Jump to content

Գալյա Նովենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալյա Նովենց
Ծնվել էհուլիսի 1, 1937(1937-07-01)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 22, 2012(2012-07-22) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1965-2012
Ամուսին(ներ)Երվանդ Ղազանչյան
Երեխա(ներ)Հակոբ Ղազանչյան
Պարգևներ և մրցանակներ

(Գալյա Քրիստափորի Նովենց) (ի ծնե Գալինա Նովենց, հուլիսի 1, 1937(1937-07-01)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 22, 2012(2012-07-22), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դասական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի (2007)։ 1985 թվականին Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար[2]` դառնալով առաջին ու առայժմ միակ հայ դերասանուհին, որը նման բարձր պարգևի է արժանացել[3][4][5]: Այս ֆիլմով նա մեծ ճանաչում է ձեռք բերել ու հանդիսատեսի շատ մեծ սիրուն է արժանացել։

Հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի և վաղամեռիկ դերասան Ստեփան Ղազանչյանի մայրը։ Գալյա Նովենցի մորաքույրը հայ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանն (1926-1993) էր` Խորեն Աբրահամյանի առաջին կինը:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյա Նովենցը ծնվել է ստալինյան սարսափներով լեցուն 1937 թվականին, հուլիսի 1-ին, Երևանում, հայկական ավանդապաշտ ընտանիքում: Հայրը ժամանակին նվագել է զինվորական նվագախմբում, իսկ մայրը «շատ գեղեցիկ երգում էր»։ Բացի այդ, նրանց հետ է ապրել Գալյայի մորաքույրը` ժողովրդական դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանը։ «Եվ ահա ես ժառանգեցի նրանց բնատուր հակումները…»[6]:

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա ամուսնու` Երվանդ Ղազանչյանին։ Դեռևս 1954 թվականին` առաջին կուրսի ուսանողուհին ինստիտուտից դուրս մնալու վտանիգի տակ է հայտնվել. Աճեմյանը չէր ցանկանում մասնագիտական ստոգարքը նշանակել[7]: Գալյան զգուշորեն շարունակել է հաճախել դասերին և հաջորդ տարի Գուլակյանն իր նորաբաց դասարանն է հրավիրել Աճեմյանի չհավանած ուսանողներին ու նա սկսել է սովորել անվանի բեմադրիչ-մանկավարժ Արմեն Գուլակյանի դերասանական արվեստանոցում` ի հայտ բերելով բնավորություն կերտելու բնատուր կարողությունները: Օստրովսկու «Անմեղ մեղավորները» պիեսում Գալչիխա և «Կտակում» Նադինկա նրա դերակատարումները գնահատվել են ըստ արժանվույն[8]:

Գալյա Նովենցն ունի մեծ առավելություն` նա երբեք չի կեղծում: Ունի կերպարի զգացողություն` դերից դեր փոխվում է: Ունի ամեն ինչ լավ դերասանուհի դառնալու համար:

Ինստիտուտն ավարտելուց հետո Երվանդ Ղազանչյանի հետ նոր թատերական ընտանիք կազմած, շրջանավարտների խբի հետ միասին Նովենցը սկսել է խաղալ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում (1958-1961): Երվանդ Ղազանչյանն այդ ընթացքում ավարտել է նաև Վարդան Աճեմյանի ռեժիսորական կուրսը: Ամուսնական զույգը ստեղծագործական որոնումներով խաղացել է Գ. Սունդուկյանի անվան (1962-1970), Լենինականի Ա. Մռավյանի անվան (1970-1976), Երևանի դրամատիկական (1976-1980) թատրոններ: Նովենցն այդ ընթացքում հանդես է եկել Ղազանչյանի մի շարք բեմադրություններում` կատարելով դարաշրջաններով և մարդկային նկարագրերով իրարամերժ կերպարներ. Մարտիրիո (Ֆ. Գ. Լորկա, «Բեռնարդ Ալբայի տունը»), Մարգարիտ (Ալ. Շիրվանզադե, «Պատվի համար»), Կատրին (Բ. Բրեխտ, «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները»), Մարիկա Չոդրիշվիլի (Ա. Չխաիձե, «Կամուրջ»), Լյուսի (Ժ. Պ. Սարտր, «Անշիրիմ մեռյալներ»), Սուսան (Ժ. Հարությունյան, «Հունիս էր, արև...»)[8]:

1985 թվականին Վենետիկի համաշխարհային 42-րդ փառատոնում և Մինսկի կինոփառատոնում «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի[3][9][4][10]: Վենետիկում մրցանակը շնորհելիս նրա արվեստը հետևյալ կերպ է բնութագրվել.

