Գրիգոր Վանցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Վանցյան
Դիմանկար
Ծնվել է1870
ԾննդավայրԲեժանո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել է1907
Մահվան վայրԹիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1890)
Երկեր«Պատմական քերականութիւն արեւլահայ լեզուի» (1906)
Մասնագիտությունլեզվաբան, մանկավարժ, գրական քննադատ և գրականագետ

Գրիգոր Խաչատուրի Վանցյան (1870, Բեժանո, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - 1907, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ լեզվաբան, գրաքննադատ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Վանցյանը ծնվել է 1870 թվականին, Ախալքալաքի գավառի Բեժանո գյուղում

Մանուկ հասակում մի կարճ շրջան սովորել է Սուրբ Մինաս եկեղեցուն կից գործող ծխական դպրոցում։ Նրա ծնողները, ապրելով նյութական չափազանց սուղ պայմաններում, ուսումնառության հարցում գրեթե ոչնչով չեն կարողացել օգնել իրենց որդուն, և վերջինիս մանուկ հասակից իր հովանու տակ է վերցրել քեռին՝ Գևորգ Խուդավերդյանը (մահ․ 1892 թ․)։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռու ջանքերով էլ Վանցյանը 1885 թվականի աշնանն ընդունվել է Ներսիսյան դպրոցի 2-րդ դասարան (այնտեղ սովորել է 1885–1890 թվականներին)։ Գրիգոր Վանցյանի ներսիսյանական և հետագա տարիների ընկերներից մեկը՝ ալեքսանդրապոլցի (այժմ՝ Գյումրի) Սիմեոն (Արսեն) Ղլտճյանն իր հուշերում պատմում է.

Վանցյանի գյուղացի ծնողքն անկարող էին նույնիսկ ամենաչնչին միջոց հայթայթել իրենց որդու ապրուստի համար, ուստի և քեռին, իր խիստ աղքատ միջոցներից ամսական ուղարկում էր երբեմն 3, երբեմն 4 ռուբլի։ Ահա այդ դրամով Վանցյանը ապրում էր, դպրոց հաճախում և իր աշխատասիրությամբ լավագույն սովորողների շարքը մտնում։ …Նյութական զոհողությունների գնով (իր վաստակածի 25 տոկոսը, ինչպես պատմում էր Վանցյանը) նա ամեն ինչ անում էր, միայն թե կարողանա օգնել քրոջ որդուն, նրան մարդ դարձնել[1]։

Ս. Ղլտճյանի վկայությամբ՝ Գրիգոր Վանցյանը, իրենց զանգեզուրցի ընկեր Արամ Առաքելյանն ու ևս մեկ ընկեր Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին ապրել են Թիֆլիսի Սերեբրեննայա փողոցում գտնվող մի բնակարանում՝ շուրջ 3 տարի գտնվելով նյութական ծանր պայմաններում, մինչև որ դպրոցի հոգաբարձությունը Ա. Առաքելյանին նշանակել է թոշակ, իսկ իրեն ու Գ. Վանցյանին ընդունել դպրոցի գիշերօթիկ աշակերտների շարքը[2]։ Մինչ այդ, երկու ընկերները՝ Ս. Ղլտճյանն ու Գ. Վանցյանը, շաբաթ և կիրակի օրերին երգել են Թիֆլիսի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցում ու դրա դիմաց ստացել շաբաթական վարձավճար։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոց

Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին Գրիգոր Վանցյանը մտերմանում է ապագա բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ[Նշում 1] Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի մտերմության, «հնգյակի» ձևավորման ու ընկերների միջև ձևավորված կապերի մասին հիմնական տեղեկությունները քաղված են Սիմեոն (Արսեն) Ղլտճյանի վերը նշված հուշագրությունից, մի դրվագ էլ վերցված է խմբակի մեկ այլ անդամի՝ Արամ Առաքելյանի պատմածից[3]։

Երբ վերջինս նյութական ծանր դրության պատճառով ուսումը կիսատ թողած (Ներսիսյան դպրոցում սովորել է 1883–1887 թվականներին) աշխատում էր Վրաստանի ու Իմերեթիայի թեմական կոնսիստորիայում, եկեղեցում երգելու բերումով ծանոթանում և մտերմանում է Ս. Ղլտճյանի հետ։ Այնուհետև Հովհաննես Թումանյանը վերջինիս ծանոթացնում է իր ներսիսյանական դասընկեր, Թիֆլիս վերաբնակված ախալցխացու ընտանիքից սերված Դաթիկո Շահլամյանի հետ։ Շուտով եռյակին միանում են ևս երկու ներսիսյանականցի՝ Արամ Առաքելյանն ու Գրիգոր Վանցյանը։ Այսպիսով՝ 1888 թվականի գարնանից (1887–1888 ուսումնական տարվա կեսեր)[4] 5 միմյանց գրեթե հասակակից հինգ հայ ներսիսյանականներ (որոնցից մեկը՝ նախկին) մտերմանալով, սկսում են հաճախակի հավաքվել Թիֆլիսի Նորաշենի փողոցում գտնվող Դ. Շահլամյանի սենյակում, որը գտնվում էր Հովհաննես Թումանյանի ապրած բնակարանի վերնահարկում։

Սկզբից «եռյակի», կարճ ժամանակ անց նաև «հնգյակի» կողմից Դ. Շահլամյանի սենյակում ձևավորված գրական-գեղարվեստական այս խմբակը հետագայում պետք է հիմք դառնար շուրջ մեկ տասնամյակ անց Թումանյանի տանը ձևավորվելիք «Վերնատան» համար[5]։

Վերնատուն և հարաբերություններ Հովհաննես Թումանյանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

18–19 տարեկան երիտասարդներից կազմված «հնգյակի» երեկոները Դ. Շահլամյանի սենյակում անցնում էին բուռն քննարկումների մթնոլորտում։ Հովհաննես Թումանյանը կարդում էր իր նոր գրած բանաստեղծությունները։ Նորաստեղծ խմբակի անդամ Ա. Առաքելյանն այսպես է նկարագրում իրենց առաջին հանդիպումը.

