Բերանի խոռոչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոռոչ (այլ կիրառումներ)
Բերանի խոռոչ, մարսողական ուղու սկզբնական բաժին, որտեղ տեղի է ունենում սննդի մեխանիկական և սկսվում առաջնային քիմիական մշակումը։ Բերանի բացվածքը սահմանափակում են վերին և ստորին շրթունքները, որոնց հաստության մեջ տեղադրված է բերանի բոլորաձև մկանը։ Վերջինիս կծկումների շնորհիվ բացվածքը փակվում և բացվում է։ Շրթունքների կարմիր երիզը վերածվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի։
Բերանի խոռոչը կազմված է նախադռնից և բուն խոռոչից։ Նախադուռը ճեղքանման տարածություն է՝ տեղադրված այտերի ու շրթունքների միջև՝ դրսից, և ատամների ու լնդերի միջև՝ ներսից։ Բուն խոռոչը տարածվում է ատամներից մինչև ըմպանի մուտքը։
Քիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերևից այդ խոռոչը սահմանափակվում է քիմքով, որը կազմված է 2 մասից, առաջայինը կազմավորված է վերին ծնոտի և քմոսկրի ելուստներով և կոչվում է կարծր քիմք, իսկ հետինը՝ փափուկ քիմքը՝ մկաններով և պինդ թելքավոր (ֆիբրոզ) հյուսվածքով։ Քիմքն ամբողջությամբ պատված է լորձաթաղանթով։ Փափուկ քիմքի հետին եզրն ազատ կախված է դեպի ցած և միջին մասում ունի ցցվածք՝ լեզվակ։ Քիմքը բերանի խոռոչը բաժանում է քթի խոռոչից։ Կողքերից փափուկ քիմքը վերածվում է աղեղների, որոնցից առաջայինն անցնում է դեպի լեզվի կողմնային մակերևույթը, իսկ հետինը շարունակվում է ըմպանի կողմնային մակերևույթով։ Աղեղների միջև՝ 2 կողմում, գտնվում են քմային նշագեղձերը։ Կողքերից բերանի խոռոչը սահմանափակված է այտերի ներսային մակերևույթով, որտեղ աջ և ձախ կողմերում գտնվում են ոչ մեծ պտկիկներ, որոնց վրա էլ բացվում են հարականջային թքագեղձերի արտատար ծորանները։
Բերանի հատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի հատակը (կամ բերանի ստոծանին) կազմված է մկաններից, որոնք մասնակցում են ստորին ծնոտի շարժումներին։ Հատակում գտնվում է լեզուն, որը մկանային օրգան է՝ պատված լորձաթաղանթով։ Լեզվի թիկնային հատվածի լորձաթաղանթն առաջացնում է տարբեր ձևի ցցվածքներ կամ լեզվի պտկիկներ, որոնց մեջ տեղադրված են հատուկ գոյացություններ՝ համային կոճղեզները (համի օրգանները)։ Լեզվի շարժումները կարևոր են ծամելու և խոսելու համար։ Լեզվի տակ առջևի ստորին ատամների հետևում գտնվող պտկիկների վրա, բացվում են ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերի ծորանները։
Բերանի մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։ Բերանի խոռոչում կատարվում սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է ատամների, լեզվի և այտի մկանների մասնակցությամբ։
Ատամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչում գտնվում են 2 շարք ատամներ՝ վերին և ստորին։ Հասուն մարդն ունի 32 ատամ։ Ամբողջ խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը ծնոտների ատամնաբնային ելուստների հատվածում կոչվում է լինդ։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա են բացվում մանր և խոշոր թքագեղձերի արտատար ծորանները, որոնց արտազատուկը մտնում է մշտապես բերանի խոռոչը ողողող թքի բաղադրության մեջ։ Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավային և ջերմաստիճանային զգացողությունը զգալիորեն ցածր է, քան մաշկինը։ Այսպես՝ այտի լորձաթաղանթը 45 °C ջերմաստիճանի ջրով գրգռելիս առաջանում է հազիվ նշմարելի ջերմության զգացում, իսկ մաշկի համար այդ ջուրը տաք է։ 33 °C ջերմաստիճանի ջուրը բերանում առաջացնում է սառի զգացում։ Փոքր երեխաներն ավելի զգայուն են սննդի և ըմպելիքների ջերմաստիճանի նկատմամբ։ Տարիքի հետ մարդիկ հարմարվում են ավելի տաք սննդին։ Բերանի խոռոչում կան նաև հատուկ ընկալիչներ, որոնց օգնությամբ որոշվում է սննդի համը, իսկ լորձաթաղանթում գտնվող ընկալիչները բերանի խոռոչը կապում են ներքին օրգանների և օրգանիզմի համակարգերի հետ։
Առջևից և ստորին ծնոտներում գտնվում են 4-ական կտրիչների, դրանց կողքին յուրաքանչյուր կողմում կան երկու ժանիքներ։ Կտրիչները և ժանիքները ունեն մեկ արմատ։ Դրանք սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում։ Ժանիքների կողքին յուրաքանչյուր կողմում կան 4 փոքր և 6 մեծ աղորիքները, օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։
Յուրաքանչյուր ատամ ունի արմատ, որը տեղավորված է ատամնաբնում, լնդի մեջ խորասուզված վզիկ և բերանի խոռոչում երևացող պսակ։ Ատամի հիմնական նյութը դենտինն է (ատամոսկրը), որը պսակի շրջանում ծածկված է էմալով (արծին), իսկ արմատի շրջանում՝ ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է փուխր շարակցական հյուսվածքով՝ կակղանով, որտեղ գտնվում են արյունատար անոթները և նյարդերը։
Թուք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչում սնունդը թրջվում է թքով, շաղախվում և վերածվում սննդագնդիկի, որը լեզվի օգնությամբ հրվում է ըմպան, ապա կերակրափող։
