Շրթունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շրթունքներից)
Շրթունք
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասբերանի սրորաբաժանում[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԽոսելու գործարաններ
Կազմված էlower lip? և upper lip?
Լատիներեն անվանումlabia oris
Զարկերակinferior labial artery?
Երակinferior labial vein?
Նյարդդիմային
Foundational Model of Anatomy59816
Terminologia Anatomica 98A05.1.01.005
Նկարագրված է1911 Encyclopædia Britannica, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում
 Lips Վիքիպահեստում

Շրթունքները (լատին․՝ labia oris) բերանի շրջանաձև մկանի մկանաթելերն են, որոնք դրսից ծածկված են մաշկով, իսկ ներսից՝ լորձաթաղանթով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Վերին շրթունք
(լատին․՝ Labium superius)
2. Ստորին շրթունք
(լատին․՝ Labium inferius)
3.Կիպ շուրթեր
(լատին․՝ Commissura labiorum)
4.Շրթնային ակոսիկ
(լատին․՝ Philtrum)

Բերանի բացվածքի անկյուններին շրթունքները միանում են իրար կպուկների միջոցով (commissura labiorum)։ Շրթունքների մաշկը աստիճանաբար փոխանցվում է բերանի լորձաթաղանթի, որը վերին շրթունքից (labium superiorius) անցնելով լնդերի (gingiva) մակերեսին, միջին գծի վրա առաջացնում է բավականին լավ արտահայտված սանձիկը (frenulum labii superioris)։ Ստորին շրթունքի (labium inferiorius) սանձիկը (frenulum labii inferioris) սովորաբար թույլ է արտահայտված։

Տարբերում են երեք բաժին՝

  • մաշկային - parscutanea,
  • միջանկյալ - pars intermedia
  • լորձային - pasr mucosa։

Շրթունքի հաստության մեջ գտնվում են միջաձիգ զոլավոր մկաններ։

Շրթունքի մաշկային բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթունքի մաշկային բաժինն ունի մաշկին նման կառուցվածք։ Այն ծածկված է բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելով, ունի ճարպային գեղձեր, քրտնագեղձեր ու մազեր։ Այդ շերտի էպիթելը տեղադրված է հիմային թաղանթի վրա, իսկ թաղանթի տակ գտնվում է նոսր թելակազմ շարակցական հյուսվածքը, որն առաջացնում է էպիթելի մեջ ներհրվող բարձր պտկիկներ։

Շրթունքի միջանկյալ բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթունքի միջանկյալ բաժինն իր հերթին կազմված է երկու գոտիներից՝

  • արտաքին (հարթ)
  • ներքին (թավիկավոր)։

Արտաքին գոտում էպիթելի եղջերային շերտը պահպանվում է, բայց դառնում է բարակ ու թափանցիկ։ Այս մասում մազեր չկան, քրտնագեղձերն աստիճանաբար վերանում են, պահպանվում են միայն ճարպագեղձերը, որոնց ծորանները բացվում են էպիթելի մակերեսին։ Վերին շրթունքն ավելի հարուստ է ճարպագեղձերով, հատկապես բերանի անկյան շրջանում։ Լորձաթաղանթի սեփական թիթեղը հանդիսանում է մաշկի շարակցահյուսվածքային մասի շարունակությունը։ Նրա պտկիկներն այդ գոտում բարձր չեն։ Նորածինների ներքին գոտին ծածկված է էպիթելային պտկիկներով, որոնց երբեմն անվանում են թավիկներ։ Այդ էպիթելային պտկիկներն օրգանիզմի աճին զուգընթաց աստիճանաբար հարթվում են և դառնում քիչ նկատելի։