Նշանակված օրը հավաքվեցինք Շահլամյանի մոտ։ Այնտեղ էր և Հովհաննես Թումանյանը։ Մեր խոսակցությունը Թումանյանի գրվածքների շուրջն է պտտվում։ Վերջում առաջարկեցինք հրապարակ բերել իր գրվածքները և հնարավորություն տալ մեզ ծանոթանալու։ Թումանյանը համեստորեն հրաժարվում էր, պատճառաբանելով, թե մի առանձին արժեքավոր բան չեն ներկայացնում այդ գրվածքները։ Մեր համառությանն ու պնդումներին նա ստիպված եղավ զիջել։ Իսկույն ևեթ գնաց և իր բնակարանից, որ նույն տան միջին հարկումն էր գտնվում, բերեց գրելու թղթի թերթերից կարած մի մեծ տետր, մատիտն էլ թելով վրան կապած։ Տետրը ձեռքե-ձեռք անցավ, և թերթել սկսեցինք ու կարդալ մեկը մյուսի ետևից «Շունն ու Կատուն», «Արև ու Լուսին», «Ամառվա գիշերը գյուղում», «Գութանի երգը», «Աղոթք», «Հին օրհնություն», «Մարո», «Ալեք», «Նահատակ», «Լոռեցի Սաքոն» և մեկը մյուսից գեղեցիկ ու գողտրիկ ոտանավորները[6]։

Այնուհետև, 1889 թվականին խմբակը որոշում է հրատարակել 20-ամյա Հովհանյանի Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն և ձեռնամուխ է լինում դրա կազմմանը[7]։ Նրանց հետ չի պահում անգամ նյութական միջոցների իսպառ բացակայությունը. վերջիններս որոշում են մեկնել գավառներ (Ա. Առաքելյանը՝ Ախալցխա, Գրիգոր Վանցյանը՝ Ախալքալաք, Ս. Ղլտճյանը՝ Շիրակ, իսկ Հովհ. Թումանյանն ու Դ. Շահլամյանը մնում են Թիֆլիսում) և կազմակերպել հրատարակվելիք գրքի բաժանորդագրությունը։

Այսպիսով է լույս աշխարհ գալիս Հովհաննես Թումանյանի առաջին գիրքը[8]։

Մի քանի տարի անց՝ 1893 թվականի ապրիլի 8-ին, Գրիգոր Վանցյանը Հովհաննես Թումանյանին Ախալքալաքից գրած նամակով, խոսելով բանաստեղծի առաջին շրջանի բանաստեղծություններից մեկի՝ «Կանչի» մասին, իր հիացմունքն է հայտնում հետևյալ խոսքերով.

«Կանչը» ամեն տեղ ֆուրոր է անում. «Это действительно высокохудожественное произведение». Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունդ բավական էր քեզ բանաստեղծի կոչմանն արժանացնելու։ Ունիս, այո՛, ուրիշ գեղեցիկ բաներ, ունիս և շատ թույլ բաներ, բայց «Կանչը», դա գլուխգործոց է, դա մի գոհար է[9][Նշում 2]։
Վերնատան հիմնական անդամները Թումանյանի հարկի տակ

1901 թվականին, երբ Հովհաննես Թումանյանը հանգստանում էր Ախալցխայի Ուրավել առողջարանում, նամակներից մեկում նշում է, որ այնտեղ ոչ միայն ճանաչում են իր բանաստեղծությունները, այլև շատերն անգիր գիտեն իր «Եթե կաս, աստված» («Կանչ» բանաստեղծության առաջին տողն է) ոտանավորը[10]։ Ընկերները մեծ վիշտ ապրեցին, երբ Դ. Շահլամյանը, գտնվելով հոգեկան ծանր ապրումների մեջ, 1894 թվականին ինքնասպանությամբ հեռացավ կյանքից։ Հետագայում՝ 1908 թվականին, նույնը պետք է տեղի ունենար նաև «հնգյակի» մեկ այլ անդամի՝ Գրիգոր Վանցյանի հետ։

Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի՝ պատանեկան տարիների հարաբերությունները հետագայում ծնունդ տվեցին բանաստեղծի մեկ այլ ստեղծագործության՝ «Փարվանա» բալլադին։ Ջավախքում Փարվանա լճի և կրակի մեջ այրվող թիթեռների մասին տարածված զրույցները Հովհաննես Թումանյանն առաջին անգամ լսել է Վանցյանից։ Այս մասին խոստովանում է ինքը՝ բանաստեղծը, «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» վերնագրի «Փարվանա, Վանցյան և Փշրանքներ թե Ջավախքի բուրմունք» ինքնակենսագրական գրառումների մեջ (Թումանյանն այստեղ հիշատակում է այն սկզբնաղբյուրները, որոնց շնորհիվ մտահղացել է գրելու իր այս կամ այն գործը)[11]։

Վանցյանի և Թումանյանի միջև նամակագրական կապը շարունակվում է հետագայում, երբ Գրիգոր Վանցյանը 1890-ական թվականներին արդեն ուսուցիչ էր, այնուհետև ուսանող։ Նամակների բովանդակությունը հիմնականում վերաբերում է երկու մտերիմ ընկերների միջև տեղի ունեցող գրքափոխանակությանը, Հովհաննես Թումանյանի անդրանիկ ժողովածուների տպագրության և բաժանորդագրության հարցերին[Նշում 3], Գ. Վանցյանի՝ գավառներից արված թղթակցություններին, հետաքրքրվել են ինչպես իրենց, այնպես էլ մյուս ընկերների վիճակով։

Գրիգոր Վանցյանն իր նամակներում հաճախակի անդրադարձել է նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների քննության հարցին, երբեմն ահանման հորդորով դիմել բանաստեղծին. « ... Չմոռանաս նախկին ուղղությունդ, չմոռանաս այն ժողովուրդը, որ քեզ ծնել է. երգի՛ր ժողովրդի ցավն ու վիշտը, հոգսն ու թշվառությունը։ Սաքոներիդ ձեռից բաց չթողնես»[12]։ Մեկ այլ նամակում Թումանյանի ստեղծագործությունները բնութագրում է որպես «ժողովրդական ոգու արտահայտություն՝ արվեստով արտաբերված»[13]։ Հայրենիքում չորս տարի ուսուցչությամբ զբաղվելուց և իր ուսումնասիրությունների համար դաշտային նյութեր հավաքելուց հետո Վանցյանը մեկնում է Մոսկվա, ապա՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղից էլ՝ Ավետիք Արասխանյանի միջնորդությամբ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հոգաբարձությունն իր որոշմամբ ու միջոցներով նրան ուղարկում է Գերմանիա, որտեղ պետք է սովորեր մանկավարժություն[14]։ 1895–1899 թվականներին Վանցյանը սովորում է Բեռլինի համալսարանում, որը, չնայած ուսումնառության հաջող ընթացքին, չի կարողանում ավարտել, քանի որ Ներսիսյան դպրոցի հոգաբարձությունը չի ցանկանում ևս մեկ տարով երկարացնել Վանցյանի ուսման շրջանը, որպեսզի դրանով վերջինս կարողանար գրել իր դիսերտացիան ու ներկայանար քննության[15]։

Բեռլինից ևս շարունակվում է Գրիգոր Վանցյանի նամակագրությունը Թումանյանի հետ։ Հատկապես հետաքրքրական է 1895 թվականի դեկտեմբերի 18-ին նրա գրած նամակը, որտեղ պատմելով Գերմանիայում իր ուսանողական կյանքի, գերմանացիների կենցաղի ու սովորույթների մասին, մասնավորապես գրում է.

