Խաթաբալա (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաթաբալա
Gabriel Sundukyan.jpg
«Խաթաբալա» կատակերգության հեղինակ Գաբրիել Սունդուկյան
ՀեղինակԳաբրիել Սունդուկյան
ՏեսակՊիես
ԺանրԿատակերգություն
Կազմված է4 արարված և 6 պատկեր
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1866-1867
Հրատարակման վայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն

«Խաթաբալա», հայ հռչակավոր դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի կատակերգությունը։ «Խաթաբալան» հանդիսանում է հայ թատրոնի պատմության առավել հաճախ խաղացված կատակերգություններից մեկը և մինչ օրս ներառված է հայալեզու թատրոնների խաղացանկում։ 1971 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության հիման վրա նկարահանվել է Յուրի Երզնկյանի նույնանուն ֆիլմը։

Գաբրիել Սունդուկյանը «Խաթաբալայի» առաջին տարբերակը գրել է 1866 թվականին Թբիլիսիում։ 1867 թվականին Գաբրիել Սունդուկյանը ավարտեց «Խաթաբալա» կատակերգության երկրորդ և վերջնական տարբերակը։ Գ.Սունդուկյանն իր կատակերգությունը նվիրել է հայ անվանի դերասան և թատերական գործիչ Միհրդատ Ամերիկյանի հիշատակին։

«Խաթաբալա» կատակերգությունը գրված է չորս արարվածով և վեց պատկերով։ Առաջին, երկրորդ և չորրորդ արարվածները տեղի են Զամբախովի տան առաջ և տանը, իսկ երկրորդը` Մասիսյանցի տանը։ Դեպքերը ծավալվում են Թիֆլիսում 1860թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարված առաջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին արարվածում բեմը ներկայացնում է թիֆլիսյան մեկ փողոց, աջ կողմում Կարապետ Զամբախովի երկու հարկանի հոյակապ տունը դռներով, պատուհաններով և փոքրիկ պաշտգամբով։ Ժամանակը կեսօրին մոտ է։

27 ամյա Գեորգ Մասիսյանցը փնտրում է Մարտիրոսյանցի տունը։ Գեորգին տեսնում է 20-ամյա գեղեցկադեմ Նատալիային,ով Արտեմի հետ քայլում էր, և նրան հարցնում է Մարտիրոսյանցի տան տեղը։ Նատալիան, վախեցած, պատասխանում է, որ չգիտի։ Գեորգը ներողություն է խնդրում անհանգստության համար և հեռանում, իսկ Նատալիան մտնում է Զամբախովի տուն։

Փողոցում Գեորգը տեսնում է իր վաղեմի բարեկամ Իսայուն, և նրան պատմում, որ Զամբախովի տան մոտ մի երիտասարդ աղջիկ է տեսել և շատ հավանել։ Իսային կարծելով, որ խոսքը Զամբախովի տգեղ դուստր Մարգրիտի մասին է և սկսում է Մարգրիտին գովալ։ Հեռվում տեսնելով Զամբախովին, Իսային արագ մոտենում է նրան և հայտնում, որ Մարգրիտի համար փեսացու է գտել և հեռանում։ Զամբախովի հավատը չի գալիս, որ իր տգեղ աղջկան ինչ-որ մեկը տեսել և հավանել է։

Տուն մտնելով և իմանալով, որ Նատալիան իրենց տանն է, Զամբախովը կասկածում է, որ երիտասարդ տղան տեսել է ոչ թե Մարգրիտին, այլ Նատալիային։ Մի փոքր հարց ու փորձ անելուց հետո, Զամբախովը դրանում համոզվում է։ Երբ Իսային վերադառնում է, Զամբախովը ասում է, որ կարիք չկա որ Գեորգը նորից տեսնի իր աղջկան և եթե Մարգրիտին տեսել է և հավանել, պետք է նշանել երիտասարդներին։

