Jump to content

Ալեքսեյ Դիկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Դիկի
ռուս.՝ Алексей Денисович Диков
Ծնվել էփետրվարի 12 (24), 1889
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Moscow Art Theatre 2nd?, Մոսկվայի պետական հրեական թատրոն, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, Վախթանգովի թատրոն, Փոքր թատրոն և Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ

Ալեքսեյ Դենիսովիչ Դիկի (ռուս.՝ Алексей Денисович Дикий, փետրվարի 12 (24), 1889, Դնեպր, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 1, 1955(1955-10-01)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ։ Դիկիի անվան ստուդիայի հիմնադիր և ղեկավար (1931-1936), Դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր (1936-1937)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946, 1947, 1949՝ երկու անգամ, 1950)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Դիկին ծնվել է 1889 թվականի փետրվարի 24-ին[3] (այլ աղբյուրներով՝ 1889 թվականի փետրվարի 25-ին[4][5]) Եկատերինոսլավում (ներկայումս՝ Դնիպրո, Ուկրաինա)՝ աղքատ գյուղացիներ Դենիս և Աննա Դիկիների ընտանիքում։ Հայրն անբուժելի հիվանդ էր, չէր կարողանում աշխատել, և ամբողջ ընտանիքին կերակրում էր մայրը, որն աշխատում էր որպես դերձակ[5]։

Վաղ մանկությունից ավագ քրոջ՝ դերասանուհի Մարիա Դիկովայի և նրա ամուսնու՝ Խարկովում գործող Ուկրաինայի երաժշտական դրամատիկական թատրոնի ռեժիսոր և անտրեպրենյոր Ալեքսեյ Սուխոդոլսկու ազդեցությամբ սկսել է հետաքրքրվել թատրոնով. վերջինիս ներկայացումներին սկսել է մասնակցել վեց տարեկանից[5][6]։ Նրա վրա մեծապես ազդել են դերասաններ Մարկ Կրոպիվնիցկին, Պանաս Սակսագանսկին, Իվան Կարպենկո-Կարին, Մարիա Զանկովեցկայան։

Ավարտել է տարրական դպրոցն ու քաղաքային չորսամյա ուսումնարանը։ 1904-1907 թվականներին սովորել է Խարկովի ռեալական ուսումնարանում։ 1907-1908 թվականներին ծառայել է Պենզայի 121-րդ հետևակային գնդում[7]։ Երիտասարդ դերասանի տաղանդը բացահայտեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան Իլյա Ուրալովը՝ նրան հրավիրելով սովորել թատրոնին կից գործող ստուդիայում[6]։

1909 թվականին տեղափոխվում է Մոսկվա և սկսում հաճախել Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասանուհի Սոֆյա Խալյուտինայի մասնավոր դրամատիկական դասընթացներ։ Մինչև 1912 թվականը սովորում է Կոնստանտին Մարջանովի և Վախթանգ Մչեդելովի մոտ[3]։

Չգիտեմ, թե ինչով էին առաջնորդվում ինձ քննողները՝ որոշելով ռուսական թատերական դպրոց վերցնել ուկրաինական խոսվածքով ուկրաինացի երիտասարդի... բայց միայն ես ընդունվեցի և նույնիսկ որոշ ժամանակ անց ինձ ազատեցին ուսման վճարից... որն անում էին միայն այն աշակերտների համար, որոնց հետ մեծ հույսեր էին լապում։
- — Ալեքսեյ Դիկի, «Հատընտիր»[5]

1910 թվականի օգոստոսին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի թատերախումբ, հանդես է եկել մասսայական տեսարաններում։ 1911 թվականին հաջողությամբ խաղացել է առաջին դերը՝ ծառա Միշկայի դերը «Ռևիզորում» և դատական պրիստավի (զառամյալ ծերունի) ոչ մեծ դերը «Կենդանի դիակ» պիեսում։ 1911 թվականի օգոստոսին սկսել է հաճախել թատրոնին կից գործող դրամատիկական դասընթացներին։ 1912 թվականին ստեղծվում է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիան, որտեղ Դիկին շարունակում է իր բեմական գործունեությունը։ Նույն թվականին դառնում է Պրեչիստենկայի աշխատավորական դասընթացների բեմական կազմավորման ղեկավարը, որտեղ աշխատանքները տարվում էին 1-ին ստուդիայի ոճով[5]։ Երկու տարվա ընթացքում բեմադրել է Անտոն Չեխովի՝ մեկ արարանոց մի քանի պիես։ Աշխատել է նաև Ուրալովի անվան թատրոնի բանվորա-գյուղացիական խմբակում[6]։