Չգիտեմ քեզ ի՞նչ է պատահել. քնարդ լռեցրել ես։ «Հորիզոն» մի՞թե այլևս չպիտի հրատարակեք։ – Բաց արա քնարիդ ձայնը լսենք և ուրախանանք։ Գեթ նամակ գրի՛ր, երկա՛ր, մանրամասն։ Թիֆլիսից չենք ստանում համարյա ո՛չ լրագիր և ո՛չ նամակ. ուստի երևակայիր, որ քու նամակդ եթե բազմաբովանդակ լինի ամեն տեսակ մեր ներքին և արտաքին կյանքին վերաբերող լուրերով, Բեռլինի ամբողջ հայ ուսանողության շնորհակալությանը պիտի արժանանաս[16]։

Գրիգոր Վանցյանի և Հովհաննես Թումանյանի՝ միմյանց ուղղված նամակներից մի քանիսը հրապարակվել են «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» նյութերի ժողովածուների հատորներում։ Որոշ նամակներ չեն պահպանվել, իսկ մնացած մասը գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Հովհաննես Թումանյանի ֆոնդում։

Հրապարակումներ մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Վանցյանը Ներսիսյան դպրոցում ուսումնառությունից հետո ուսուցչությամբ է զբաղվել հայրենի Ջավախքում՝ Ախալքալաքում՝ միաժամանակ աշխատակցելով Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» ամսագրին[17]։ Դեռևս ուսանելու տարիներին նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել լեզուների ազգակցության, առանձին ժողովուրդների ծագումնաբանական խնդիրների նկատմամբ, կատարել ուսումնասիրություններ բոշաների շրջանում և երկու մասով հրատարակել է «Հայ բոշաներ» աշխատությունը[18], որը հանդիսացել է նրա առավել ծավալուն աշխատանքի մի մասը. «... մեր աշխատակից պ. Գ. Վանցյանը գրում է մեզ՝ թե այդ հոդվածը հանված է իր մի ավելի ընդարձակ աշխատասիրությունից...»[19]: Հետագայում «Մուրճ» ամսագրում տպագրված այս աշխատությունը թարգմանվում է ռուսերեն և ընդգրկվում «Կովկասի տեղանքի և ցեղերի նկարագրության նյութերի» բազմահատոր ժողովածուի մեջ[20]։ Ռուսերեն այս տարբերակն էլ իր հերթին թարգմանվել և տպագրվել է Փարիզում լույս տեսնող «Բանասեր» հանդեսում[21]։ Գրիգոր Վանցյանի այս աշխատանքի առթիվ կենսագիր Հ. Ք. Չրաքյանը գրում է.

Կարելի է ըսել թե նա Ախալքալաքի և շրջակա գյուղերուն մեջ ցրված ամեն մեկ Հայ–Բոշա ընտանիքի մեջ մտած է, ուսումնասիրած է անոնց նիստ ու կացը, կենցաղը, սովորությունները, ընտանեկան կյանքը և գլխավորապես Բոշաներու լեզուն[22]։

Շուրջ երկու տարի անց՝ 1894 թվականին, Գ. Վանցյանը հրապարակում է բոշաների մասին իր անտիպ աշխատության մի նոր հատված՝ «Պատմական ակնարկ բոշաների անցյալից» խորագրով, ուր հեղինակն անդրադառնում է այդ ժողովրդի անվան, ծագումնաբանական, Հայաստան մուտքի և զբաղեցրած բնակավայրերի, նաև քրիստոնեացման խնդիրներին։

Չնայած «Մուրճ» ամսագիրը, ինչպես և վերջինիս անվան հիշատակումն արգելված էր Օսմանյան Թուրքիայի տարածքում և այնտեղ լույս տեսնող մամուլում, այդուհանդերձ, Վանցյանի սույն հոդվածը նույն ժամանակ ամբողջապես արտատպվում է Կ. Պոլսի «Հայրենիք» օրաթերթում[23]։ Բեռլինում ուսանելու ժամանակ՝ 1897 թվականին, դարձյալ «Մուրճ» ամսագրում տպագրում է հայ բոշաներին նվիրված ևս մեկ աշխատանք[24], որտեղ գնչու–բոշաների հոգեբանական, սովորութային գծերը քննելուց զատ, անդրադառնում է նաև վերջիններիս մտավոր ունակություններին, գիտության, արվեստի մեջ ունեցած դրսևորումներին։ Հեղինակն այստեղ թվարկում է տարբեր ազգերի մի շարք հայտնի անձանց անուններ, որոնք ծագումով այս ցեղից են։ Հայերի մեջ Վանցյանն առանձնացնում է Հարություն վարդապետ Ալամդարյանին, Քերովբե Պատկանյանին (Հ. Ալամդարյանի քրոջ զավակը, բոշայական ծագումը՝ մորական կողմից ծագումով բոշա) և աշուղ Հանես–օղլուն (ծննդյան անունով՝ Պողոս)։ Հայ բոշաների մասին նրա հոդվածաշարը ավարտվում է «Մուրճում» 1899 թվականին տպագրած գրախոսականով[25], որտեղ հեղինակն անդրադառնում է Վրթանես Փափազյանի հրատարակած և հայ-բոշաների կյանքը ներկայացնող աշխատությանը[26]։ Գրախոսականում Գրիգոր Վանցյանը թե՛ քննադատում է այդ աշխատանքը՝ անելով անհրաժեշտ դիտողություններ, թե՛ նշում է առավելություններն՝ արժևորելով դրանք։

Ախալքալաքում Գրիգոր Վանցյանի ուսուցչության տարիները (1890–1894) ներկայացնող մի փոքրիկ դրվագ է հիշատակում Հովհաննես Թումանյանի ուսանողական տարիների մտերիմներից Հովհաննես Խիզանյանը, որը 1894 թվականին ամռանը Անդրեաս Բարխուդարյանի հետ որոշել է գնալ Անի[27]։ Վերջիններս ընտրել էին Թիֆլիս–Միխայլովո (այժմ՝ Խաշուր) կայարան (երկաթուղով) – Բորժոմ–Բակուրիան–Ցխրա–Ծղարոյի լեռնանցք (Թռեղքի լեռներ)–Ախալքալաք (ոտքով) երթուղին։ Հովհաննես Թումանյանը Գրիգոր Վանցյանին և իրեն ծանոթ ախալքալաքցի այլ ուսուցիչներին ուղղված նամակներ է հանձնում Հովհաննես Խիզանյանին։ Դրանցում բանաստեղծը պատվիրում է պատշաճ ընդունել և աջակցել Հովհաննես Խիզանյանին ու իր ընկերոջը։ Արձագանքը լինում է․