Արարված երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ արարվածում բեմը ներկայացնում է հետևյալ տեսարանը` հասարակ սենյակ Մասիսյանցի տանը, երեք դռնով` աջ, ձախ և խորքում։ Ձախ կողմում դրած է գորգով ծածկված և մութաքաներով զարդարված տախտ, իսկ աջ` սեղան, որի վրա դարսած են մի քանի գրքեր և երկու արծաթափայլ աշտանակ հանգած մոմերի մնացորդներով։ Բեմի խորքումը և սեղանի մոտ աթոռներ։

Գեորգը իր մորը` Քեթևանին հայտնում է, որ, ի հակադրություն գործող ադաթների, չի պատրաստվում առանց օրիորդին տեսնելու ամուսնանալ նրա հետ։ Սենյակ են մտնում Իսային և Զամբախովը։ Զամբախովը հայտնում է իր համաձայնությունը, որ Գեորգը նորից տեսնի օրիորդին և ծանոթանա, և երեկոյան հրավիրում իր տուն։ Զամբախովի հեռանալուց հետո, Գեորգը Իսայուն հայտնում է, որ Զամբախովն իր դուրը շատ եկավ։

Սենյակ է գալիս Գեորգի մորաքույր Խամփերին, որը մոցիքուլ է, այսինքն` ամուսնության գործում միջնորդ կին։ Գեորգը նրան հայտնում է, որ սիրահարվել է մի շատ գեղեցիկ օրիորդի։ Այս բառերի վրա Իսային զարմանում է։ Իմանալով, որ խոսքը Զամբախովի աղջկա մասին է, Խամփերին սկսում է արհամարանքով խոսալ, սակայն տեսնելով Իսայուն, ով ձեռքի շարժումներով գումար է խոստանում, հայտնում է, որ չի տեսել Մարգրիտին, ուղղակի լսել է նրա մասին։ Երբ սենյակում մնում են միայնակ, Իսային Խամփերիին լռության համար խոստանում է 50 թուման գումար և գնում գումարը բերելու։

Այս ամբողջից Գեորգի մեջ կասկած է ընկնում, որ իրեն ուզում են խաբել։

Արարված երրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տեսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմը ներկայացնում է` Կարապետի տան առաջին արարվածի սենյակը։ Ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը վեցը։ Ուր հարկն է, հանգած լապտերներ և հանգած մոմերով աշտանակներ ու կանդելբրներ։

Զամբախովի տունը պատրաստություն են տեսնում Գեորգի այցելության առիթով։ Մարգրիտին զարդարել են ամենագեղեցիկ զգեստներով և զարդերով, դեմքը հարդարել են, որպեսզի թաքցնեն տգեղությունը։ Բացի այդ, Զամբախովը դստեր համար գնել է կոշիկ` շատ բարձր կրունկներով, որպեսզի թաքցնեն նրա կարճահասակությունը։ Մարգրիտը արտասվում է իր տգեղության պատճառով, իսկ Նատալիան նրան սփոփում է։

Տուն է գալիս Իսային։ Ամեն անգամ Նատալիային տեսնելուց հարցնում, թե արդյոք իրեն երիտասարդ տղա չի տեսել, Նատալիան, վախեցած, հերքում է։ Իսային Զամբախովից վերցնում է Խամփերիին խոստացված գումարը և հեռանում։

Տեսարան երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմը ներկայացնում է Կարապետի տան գավիթը։ Խորքում, ձախ կողմը, պարտեզ, իսկ աջ կողմը` տունը, որի սաստիկ լուսավորված պատուհանները գետնից բավականին բարձր են։ Գավթում - աջ կողմը սրահ` կողպած փոքր պատուհանով առաջին կարգում և նույնպես կողպած դռնով երկրորդ կարգում։ Այս սրահը այնպես է դուրս դրած կուլիսների առջև, որ նրա պատուհանից, որ նրա պատուհանից, որ գտնվում է հանդիսականների դիմացը, անհնարին է տան պատուհանները տեսնել։ Ձախ կողմը, առաջին կարգում, մեծ ծառ, իսկ երկրորդում գավթի դուռը, որի երկու փեղկերն էլ որոշ կերպով բոլորովին բաց են մնում մինչև վերջը։ Ծառի ետևից երկնքում փայլում է լուսինը, որ լուսավորում է պարտիզի մեկ մասը։ Գավթումը բավականին մութ է։