1914 թվականի օգոստոսին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց նրա դերասանական կարիերան։ 1914-1917 թվականներին պրապորշչիկ կոչումով ծառայել է Ռուսական կայսերական բանակի Կովկասյան ճակատում։ Զինվորական տարիները համարում էր «անվերադարձ կորած»[4]։

Խորհրդային իշխանության տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունվարից հիմնականում հանդես է եկել 1-ին ստուդիայի բեմում, 1924 թվականին՝ վերակազմավորված Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում։ Այդ տարիներին մարմնավորել է սուր խարակտերային, չարաճճի կերպարների[6]։ Միաժամանակ փնտրել է իր ուղին ռեժիսուրայի մեջ։

1919 թվականին Մանսուրովի ստուդիայում որպես ռեժիսոր բեմադրել է Գենինգ Բերգերի «Ջրհեղեղ» ներկայացումը։ 1921 թվականին Ֆ. Շալյապինի անվան թատրոն-ստուդիայում բեմադրել է իր առաջին ինքնուրույն ներկայացումը՝ Արթուր Շնիցլերի «Կանաչ թութակը». մամուլը գովաբանել է ներկայացումը գունեղության, կրակոտության և ժամանակակից լինելու համար[6]։

1925 թվականին Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոնում բեմադրել է Եվգենի Զամյատինի «Լու»-ն, որը դարձավ նրա ռեժիսորական աշխատանքներից ամենանշանակալիներից մեկը։ Ներկայացումներ է բեմադրել նաև այլ թատրոններում՝ Ելիզավետա Տարախովսկայայի «Գտածո»-ն Մոսկվայի պատանեկան թատրոնում, Բեռնարդ Շոուի «Կապիտան Բրասբաունդի վարմունքը» Կոմեդիա թատրոնում (նախկինում՝ Կորշի)։ Լենինգրադի Ժողովրդական տան թատրոնում աշխատել է ավանգարդ նկարիչներ Նիկոլայ Ռադլովի և Արիստարխ Լենտուլովի հետ[6]։

1922-1926 թվականներին աշխատել է նաև Մոսկվայի հրեական թատրոնում, որտեղ «Տևիե-կաթնավաճառ»-ի հիման վրա բեմադրել է «Ջութակահարը տանիքում» ներկայացումը։ Աշխատել է նաև Բելառուսական ԽՍՀ-ի Հրեական ստուդիայում, որտեղ բեմադրել է Շոլոմ Ալեյխեմի «Տոնը Կասրիլովկայում»[5]։ Ներկայացումը հաջողություն ունեցավ, ճիշտ էին ցուցադրվել ազգային ձևը, լեզուն, հոգեբանական դիմանկարները։ 1928 թվականին ռեժիսորին հրավիրեցին Թել Ավիվի Հաբիմա թատրոն՝ Շոլոմ Ալեյխեմի «Ոսկի փնտրողները» և Կալդերոնի «Դավթի թագը» պիեսները բեմադրելու համար։ Պրեմիերան կայացել է 1929 թվականի մայիսի 23-ին։ Մի շարք պատճառներով Դիկին հեռացավ թատրոնի[8] ց։

1925-1926 թվականներին ի հայտ եկան Ալեքսեյ Դիկիի ռեժիսորական և դերասանական տաղանդի հիմնական գծերը՝ սերը վառ և ուժեղ բեմական գույների, աչք ծակող բեմական պատկերի, դերասանական կերպարների մեծածավալության և մասշտաբայնության նկատմամբ։ Դիկիի արվեստը երբեմն հակվում էր դեպի խեղկատակային զավեշտականություն և ցասկոտ երգիծանք[9]։

