Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում։ 1919 թվականից՝ կոմերիտական, 1920 թվականին՝ Եկատերինոսլավի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ։ Սովորել է Մոսկվայի համալսարանում (1927-1928 թթ.)։ Առաջին ժողովածուներն են՝ «Ռելսեր» (1923 թ.), «Բանաստեղծություններ» (1924 թ.), «Արմատներ» (1925 թ.)։ Միխայիլովի ձիրքի ռոմանտիկական բնույթն ամբողջ ուժով դրսևորվել է քաղաքացիական կռիվներին նվիրված բանաստեղծություններում («Գրենադա», 1926 թ., «Բանֆակի սանուհուն», 1925 թ., «Հետախուզությունում», 1927 թ.)։ «Գիշերային հանդիպումներ» (1927 թ.) գրքում երգային-հերոսական բանաստեղծություններին փոխարինելու են գալիս նէպի ժամանակաշրջանի տագնապներն ու շփոթությունը արտացոլող բանաստեղծությունները, միաժամանակ խորանում են հեղափոխական ռոմանտիկայի վերաբերյալ հեղինակի ունեցած պատկերացումները։ 30-ական թվականներին Միխայիլը քիչ է հանդես եկել որպես քնարերգու։ Այդ ժամանակի լավագույն գործերից է «Երգ Կախովկայի մասին» (1935 թ., երաժշտությունը՝ Դունաևսկու) բանաստեղծությունը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայա զվեզդա» («Красная звезда») թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում, ճակատային մի շարք թերթերի թղթակից։ Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943 թ.) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը։ 50-ական թվականների կեսերից, զգալի ընդմիջումից հետո, Միխայիլը ստեղծագործական ուժերի հորդացում է ապրում։ «Հորիզոն» (1959 թ.) բանաստեղծությունների ժողովածուի և «Որսորդական տնակ» (1964 թ.) գրքի համար բնորոշ է ռոմանտիկական հանդիսավորությունից ու երգայնությունից բնական խոսակցականի անցնելը։ Ռոմանտիկայով ու քնարականությամբ է հատկանշվում նաև Սվետլովի դրամատուրգիան․ «Խուլ անկյուն» (բեմադրվել է 1935 թ.), «Հեքիաթ» (1939 թ.), «Քսան տարի անց» (1940 թ.), «Ցանկության հրվանդանը» (1940 թ., չի բեմադրվել), «Բրանդենբուրգյան դարպաս» (1946 թ.), «Ուրիշի երջանկությունը» (1953 թ.)։ Միխայիլովի բանաստեղծությունները թարգմանվել են շատ լեզուներով։ «Վերջին տարիների բանաստեղծություններ» գրքի համար նրան շնորհվել է լենինյան մրցանակ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 91)։