Արդեն երկար ժամանակ է Զամբախովը սպասում է, սակայն ոչ Գեորգը, և ոչ Իսային չկան։ Գալիս է Իսային և հայտնում, որ Գեորգին չի կարողանում գտնել։ Զամբախովը բարկանում է և Իսայուն ուղարկում Գեորգին գտնելու։

Բակում են հայտնվում Գեորգը և Իսային։ Գեորգը բարկացած, հայտնում է Իսայուն իր կասկածների մասին և խնդրում իր ներողությունը փոխանցել Զամբախովին, որ այսօր չկարողացավ գալ։ Այդ պահին պատշգամբում երևում է Նատալիան, և Գեորգը նրան տեսնում է։ Իսային տեսնում է այն պահին, երբ Նատալիան արդեն ներս է գնում, և կարծում է թե Մարգրիտն է։ Իսայու մտքով անցնում է, Մարգրիտին հանել պատշգամբ, որտեղ Գեորգը նրան կտեսնի։ Մտնելով տուն, Իսային հանդիպում է Զամբախովին և պատմում իր մտքի մասին, իսկ Զամբախովը կարգադրում է Իսայուն սպասել, և ինքն է բարձրանում վերնահարկ, և Նատալիային նստեցնում պատշգամբի մոտ, կարգադրելով նրան երգել։ Գեորգին զմայլվում է Նատալիայի ձայնով, իսկ Իսային չի կարողանում տեսնել Նատալիային, իսկ Զամբախովը անընդհատ Իսայու ականջին փսփսալով թույլ չի տալիս, որ իր կնոջ ձայնը ճանաչի։

Երգելուց հետո, Գեորգի կասկածները փարատվում են։ Գեորգը և Իսային գնում են տուն, իսկ Զամբախովը գոհ է, որ իր մտացածն ամբողջապես ստացվեց։

Արարված չորրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշքեղ դահլիճ Կարապետի տանը` թանկագին կահ-կահասիքով զարդարած։ Աջ, ձախ և խորքում դռներ։ Դահլիճի հատակը ամբողջապես ծածկած է գորգով. առաստաղից կախած է շքեղ ջահ վառ մոմերով։ Ձախ կողմը` բազմոց սեղանով և բազկաթոռներով, իսկ աջ կողմը` փոքրիկ սեղան երկու աթոռով։ Աջ ու ձախ մեծ հայելիք և ոսկեզօծ կանդելաբրներ նույնեպս վառ մոմերով։ Խորքում` աթոռներ, դաշնամուր իր բոլորակ աթոռով և ժամացույց, որի սլաքները ցույց են տալիս ժամը ութը։ Սեղանները ծածկված են գունավոր սփռոցներով և դռները նույնպիսի դրապրիներով։ Տեղ-տեղ ծաղիկներ։ Ժամացույցը բանում է։

Իսային և Գեորգը ուրախ տուն են մտնում, նրանց դիմավորում է Զամբախովը։ Գեորգը արդեն վստահ է, որ իրեն չեն խաբում, սակայն մնում է զգուշավոր և ուզում է ծանոթանալ օրիորդի հետ, ինչպես և խոստացել էր Զամբախովը։ Սակայն Զամբախովը հայտնում է, որ Մարգրիտը Իսայուց իմացել է, Գեորգի այցելության պատճառի մասին, և խիստ անհանգստացած է։ Զամբախովը, պատճառաբանելով, որ չի ուզում վարկաբեկվել քաղաքում, փորձում է Գեորգից նշանվելու խոսք ստանալ։