Ախալքալաքում մենք սիրալիր ընդունելություն գտանք տեղական մտավորականության՝ ուսուցիչների կողմից, որոնց թվում էին՝ Ջալալ Տեր–Գրիգորյանը, Գրիգոր Վանցյանը և Սեդրակ Աղաբալյանը. վերջիններս միացան մեզ, և մենք ուղևորվեցինք Ալեքսանդրապոլ։
- Հովհաննես Խիզանյան

1890-1900-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին և 1900-ական թվականների սկզբներին Վանցյանը լեզվաբանությանն առնչվող հոդվածներով հանդես է գալիս «Մուրճ» (Թիֆլիս), «Հանդես ամսօրյա» (Վիեննա), «Անահիտ» (Փարիզ) և այլ հանդեսներում, որոնք հետագայում հիմք դարձան գրքի ամբողջական հրատարակման համար։ Բացի վերը նշված բնույթի հոդվածներից՝ նա մամուլում հանդես է գալիս նաև Ջավախքի ուսումնարաններին և ուսուցիչներին, քահանայական խնդիրներին, ջավախահայության ծեսերին ու սովորույթներին, Բաքվի, Եվրոպայի հայությանն առնչվող, տարբեր ցեղերի ծագումնաբանությունը ներկայացնող, փիլիսոփայական հարցեր շոշափող մի շարք հոդվածներով, գրախոսականներով, թարգմանություններով և այլն[Նշում 4]։

Եվրոպայից հայրենիք վերադառնալուց հետո Վանցյանը շուրջ մեկ տարի աշխատում է Երևանի թեմական դպրոցում[Նշում 5], որից հետո նրան հրավիրում են Թիֆլիսի առևտրական դպրոցում հայերեն դասախոսելու, որտեղ էլ աշխատում է մինչ իր վախճանը։

1900–1901 թվականներին Վանցյանը հոդվածներով, գրախոսականներով և ակնարկներով հանդես է գալիս Թիֆլիսի «Տարազ» հանդեսում, իսկ 1904–1905 թվականներին Թիֆլիսի «Լումա» ամսագրում հրապարակում է երեք աշխատանք, որոնցից երկուսը լեզվաբանական են («Նյութեր հայերենի մշակության համար», «Լումա», 1904, № 5, էջ 180–184, «Հայերենը մշակելու նյութեր», «Լումա», 1905, № 1, էջ 101–104), մեկը՝ իմաստասիրական բնույթի («Փիլիսոփայական զրույցներ», «Լումա», 1904, № 1, էջ 94–110)։

Բեռլինից վերադառնալուց հետո՝ 1900-ական թվականների սկզբներից հիմնականում ապրելով և գործելով թիֆլիսյան մտավորականության միջավայրում՝ նա շարունակում էր մնալ նաև ջավախահայ մտավորականության կողքին, որի վկայություններից մեկն էլ նշանավոր բանաստեղծ Ղազարոս Աղայանի գրական և մանկավարժական գործունեության քառասնամյա հոբելյանի նշումն է. ցարական ռեժիմի պայմաններում և ոստիկանության վերահսկողության ներքո Թիֆլիսի Վերայի թաղամասի «Ֆանտազիա» այգում 1902 թվականի մայիսի 19-ին տեղի է ունենում Աղայանի 40-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որտեղ ներկա են գտնվել ժամանակի մտավորականության, գրական, ազգային, հասարակական և քաղաքական գործիչների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ։ Ախալքալաքի մտավորականությունը ևս գումարում է ժողով, որպես հոբելյանական հանդիսության մասնակիցներ ընտրում Հովհաննես Թումանյանին և Գրիգոր Վանցյանին՝ այդ մասին նամակով տեղեկացնելով Թումանյանին.

Պարոն Ղազարոս Աղայանի գրական ու մանկավարժական գործունեության 40-ամյա հոբելյանի հանդեսին Ախալքալաքի հայ հասարակության կողմից ներկայացուցիչներ ունենալու համար տեղական ինտելիգենցիայի ներկայացուցիչները՝ ժողով կազմելով պատգամավորներ ընտրեցին Ձեզ և Գրիգոր Վանցյանին։ Հարգանքով խնդրում ենք, հարգելի՛ պարոն, բարեհաճեցեք հանձն առնել պ. Գրիգոր Վանցյանի հետ միասին ներկա լինել հիշյալ գրական հանդեսին և Ախալքալաքի հասարակության կողմից շնորհավորել պատկառելի հոբելյարի բեղմնավոր գործունեության 40-ամյակը, մատուցանել մեր երախտագիտական զգացմունքներն ու հարգանքները, նաև մեր տեղական մի խումբ աշակերտների ու աշակերտուհիների կողմից ստորագրված ուղերձը։ Աշակերտների թվում ստորագրվել են և մի քանի օտարազգիներ իրենց մայրենի լեզվով, այն է՝ հունարեն և ռուսերեն։

Եթե Ձեզանից որևէ մեկը հարգելի պատճառով չկարողանա հանձն առնել մեր ներկայացուցչությունը, ապա խնդրում ենք հայտնել պ. Հովհաննես Կարապետյանին, որ փոխարինե ձեզնից չհամաձայնվողին[28]։

Ղազարոս Աղայանին հիշյալ հոբելյանի առթիվ բանաստեղծություն է նվիրում աշուղ Ջիվանին, իսկ ելույթներով ու հոդվածներով հանդես են գալիս Շիրվանզադեն, Լեոն, Երվանդ Շահազիզը, Լևոն Սարգսյանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը և Գրիգոր Վանցյանը[29]։ Սակայն Գրիգոր Վանցյանի, նաև Թումանյանի և այլոց՝ հոբելյարին նվիրված հոդվածները գրաքննչական կոմիտեն արգելում է տպագրել[30], որի պատճառը Աղայանի կուսակցական պատկանելության համար 1895–1900 թվականներին բանտարկված լինելն էր[Նշում 6]։

