Ատամի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ատամնաքարից)
Ատամնաքար

Ատամնաքար, ատամների վրա մուգ մոխրագույն կամ դեղնավուն ամուր նստվածք։ Ատամնաքարը ախտաբանական կրացված գոյացություն է, որը կուտակվում է ատամների այն մասերում (ատամների արանքներ, վզիկներ), որոնք սնունդը ծամելիս բավարար չափով չեն ինքնամաքրվում։ Գոյություն ունեն 2 տեսակ ատամնաքարեր՝ վերլնդային և ենթալնդային։ Երկու տեսակներն էլ տարբերվում են ոչ միայն տեղակայմամբ, այլև քիմիական կազմով, առաջացման մեխանիզմով և հանքային բաղադրիչների աղբյուրներով։Ատամնաքարը կարող է ծածկել ատամի ամբողջ մակերևույթը, հատկապես, երբ ատամը ծամելուն չի մասնակցում (ոսկրափուտային խոռոչի առկայության կամ հակադիր ատամի բացակայության դեպքում), ինչպես նաև ատամները վատ խնամելիս։

Ատամի քարի առաջացման սկզբնական փուլը փափուկ ատամնափառն է՝ բաղկացած եղջերացած էպիթելի բջիջներից, սննդի մնացորդներից, բակտերիաներից և այդ ամբողջ զանգվածը սոսնձող լորձից։ Փառը լավ է մաքրվում ատամները ճիշտ խնամելիս և կոշտ սնունդը երկկողմանի ծամելիս։ Ծխողների ատամնափառը և ատամի քարը դարչնագույն կամ նույնիսկ սև է, քանի որ պարունակում է ծխախոտի այրուքի մնացորդներ։ Այդպիսի ատամի քար կուտակվում է հիմնականում ատամների ներսային մակերևույթին և շատ դժվարությամբ է հեռացվում։ Երեխաների և դեռահասների ատամների վզիկների շրթնային մակերևույթին նկատվում է կանաչ եզրաշերտ։ Այդ կանաչ փառն ամուր միանում է ատամի արծնին և դժվարությամբ է մաքրվում նույնիսկ խոզանակով (դեղանյութով)։ Կանաչավուն փառի առաջացումը բացատրվում է փառին միկրոօրգանիզմների (գունածին բակտերիաներ) միացումով։ Եթե փափուկ ատամնափառը ժամանակին չի հեռացվում, ապա այն աստիճանաբար ներծծվում է կրային աղերով և վերածվում կարծր ատամի քարի, որի նստվածքը հետզհետե ավելանում է։ Երբեմն ատամի քարը կարող է կուտակվել լնդերի եզրերի տակ և նույնիսկ ատամների արմատների մակերևույթին։

Ատամի քարը հետզհետե հեռացնում է լինդը, գրգռում այն, որի հետևանքով լինդն սկսում է արյունահոսել։ Անուշադրության դեպքում հնարավոր է լնդաբորբ՝ թարախային արտադրությամբ, կարող է բերանից տհաճ հոտ գալ։ Ատամի քարի նստվածքը նախատրամադրում է հարատամնաբորբի։ Ատամի քարը հեռացնում է ստոմատոլոգը՝ հատուկ գործիքներով, երբեմն՝ անդրաձայնային սարքերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։