Բոշաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշաներ՝ 19-րդ դար

Բոշաներ (ինքնանվանումը՝ լոմ), Հարավային Կովկասում բնակվող գնչուների հայախոս քրիստոնյա ենթախումբ։ Առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում հայտնվել են 11-12-րդ դարերում՝ Հնդկական թերակղզուց դեպի Իրանական սարահարթ ձգվող ուղիներով, որը երեքդարյա միգրացիայի արդյունք է։

Բոշաների մեծ մասը նախկինում բնակվում էր Արևմտյան Հայաստանում (հիմնականում Սինոպ, Եվդոկիա (Թոխաթ), Կարս, Էրզրում, Օլթի և Սարիղամիշ քաղաքներում)։ 1720-ական թվականներին հիշատակվում են Երևանի Կոնդ թաղամասի բոշաները։ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմներից հետո Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ բոշաները գաղթեցին Էրզրումի վիլայեթից և բնակություն հաստատեցին Ախալքալաքում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Ախթալայում, քիչ թվով նաև Երևանում։ Գերակշռում է այն կարծիքը, որ ինչպես մյուս գնչուների, այնպես էլ բոշաների նախահայրենիքը եղել է հյուսիսարևմտյան Հնդկաստանը։

Բոշաները միջահասակ են, դեղնամորթ, կլորագանգ, երկարավուն դեմքով, նեղ, ետ ընկած ճակատով, սևակն ու սևահեր։ Լեզուն (լոմավրեն)՝ ունի հնդարիական ծագում և բառապաշար, հայերենի քերականության ազդեցությամբ։ Այն դասվում է նոր հնդկական լեզվախմբում և կրել է հիմնականում հայերենի, մասամբ նաև պարսկերենի ազդեցությունը։ Բոշաներն իրենց լեզուն գործածում են հազվադեպ, երբ չեն ցանկանում, որ դիմացինը հասկանա թե ինչի մասին է խոսքը։ Այն այժմ գրեթե դուրս է եկել գործածությունից։

Նախկինում բոշաները վարում էին թափառական կյանք։ Տղամարդիկ զբաղվում էին մանր արհեստագործությամբ (մաղագործություն և այլն), երկրագործությամբ, որոշ չափով նաև անասնապահությամբ, կանայք՝ փոխանակությամբ, մանր առևտրով, գուշակությամբ և մուրալով։ Որպես փոխադրամիջոց օգտագործել են միայն էշը։ 19-րդ դարի վերջին արդեն հիմնականում կիսանստակյաց էին, իսկ ներկայումս անցել են նստակեցության։

1989 թ-ի տվյալներով Հայաստանում կար 48, իսկ Վրաստանում՝ 1,744 բոշա։ Բոշաների թաղամասեր կային Երևանում (Սարի թաղ, Քանաքեռ, Մարաշ) և Գյումրիում (Բոշի մայլա)։ Բնակվում էին նաև Նոր Խարբերդ գյուղում։ Վրաստանում բացի Ախալքալաք և Ախալցխա քաղաքներից, բոշաներ ապրում են նաև Շահումյանում (Շուլավեր) և Մառնեուլում։ Տեղեկություններ կան, որ Թուրքիայում դեռևս բնակվում են իսլամ ընդունած բոշաներ։ Հայաստանում ներկայումս շուրջ 5 հազար գնչու է բնակվում։

Քանի որ բոշաները գնչուական սոցիալական հիերարխիայում գրավում են ցածր դիրք, ուստի թաքցնում են իրենց ազգային ծագումը՝ հաճախ ներկայանալով որպես հայ, այդպիսով արագացնելով ձուլման գործընթացը։ Այդ իսկ պատճառով կարծիքներ կան, որ մոտ ապագայում բոշաները կարող են ամբողջովին վերանալ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 519