1925-1928 թվականներին Մեծ թատրոնում բեմադրել է օպերաներ և բալետներ։ 1927-1928 թվականներին եղել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1928 թվականին Մոսկվայի հեղափոխական թատրոնում բեմադրել է Ալեքսեյ Ֆայկոյի «Պորտֆելով մարդը» պիեսը։ 1929-1930 թվականներին կրկին եղել է Լենինգրադի ժողովրդական տան թատրոնի ռեժիսորը։ 1931 թվականին ղեկավարել է Սվերդլովսկի դրամատիկական թատրոնը, որտեղ բեմադրել է Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախը» պիեսը։

1931 թվականին Գիտնականների տանը կից ստեղծել և ղեկավարել է թատերական-գրական արվեստանոց, որը հետագայում ստացել է «Դիկիի ստուդիա» անվանումը[3]։ Այստեղ ծավալել է ռեժիսորական և մանկավարժական գործունեություն՝ մասնավորապես բեմադրել է «Մցենսկու գավառի լեդի Մակբեթը» ներկայացումը, որը բարձր է գնահատել խորհրդային մամուլը[6]։ Զուգահեռաբար 1932-1936 թվականներին եղել է Պրոֆեսիոնալ միությունների համամիութեանակն կենտրոնական միության անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 1936 թվականի սկզբին Դիկիի ստուդիան փակվել է։

1936 թվականի մարտի 26-ին նշանակվել է Մ. Գորկու անվան դրամատիկական մեծ թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ նրա հետ միասին եկել են մի խումբ երիտասարդ դերասաններ՝ իր նախկին ստուդիայի սաներից։ Թատրոնի պատմության մեջ մեծ իրադարձություն էր 1937 թվականի հունիսին բեմադրված «Քաղքենին»[10]։ Նվիրված լինելով Մաքսիմ Գորկու մահվան տարելիցին՝ ներկայացումը սկզբում քննադատաբար ընդունվեց՝ ինչպես բեմադրման գաղափարի, այնպես էլ մի շարք դերասանների առումով։ Նույն թվականի օգոստոսի 23-ին կայացավ ներկայացման թարմացված տարբերակը՝ մասնակիորեն փոփոխված դերասանական կազմով[11]։

1937 թվականի օգոստոսի 17-ին Ալեքսեյ Դիկին ձերբակալվեց, իսկ 1938 թվականի սեպտեմբերի 2-ին ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի հատուկ ժողովով Հոդված 58-ով դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման։ Պատիժը կրելու համար ուղարկվեց ՆԳԺԿ-ի Ուսոլսկու ուղղիչ-աշխատանքային ճամբար։ Առանց ղեկավար մնացած երիտասարդ դերասանները որոշեցին պահպանել իրենց թատերախումբը և գրեթե նույն կազմով մեկնեցին Տաջիկական ԽՍՀՍտալինաբադ քաղաք, որտեղ հիմնեցին Վ. Մայակովսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։

1941 թվականի օգոստոսի 28-ին «Դիկիի գործը» կասեցվեց[12]։ Վերջինս վերադարձավ Մոսկվա և ընդգրկվեց Ե. Վախթանգովի անվան թատրոնի թատերախումբ։ Նույն թվականի նոյեմբերին թատրոնի հետ տարհանվեց Օմսկ, որտեղ 1942 թվականին խաղաց իր լավագույն դերերից մեկը՝ գեներալ Գորլովի դերը «Ռազմաճակատ» ներկայացման մեջ։

Ալեքսեյ Դիկիի ստեղծած Գորլովի կերպարը դերասանական վարպետության գագաթնակետն է։ Այս կերպարը խորհրդային բեմը զարդարող լավագույն կերպարների թվում է։ Գեներալ Գորլովի կերպարը Դիկիի մարմնավորմամբ վերածվել է հավաքական կերպարի։ Նրա այս դերն ընդհանրական բառով անվանել են «գորլովշչինա»։

