Ռևիզոր
Ռևիզոր ռուս.՝ Ревизоръ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պիես |
Ժանր | կատակերգություն |
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1835 |
Հրատարակություն | 1836 |
The Government Inspector by Gogol |
Ռևիզոր (ռուս.՝ «Ревизор»), Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլի կատակերգությունը՝ բաղկացած հինգ գործողությունից:
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիեսի վրա աշխատանքը սկսել է 1835 թվականի աշնանը: Ավանդաբար համարվում է, որ սյուժեն նրան հուշել է Ալեքսանդր Պուշկինը: Այս ամենը հաստատում են ռուս գրող Վլադիմիր Սոլոգուբի հիշողությունները:
Պուշկինը ծանոթացավ Գոգոլի հետ և պատմեց նրան մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել Նովգորոդի շրջանի Ուստյուժնա քաղաքում (այժմ՝ Վոլոգդայի մարզ): Դեպքը պատմում էր ինչ-որ անցորդ պարոնի մասին , որը իրեն ներկայացնում էր որպես նախարարության պաշտոնյա և թալանում էր քաղաքի բնակիչներին: Մեկ այլ վարկածով, որը նույնպես նկարագրում է Սոլոգուբը: 1833 թվականի սեպտեմբերի 2-ին Պուշկինին ռևիզորի համար ընդունել է Նիժնի Նովգորոդի գեներալ-նահանգապետ Բուտուրլինը, երբ Ա. Պուշկինը ժամանեց Նիժնի Նովգորոդ Պուգաչյովի ապստամբության նյութերի հավաքագրման համար: Կա նաև ենթադրություն, որ ստեղծագործության պատմությունը թվագրվում է 1815 թվականի Պավել Սվինինի Բեսարաբիայի գործուղման հետ[1][2]: Մեկ տարի առաջ, մինչև «Ռևիզորի» լույս տեսնելը , նույն թեմայով տպագրվել է Ալեքսանդր Վելտմանի «Կատաղի Ռոլանդը» երգիծական վեպը[3]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի գավառական քաղաքում Անտոն Անտոնովիչ Սկվոզնիկ-Դմուխանովսկին հավաքում է չինովնիկներին՝ հայտնելու համար նրանց մի շատ տհաճ լուր: Իրեն նամակ գրած ծանոթից նա իմացել է, որ իրենց քաղաք է գալիս ռևիզոր: Գալիս է ինկոգնիտո և հատուկ կարգադրությամբ: Քաղաքագլուխը գիշերը երազում տեսել է երկու առնետ, որը վատ նշան է: Փորձում են հասկանալ ռևիզորի այցելության պատճառները և դատավորը՝ Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին-Տյապկինը, որը մի քանի գիրք է կարդացել, ահա ինչու ազատամիտ է, ենթադրում է Ռուսաստանի նախաձեռնությամբ նոր պատերազմի սկիզբը: Քաղաքագլուխը խորհուրդ է տալիս Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկային, որը պահում է աստվածահաճո մի քանի հաստատություն, հիվանդներին ստիպել հագնել սպիտակ գլխարկներ և առհասարակ հնարավորինս պակասեցնել նրանց թիվը: Եվ առհասարակ բոլոր ներկա չինովնիկներին կարգադրում է կարգի բերել քաղաքը: Հայտնվում է փոստի պատասխանատու՝ Իվան Կուզմիչ Շպեկինը, որը պարզամիտ մարդ է: Քաղաքագլուխը, վախենալով մատնագրից, խնդրում է նրան ուշադիր զննել բոլոր նամակները, բայց նա ասում է, որ վաղուց է, ինչ կարդում է բոլոր նամակները: Որոշները կարդում է հատուկ հաճույքով: Բայց նամակներում պետերբուրգցի չինովնիկի մասին ոչինչ չկա: Ներս են մտնում կալվածատերեր Դոբչինսկին և Բոբչինսկին և պատմում են պանդոկ մտած մի այցելուի մասին, որը չափազանց ուշադիր ու զննող է, անգամ ափսեներն է զննում: Էլ ով պիտի լինի, եթե ոչ այդ ռևիզորը:
Չինովնիկները մտահոգ ցրվում են, իսկ քաղաքագլուխը որոշում է շուքով շարժվել հյուրանոց: Մեկնում է Բոբչինսկու հետ: Հայտնվում են Աննա Անդրեևնան՝ քաղաքագլխի կինը, և Մարյա Անտոնովնան՝ նրա դուստրը: Առաջինը բարկանում է դստեր վրա և հեռացող ամուսնուն պատուհանից հարց ու փորձ է անում եկվորի բեղերի մասին: Ունի՞ արդյոք, թե՞ ոչ:
Հյուրանոցի փոքրիկ սենյակում մահճակալի վրա է պառկած ծառա Օսիպը: Նա քաղցած է և դժգոհում է տիրոջից, որը պարտվել է փողը, նրա ցոփոթյունից և հիշում է պետերբուրգյան կյանքի ուրախությունները: Ներս է մտնում Իվան Ալեսկսանդրովիչ Խլեստակովը: Երիտասարդ հիմարավուն մարդ է: Ուղարկում է Օսիպին ճաշի ետևից, իսկ եթե չտան, ապա հրամայում է կանչել տիրոջը: Հյուրանոցի ծառայի հետ վեճին հետևում է անչափ վատ ճաշը: Ափսեները դատարկելուց հետո Խլեստակովը բարկանում է, և հենց այդ ժամանակ նրան է հարցնում հյուրանոց հասած քաղաքագլուխը: Նրանք հանդիպում են Խլեստակովի համարում: Խլեստակովի ազնիվ խոսքերն այն մասին, որ նա մեկնում է հոր մոտ, հավատի չեն արժանանում և ընդունվում են ինկոգնիտո մնալու պատրվակով հորինված սուտ: Հայտարարություններն այն մասին, որ նա չի ուզում գնալ բանտ, քաղաքագլուխը հասկանում է այնպես, որ եկվորը չի կոծկելու իր հանցանքները: Քաղաքագլուխը վախեցած փող է առաջարկում Խլեստակովին և կանչում է իր տուն, ինչպես նաև տեսնել քաղաքի մի քանի հաստատություններ: Կարճ գրություններ գրելով Զեմլյանիկային և կնոջը՝ քաղաքագլուխը հեռանում է իր առաջարկն ընդունած Խլեստակովի հետ:
Աննա Անդրեևնան, սպասելով լուրերի, շարունակում է բարկանալ դստեր վրա: Ներս է վազում Դոբչինսկին և ասում է, որ եկվորը գեներալ չէ, բայց չի զիջում գեներալին: Աննա Անդրեևնան կարդում է նամակը, որտեղ թթու վարունգների և խավիարի պատվերներին հաջորդում է հյուրի համար առանձին սենյակ պատրաստելու և Աբդուլինից գինի գնելու խորհուրդը: Երկու տիկնայք վիճում են, թե ով ինչ զգեստ հագնի: Ներս են գալիս Խլեստակովը, քաղաքագլուխը, Զեմլյանիկան, որի հաստատությունում լաբարդան են համտեսել, Խլոպովը և Դոբչինսկին ու Բոբչինսկին: Զրուցում են Արտեմի Ֆիլիպովիչի հաջողությունների մասին, որի հիվանդները լավանում են «ինչպես ճանճերը»: Խլեստակովը հետաքրքրվում է, թե որտեղ կարելի է քաղաքում թուղթ խաղալ: Քաղաքագլուխը, իհարկե, կարծելով, թե սա սադրանք է, մոռանում է, որ մի շաբաթ առաջ մեծ գումար է հաղթել թղթախաղով, հայտարարում է, որ իրենց քաղաքում այդպիսի բան չկա: Հայտնվում են կանայք և Խլեստակովը սկսում է պատմել, որ Պետերբուրգում մի անգամ իրեն ընդունել են գլխավոր հրամանատարի հետ, որ նա ընկերություն է անում Պուշկինի հետ, թե ինչպես է դեպարտամենտ ղեկավարել, որ շուտով իրեն դարձնելու են ֆելդմարշալ… Հեռանում է քնելու: Աննա Անդրեևնան և Մարյա Անտոնովնան, նախ վիճելով, թե ում էր ավելի շատ նայում Խլեստակովը, սկսում են հարցուփորձ անել Օսիպին իր տիրոջ մասին: Նրա անկապ պատասխանները միայն խորացնում են նրանց հավատը, թե Խլեստակովը կարևոր անձ է:
Չինովնիկները քաղաքագլխի տանը խորհուրդ են անում և որոշում են կաշառք տալ եկվորին. խնդրում են Լյապկին-Տյապկինին, որ նա առաջինը անի դա: Խլեստակովն արթնանում է և խրթնեցնում է նրանց: Լյապկին-Տյապկինը վախից հատակին է նետում դրամը և արդեն կարծում է իրեն ձերբակալված: Խլեստակովը բարձրացնում է փողը և պարտք է խնդրում՝ պատճառաբանելով, որ ճանապարհին ծախսեր է ունեցել: Բոլորից պարտք է վերցնում: Ճանապարհելով չինովնիկներին՝ Խլեստակովը նամակ է գրում ընկերոջը՝ Տրյապիչկինին, այն մասին, թե ինչպես են իրեն ընդունել պաշտոնական մարդու տեղ: Օսիպը խնդրում է տիրոջը, քանի ուշ չէ, հեռանալ: Օսիպին նամակը հանձնելուց հետո ընդունում է բողոքավոր առևտրականներին, որոնց քաղաքագլխի հրամանով ներս չէր թողնում ոստիկանապետ Դերժիմորդան: Հայտնվում են նաև ուրիշ բողոքավորներ: Սրան է հետևում Աննա Անդրեևնայի և դստեր մրցակցությունը Խլեստակովի ուշադրության համար: Հաղթում է մայրը, որին Խլեստակովն առաջարկություն է անում: Իսկ սա ասում է, որ «ինչ-որ իմաստով ամուսնացած է»: Հետո առաջարկություն է ստանում նաև Մարյա Անտոնովնան: Առևտրականների բողոքներից վախեցած քաղաքագլուխը օրհնում է նորապսակներին: Հետո Խլեստակովը հայտարարում է, որ պիտի մեկ օրով լքի հավաքվածներին և մեկնի իր ազգականի մոտ: Նորից պարտքով փող է վերցնում է կառքով հեռանում: Խլեստակովին ճանապարհ դնելուց հետո քաղաքագլուխը և կինը երազանքների գիրկն են ընկնում: Երազում է պետերբուրգյան կյանքի մասին: Պատվավոր քաղաքաբնակները գալիս են շնորհավորելու քաղաքագլխի ընտանիքին: Հանկարծ ներս է վազում փոստի պատասխանատուն և հայտարարում է, որ ռևիզորը իրականում ռևիզոր չէ: Նա բերել է Տրյապիչկինին Խլեստակովի գրած նամակը, որով ամեն բան բացահայտվում է: Հանընդհանուր ցասման թիրախ են դառնում Դոբչինսկին և Բոբչինսկին, որոնք տարածել էին կեղծ լուրը: Ներս է մտնում ժանդարմը և հայտնում, որ Պետերբուրգից եկած չինովնիկը հանդիպում է խնդրում:
Բոլորը քարացած մնում են իրենց դիրքերում: Դա տևում է մեկ րոպե: Վարագույր:
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Անտոնովիչ Սկվոզնիկ Դմուխանովսկի, քաղաքագլուխ
- Աննա Անդրեևնա, նրա կինը
- Մարյա Անտոնովնա, նրա աղջիկը
- Լուկա Լուկիչ Խլոպով
- Նրա կինը
- Ամոս Ֆյոդորովիչ Լյապկին-Տյապկին, դատավոր
- Արտեմի Ֆիլիպովիչ Զեմլյանիկա, հաստատությունների ղեկավար
- Իվան Կուզմիչ Շպեկին, փոստատար
- Դոբչինսկի և Բոբչինսկի, կալվածատերեր
- Իվան Ալեսկսանդրովիչ Խլեստակով, պաշտոնյա Պետերբուրգից
- Օսիպ, նրա ծառան
- Դյոդր Լյուլուկով, Իվան Ռաստակովսկի, Ստեփան Կորոբկին՝ չինովնիկներ, քաղաքի պատվավոր դեմքեր
- Ստեփան Ուխովերտով, հարկադիր
- Սվիստունով, Պուգովիցին, Դերժիմորդա, ոստիկաններ
- Աբդուլին, վաճառական.
- Ֆևրոնյա Պոշլեպկինա, փականագործ
- Ենթասպայի կինը
- Միշկա, քաղաքագլխի ծառան
- Պանդոկի ծառա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ревизор» в оценке современников ссылка от 1 ноября 2008
- ↑ В. В. Гиппиус, «Литературное общение Гоголя с Пушкиным». Учёные записки Пермского государственного университета, отдел общественных наук, вып. 2, 1931, стр. 63—77 ссылка от 1 ноября 2008
- ↑ Акутин Ю. М. Александр Вельтман и его роман «Странник» // Вельтман А. Повести и рассказы. — М.: Наука, 1978. — (Литературные памятники).
|
|