Սողոմոն Իմաստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Åhus kyrka-07.jpg

Սողոմոն (եբր․՝ שְׁלֹמֹה՝ Շլոմո («Խաղաղասեր»)) Իմաստուն (մ․թ․ա․ մոտ 975—928), Հրեաստանի (Իսրայել-Հուդայի) թագավոր մ․թ․ա․ մոտ 950 թվականից։ Դավիթ թագավորի որդին, գահակիցը (մ․թ․ա․ 967 թվականից) և հաջորդը։ Հաղթել է թագապահանջ եղբորը՝ Ադոնիային, իրականացրել մի շարք վերափոխումներ։ Բազմաթիվ գավառների տրոհված թագավորությունը բաժանել է 12 նահանգի, որոնցից յուրաքանչյուրը տարին մեկ ամիս մթերք է մատակարարել արքունիքին։ Կենտրոնացրել է պետական կառավարման մարմինները, սահմանել կայուն հարկային կարգ, աշխատանքային և զինվորական պարտավորություններ, հզորացրել բանակը։ Դաշինք է կնքել Եգիպտոսի հետ՝ կնության առնելով փարավոնի դստերը, ամրապնդել հին հրեական պետության միջազգային դիրքը։ Շահավետ առևտրական պայմանագրեր է կնքել Փյունիկիայի Տյուրոս քաղաքի, Եգիպտոսի, Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ։ Ծավալել է շինարարական վիթխարի աշխատանք, վերականգնել մի շարք հին քաղաքներ, հիմնել նորերը, Երուսաղեմում կառուցել Եհովայի հռչակավոր տաճարը (հայտնի է նաև Սողոմոնի տաճար անունով)։ Սողոմոնի անվանն են վերագրում նաև քարակերտ երեք ավազանները, որոնցից ջուր է մատակարարվել Բեթղեհեմի և Երուսաղեմի բնակիչներին։ Իսրայելացիների և քանանա-ամորեական ցեղերի նկատմամբ Սողոմոնի վարած խտրական քաղաքականությունը հանգեցրել է խոր դժգոհության, որի հետևանքով Սողոմոնի մահից հետո Իսրայելն ապստամբել է և անկախացել։ Աստվածաշնչում Սողոմոնը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Սողոմոնին են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։

Սողոմոնի անունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլոմո անունը (Սողոմոն) եբրայերեն շալոմ բառից է, որը նշանակում է խաղաղություն։ Սողոմոնը հիշատակվում է Աստվածաշնչում նաև ուրիշ անուններով։

Աստվածաշնչյան պատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշունչը հիմնական աղբյուրն է, որը հիմնավորում է Սողոմոնի՝ որպես իրական պատմական անձնավորության գոյությունը։ Աստվածաշնչից բացի, Սողոմոն արքայի անունը հիշատակվում է նաև մի քանի անտիկ գրողների գրքերում, ինչի մասին գրել է Հովսեփոս Փլավիոսը։ Չհաշված Աստվածաշնչի պատմությունները, որոնք գրվել էին Սողոմոնի մահից 400 տարի[1] հետո, ոչ մի պատմական տեղեկություն նրա գոյության մասին հայտնաբերված չէ։[2] Այնուամենայնիվ, ընդունված է նրան համարել պատմական անձ։ Սողոմոնի անունը հիմնականում կապված է Երուսաղեմյան տաճարի ստեղծման հետ, որը կործանվեց Նաբուգոդոնոսոր II-ի կողմից։ Նրա անունը կապված է նաև մի քանի քաղաքների կառուցման հետ։[3][4] Հրեաների պատմության մեջ Սողոմոնի կառավարումը կոչվում է «ոսկե դար»։ Ինչպես սովորաբար լինում է, «արևանման» թագավորին բաժին էին հասնում աշխարհի բոլոր բարիքները, հարստություն, կանայք և անսահման խելք։

Իշխանության գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը գահը ժառանգեց Սողոմոնին, չնայած որ երեխաներից փոքրն էր։ Երբ Դավիթը ծերացավ, իշխանությունը փորձեց խլել Ադոնիան։ Նա դավադրություն կազմակերպեց՝ համագործակցելով Աբիաթամ քահանայապետի և Յովաբ զորավարի հետ։ Օգտվելով Դավթի թուլությունից՝ նա իրեն հայտարարեց թագավորության ժառանգ և կազմակերպեց ճոխ թագադրություն։ Սողոմոնի մայրը՝ Բերսաբեն և Նաթան մարգարեն Դավթին այդ ամենի մասին տեղյակ պահեցին։[5] Ադոնիան փախավ և թաքնվեց Սկինիայում։ Ադոնիայի զղջալուց հետո Սողոմոնը նրան ներեց։ Սողոմոնը հաշվեհարդար տեսավ նաև դավադրության մյուս անդամների հետ։ Այսպես՝ նա Աբիաթամին ժամանակավորապես հեռացրեց քահանայությունից, իսկ Յովաբին մահապատժի ենթարկեց, երբ վերջինս փորձում էր փախչել։ Մահապատիժն իրականացնողին Սողոմոնը նշանակեց զորքերի նոր հրամանատար։ Աստված տվեց Սողոմոնին իշխանություն պայմանով, որ նա չպետք է շեղվի Աստծուն ծառայելու պարտականություններից։ Այդ խոստման փոխարեն Աստված օժտեց Սողոմոնին իմաստությամբ և համբերությամբ։