1943 թվականից ակտիվորեն նկարահանվել է կինոյում։ «Կուտուզով» և «Ադմիրալ Նախիմով» ֆիլմերում խաղացած գլխավոր դերերի համար արժանացել է Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակների։ Իոսիֆ Ստալինի դերակատարումը «Երրորդ հարված» (1948) և «Ստալինգրադի ճակատամարտ» (1949) ֆիլմերում արժանացել է Ստալինի հավանությանը և բարձր պարգևների արժանացել։

1944 թվականին Դիկին նշանակվել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից գործող կինեմատոգրաֆիայի գծով կոմիտեի գեղարվեստական խորհրդի անդամ[6]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Փոքր թատրոն, որտեղ աշխատել է մինչև 1952 թվականը։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն։

Ծավալել է մանկավարժական գործունեություն։ 1948 թվականից՝ Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարանի պրոֆեսոր։ Գրել է «Պատմություն թատերական պատանեկության մասին» հուշեր (հրատարակվել է 1957 թվականին)[14] և թատերական արվեստի մասին բազմաթիվ հոդվածներ։

Ալեքսեյ Դիկին մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 1-ին Մոսկվայում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Հոկտեմբերի 5-ին կայացել է քաղաքացիական հոգեհանգիստը և թաղումը Նովոդևիչյան գերեզմանատանը (հողակտոր №2)[5]։

Առաջին կինը՝ դերասանուհի Եկատերինա Կորնակովան է (1895-1956), Դիկիից հեռացել է ինժեներ Բորիս Բրինների մոտ, որը ամերիկյան հայտնի դերասան Յուլ Բրինների հայրն է[15]։

Երկրորդ կինը՝ բալետի պարուհի Ալեքսանդր Դիկայան է (օրիորդական ազգանունը՝ Բորովիտինովա)[16]։ Կինն ու զոքանչը դերասանի հետ թաղված են միևնույն գերեզմանոցում։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում ռեժիսորի անունն են կրում՝

  • փողոց, որտեղ №16 համարի ներքո գտնվում էնրա տուն-թանգարանը։
  • 1957 թվականին այն տանը, որտեղ ապրել է ռեժիսորը (Տվերսկայա փողոց, տուն 19), տեղադրվել է հուշատախտակ (քանդակագործ՝ Դ. Ստրելյաև)

Դերերը թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի գեղարվեստական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1910 Լև Տոլստոյ Կենդանի դիակ դատական պրիստավ
1911 Նիկոլայ Գոգոլ Ռևիզոր Միշկա
Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիա, Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1911 Մաքսիմ Գորկի Հատակում Ալյոշկա
1912 Իվան Տուրգենև Գավառացի կինը Միշա
1913 Հերման Հեյերմանս «Հույսի» վախճանը Բարենդ
1917 Անտոն Չեխով Բալենու այգին Եպիխոդով
1917 Անտոն Չեխով Իվանով Լվով
1919 Չարլզ Դիքենս Ծղրիդն օջախի ետևում Ջոն Փիրիբինգլ
1921 Յուհան Ավգուստ Ստրինդբերգ Էրիկ XIV դուքս Յոհան
1924 Նիկոլայ Լեսկով Մսխիչը Մոլչանով
1925 Նիկոլայ Լեսկով Լու Մատվեյ Պլատով
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1941 Գերհարդ Հաուպտման Արևածագից առաջ Մատիաս Կլաուզեն
1942 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռազմաճակատ գեներալ Գորլով
Փոքր թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1948 Ալեքսանդր Օստրովսկի Եկամտաբեր տեղ Դոսուժև
1948 Արկադի Պերվենցև Հարավային հանգույց Իոսիֆ Ստալին
1949 Մաքսիմ Գորկի Քաղքենին Տետերև
1949 Նիկոլայ Վիրտա Դատապարտվածների դավադրությունը Կոստա Վարա
1949 Վսևոլոդ Վիշնևսկի Անմոռանալի 1919-ը Իոսիֆ Ստալին
1951 Լև Տոլստոյ Կենդանի դիակ Արտեմև
Ֆ. Շալյապինի անվան թատրոն-ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1921 Արթուր Շնիցլեր Կանաչ թութակ
Մոսխորհին կից Մոսկվայի թատրոն երեխաների համար
Տարի Հեղինակ Ներկայացում
1923 Կառլո Կոլլոդի Պինոկիո
1924 Ելիզավետա Տարախովսկայա Գտածո
Կոմեդիա թատրոն
Հեղինակ Ներկայացում
Բեռնարդ Շոու Կապիտան Բրասբաունդի վարմունքը
Լյուդվիգ Ֆուլդա Էշի ստվերը
Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1923 Ջոն Սինգ Հերոսը
Մոսկվայի գեղարվեստական երկրորդ թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1925 Նիկոլայ Լեսկով Լու
Լենինգրադի Ժողովրդական տան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
Պանտելեյմոն Ռոմանով