Թքագեղձերի արտազատուկը՝ թուքը, թույլ հիմնային հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ (ամիլազ, մալթազ և այլն), անօրգանական աղեր, սպիտակուց և լորձանյութ (մուցին)։ Վերջինս թքին տալիս է մածուցիկություն, որը հեշտացնում է կուլ տալը։ Թքի ֆերմենտների ներգործությամբ սննդի ածխաջրերը մասամբ ճեղքվում են, իսկ ստամոքս անցած ֆերմենտները ստամոքսահյութի թթու միջավայրում դադարում են ազդել։ Սակայն թքի ֆերմենտների ներգործությունը շարունակվում է, քանի դեռ կերակրագունդը չի ներծծվել ստամոքսահյութով։ Ատամները մանրացնում են կոշտ սնունդը ստորին ծնոտի շարժումներով՝ լեզվի, շրթունքների և ծամող մկանների մասնակցությամբ։ Մանրացված սնունդը շաղախվում է թքով, ձևավորվում է կերակրագունդը, որը լեզվի և ըմպանի մկանների շարժումների օգնությամբ հրվում է դեպի ստամոքս (կուլ է գնում)։
Բերանի խոռոչում մշտապես առկա միկրոօրգանիզմները բնականոն պայմաններում օրգանիզմի համար վտանգավոր չեն, այլ ծառայում են յուրօրինակ կենսաբանական պատնեշ, քանի որ դադարեցնում են բերանի խոռոչ թափանցած ախտածին մանրէների աճը։ Լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիաները խթանվում են նաև թքով, որը պարունակում է վարակազերծող նյութ՝ լիզոցիմ։ Սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում բերանի խոռոչում մշտապես առկա որոշ միկրոօրգանիզմներ դառնում են ախտածին և հարուցում հիվանդություններ, օրինակ՝ կաթնուկ։
Թքագեղձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային, լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը ջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ աղեր, օրգանական նյութերից՝ սպիտակուցներ, միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։
Թքազատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները, գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն, որը գտնվում է երկարավուն ուղեղում և ողնուղեղի կրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին, և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության ոչ պայմանառեֆլեքսային ուղին է։ Սննդի տեսքը, հոտը, խոսակցությունը նրա մասին, ինչպես նաև ուրիշ գրգռիչներ, որոնք նախապես, ժամանակի առումով, համընկել են կերակրման գործընթացին, առաջացնում են պայմանառեֆլեքսային թքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։
Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի, վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները, բացասական հույզերը, մտավոր լարումը, ադրենալինը։
Կլլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլլումը բարդ ռեֆլեքսային գործողություն է։ Երբ սննդագնդիկը շփվում է քիմքին, լեզվի հիմքին և ըմպանի հետին պատին, գրգռվում են այնտեղի ընկալիչները։ Գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հասնում է կլլման կենտրոն, որը տեղադրված է երկարավուն ուղեղում։ Կենտրոնաձիգ նյարդերով ազդակներ են հաղորդվում բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի մկաններին, որոնց համաձայնեցված կծկումներով սննդագնդիկը հրվում է ըմպանի ստորին հատվածը, ապա՝ կերակրափող։ Սննդագնդիկը շարժման ժամանակ չի ընկնում շնչուղիներ, որովհետև փափուկ քիմքը բարձրանում և փակում է քթըմպանը, իսկ մակկոկորդը՝ կոկորդի մուտքը։
Կուլ տալիս շնչառությունը կասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են, որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի ստամոքս։
Հիվանդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերանի խոռոչի առողջացման համար անհրաժեշտ է բուժել և հիվանդ ատամների ատամնալիցք անել (որը կանխում է ատամների ոսկրափուտի և դրա բարդությունների՝ կակղենու բորբոքման, շուրջատամնաբորբի հետագա զարգացումը), հեռացնել քայքայված ատամները, բուժել հարատամնային հյուսվածքների (հարատամնաբորբ), բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները, հեռացնել ատամի քարը, ինչպես նաև ժամանակին վերացնել ատամնածնոտային համակարգի և ատամների արատները։
Պարտադիր կատարվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների (տարին 2 անգամ), հղի կանանց, մասնագիտական վնասակարություններ ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների, տուբերկուլոզով, ռևմատիզմով հիվանդների բերանի խոռոչի առողջացում։ Դա կարևոր նշանակություն ունի հարատամնային հյուսվածքների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, սուր և քրոնիկական ընդհանուր հիվանդությունների կանխարգելման համար, որովհետև ոսկրափուտով ախտահարված ատամները քրոնիկ, վարակի աղբյուր են և վնասակար ներգործություն են ունենում օրգանիզմի վրա։
Վարակի օջախի առաջացումը կանխելու համար խիստ կարևոր է ատամների և բերանի խոռոչի ճիշտ խնամքը, որի համար պետք է ամեն օր ատամները մաքրել խոզանակով, բերանը ողողել ջրով կամ հատուկ լուծույթներով, ուտելուց հետո միջատամնային հատվածները մաքրել ատամնամաքրիչով (փայտե կամ ոսկրե)։ Ատամների, լնդերի, լեզվի հիվանդությունների առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել ստոմատոլոգի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|