Որոշ ժամանակ անց, Զամբախովը Մարգրիտի հետ մտում է սենյակ։ Գեորգը տեսնելով, որ սա իր տեսած օրիորդը չէ վերջնականապես համոզվում է, որ իրեն խաբում են, փորձում հեռանալ։ Տեսնելով Իսայու ծառա Արտեմին, նրան հարցնում է, թե ում ետևից էր նա երեկ քայլում։ Շուտով Իսային գլխի է ընկնում կատարվածի մասին, հեռանում սենյակից և վերադառնում Նատալիայի հետ։ Նատալիային տեսնելով, Գեորգը հայտնում է, որ նրան է տեսել։ Իսային հայտնում է նրան, որ դա իր կինն է։ Բոլորը ապշած են, Զամբախովի սուտը բացահայտվեց, Մարգրիտը ամոթխած է։ Ամենքը քարացած մնում են իրենց դրության մեջ։ Բեմի աջ կողմից գալիս է Սարգիսը, շամպայնով սկուտեղը ձեռքին և ասում. "Այ խաթաբալա":

Վարագույրը կամաց-կամաց իջնում է։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանն ինքն է նկարագրել իր հերոսների հիմնական բնութագրական տվյալները։ Ստորև ներկայացված կերպարների նկարագրությունը շարադրված է ըստ բնագրի` Գ.Սունդուկյանի ուղղագրությամբ և կետադրությամբ։

Գարասիմ Յակուլիչ Զամբախով - հարուստ վաճառական։ 60 տարեկան, միջին հասակով, պատկառելի դեմքով և բոլորովին սպիտակ մազերով։ Երեսը ածելած, հոնքերը հաստ, բեխերը միջակ։ Սև մահուդե եվրոպական հագուստ` երկայն ժիլետ, փոքր ինչ լայն անդրավարտիք, երկար ու լայն սերթուկ, հին ձևի մեծ գլխարկ - ֆուրաժկա և մետաքսյա սև լայն փողպատ։ Փողոցում` ձեռքին կարճ հաստ ձեռնափայտ, իսկ վրան գցած երկար ու լայն վերարկու - պալտո։ Գործ է ածում արծաթե հին ձևի հաստ ժամացույց սև բարակ ժապավենով և կանաչագույն մետաքսյա ծաղկախառն թաշկինակ։ Քայլը հաստատ, ձայնը ազդու, շարժվածը և խոսակցական ձևերը ծանր։ Ըստ երևույթին շատ պատվավոր անձն։

Մարգրիտ - նրա նշանելու աղջիկը։ 19 տարեկան, տգեղ և կարճահասակ օրիորդ, տեղական վրաց հագուստով, գլուխը վրացնակ զարդարված։ Առաջին արարվածում հագնված է բավական հասարակ և առանց գոտկի, իսկ երրորդ և չորրորդում` ամենաշքեղ ձևով, գոտկով և զանազան ակնեղեններով զարդարված։ Ձայնը քաղցր. խոսակցության ձևերը և շարժվածքը համեստ։

Իսայի - վաճառական, Զամբախովի ազգական։ 40 տարեկան, վայելուչ կազմվածքով և գեղեցիկ, բայց փոքր ինչ հիմար դեմքով։ Երեսը ածելած, մազերը բոլորովին սև, հոնքերը բարակ բեխերը միջակ։ Թիֆլիզի վաճառականի ընտիր հագուստ` մետաքսյա սև արխալուխ, կուրծքը կապած և բարակ ոսկեթելով բոլորած, բարակ փողպատ, սև մահուդե կաբա, մոխրագույն մետաքսյա գոտիկ, մահուդե բաց-շագանակագույն լայն անդրավարտիք և գլխարկ - փոքրիկ սև ֆուրաժկա։ Գործ է ածում դեղին մետաքսյա ծաղկախառն թաշկինակ։ Շարժվածքը և խոսակցության ձևերը հասարակ։

