Համբույր

Համբույր կամ օսկուլյացիա (լատիներեն՝ os — բերան), շուրթերով հպում որևէ մեկին կամ որևէ բանին՝ սեր արտահայտելու համար, ի նշան հարգանքի և այլն։
Ըստ ռուսաց լեզվի փոքր ակադեմիական բառարանի՝ «Համբույր — շուրթերի հպում որևէ մեկին կամ որևէ բանի՝ որպես սիրո, քնքշանքի, ողջույնի և նմանատիպ այլ զգացմունքների արտահայտություն»։ Ըստ «Անգլերենի Օքսֆորդի բառարանի»՝ «Համբույր, համբուրել — սեղմվել կամ դիպչել շուրթերով (ընդ որում՝ շուրթերը սեղմելով, իսկ հետո դրանք փոքր-ինչ բացելով)՝ ի նշան համակրանքի և սիրո, կամ որպես հարգանքի ու երկրպագության նշան, կամ շուրթերի օգնությամբ ողջույն կամ քնքշանք արտահայտելու համար»[1]։ Համբույրները կարող են ուղեկցվել գրկախառնություններով։ Համբույրը հանդիսանում է արվեստի բազմաթիվ ստեղծագործությունների թեմա[2]։
Ֆիլեմատոլոգիան գիտակարգ է, որն ուսումնասիրում է մարդկային համբույրի հիմնարար ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները։
Համբույրը համարվում է ռոմանտիկ կամ այլ դրական զգացմունքների նորմալ դրսևորում ոչ բոլոր մշակույթների համար. շատերում այն դիտարկվում է որպես մարդկանց միջև փոխազդեցության ոչ հարմարավետ կամ տհաճ ձև[3]։ Ըստ վերջին գիտական հետազոտությունների՝ համբույրները հանդիպում են այնքան ավելի հաճախ, որքան ավելի բարդ է կառուցված հասարակությունը[4]։ Մարդկային համբույրին նման գործողություններ կարելի է նկատել շիմպանզեների և բոնոբո կապիկների մոտ[5]։
«Առաջին համբույրը» համակրանքի կամ սիրո արտահայտություն մեկ այլ անձի հանդեպ. մի պահ՝ լի հույզերի փոթորկով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ մարդաբաններ կարծում են, որ համբույրը բնազդային և ինտուիտիվ երևույթ է, որն առաջացել է այնպիսի գործողությունների արդյունքում, ինչպիսիք են ծծելը կամ կերակրումը բերանից բերան։ Մյուսները ենթադրում են, որ համբույրն առաջացել է թքի հետազոտման միջոցով պոտենցիալ զուգընկերոջ առողջությունը ստուգելու նպատակով, իսկ երրորդները կարծում են, որ դա ձեռքբերովի վարքագիծ է[6]։
Տեխասի A&M համալսարանի մարդաբան Վոն Բրայանտը, ով մասնագիտանում է համբույրների պատմության մեջ, կարծում է, որ համբույրին նման վարքագծի ամենավաղ հիշատակումը հանդիպում է Վեդաներում՝ սանսկրիտյան սուրբ գրություններում, որոնք հիմք են հանդիսացել հինդուիզմի, բուդդիզմի և ջայնիզմի համար շուրջ 3500 տարի առաջ։
Միևնույն ժամանակ, դանիացի գիտնականների կարծիքով (աշխատությունը հրապարակվել է «Science» ամսագրում), ինտիմ համբույրի հիշատակումներն առաջին անգամ հանդիպում են մ.թ.ա. 2500 թվականով թվագրվող հնագույն տեքստերում, այսինքն՝ 4500 տարի առաջ։ Սա բացահայտվել է Միջագետքի հնագույն ձեռագրերի մանրակրկիտ հետազոտության արդյունքում։
Որպես հույզերի արտահայտման նշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբույրը մարդկային հույզերի արտահայտման միջոցներից մեկն է: Կախված համատեքստից և կատարման մանրամասներից՝ այն կարող է արտահայտել զգացմունքների լայն շրջանակ: Ընդհանուր առմամբ՝ համբույրն արտահայտում է մարդու դրական զգացմունքները, առավել հաճախ՝ սիրո զգացումը:

Համբույրը կարող է լինել անկեղծ և կեղծ: Քրիստոնեական մշակույթում ամենահայտնի կեղծ համբույրը «Հուդայի համբույրն» է, որը սկիզբ է առնում Աստվածաշնչից և այժմ դարձել է դարձվածք՝ արտահայտելով մարդկային նենգության բարձրագույն աստիճանը: Ըստ ավետարանական պատմության՝ Հուդա Իսկարիովտացին՝ Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը, մատնել է նրան և մատնացույց արել պահակախմբին՝ ողջունելով համբույրով:
Էմոցիոնալ համբույրները կարող են լինել երկու մարդկանց միջև, ինչպես նաև համբույրը կարող է ուղղված լինել սեփական մարմնի մասին, կենդանուն կամ անշունչ առարկաներին: Այս տեսակներից յուրաքանչյուրն արտացոլում է յուրահատուկ հուզական երանգ։ Օրինակ՝ հող համբուրելը կարող է արտահայտել ուրախություն՝ նոր վայր կամ այնտեղ երկար բացակայությունից հետո վերջապես ժամանելու առիթով, հայրենի հողը կամ պետական դրոշը համբուրելը կարող է արտահայտել սեր հայրենիքի հանդեպ և հավատարմություն դրան, զենքը համբուրելը խորհրդանշում է հավատարմությունը զինվորական պարտքին:
Ըստ արտահայտած զգացմունքների բնույթի՝ կարելի է առանձնացնել համբույրների հետևյալ տեսակները.
Սիրային համբույր — արտահայտում է սիրո և կրքի զգացմունքները սիրեցյալների միջև: Սիրային համբույրները, որոնք ոչ միայն արտահայտում են հույզեր, այլև գրգռում են սիրահարներին, պայմանականորեն կարելի է բաժանել նուրբ և կրքոտ տեսակների:
- Նուրբ համբույրներ — համբույրներ շուրթերին կամ մարմնի այլ մասերին, որոնք բնութագրվում են հպման կարճ տևողությամբ:
- Կրքոտ համբույրներ — ընդհակառակը, տևում են երկար ժամանակ: Կատարվում են հիմնականում շուրթերով: Երկու հոգու կրքոտ համբույրի ժամանակ բերանը կարող է փոքր-ինչ բացվել, ինչը հնարավորություն է տալիս շուրթերի հպմանը ավելացնել լեզվի հպումը (ֆրանսիական համբույր) կամ ատամներով կծոտելը: Թեթև կծոտելը՝ որպես համբույր, կարող է կիրառվել նաև մարմնի այլ մասերի վրա, սովորաբար՝ պարանոցին, ականջի բլթակին, հազվադեպ՝ ինտիմ հատվածներին: Մարդկանց ներկայությամբ կրքոտ համբույրները հաճախ քննադատվում են հասարակության կողմից:
Ընկերական համբույր — արտահայտում է ընկերության և կապվածության զգացմունքներ մեկ այլ անձի հանդեպ: Ամենից հաճախ համբուրում են այտը, հազվադեպ՝ ձեռքը (սովորաբար՝ հակառակ սեռի ներկայացուցչին): Շուրթերի բուն հպումը կարող է և չլինել. կարևոր է շարժման պատկերումը, համբույրի նշանավորումը: Հաճախ օգտագործվում են մի քանի, սովորաբար՝ երեք համբույրից բաղկացած շարքեր:
Հարգալից համբույր — արտահայտում է հարգանքի և խոնարհումի վերաբերմունք անձի կամ առարկայի հանդեպ: Այս դեպքում համբուրում են ձեռքերը, հնարավոր է նաև ձեռքի մատանու համբույրը: Հազվադեպ համբուրում են ոտքերը, ինչը խոնարհումի ծայրահեղ աստիճանի արտահայտություն է: Համբուրվող առարկաները հաճախ հարգանքի առարկա են ոչ թե ինքնին, այլ այլ մարդկանց կամ իրադարձությունների հետ ունեցած իրենց կապի պատճառով: Նման համբույրը կարող է տեղի ունենալ առանց շուրթերի հպման՝ դրանք միայն մոտեցնելով մարմնի մասի կամ առարկայի մակերեսին:

Հիացական (գորովալից) համբույր — արտահայտում է հիացմունքի և ուրախության զգացումներ: Այն հիմնականում ուղղված է փոքր երեխաներին կամ կենդանիներին: Համբույրի այս տեսակում շուրթերը շատ հազվադեպ են համբուրվում: Երեխաներին համբուրում են այտերը, ճակատը, քիթը, հազվադեպ՝ մարմնի այլ մասերը: Կենդանիներին համբուրում են դնչից: Հատկապես կենդանիների դեպքում երբեմն որպես համբույր օգտագործվում է ոչ թե շուրթերի, այլ այտի հպումը: Կենդանիների հետ համբույրները կարող են վտանգավոր լինել առողջության համար:
Ընտանեկան համբույր (հայրական/որդիական/եղբայրական/մայրական/քույրական/դստերական) — արտահայտում է ընտանեկան կապվածության զգացմունքներ ընտանիքի անդամների միջև: Համբուրում են ճակատը, գլխի գագաթը, քունքը, այտերը, երբեմն՝ շուրթերը (գրեթե միշտ հակառակ սեռի անդամների միջև): Դրանով ուղեկցվում է երեխաներին բարի գիշեր մաղթելը: Գրեթե միշտ առկա է հպում: Հաճախ կիրառվում են երեք համբույրից բաղկացած շարքեր:
Օդային համբույր — սիրային կամ ընկերական համբույրի տարատեսակներից մեկը, որը նշանակում է ուշադրության դրսևորում կամ թեթև ֆլիրտ: Կատարվում է սեփական ձեռքի ափը համբուրելով և այնուհետև այն ուղղելով դեպի այն անձը, ում հասցեագրված է համբույրը: Ափն ուղղելուց հետո համբուրողը փչում է դրա վրա՝ կարծես փորձելով համբույրը փոխանցել օդի միջոցով, որտեղից էլ առաջացել է անվանումը: Երբեմն համբուրողը պարզապես շուրթերով պատկերում է համբույրի շարժումը դեպի հասցեատերը:

Մատների ծայրերի համբույր — ժեստ, որն արտահայտում է հիացմունք ինչ-որ բանով, հավանություն կամ ողջույն[7][8]:
Համբույր-սմայլիկ — մարդկային դեմքի ոճավորված պատկերն է՝ համբույրի համար սեղմված շուրթերով: Նման սմայլիկը հաճախ օգտագործվում է տեքստային հաղորդագրություններում (SMS, e-mail և այլն) և պատկերվում է «:-*» տեսքով, որտեղ վերջին նշանը խորհրդանշում է շուրթերը: Շատ ծրագրեր այս նշանների փոխարեն ավտոմատ կերպով ցուցադրում են համապատասխան նկարը:
Համբույրի ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբույրին մասնակցող շուրթերը և լեզուն էպիթելով ծածկված մարմնի մակերեսներ են, որոնք հարուստ են սենսորային ռեցեպտորներով: Դրանք հպմանը և ջերմաստիճանին արձագանքող ռեցեպտորներ են, որոնք առկա են մարմնի մաշկային ծածկույթի վրա, ինչպես նաև համային ռեցեպտորները:
Այս ռեցեպտորներից ստացվող ազդակները գանգուղեղային նյարդերի միջոցով հասնում են ուղեղի ցողունային բաժիններ, իսկ այնտեղից՝ տալամուսի (տեսաթմբի) կորիզներ և մեծ կիսագնդերի կեղև: Ուղեղի կեղևի զգալի մասը, որտեղ ներկայացված է մարմինը (հաճախ անվանվում է «Փենֆիլդի հոմունկուլուս»), մշակում է լեզվից և շուրթերից ստացվող տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը փոխանցվում է ուղեղի այն բաժիններին, որոնք պատասխանատու են հույզերի և սեռական ռեակցիաների համար:
Մարմնի այն մասերը, որոնց գրգռումը շուրթերի և լեզվի նման հանգեցնում է սեռական դրդման, անվանում են էրոգեն գոտիներ: Համբույրը խթանում է դոֆամինի, օքսիտոցինի և սերոտոնինի արտադրությունը[9][10]: Ընտրողական նախապատվության հարցում (թե ինչու է համբույրից հետո մեկը մյուսին ավելի շատ դուր գալիս) մատնանշվում է MHC-ի (հյուսվածքահամատեղելիության գլխավոր համալիր) դերը[10]:
Ուժեղ համբույրները կարող են մարմնի վրա թողնել համբուրահետքեր (засос)՝ արյունազեղումների (հեմատոմաների) կամ ցանի տեսքով հետքեր:
Համբույրը պատմության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության, դիցաբանության և կրոնի մեջ համբույրը գնահատվում է որպես ծիսական ժեստ, սոցիալական հարաբերությունների խորհրդանշական նշան, ինչպես նաև առասպելների և կրոնական կապերի դրսևորում:
Ի տարբերություն պարզ համբույրի, որն ունի հուզական և հաճախ ռոմանտիկ երանգավորում, հարաբերությունների դրսևորման այս ձևն ունի սոցիալական արմատներ:
Համաձայն հետազոտությունների՝ համբույրն ընդհանրապես հանդիպում է տարբեր մշակույթների մոտ 90%-ում, մինչդեռ ռոմանտիկ համբույրը՝ միայն 46%-ում: Որսորդ-հավաքչական շատ համայնքներում համբույրը՝ որպես այդպիսին, բացակայում է[5]:
Եվրոպական մշակույթների համար «համբուրել» տերմինը հիմնականում ունի աստվածաշնչյան արմատներ և սկզբնապես նշանակել է ողջույն: Հենց այս իմաստով է բառն օգտագործվում հայտնի «Հուդայի համբույր» սյուժեում, որը խորհրդանշում է դավաճանությունը: «Խաղաղության համբույրը» հավատացյալների պատարագի հնագույն մասն է. Տերտուղիանոսն այն անվանել է «աղոթքի կնիք»[11]: Ուղղափառ և Հին Արևելյան եկեղեցիներում (այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցում) զատկական ողջույնն ավանդաբար ուղեկցվում է եռակի համբույրով:
Մինչև 1528 թվականը կաթոլիկների մոտ գոյություն ուներ միմյանց համբույրով ողջունելու ավանդույթ: Ուղղափառների շրջանում տարածված էր Զատկին այտը եռակի կամ մեկ անգամ համբուրելու սովորույթը: Ներկայումս որոշ բողոքական եկեղեցիների ծխականներ ողջունում են միմյանց համբույրով՝ տղամարդիկ տղամարդկանց հետ, կանայք՝ կանանց[12]:
1896 թվականին առաջին անգամ կինոյում ֆիքսվել է համբույր՝ Թոմաս Էդիսոնի «Համբույրը» 30-վայրկյանոց ֆիլմում[13]:
Համբույրի համաշխարհային օր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբույրի համաշխարհային օրը (անգլ.՝ World Kiss Day կամ World Kissing Day) նշվում է հուլիսի 6-ին: Տոնն առաջին անգամ հղացել են Միացյալ Թագավորությունում, իսկ երկու տասնամյակ առաջ այն պաշտոնապես հաստատվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից: Այդ օրը բազմաթիվ քաղաքներում անցկացվում են համբույրների տարբեր մրցույթներ:
Համբույրի ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենաերկար համբույրը. 2013 թվականի փետրվարի 14-ին թաիլանդական մի զույգ սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ անընդմեջ համբուրվելով 58 ժամ, 35 րոպե և 58 վայրկյան[14]:
- Ամենատոկուն համբուրվողը. 1990 թվականի սեպտեմբերի 15-ին Մինեսոտայի Վերածննդի փառատոնում Ալֆրեդ Վոլֆրամը 8 ժամում համբուրել է 8001 մարդու (այսինքն՝ մեկ հոգի յուրաքանչյուր 3,6 վայրկյանում): 1998 թվականին նա գերազանցել է իր ռեկորդը՝ համբուրելով 10,504 մարդու[15]:
- Ավտոմեքենայի ամենաերկար համբույրը. 2005 թվականին անցկացվել է մեքենա համբուրելու հերթական մրցույթը: Հաղթող ճանաչվեց ռուս Արկադի Ստեպանովը, ով 58 ժամ 42 րոպե շարունակ համբուրել է «Պորշե» (Porsche) մակնիշի ավտոմեքենան և շահել է այն[16]:
- Ամենաշատ համբույրներ պարունակող ֆիլմը. «Դոն Ժուան» (1926 թ., Warner Bros.): Ֆիլմում հաշվվել է 191 համբույր:
- Ամենաերկար համբույրը կինոյում. Հոլիվուդյան այս ռեկորդը սահմանվել է 1941 թվականին «Այժմ դու բանակում ես» ժապավենում: Ռեջիս Թումիի և Ջեյն Ուայմանի համբույրը տևել է 185 վայրկյան, ինչը կազմում է ֆիլմի ամբողջ տևողության 4%-ը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крейдлин Г. Е. Мужчины и женщины в невербальной коммуникации. — М.: Языки славянской культуры, 2005. — 224 с. — ISBN 5-9551-0090-3
- К. Нюроп. О поцелуях: Культурно-исторический очерк / Пер. с датского А. В. и П. Г. Ганзен. — СПб., 1898. — 148 с.
- Фоли, Джон. Показать нос // Энциклопедия знаков и символов. — М.: Вече, 1997. — С. 103—104. — 512 с. — (Энциклопедии. Справочники. Неумирающие книги). — ISBN 5-7838-0153-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энциклопедия поцелуев Արխիվացված է Դեկտեմբեր 13, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Джейсон Фараго BBC Culture. «Самые страстные поцелуи в истории искусств» (ռուսերեն). BBC News Русская служба. Արխիվացված օրիգինալից 2018-10-15-ին. Վերցված է 2018-10-15-ին.
- ↑ Даниил Кузнецов. «Поцелуи оказались редким явлением в большинстве культур». nplus1.ru. Արխիվացված օրիգինալից 2018-10-15-ին. Վերցված է 2018-10-15-ին.
- ↑ Учёные доказали, что в большинстве культур мира люди не целуются Արխիվացված է Օգոստոս 15, 2015 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ 5,0 5,1 Мелисса Хогенбум BBC Earth. «Почему люди целуются, а большинство животных – нет» (ռուսերեն). BBC News Русская служба. Արխիվացված օրիգինալից 2018-10-15-ին. Վերցված է 2018-10-15-ին.
- ↑ «The (Mostly) Blissful History of 'Kissing'». NPR. 2007-02-11. Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 2021-01-30-ին.
- ↑ Крейдлин, 2005
- ↑ Фоли, 1997
- ↑ Betsy Mason Scientists Agree: It's in His Kiss(անգլ.) // Wired. — 2009. — ISSN 1059-1028.
- ↑ 10,0 10,1 Emer Maguire (2015-03-11). «What's in a kiss? The science of smooching». British Council (անգլերեն). britishcouncil.org. Արխիվացված է օրիգինալից 2017-10-10-ին. Վերցված է 2019-02-13-ին.
- ↑ «О молитве — читать, скачать — Тертуллиан». Արխիվացված օրիգինալից 2018-04-14-ին. Վերցված է 2018-04-13-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 10 (օգնություն) - ↑ «Символическое значение поцелуя в христианстве». Արխիվացված օրիգինալից 2022-06-08-ին. Վերցված է 2022-06-08-ին.
- ↑ RonaldEmmis (2007-08-30). «The May-Irwin Kiss (Edison, 1896)». Արխիվացված օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2018-10-15-ին.
- ↑ «Новый рекорд продолжительности поцелуя!» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-02-25-ին. Վերցված է 2013-02-15-ին.
- ↑ «CNN Daily Almanac: Saturday, September 12, 1998» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013-02-25-ին. Վերցված է 2013-02-15-ին.
- ↑ «Россиянин целовал Porshe дольше всех в мире». РБК. 2005-07-08. Արխիվացված օրիգինալից 2016-10-11-ին. Վերցված է 2016-08-27-ին.