(Նիկոլայ Ռադլովի հետ համատեղ)

Երկրաշարժ
1925 Պյոտր Տրիոդին

(Արիստարխ Լենտուլովի հետ համատեղ)

«Ստեպան Ռազին» օպերա
1930 Վսևոլոդ Վիշնևսկի Первая Конная
Մոսկվայի հրեական թատրոն
Հեղինակ Ներկայացում
Շոլոմ Ալեյխեմ Ջութակահարը տանիքին
Շոլոմ Ալեյխեմ Տոն Կասրիլովկայում
Մեծ թատրոն
Տարի Հեղինակ Օպերա/բալետ
1925 Պյոտր Տրիոդին Ստեպան Ռազին
1927 Սերգեյ Պրոկոֆև Սեր առ երեք նարինջները
1928 Ռեյնգոլդ Գլիեր Կարմիր կակաչ
Հեղափոխության թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1928 Ալեքսեյ Ֆայկո Պորտֆելով մարդը[20]
Սվերդլովսկի դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1928 Ալեքսանդր Աֆինոգենով Վախ
Ա. Դիկիի ղեկավարությամբ թատրոն-ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1931 Նիկոլայ Լեսկով Մցենսկու գավառի լեդի Մակբեթը
Պրոֆեսիոնալ միությունների համամիութեանակն կենտրոնական միության անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1932 Ֆրիդրիխ Վոլֆ Նավաստիները Կաթարոյից
1933 Իվան Միկիտենկո Մեր երկրի աղջիկները
1933 Կոնստանտին Ֆինն Բարբաջանք
1934 Միգել դե Սերվանտես

(Ալեքսանդր Օստրովսկու թարգմանությամբ)

Միջախաղ
1935 Միխայիլ Սվետլով Խորը պրովինցիա
Լենինգրադի դրամատիկական մեծ թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Ֆրիդրիխ Վոլֆ Նավաստիները Կաթարոյից
1937 Վլադիմիր Կիրշոն Մեծ օր
1937 Ալեքսանդր Պուշկին Պուշկինյան ներկայացում
1937 Մաքսիմ Գորկի Քաղքենի
Ե․ Վախթանգովի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1941 Ալեքսանդր Ռժեշևսկի

