ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀԹԳՄ ԼՄ թատերական ստուդիա
Տեսակթատրոն
ՀիմնադիրներՎոլոդյա Գրիգորյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գտնվելու վայրըՎանաձոր
Հիմնադրման ամսաթիվ1970 թվական
Մեջտեղում՝ ստուդիայի հիմնադիր Վոլոդյա Գրիգորյանը, աջում՝ Գրետա Մեջլումյանը, ձախում՝ Ավետիս Օհանյանը

ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից թատերական ստուդիա, 1970 թվականին հիմնադրված ստուդիա որի առաջին պատասխանատու քարտուղարը եղել է Վոլոդյա Գրիգորյանը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից թատերական ստուդիան հիմնադրվել է 1970 թվականին։ Կուրսի ղեկավար նշանակվել է Մայիս Ռաֆայելյանը, «Բեմական խոսք»ը դասավանդել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ «Թատրոնի պատմությունը»՝ Վ. Գրիգորյանը, «Գրիմ» առարկան դասավանդել է Հայաստանի վաստակավոր արտիստ Ալեքսանդր Շագաֆյանը։ Ստուդիայում դասավանդել են նաև Հայաստանի ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, բեմադրիչ Միքայել Կոտոյանը, հեռուստալրագրող Ներսես Մատինյանը, ռեժիսոր Միրոն Չուլակյանը և երկար տարիներ ուսումնական մասը կառավարող, դերասան Ավետիս Օհանյանը։

Ստուդիայի դասընթացները եղել են երկամյա, իսկ ընդունելությունը երկու տարին մեկ։ Վ. Գրիգորյանը ստուդիայի ուսումնական մասի աշխատանքները հանձնել է ստուդիայի շրջանավարտ, դերասան Էլֆիք Զոհրաբյանին։ Վ. Գրիգորյանից հետո Լոռվա բաժանմունքի քարտուղարների գործը ստանձնել են Հ. Ազիզյանը, Ս. Սողոմոնյանը և Մ. Կոտոյանը։ Գրետա Մեջլումյանը ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է ստուդիայում՝ «Բեմական խոսք» առարկան։

2009 թվականին նախագահ է ընտրվել Վ. Շահվերդյանը, իսկ պատասխանատու քարտուղար՝ Էլֆիք Զոհրաբյանը[3]։ Զոհրաբյանը ձեռնամուխ է եղել դրամատիկական ստուդիայի վերաբացմանը` դառնալով նրա ղեկավարը[1][4]։ Վերջինիս մտահղացմամբ ստուդիայում ստեղծվել է նաև երկրորդ կուրս, որը նախկինում չի եղել։ Ստուդիականները հաճախ ներգրավվել են թատրոնի բազմաթիվ ներկայացումներում։ Նրա շնորհիվ Լոռու բաժանմունքը համալրվել է մոտ 50 նոր անդամներով և, ըստ ՀԹԳՄ նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի հաշվետվության, «Լոռու մարզային բաժանմունքը 2010-2013 թվականներին եղել է լավագույնը հանրապետությունում»։

Հայաստանի թատերական գործիչների միության Լոռու մարզային բաժանմունքին կից ստուդիան իրականացրել է համատեղ ծրագրեր «Օրրան» և այլ հասարակական կազմակերպությունների, Ստ. Զորյանի տուն-թանգարանի, Վանաձորի պետհամալսարանի, Վանաձորի կերպարվեստի թանգարանի հետ՝ ակտիվացնելով Լոռու մշակութային կյանքը։

ՀԹԳՄ ԼՄ բաժանմունքին կից ստուդիայի սաները 2011-2020 թվականներին զբաղվել են նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի մեկ տասնյակից ավել ներկայացումներում, աշխատել մարզային ու հանրապետության տարբեր հեռուստաընկերություններում։ 2011 թվականից ստուդիան դարձել է ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դիմորդներով սնուցելու գլխավոր «աղբյուրներից» մեկը։

Սկսած 2009 թվականից վարպետության բազմաթիվ դասեր են կազմակերպվել՝ Վանաձոր հրավիրելով արվետագետների՝ Գրետա Մեջլումյանին, Նարինե Գրիգորյանին, Ռուբեն Բաբայանին, Արա Խզմալյանին և այլոց։ Առցանց բեմադրվել է՝ Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափը» հեքիաթը։

Ստուդիայի շրջանավարտներից են՝ Գրետա Մեջլումյանը (Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ), Մայիս Սարգսյանը (Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ), Վրույր Հարությունյանը (Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ), Գագիկ Դուրմիշյանը, Խաչատուր Գասպարյանը (բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ), Ռոբերտ Առաքելյանը (բեմադրիչ Լիբանանում, Մովսես Խորենացի մեդալակիր), Ռոբերտ Սարգսյանը (Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի վարպետ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ), Շահեն Իսմայիլյանը (բեմադրիչ), Սերգուշ Բաբայանը (դերասան, հաղորդավար), Աշոտ Հարությունյանը, Վահրամ Զարյանը (մնջախաղի վարպետ, Ֆրանսիա), Սամվել Բեգլարյանը (Նոյեմբերյանի քաղաքային թատրոնի գեղ. ղեկավար, բանաստեղծ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր), Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դերասանուհիներ Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը և այլք։

2021-ին Թատերական լոռի միջազգային փառատոնի շրջանակում նշվել է ստուդիայի 50-ամյակը, որի ընթացքում Է. Զոհրաբյանն արժանացավ փառատոնի դիպլոմին ու արձանիկին, ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրին, պատվոգրի արժանացավ Հ. Ղազանչյանը, ինչպես նաև ստուդիայի դասախոսները։

2023 թվականի մարտին ՀԹԳՄ ԼՄ ստուդիան հրավեր ստացավ մասնակցելու Ս. Պետերբուրգում տեղի ունեցող միջազգային հեղինակավոր փառատոնին։ Վանաձորի թատերական ստուդիան ներկայացրեց Հ. Ք. Անդերսենի Թագավորի նոր զգեստը հեքիաթի մոտիվներով բեմադրված նույնանուն պիեսը, որը բեմականացրեց և բեմադրեց դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը։ Ներկայացումը փառատոնում համարվեց ամենաինքնատիպը և արժանացավ դիպլոմի։ 250 ներկայացումներից ընտրվել էին լավագույն 20-ը, որից մեկը Հայաստանը ներկայացնող այս խումբն էր[5][6]։ Ստուդիայի ղեկավարին շնորհակալագիր հանձնեց ՀՀ Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը միջազգային փառատոնում Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 says, Անահիտ. «Եթե հիմքն ամուր է, ապագան հուսադրող է». www.aravot.am. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  2. «Վոլոդյա Գրիգորյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  3. «AV Production - Էլֆիք Զոհրաբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  4. «ԿՅԱՆՔԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ. ԼՈՌԻ». www.avangard.am. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  5. Ավետիսյան, Նարինե (18:03 28.03.2023). «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐՎԵՑ ԱՄԵՆԱԻՆՔՆԱՏԻՊԸ». Lori TV.
  6. Արզումանյան, Վովա (2023 թ․ մարտի 25). «Բրյանցեվի անվան միջազգային փառատոնի հայ մասնակիցները Վանաձորից էին». Առավոտ.