Ֆիլմում գերիշխողը դերասանուհի Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելյան տարբերակը:

Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը: Նրա կերտած կերպարները հոգս ու վիշտ ունեցող կանայք են։ Հայկական կինոյում դասական համարվող դերասանուհուն անվանել են «հայկական կինոյի մայրության խորհրդանիշ», «հայկական կինոյի Մանյանի»: Արվեստագետներն հատկապես առանձնացրել են նրա խոսուն լռությունը բեմում[7]:

2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։

Որդու՝ տաղանդավոր դերասան Ստեփան Ղազանչյանի մահից հետո, դերասանուհին 1995 թվականին թողել է թատրոնը և բնակություն հաստատել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, իր երկու թոռների խնամքը հոգալու[7]: Ապրել է Հայաստանի կարոտով, ժամանակ առ ժամանակ վերադարձել է Երևան, Հ. Պարոնյանի անվան թատրոնում խաղացել իր խաղացանկի լավագույն դերերից: 2012 թվականի հունիսին, վերջին անգամ Հայաստանից ԱՄՆ մեկնելուց հայտնել է, որ գնում է վերջնականապես հետ վերադառնալու մտադրությամբ: Սակայն ԱՄՆ-ում առողջական վիճակը կտրուկ վատացել է: Մահացել է 2012 թվականի հուլիսի 22-ին[11]։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

54 տարի Նովենցի հետ ապրած ու իր կյանքի ընկերուհուն կորցրած Երվանդ Ղազանչյանը հետագայում ասել է․ «...Ես էլի եմ ասել, որ Գալյան նվեր է եղել մեզ, մեր ընտանիքին... (մեր ժողովրդին)»[4]։

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալյա Նովենցի հուշաքարը Կապանում

Խաղացել է մոտ 30 ֆիլմում: Կատարել է և դրամատիկական, և' կատակերգական դերեր: Միշտ հավաստի, խորունկ է խաղացել, սկսած առաջին կինոդերից` քրդուհի Նազիից (Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ», 1965) մինչև միջազգային ճանաչման արժանացած Սիրանույշը (Ա. Մկրտչյան, «Մեր մանկության տանգոն», 1984), ռուսական որբանոցի տնօրինուհի Գայանեն (Կենտրոնական հեռուստատեսության պատվիրած «Ռիսկի ռումբ» կամ «Շնչառություն» եռամաս հեռուստաֆիլմում, 1989) և մայրը` հայ կնոջ կերպարի վերջին էկրանավորումը (Ա. Աղաբաբով, «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», 1991):

Շուրջ 20 տարի խաղացել է ժամանակի բոլոր հայ կինոբեմադրիչների ֆիմերում` ուշագրավ աշխատանքներ ներկայացնելով: Խաղընկերները եղել են հայ կինոյի և թատրոնի մեծ վարպետներ` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը: Աշխատել է տաղանդավոր ռեժիսորներ` Հենրիկ Մալյանի, Ալբերտ Մկրտչյանի, Ֆրունզե Դովլաթյանի և այլոց հետ: Ֆիլմերից առավել նշանավորներն են.

Չգիտեմ` թատրոնն եմ շատ սիրում, թե կինոն, բայց կինոյում ինձ զգում եմ ինչպես իմ տանը[12]:
- Գալյա Նովենց

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալյա Նովենց իր դերասանական գործունեությունը սկսել է թատրոնում, շարունակել է կինոյում: 1990-ական թվականներին արդեն կայացած կինոդերասանուհի Գալյա Նովենցն իր ստեղծագործական եռանդը կենտրոնացրել է թատրոնում: Ինչը պայմանավորված էր խորհրդային կարգերի հեղաբեկումնային իրադարձութուններով հայկական կինոարտադրության անկմամբ: Նա խաղացել է Հայաստանի տարբեր թատրոնների բեմերում.

Հայաստանի տարբեր թատրոններում նա կերտել է շուրջ 70 կերպար (վերջինը՝ 2012 թվականի հունիսին (մահացել է հուլիսին), Կոմեդիայի թատրոնում «Տարօրինակ միսիս Սևիջ»)[14], հեռուստաթատրոնում էլ մարմնավորել մի շարք հերոսների: Թատրոնում աշխատել է Ա. Գուլակյանի, Վ. Աճեմյանի, Հ. Ղափլանյանի, Ե. Ղազանչյանի, հեռուստաներկայացումներում՝ Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանի, Մ. Մարինոսյանի և այլ նշանավոր բեմադրիչների հետ:

Դերասանուհու դերակատարումներին բնորոշ են եղել վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը: Խաղացած դերերից առավել նշանավորներից են.