Միխայիլ Կաց

Օլեկո Դունդիչ
1941 Կոնստանտին Սիմոնով Ռուս մարդիկ
Փոքր թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին Տարելկինի մահը
1946 Մաքսիմ Գորկի Քաղքենի
1948 Անատոլի Սոֆրոնով Մոսկովյան բնավորություն
1950 Ալեքսանդր Կոռնեյչուկ Բռնչենու պուրակ
1950 Գեորգի Մդիվանի Բարի կամքի մարդիկ
1951 Վալենտին Օվեչկին Նաստյա Կոլոսովա
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1953 Միխայիլ Սալտիկով-Շչեդրին Ստվերներ[21]
Ալեքսանդր Օստրովսկի Ջերմ սիրտ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1919 Чем ты был? Իվան Սոտի
1921 Անդրեյ Գուդոկ Անդրեյ Գուդոկ
1934 Ձկնորսների ապստամբությունը Կեդենեկ
1941 Մարտական կինոժողովածու №6 («Ատելություն» նորավեպ) ծեր
1943 Կուտուզով Կուտուզով
1946 Ադմիրալ Նախիմով Նախիմով
1947 Պիրոգով Նախիմով
1947 Շարքային Ալեքսանդր Մատրոսով Ստալին
1948 Երրորդ հարված Ստալին
1948 Պատմություն իսկական մարդու մասին Վասիլի Վասիլևիչ
1949 Ստալինգրադի ճակատամարտ Ստալին
1949 Փոքր թատրոնը և նրա վարպետները կամեո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дикий Алексей Денисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Кино. Энциклопедический словарь Юткевича, 1987, էջ 124
  4. 4,0 4,1 «МХТ им. А. П. Чехова: Алексей Дикий» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Дикий А. Д. Избранное / cост. Н. Г. Литвиненко. — М.: ВТО, 1976. — С. 11, 409—435. — 442 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Дикий Алексей Денисович». Малый театр (официальный сайт) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին. {{cite web}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  7. «Дикий Алексей Денисович — Киносозвездие — авторский проект Сергея Николаева» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  8. Взлет и крах еврейского экпрессионистского театра(չաշխատող հղում)
  9. Дикий Алексей Денисович / Рудницкий К. Л. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  10. Беньяш Р. Ленинградский Академический Большой драматический театр им. М. Горького. — Л. 1967. С. 34.
  11. Очерки истории русского советского драматического театра. — М.: АН СССР, 1960. — Т. 2. — С. 316—318. — 776 с. — 3000 экз.
  12. «Сайт Общества «Мемориал»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
  13. Симонов Р. Н. Большой художник // Советская культура : газета. — 1955. — № 124 (357). — С. 3.
  14. Дикий А. Д., 1957, էջ 1—359
  15. Брюханов А. Г. «Корнакова. Судьба женщины. Судьба артистки». Бринеры (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  16. «Письмо Боровитиновой Надежды Петровны Дикой Александре Александровне (второй жене)». РГАЛИ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  17. Указ Президиума Верховного Совета СССР «О награждении орденами и медалями работников кинематографии» // Известия : газета. — 1944. — № 90 (8392). — С. 2.
  18. Указ Президиума Верховного Совета РСФСР «О присвоении почётных званий РСФСР деятелям искусства г. Москвы» // Известия : газета. — 1947. — № 46 (1082). — С. 1.
  19. «Энциклопедия отечественного кино» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.
  20. Московский академический ордена Трудового Красного Знамени театр имени Вл. Маяковского, 1922—1982 / Авт.-сост. В. Я. Дубровский. — 2-е изд. испр. и доп. — М.: Искусство, 1983. — 207 с., ил. (стр. 198—207)
  21. «Энциклопедия отечественного кино» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Повесть о театральной юности / Вступ. статья А. Мацина. — М.: Искусство, 1957. — 359 с.
  • Статьи. Переписка. Воспоминания / Сост. и ред. Н. Г. Литвиненко и А. Г. Гулиев. — М.: Искусство, 1967. — 503 с.
  • Избранное / Сост. Н. Г. Литвиненко, предисл. З. В. Владимировой. — М.: ВТО, 1976. — 442 с.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Владимирова З. Алексей Дикий // Портреты режиссёров. Выпуск 4. — М.: Искусство, 1986. — С. 5—37.
  • Иванов В. В. Алексей Дикий в Тель-Авиве // Иванов В. В. Русские сезоны театра «Габима». М.: «АРТ», 1999. С. 166—180.
  • Иванов В. В. Алексей Дикий — режиссёр «Габимы» // Диалог культур. Проблемы взаимодействия русского и мирового театра XX века. Сб. ст./ Ред. коллегия: А. В. Бартошевич, Т. В. Бутрова, Т. К. Шах-Азизова. СПб.: Дмитрий Буланин, 1997. С. 56—71.
  • Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — 640 с. — 100 000 экз.
  • «Реалистическая химера» Алексей Дикий. Режиссерский план спектакля «Смерть Тарелкина» А.В. Сухово-Кобылина в Малом театре и статья «Мои взгляды на театр» / Публ., вступит. статья и коммент. Е. И. Струтинской // Мнемозина. Документы и факты из истории отечественного театра XX века. Вып. 7 / Ред.-сост. В. В. Иванов. М.: Индрик, 2019. С. 459—486.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Դիկի» հոդվածին։