«Հայ հեղինակներ» աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին Գրիգոր Վանցյանը Թիֆլիսում հրատարակում է «Հայ հեղինակներ» (264 էջ) գիրքը, որն ունեցավ բարեփոխված և հարստացված թվով 5 վերահրատարակություն (II տպագրություն, Թիֆլիս, 1906, 320 էջ, III տպագրություն, Թիֆլիս, 1909, 382 էջ, IV տպագրություն, Թիֆլիս, 1910, 384 էջ, V տպագրություն, Թիֆլիս, 1913, 384 էջ, VI տպագրություն, Թիֆլիս, 1914, 384 էջ)։ Գրքի բարեփոխումներն ու հարստացումներն իրականացվել են մինչև III տպագրություն. սկսած IV տպագրությունից մինչ վերջին՝ VI տպագրություն, ներառյալ նաև III տպագրությունը, Վանցյանի մահից հետո 1909–1914 թվականներին իրականացրել է Գրիգոր Վանցյանի այրին՝ Վանցյանը, հրատարակությունները հիմնականում վերատպվել են՝ չկրելով փոփոխություններ։ III–VI տպագրություններում անփոփոխ բերված է հեղինակի առաջաբանը, որը գրվել է մահվան նախօրյակին՝ 1908 թվականի հունվարին, Թիֆլիսում։

Ինչպես նշում է «Հայ հեղինակների» առաջին հրատարակության առաջաբանում ինքը՝ Վանցյանը, իր «նպատակն է երկու կամ երեք ամփոփ հատորներում տալ մեր գրականության և լեզվի զարգացման պատմությունը, հեղինակների կենսագիրներով և նրանց լավագույն երկերից հանած նմուշներով՝ սկսած հնագույն անցյալից մինչև նորագույն ժամանակները»։ Միջնակարգ դպրոցների համար նախատեսված այս գիրքը լույս աշխարհ էր եկել ժամանակի պահանջով։ «Հայ հեղինակներ»-ում տեղ գտած նշանավոր մի շարք հեղինակների գործերից առաջ, այդ նույն հեղինակների կյանքի ու գործունեության, գրական հայացքների և այլնի մասին ներկայացնող աշխատանքների հեղինակը հենց Գրիգոր Վանցյանն է։ Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի, Պերճ Պռոշյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի, Ղևոնդ Ալիշանի կենսագրություններին շաղախված՝ կարելի է տեսնել վերջիններիս գրական գործերի մասին բավական խորքային դատողություններ ու եզրահանգումներ։

«Հայ հեղինակներ»-ում ներկայացվել են նաև Վանցյանի ճամփորդական հուշագրությունները, որտեղ հեղինակը պատմում է եվրոպահայության որոշ հատվածների հետ իր հանդիպումների ու տպավորությունների մասին («Լեհաստանի հայերը», «Այց Լեմբերգի հայերին»), բոշաներին առնչվող ազգագրական հոդվածները և այլն։ Գրքի առաջին հրատարակության լույսընծայմանը հետևեց մամուլի արձագանքը՝ մի շարք գրախոսականներով, որոնցում մերթ ծավալուն վերլուծությունների միջոցով դրվատվեց[Նշում 7], մերթ քննադատվեց[31] Գրիգոր Վանցյանի աշխատանքը։

«Պատմական քերականություն արևելահայ լեզվի» աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Վանցյանը տպագրում է իր «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» քերականագիտական ընդարձակ աշխատությունը, որի առանձին հատվածներ ժամանակին լույս էին տեսել մամուլում[Նշում 8]։ Գրքում հեղինակն անդրադառնում է մարդկային լեզվի ծագմանը, հնդեվրոպական լեզուներին, հայերենին (գրաբարյան, արևելահայ և արևմտահայ ձևերին) առնչվող ամենատարբեր հարցերին, հայ քերականական մտքի ձևավորման վրա ազդեցություն գործած որոշ կրթօջախներին և այլն։

«Բազմավեպ» ամսագիրը գրքի հրատարակման առթիվ տպագրում է ընդարձակ գրախոսական, որն ավարտվում է հետևյալ խոսքերով.

Գրիգոր Վանցյանի հետ կշրջինք ո՛չ միայն մերձավոր անցյալին, այլև խորագույն հնության մեջ։ Իր գիրքը կրթություն մ’ է և զբոսանք. հաճոյական է ինչպես դալարագեղ դաշտի մը մեջ հնախոսական պեղում մը[32][Նշում 9]։

Նույն ամսագիրը շուրջ երեք տարի անց գրում է.

Վանցյանի հիշատակը կապված պիտի մնա այսուհետև իր Պատմական քերականության հետ. ուրեմն մահարձանի չի կարոտիր[33]։

«Դպրոցական քերականություն» աշխատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին, «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» գրքի տպագրությանը զուգահեռ, Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) «Շիրակ» տպարանում լույս է տեսնում Վանցյանի «Դպրոցական քերականությունը»։ 52 էջանոց այս գրքույկը նախատեսված էր պետական և ծխական դպրոցների համար և կարևոր տեղեկություններ էր հաղորդում հայերենի քերականության մասին։ Գրքույկն ունեցավ երկրորդ՝ բարեփոխված և հարստացված տպագրություն, որը, սակայն, անթվակիր է։ Դրանում զետեղված որոշ նյութերի թվագրումից և առաջաբանից կարելի է եզրակացնել, որ այն տպագրվել է հեղինակի մահվան նախօրյակին՝ 1907 թվականի վերջին կամ 1908 թվականի սկզբին։

«Գրպանի ուղղագրություն» գրքույկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականի լույս է տեսնում Գրիգոր Վանցյանի «Գրպանի ուղղագրություն» գրքույկը։ Հեղինակը առաջաբանում գրում էր, որ իր նորաստեղծ գրքույկն «... ամեն մի աշակերտ պետք է ձեռին ունենա սխալներից խուսափելու և ուղղագրությանը շարունակ ընտելանալու» համար։ Այն կարճ ժամանակ անց ունեցավ երկրորդ, բարեփոխված հրատարակություն (գրքույկի վրա բացակայում է հրատարակման թվականը)։ Մինչ իր մահը՝ 1908 թվականը, Վանցյանը պատրաստում է գրքույկի երրորդ՝ կրկին բարեփոխված տարբերակը, որը հետմահու՝ 1914 թվականին հրատարակում է կինը։ Գրքույկը ծավալուն գրախոսականով գովաբանում է «Մշակը»[Նշում 10], իսկ Գ. Գասպարյանն իր «Հայ բառարանագրության պատմություն» աշխատության մեջ նշում է հետևյալը.