Արտաքին քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոնի բարեկեցության հիմքը Եգիպտոսից Դամասկոս տանող առևտրական ճանապարհն էր, որն անցնում էր նրա տիրություններով։ Նա ռազմատենչ չէր, սակայն նրա տիրապետության տակ համախմբված Իսրայելը և Հուդան զբաղեցնում էին նշանակալից տարածքներ։ Սողոմոնը բարեկամական հարաբերություններ հաստատեց փյունիկյան թագավորի՝ Քիրամի (Խիրամ) հետ։ Մեծ շինարարական աշխատանքներ ծավալելու պատճառով Սողոմոնը Խիրամից պարտք վերցրեց և որպեսզի մարի այդ պարտքերը, պարտադրված եղավ Խիրամին զիջել բնակելի տարածքներ։

Իշխանության ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Աստվածաշնչյան տեղեկության՝ իմանալով Սողոմոնի իմաստության և փառքի մասին, նրա մոտ եկավ Շեբայի թագուհին, որպեսզի փորձի նրան հանելուկներով։ Սողոմոնն ի պատասխան թագուհուն տվեց «այն ամենը, ինչ նա ցանկացավ և խնդրեց»։ Շեբայի թագուհու մասին պատմությունները դարձան լեգենդ։ Այդ այցից հետո, համաձայն Աստվածաշնչի, Իսրայելում սկսվեց աներևակայելի բարգավաճում։ Սողոմոն արքայի պալատի գանձարան տարեկան մտնում էր 666 տաղանդ ոսկի։ Համարվում է, որ Սողոմոնը վերջ դրեց եգիպտացիների և հրեաների հազարամյա պատերազմին՝ կնության առնելով եգիպտական փարավոնի աղջկան։ Աստվածաշնչի համաձայն՝ Սողոմոնն ունեցել է 700 կին և 300 հարճ, որոնց թվում կային նաև այլազգիներ։ Նրանցից մեկը դառնալով նրա սիրելի կինը և ունենալով թագավորի վրա ավելի շատ ազդեցություն՝ համոզել է Սողոմոնին պատրաստել հեթանոս զոհասեղան և երկրպագել մայր հողի աստվածներին։ Դրա պատճառով Աստված բարկացավ Սողոմոնի վրա և խոստացավ շատ դժվարություններ տալ Իսրայելի ժողովրդին։ Սողոմոնը մահացավ մ.թ.ա 928 թվականին, 62 տարեկանում։ Լեգենդի համաձայն՝ դա եղավ այն ժամանակ, երբ նա հետևում էր նոր խորանի շինարարությանը։ Սխալից խոսափելու համար մտերիմները նրան չհուղարկավորեցին, մինչև որդերը չկերան նրա դիակը։ Միայն այդ ժամանակ նա համարվեց պաշտոնապես մահացած և հողին հանձնվեց։

Սողոմոնը իսլամում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուրանի համաձայն՝ Սուլեյմանը եղել է Դաուդ մարգարեի որդին։ Հորից նա ժառանգել էր բազմաթիվ գիտելիքներ և Ալլահի կողմից ընտրվել էր որպես մարգարե։ Ի դեպ, նրան տրված էր նաև միստիկ իշխանություն բազմաթիվ արարածների, այդ թվում ջիների նկատմամբ։ Նա ղեկավարում էր հզոր թագավորություն։ Իսլամական ավանդույթում Սուլեյմանը հայտնի է իմաստությամբ և արդարությամբ։ Նա համարվում է օրինակելի ղեկավարի։ Պատահական չէ, որ մուսուլմանական վանականները կրում էին նրա անունը։ Իսլամական ավանդույթն ունի որոշ զուգահեռներ Ագգադայի հետ, որտեղ Սողոմոնը ներկայացվում է որպես «մարդկանցից իմաստնագույնը, ով կարողանում էր խոսել գազանների հետ, որոնք հնազանդվում էին նրան»։

Կերպարը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն արքայի կերպարը ոգեշնչել է շատ պոետների և նկարիչների։ 18-րդ դարի գերմանացի պոետ Կլոպշտոկը նրան է ձոնել չափածո ողբերգություն, նկարիչ Ռուբենսը նկարել է «Սողոմոնի դատը» կտավը, Հենդելը օրատորիա է նվիրել, իսկ Գունոն՝ օպերա։ Կուպրինը օգտագործել է Սողոմոն արքայի կերպարը և «Երգ երգոցի» մոտիվները իր «Սուլամիթա» ստեղծագործությունում (1908 թ.)։ Լեգենդի մոտիվներով նկարահանվել է նաև «Սողոմոնը և Շեբայի թագուհին» պատմական ֆիլմը (1959

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 496 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Age of Solomon: Scholarship at the Turn of the Millenium (ed. Lowell K. Handy). Brill Academic Publishers, 1997. ISBN 9789004104761. Page 49.
  2. «Solomon (king of Israel)» (անգլերեն) 
  3. Roger S. Nam. Portrayals of Economic Exchange in the Book of Kings. Brill Academic Publishers, 2012. ISBN 9789004223936. Page 133.
  4. Megan Bishop Moore, Brad E. Kelle. Biblical History and Israel's Past. ISBN 9780802862600. Page 248.
  5. Չնայած դրան, Ադոնիան հետագայում խախտեց պայմանագիրը և մահապատժի ենթարկվեց:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]