Գալյա Նովենցն արժանացել է միջազգային մրցանակի, մի շարք պետական մեդալների և պարգևների:

Գալյա Նովենցին նկարել է Մինաս Ավետիսյանը 1974 թվականին, որը պատկերված է Սերգեյ Առաքելյանի 2013 թվականին գրած «Գալյա Նովենց» գրքի (2013) կազմի վրա[16][17]:

2022 թվականին Գալյա Նովենցի թոռնուհին՝ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հիմնադրել է «Գալյա Նովենց» թատերական դպրոցը Երևանի Եզնիկ Կողբացի 69 հասցեում[18]։

Գալյա Նովենցին նվիրված վավերագրական մի շարք վավերագրական ֆիլմեր ու ռադրո-հեռուստատեսային հաղորդումներ են նկարահանվել[19][20]: Դերասանուհու մասնակցությամբ վերջին ֆիլմը նկարահանվել է 2013 թվականի մայիսին, երբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը  հանդիսատեսի դատին է հանձնել  «Գալյա Նովենց» վավերագրական ֆիլմը[14][10]:

Գալյա Նովենցի հուշաքարը տեղադրվել է Կապանում «1959-1962 թվականներին այս տանն ապրել է ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը» գրությամբ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.arm-cinema.am/en/actors/29.html
  2. «Թե ինչպես Գալյա Նովենցը ստացավ Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակ». www.art365.am. Վերցված է 2024-07-23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Venice Film Festival (1985)». IMDb. Վերցված է 2024-07-22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ճանաչենք Մերոնց․ Գալյա Նովենց». www.iammedia.am. Վերցված է 2024-07-22-ին.
  5. 5,0 5,1 «Награды / Галя Новенц». www.kinopoisk.ru. Վերցված է 2024-07-22-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 8 (օգնություն)
  6. ««Ինձ թվում է, որ երբ մարդը տարիքն առնում է, պիտի էկրանին երևալուց խուսափի». Գալյա Նովենցի հայտնի մտքերը, որ կարող են փշաքաղեցնել». www.iammedia.am. Վերցված է 2024-07-22-ին.
  7. 7,0 7,1 7,2 Mher Baghdasaryan I Tete A Tete (2013-05-19), Գալյա Նովենցի դրաման՝ որդու մահից հետո, Վերցված է 2024-07-22-ին
  8. 8,0 8,1 «Կարեկցանք հարուցող ներաշխարհով կանայք» (PDF). Ավանգարդ (թերթ). 31: էջ 6. 2007, օգսոտոսի 22-28.
  9. «Գալյա Նովենց - Zark Foundation». Վերցված է 2024-07-22-ին.
  10. 10,0 10,1 Ալիսա Գևորգյան, Գալյա Նովենց․ հայ կինոյի Աննա Մանյանին
  11. «Acclaimed Armenian actress Galya Novents dies at 75». PanARMENIAN.Net. Վերցված է 2024-07-22-ին.
  12. «Այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է. նրա մտքերը միշտ անմահ են». www.iammedia.am. Վերցված է 2024-07-22-ին.
  13. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  14. 14,0 14,1 Peyotto.com. ««Ես ստեղծագործող եմ, այլ ոչ մենեջեր»». www.aravot.am (անգլերեն). Վերցված է 2024-07-22-ին«ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» նախագծի շրջանակներում «Գալյա Նովենց» ֆիլմի պրեմիերայի մասին{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  15. «Հաղորդումների ցանկ». www.1tv.am. Վերցված է 2024-07-23-ին.
  16. «Գալյա Նովենցին նկարել է Մինաս Ավետիսյանը». Բազմաբնույթ նյութեր (անգլերեն). 2019-07-14. Վերցված է 2024-07-23-ին.
  17. «Սերգեյ Առաքելյանի «Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը». PanARMENIAN.Net. Վերցված է 2024-07-23-ին.
  18. ««ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ» ԹԱՏԵՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ». Սփյուռ տեղեկատվական կայք.
  19. ShoghakatTVcompany (2016-02-19), Գալյա Նովենց, Վերցված է 2024-07-22-ին
  20. Armenian Public TV (2022-11-11), Հանդիպում Առաջինում․ Նվիրված Երվանդ Ղազանչյանին և Գալյա Նովենցին, Վերցված է 2024-07-22-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գալյա Նովենց հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալյա Նովենց» հոդվածին։