Հայերեն աշխարհաբար գրական լեզվի ուղղագրական առաջին բառարանը՝ «Գրպանի ուղղագրությունը», կազմել է Գրիգոր Վանցյանը՝ «Գրպանի ուղղագրությունը», սահմանափակ բառաքանակով աշխատություն է, բաժանված 4 հիմնական մասի, առանձին-առանձին տրված է Ե, Ո, Հ և Ռ տառերի ուղղագրությունը։ Յուրաքանչյուր բաժնից առաջ տրված է համառոտ կանոն՝ բնորոշում և ապա Ե-ով գրվող բառեր՝ ալեխառն, ալեկոծ, աղետ–178 բառ, Ո-ով գրվող բառեր՝ ակոս, աղոթք, աղոթա- սեր, աղոն…– 186 բառ, Հ-ով գրվող բառեր՝ հագենալ, հագուրդ, հախճապակի, հախուռն…– 107 բառ, Ռ-ով գրվող բառեր՝ ագռավ, աթոռ, աթոռակալ, ախոռ, ականակուռ, ամառ – 230 բառ, ընդամենը՝ 701 բառ։ ․․․ Գրիգոր Վանցյանի «Գրպանի ուղղագրությունը» լավ ընդունելություն գտավ և ունեցավ մի քանի հրատարակություն[34]։

Այսուհանդերձ, ինչպես ժամանակի յուրաքանչյուր նորույթ, Վանցյանի «Գրպանի ուղղագրությունը» ևս զերծ չմնաց քննադատությունից[35]։

«Հայոց պատմություն։ Ծխական դպրոցների համար։ Պատկերազարդ» գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին լույս է տեսնում Գրիգոր Վանցյանի «Հայոց պատմություն։ Ծխական դպրոցների համար։ Պատկերազարդ» գիրքը (80 էջ), որտեղ հայոց պատմությունը ներկայացվում է հայ ժողովրդի ծագումից՝ Հայկ Նահապետից մինչև Բագրատունյաց թագավորության անկումը՝ Գագիկ Բ (1045) և Սելջուկյան արշավանքները Հայաստան։ Ձեռնարկի Բ տպագրությունը, որը կազմված էր երկու մասից, տեղի է ունենում 1908 թվականին («Հայոց պատմություն (Ծխական դպրոցների համար), Բ տպագրություն։ Պատկերազարդ», 152 էջ), որտեղ արդեն հեղինակն ամբողջացնում է հայոց պատմությունը՝ ներկայացնելով հայոց ծագումնաբանությունից մինչ իր ապրած ժամանակահատվածը՝ 1900-ական թվականների սկզբների կովկասյան անցքերը։ «Հայոց պատմության» առաջին հրատարակությունը Բ տպագրության առաջին մասն է, իսկ երկրորդ մասը ներառում է Կիլիկյան թագավորության ստեղծումից մինչ 1905 թվականի իրադարձությունները։

Ամենավերջում հեղինակը զետեղել է «Հայոց թիվը և պարապմունքը ներկայում» փոքրիկ հատվածը, որտեղ կարևոր հաշվումներ է անում ամբողջ աշխարհում սփռված հայության թվակազմի վերաբերյալ՝ եզրակացնելով, որ 1900-ական թվականների սկզբներին երկրագնդի վրա ապրող հայության թիվը կազմում է մոտ 3 միլիոն։ «Հայոց պատմության» Բ տպագրությունը հեղինակի կինը Թիֆլիսում նույնությամբ վերահրատարակում է 1909 (երրորդ տպագրություն, 143 էջ) և 1912 (չորրորդ տպագրություն, 142 էջ) թվականներին։ Բոլոր հրատարակություններում նույնությամբ բերված է հեղինակի պատգամը.

Դուք, սիրելի աշակերտներ, որ սովորում եք Եգիպտոսի, Բաբելոնի, Ասորեստանի, Մարաստանի, Հրեաների, Պարսից և այլ բազմաթիվ ազգերի պատմությունները, շատ անգամ դիմել եք ինձ հարցնելով.– վարժապետ, ինչո՞ւ չենք սովորում հայոց պատմություն, ե՞րբ պիտի սովորենք մեր սեփական պատմությունը։ – Ակամա լռությունից հետո, այս գիրքն է ահա, որ պիտի պատասխանե ձեր հարցերին, ուր համառոտ ու կարճ, պիտի գտնեք Ձեր Նախնյաց գործերի պատմությունը։

«Հայ-լեզու։ Պատկերազարդ այբբենարան» ձեռնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Գրիգոր Վանցյանը կազմում և Թիֆլիսում լույս է ընծայում «Հայ-լեզու։ Պատկերազարդ այբբենարանը» (64 էջ)։ Ձեռնարկը կազմված է երկու մասից. Ա մասը կազմում է բուն Այբբենարանը, Բ մասը՝ «Ընթերցարանը», որտեղ զետեղված են մի շարք մանկական կարճառոտ պատմվածքներ, բանաստեղծություններ, առածներ, շուտասելուկներ, հանելուկներ, մայրերին, տարվա եղանակներին, տարբեր կենդանիներին նվիրված այլևայլ նյութեր։

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի մայիսի 5-ին Գրիգոր Վանցյանը ինքնասպան է լինում։ Ինքնասպանությունից առաջ թողած նամակում նա խնդրում է իր մահվան համար ոչ մեկին չմեղադրել[Նշում 11]։ Հուղարկավորությունը տեղի է ունենում մայիսի 9-ին, աճյունն ամփոփվում է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։

«Հանդես ամսօրյայում» զետեղված նրա մահախոսականում նշվում է.

Այս կորովի ուժը պարտված կյանքի դառնության անհայտ հոսանք է մը։ Մայիս 5-ին յուր և կյանքի մեջ եղած հարաբերությունը կըխզե 40 տարեկան (ըստ երևույթին պետք է լինի՝ 38 տարեկան – Վ. Ս.) հասուն հասակին մեջ։ Գրիգոր Վանցյան ազգային կրթված դեմքերեն էր. Ներսիսյան վարժարանը ավարտելով հաջողած էր Եվրոպա յուր ուսումը կատարելագործելու անցնիլ, ուսկից դառնալով՝ Տփղիսի առևտրական դպրոցի մեջ հայերեն լեզվի դասատուություն կ’ըներ։ Հայ ուսուցչության առաջադիմության բարեխիղճ մարդիկներեն էր, որուն կորուստը նոր կազմակերպիլ սկսած միության զգալի վնաս մըն էր։ Գրիգոր Վանցյան հայ գրականության մեջ ալ ձեռնհաս ուժ մըն էր…[36]:

Գրիգոր Վանցյանի ինքնասպանության հանգամանքները մինչ օրս անհայտ են։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եվրոպայում սովորելու տարիներին Գրիգոր Վանցյանը ակտիվորեն օժանդակել է Թիֆլիսի հայկական մամուլի խմբագրություններին՝ վերջիններիս տեղեկություններ հայտնելով Եվրոպայի տարբեր բուհերի հայ ուսանողների թվի, տեղաբաշխվածության և այլնի մասին.
    Ձայնակցելով մեր հրավերին՝ ուսանողների մասին ստատիստիկական տեղեկություններ տալ՝ մեր աշխատակից պ. Գրիգոր Վանցյանն ուղարկել է մեզ ցուցակներ ձմեռվա կիսամյակի հայ ուսանողների Բեռլինի, Հալլեի, Ստրասբուրգի և Մարբուրգի համալսարաններում և Դարմշտատի պոլիտեխնիկումի՝ նոցա վերաբերյալ յոթ հարցերի պատասխաններով։ Թողնելով այդ ցուցակների հրատարակումը գալ անգամին՝ առայժմ տալիս ենք հետևյալ թվանշանները. Հայ իսկական ուսանողների թիվն է Բեռլինում 26, Հալլեյում 3, Ստրասբուրգում 1, Մարբուրգում 1, Դարմշտատում 3։
    - («Մուրճ», 1898, № 4, էջ 583
  2. 1891 թվականի փետրվարին գրված այս բանաստեղծությունը ժամանակի գրաքննությունն արգելել է տպագրելու «Մուրճ» ամսագրում, որի պատճառով այն առաջին անգամ տպագրվել է բանաստեղծի հիշյալ ժողովածուում։
  3. Նամակներից մեկը՝ թվագրված 1892 թվականի փետրվարի 18-ով, վերաբերում է Թումանյանի անդրանիկ ժողովածուի երկրորդ հատորի տպագրմանը, որի առթիվ Գ. Վանցյանը մասնավորապես գրում է.
    Գրքիդ II հատորի այդպիսի շուտափույթ տպագրության հանձնելը ինձ զարմացնում է, հույս ունի՞ս, որ ծախքդ հանես, կամ առաջին գրքիդ ծախքը հանեցի՞ր։
    - Ա. Ինճիկյան. նշվ. աշխ., էջ 319–320
  4. Եվրոպայում սովորելու տարիներին Գրիգոր Վանցյանը ակտիվորեն օժանդակել է Թիֆլիսի հայկական մամուլի խմբագրություններին՝ վերջիններիս տեղեկություններ հայտնելով Եվրոպայի տարբեր բուհերի հայ ուսանողների թվի, տեղաբաշխվածության և այլնի մասին. «Ձայնակցելով մեր հրավերին՝ ուսանողների մասին ստատիստիկական տեղեկություններ տալ՝ մեր աշխատակից պ. Գրիգոր Վանցյանն ուղարկել է մեզ ցուցակներ ձմեռվա կիսամյակի հայ ուսանողների Բեռլինի, Հալլեի, Ստրասբուրգի և Մարբուրգի համալսարաններում և Դարմշտատի պոլիտեխնիկումի՝ նոցա վերաբերյալ յոթ հարցերի պատասխաններով։ Թողնելով այդ ցուցակների հրատարակումը գալ անգամին՝ առայժմ տալիս ենք հետևյալ թվանշանները. Հայ իսկական ուսանողների թիվն է Բեռլինում 26, Հալլեյում 3, Ստրասբուրգում 1, Մարբուրգում 1, Դարմշտատում «3 («Մուրճ», 1898, № 4, էջ 583)։
  5. Հ. Ք. Չրաքյանը գրում է. «Երևանու թեմական դպրոցը նախ օգտվեցավ տարի մը Վանցյանի ուսուցչութենեն, իր վերադարձին (Եվրոպայից (Բեռլինից), ուր ուսանում էր – Վ. Ս.), վասն զի հետո հրավիրվեցավ Թիֆլիզու առևտրական դպրոցին մեջ հայերեն դասախոսելու, և այդ պաշտոնին մեջ ալ մեռավ» («Բազմավեպ», 1910, թիվ 1, հունվար, էջ 36–37):
  6. Ղազարոս Աղայանը ձերբակալվել է 1895 թվականի սեպտեմբերի 7-ին՝ հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ։
  7. «Մուրճ», 1905, № 4, էջ 174–185: Գրախոսն այսպես է ավարտում իր ծավալուն գրախոսականը.
    ... շեշտում եմ, որ պ. Վանցյանի «Հայ հեղինակները» գնահատելի և դասատուներին հանձնարարելի աշխատություն է։ Թո՛ղ հորինողի այս «առաջին փորձը» փորձեն ուսումնարանները և տեսնեն, թե այս գիրքը որքան հարցասիրություն առաջացրեց աշակերտների մեջ դեպի հայ հեղինակներն ու նրանց երկերը։ (տե՛ս նույն տեղում, էջ 185)։

    «Հայ հեղինակների» III տպագրությունը դրվատել է նաև «Հանդես ամսօրյա» հանդեսը (1909, թիվ 12, դեկտեմբեր, էջ 383)։ Գրքի մասին դրվատանքով են արտահայտվել նաև «Լումա», «Աշխատանք», «Тифлисский листок», «Новое обозрение» ամսագրերն ու թերթերը, որոնց նյութերը զետեղված են «Գրպանի ուղղագրություն» գրքույկի «բ» և «գ» հրատարակություններում («Тифлисский листок»-ի գրախոսականը նույնությամբ զետեղված է նաև Գ. Վանցյանի «Հայոց պատմության» երկրորդ և երրորդ հրատարակությունների հավելվածում, «Լումայի» և «Աշխատանքի» նյութերը՝ «Դպրոցական քերականություն» գրքի երկրորդ, բարեփոխված տպագրության (առանց թվականի) հավելվածում)։

