմյարի թագավորի մոտ, որպեսզի վերջինս եկեղեցիներ կառուցելու թույլտվություն տա։ Քրիստոնեության տարածումը խորհրդանշում էր բյուզանդական ազդեցության տարածում։ Քրիստոնյաներին պաշտպանելու պատրվակով 6-րդ դարում Ակցիումի թագավորը պատերազմ է սկսում Հիմյարի դեմ։ Այդ ընթացքում Հիմյարը բավականին թուլանում է և ընկնում է Ակցիումի տիրապետության տակ։ Հիմյարում քրիստոնյա թագավոր նշանակվեց։ Երբ նա մահացավ, հրեաները ուժեղացել էին և իրենց թագավոր ընտրեցին։ Եթովպիան սա չհանդուրժեց. Էլլա Ասբեհան զորքով ներխուժեց Հիմյար և ճակատամարտում հաղթանակ տարավ՝ սպանելով թագավորին և շատ հիմյարցիների։ Հիմյարում թագավոր նշանակեց քրիստոնյա Աբրահային։ Աբրահան Եմենի վերջին մեծ միապետն էր՝ չնայած որ հարկ էր վճարում Եթովպիային։ Վերջին հիշատակվող տեքստը հնադարյան Եմենի մասին իրական փաստեր ունեցող լեգենդն է Սայֆ իբն Զի Յազանի մասին, ով դրսից օգնություն էր փնտրում, երբ Եթովպիան գերիշխող էր և ավելի դաժան։ Բայց նա սպանվում է մի խումբ եթովպացի ծառայողների կողմից։

Այնուհետև Եմենը անցնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ և այս վիճակը շարունակվում է մինչև վաղ մուսուլմանական պետության առաջացումը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]