Մեծահասակ մարդու շրթունքի անցումային բաժնի ներքին գոտու էպիթելը 3-4 անգամ հաստ է, քան արտաքին գոտում, զուրկ է եղջերային շերտից։ Որպես կանոն, ճարպագեղձերն այստեղ բացակայում են։ Էպիթելի տակ գտնվող նոսր թելակազմ շարակցական հյուսվածքը, ներհրվելով էպիթելի մեջ, առաջացնում է շատ բարձր պտկիկներ, որոնցում գտնվում են բազմաթիվ մազանոթներ։ Նրանց միջով շրջանառող արյունը թափանցում է էպիթելի միջով և պայմանավորում է շրթունքի կարմիր գույնը։ Պտկիկները պարունակում են հսկայական քանակությամբ նյարդային վերջավորություններ, այդ պատճառով շրթունքի կարմիր եզրը շատ զգայուն է։

Շրթունքի լորձաթաղանթային բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթունքի լորձաթաղանթային բաժինը ծածկված է բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով։ Սակայն էպիթելի մակերեսային շերտի բջիջներում կարելի է հայտնաբերել ոչ մեծ քանակությամբ կերատինի հատիկներ։ Շրթունքի լորձաթաղանթային բաժնի էպիթելը զգալիորեն ավելի հաստ է, քան մաշկայինում։ Այստեղ լորձաթաղանթի սեփական թիթեղն առաջացնում է պտկիկներ, որոնք ավելի կարճ են, քան մոտ գտնվող անցումային բաժնում։ Լորձաթաղանթում մկանային թիթեղը բացակայում է և այդ պատճառով սեփական թիթեղն առանց կտրուկ սահմանի անցնում է ենթալորձային հիմի, որն էլ անմիջականորեն հարում է միջաձիգ զոլավոր մկաններին։

Շրթունքների մաշկի և լորձաթաղանթի միջև գտնվող շարակցահյուսվածքային ենթալորձային հիմում տեղադրված են մկաններ և շրթունքային թքագեղձերի սեկրետոր բաժինները։ Շրթունքի զանգվածի մեջ տեղավորված մկանները հարմարված են ոչ միայն բերանի ճեղքի բացմանը կամ փակմանը, այլև հնարավորություն են տալիս կատարելու տարբեր տեսակի շարժումներ։

Շրթունքի թքագեղձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրթունքի թքագեղձերը, բավական խոշոր են, երբեմն հասնում են սիսեռի հատիկի մեծության։ Նրանք տեղադրված են շրթունքների ենթալորձային հիմում և կենտրոնցաված են գլխավորապես շրթունքների ձուլանի՝ բերանի անկյունների մոտ, մինչդեռ նրանց առջևի մասում, հատկապես ստորին շրթունքում, նրանք շատ նոսր են տարածված։ Ըստ կազմության դրանք բարդ բշտախողովակակազմ գեղձեր են, ըստ գեղձազատուկի բնույթի՝ համարվում են խառը՝ շճալորձային գեղձեր։ Արտատար ծորանները ներսից պատված են բազմաշերտ տափակ չեղջերացող էպիթելով և բազմաթիվ անցքերով բացվում են բերանի նախադռան շրթունքային մասում՝ շրթունքների մակերեսին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tomiyama N, Ichida T, Yamaguchi K; Ichida; Yamaguchi (2004). «Electromyographic activity of lower lip muscles when chewing with the lips in contact and apart» (abstract). Angle Orthod. 74 (1): 31–6. doi:10.1043/0003-3219(2004)074<0031:EAOLLM>2.0.CO;2 (inactive 2015 թ․ հունվարի 14). PMID 15038488.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2015 (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Bisson M, Grobbelaar A; Grobbelaar (2004). «The esthetic properties of lips: a comparison of models and nonmodels» (abstract). Angle Orthod. 74 (2): 162–6. doi:10.1043/0003-3219(2004)074<0162:TEPOLA>2.0.CO;2 (inactive 2015 թ․ հունվարի 14). PMID 15132441.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2015 (link)
  • McMinn, R. M. H.; Last, R. J. (1994). Last's anatomy, regional and applied. Edinburgh: Churchill Livingstone. ISBN 0-443-04662-X.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]