  8. Թվարկենք լեզվաբանությանն առնչվող հիմնական հոդվածները. «Հայերենի նվագայնությունը [կարդացված Բեռլինի հայ ուսանողական ժողովում 1896-ին և Հայդելբերգի հայ ուսանողական համագումարում 1897 թ. ապրիլի 10-ին» («Մուրճ», 1897, № 6, էջ 829–847)], «Հայերեն դերանունների սեռը [(Նվեր «Մուրճ»-ի տասնամյակին), («Մուրճ», 1898, № 10, էջ 1507–1514: Հոդվածը քննադատվել է մամուլում. տե՛ս «Լեզվի մի համեստ դաս», «Արարատ», 1899, № 1, էջ 40–42)], «Հայերենը մշակելու նյութեր [(Կարդացած Բեռլինի հայ ուսանողական ժողովում. 1897)» («Մուրճ», 1899, № 2–3, էջ 278–281)], «Նա և այն» դերանունների կիրառությունը» («Մուրճ», 1899, № 4–5, էջ 436–438), «Նյութեր հայերենի մշակության համար» («Մուրճ», 1899, № 6, էջ 614–618), «Հնչմունք և գիր» («Մուրճ», 1899, № 11–12, էջ 1424–1430):
  9. Գրախոսականը, որպես հավելված, կրճատումներով ներառված է նաև Գ. Վանցյանի «Հայոց պատմություն։ Ծխական դպրոցների համար։ Պատկերազարդ» գրքի երկրորդ և երրորդ հրատարակություններում։ «Պատմական քերականություն արևելահայ լեզվի» գրքի մասին մատենախոսական կարճ ակնարկով է հանդես գալիս նաև «Մուրճը» [(տե՛ս «Մուրճ», 1906, № 9, էջ 156–157: Մատենախոսականը զետեղված է նաև Վանցյանի «Դպրոցական քերականություն» գրքի երկրորդ, բարեփոխված տպագրության (առանց թվականի) հավելվածում, նաև «Գրպանի ուղղագրություն» գրքույկի «բ» հրատարակության (առանց թվականի) հավելվածում)]
  10. «Մշակ», 1906, -193։ Գրախոսականից մի փոքրիկ հատված ներառված է Գ. Վանցյանի «Դպրոցական քերականություն» գրքի երկրորդ, բարեփոխված տպագրության (առանց թվականի) հավելվածում։
  11. Ցոլակ Խանզադյանին ուղղված նամակում Վահան Տերյանը հայտնում է. «Երեկ ինքնասպանություն է գործել Գրիգոր Վանցյանը» (Վահան Տերյան. Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, 1963, էջ 208, հմմտ.՝ Վ. Տերյան. Երկերի ժողովածու, հ. 3, Երևան, 1975, էջ 258)։ Գ. Վանցյանի ինքնասպան լինելու բոթը տեղ է գտել նաև «Մշակում». «Սրտի կսկիծով մի անսպասելի և ցավալի լուր ենք հաղորդում։ Մայիսի լույս 5-ի գիշերը ինքնասպանություն գործեց գրագետ և Թիֆլիսի առևտրական դպրոցի ուսուցիչ Գրիգոր Վանցյանը։ Հանգուցյալը մի նամակ է թողել, որով խնդրում է ոչ ոքի չմեղադրել» («Մշակ», 1908, № 97): Տե՛ս նաև «Արարատ», 1908, մայիս-հունիս, № Ե.–Զ., էջ 600։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյանը Ժամանակակիցների հուշերում. Երևան: ՀԽՍԽ ԳԱ հրատարակչություն. 1969. էջ 275.
  2. Թումանյանը Ժամանակակիցների հուշերում. Երևան: ՀԽՍԽ ԳԱ հրատարակչություն. 1969. էջ 276.
  3. (ԹԺՀ, էջ 268–290)
  4. Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1869–1908). Երևան. 2010. էջ 42.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Ա. Բաղդասարյան (1990). Վերնատուն.– «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում». էջ 24.
  6. Ա. Առաքելյան. «Ընկերոջս հիշատակին», Թումանյանը ժամանակակիցների հուշերում. էջ 288.: Այս մասին տե՛ս նաև «Աղոթք» բանաստեղծության (գրվել է 1887 թվականի փետրվարին) ծանոթագրությունը․ Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու (այսուհետև՝ ԵԼԺ), հ. 1, Երևան, 1988, էջ 546–547:
  7. Արամ Ինճիկյան (1969). Հովհաննես Թումանյան. Կյանքի և ստեղծագործության պատմությունը (1869–1899). Երևան. էջեր 224–225:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Հ. Թումանյանց (1890). Բանաստեղծություններ. Մոսկվա. էջ 98.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link): Հովհաննես Թումանյանի աշխատանքների տպագրման գործում իր ընկերների նվիրվածության մասին է պատմում «հնգյակի» անդամ Արամ Առաքելյանը (ԹԺՀ, էջ 285–290):
  9. Հովհաննես Թումանյան․ Ուսումնասիրություններ և հրապարակումներ. Երևան. 1985. էջ 313.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 9. Երևան. 1997. էջեր 251–252:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Է․ Ջրբաշյան (1966). Հ. Թումանյանի ինքնակենսագրական գրառումները. Պատմաբանասիրական հանդես. էջեր 184, 186.
  12. Արամ Ինճիկյան (1969). Հովհաննես Թումանյան. Կյանքի և ստեղծագործության պատմությունը (1869–1899). Երևան. էջ 249.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. Արամ Ինճիկյան (1969). Հովհաննես Թումանյան. Կյանքի և ստեղծագործության պատմությունը (1869–1899). Երևան. էջ 250.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Բազմավեպ (թիվ 1): 36. 1910 թ․ հունվար. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Թումանյանը ժամանակակիցների հուշերում. էջ 276.
  16. Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1869–1908). էջ 257.
  17. Գ. Վանցյանի՝ «Մուրճ» ամսագրին աշխատակցելու մասին հիշատակությունը, տե՛ս «Մուրճ», 1892, № 9, էջ 1382, 1894, № 10, էջ 1520 և այլն։
  18. «Մուրճ»: 7-8-9:. 1892. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. «Մուրճ»: 1382. 1892. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. Г. Ванциан. Армянские цыгане.– Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Тифлис. 1901. էջեր 45–70:.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. Հայ գնչուներ (Գ. Վանցյանի), ռուս. թարգմ.՝ Մ. Մատենճյան. Փարիզ: «Բանասեր». 1907. էջեր 34–52:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. «Բազմավեպ»: 35. 1910. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. «Մուրճ», 1894, -7–8, էջ 1066–1088:
  24. «Մուրճ», 1897, -10, էջ 1394–1403:
  25. «Մուրճ», 1894, -10, էջ 1520–1521:
  26. Վրթանես Փափազյան (1899). Հայ-բոշաներ (Ազգագրական ուսումնասիրություն). Թիֆլիս. էջ 99.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  27. Հովհաննես Խիզանյան. Բանաստեղծի հետ․. ԹԺՀ. էջեր 374–378:.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  28. Ս. Հովհաննիսյան (2012). Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմությունը (1900–1912 թթ.). Երևան. էջ 66.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  29. Ս. Հովհաննիսյան (2012). Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմությունը (1900–1912 թթ.). Երևան. էջ 67.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  30. Ս. Հովհաննիսյան (2012). Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմությունը (1900–1912 թթ.). Երևան. էջ 588.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  31. «Բազմավեպ», 1905, մայիս, թիվ 5, էջ 233–238:
  32. 2 «Բազմավեպ», 1907, հունիս, թիվ 6, էջ 273–276:
  33. 3«Բազմավեպ», 1910, թիվ 1, հունվար, էջ 38։
  34. Գ. Գասպարյան (1968). Հայ բառարանագրության պատմություն. Երևան. էջ 464.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. «Զարկ», 1906, -5, էջ 75–76, -6, էջ 89։
  36. «Հանդես ամսօրյա», 1908, թիվ 7, էջ 224

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահե Սարգսյան. Գրիգոր Վանցյան․ Կյանքն ու ստեղծագործական ուղին. Երևան: Պատմաբանասիրական հանդես.