Նատալիա - Իսայու կինը, գեղեցիկ և բարձրահասակ։ 20 տարեկան, նուրբ կազմվածքով և կախարդիչ դեմքով։ Հասակով Մարգրիտից շատ բարձր։ Երկու ձեռք բուն վրաց գեղեցիկ հագուստ` մինը առաջին արարվածում, իսկ մյուսը երրորդ և չորրորդ արարվածներում, գլուխը վրացնակ զարդարված։ Փողոցում ձեռնոցներ, փոքրիկ հովանոց և սպիտակ թեթև վերարկու։ Շարժվածքը կենդանի. երգում է հիանալի։

Գեորգ Մասիսյանց - աստիճանավոր երիտասարդ։ 27 տարեկան, սև մազերով և թարմ գրավիչ դեմքով։ Հագուստը բոլորովին եվրոպական, ամենաընտիր ճաշակի և գլխարկը միշտ սիլինդր։ Փողոցում` կարճ պիջակ, դեղին ձեռնոցներ և բարակ ձեռնափայտ, տանը` սկզբում, մոխրագույն բաճկոնակ (ժաքեթ) կարմիր ժապավենով բոլորած, հետո սև սերթուկ և ֆրակ, ինչպես նշանակված է իր տեղը. գավթումը` վերարկվով և ձեռնափայտով. իսկ Զամբախովի տանը` ֆրակով և սպիտակ ձեռնոցներով, ինչպես և հագնված է երկրորդ արարվածի վերջումը։ Ձայնն ախորժելի, խոսակցության ձևերը և շարժվածքը քաղաքակրթված։

Քեթևան - Գեորգի մայրը, այրի կին, 52 տարեկան, գեղեցիկ դեմքով, երեսը թուխ, հոնքերը սև։ Վրաց հագուստ, գլուխը վրացնակ զարդարված, հասարակ չիքիլա, մուգ ղալամքարե ճակտի աղլուխ առանց քորոցի, մետաքսյա սև գլխի փաթաթան, մուգ մանուշակագույն դոշ սև թավիշե ժապավենով բոլորած և հասարակ քորոցով, մուգ միխիկագույն մետաքսյա դերիա և քիրմանի շալե սև գոտիկ։ Խոսակցության ձևերը և շարժվածքը ծանր։ Ամենաբարի և ամենապատվելի անձն է։

Խամփերի - Գեորգի մորաքույրը։ 50 տարեկան, հաճելի դեմքով ու սև բարակ հոնքերով նիհար կին։ Վրացնակ մետաքսյա սև հագուստ կապույտ դոշ ու գոտկով, գլուխը վրացնակ, հասարակ չիքիլա, կապույտ թավիշե ճակտի աղլուխ և մուգ գլխի փաթաթան։ Գործ է ածում սպիտակ ղաթիբա։ Խոսակցությունը, ման գալը և շարժվածքը արագ և կրակոտ։

Սարգիս - Զամբախովի ծառան։ 25 տարեկան։ Առաջին արարվածում` չթե արխալուխ սև հասարակ քամարով, իսկ երրորդ և չորրորդ` սև մահուդե չերքեզկա դեղին կլապիտոնե բարակ ղայթանով բոլորած և արծաթե շքեղ քամար։ Միշտ առանց գլխարկ։

Արտեմ - Իսայու ծառան։ 14 տարեկան տղա, սպիտակ մահուդե չերքեզկայով։

Խաթաբալա (Ֆիլմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականի հունիսի 22-ին կայացավ Յուրի Երզնկյանի «Խաթաբալա» ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմում կերպարները մարմնավորեցին ՀԽՍՀ լավագույն դերասանները։ Կարապետ Զամբախովի կերպարը մարմնավորես ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Իսայու կերպարը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, իսկ Գեորգ Մասիսյանցի դերը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ` Վրեժ Հակոբյանը։

Ֆիլմը հիմնված է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության վրա, սակայն ամբողջության չի կրկնում սյուժեն և կատարված են մի շարք փոփոխություններ։ Օրինակ` Գաբրիել Սունդուկյանի պիեսում բացակայում են փողոցային հանդեսի տեսարանները, գինետան տեսարանները, որտեղ նկարահանվել է նաև Վախթանգ Կիկաբիձեն և թաղման արարողության տեսարանը։