Քիմիական գիտությունները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմիական գիտություններ, քիմիական երևույթների նպատակային օգտագործման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են Հին աշխարհի երկրներին՝Հայաստանին, Եգիպտոսին, Չինաստանին և Միջագետքին։ Ըստ անգլիացի հետազոտող Լեսլի Ատչիսոնի՝ Հայաստանում մետաղներ և համաձուլվածքներ ստացվել ու արտահանվել են Միջագետք, Ասորեստան և այլ երկրներ դեռևս մ. թ. ա. IV հազարամյակում։ Ենթադրվում է, որ հանքային երկաթն առաջինն օգտագործվել է Հայաստանում մ. թ. ա. XV դարում։ Արմավիրի, Մեծամորի, Արտաշատի, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղյա, ջնարակված խեցե, գունավոր և սադափափայլ ապակե բարձրարվեստ ու բարձրորակ իրեր։

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողահյութի սպիրտային և կաթնաթթվային խմորումները, քացախի, գինու և գարեջրի ստացումը հայերին հայտնի են եղել մ. թ. ա. VIII դարից։

Գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում քիմիական գիտելիքի բարձր մակարդակի մասին վկայում է ոչ միայն ոսկի, արծաթ, պղինձ, «հայկավ» (արաբերեն՝ ստին արմանի), այլև մալաքիտ, անուշադր, պաղլեղներ (հայտնի էին «հայկական աղ»՝ լատ.՝ sal armenium, և «հայքար»՝ ֆր.՝ Pierre d’ Armenie

Ոսկի

անվանումներով), որդան կարմիր, աղաղանյութեր, եթերային յուղեր և այլն արտահանելու փաստը։ Նյութերի հետ միաժամանակ Արևելքի և Արևմուտքի երկրներ են արտահանվել նաև ալքիմիական գիտելիքներ։ Այդ մասին վկայում են բազմաթիվ այլալեզու և հայերեն աղբյուրներ։ Պատահական չէ, որ ալքիմիական այլալեզու ձեռագրերում հաճախ հանդիպում են «հայկավ», «հայկական աղ», «հայկական ձու» և այլ արտահայտություններ։ Հայ ալքիմիկոսներն զբաղվել են աղերի, ներկերի, թանաքների, ջնարակների, սոսինձների, դեղանյութերի, ամալգամների, հայելիների պատրաստմամբ, մոմանյութի սպիտակեցմամբ։ Հայտնի քիմիկոս Մ. Բերթլոն հունարեն մի ձեռագրում հանդիպող sal armenium-ը համարել է մալաքիտը, որը, ըստ նրա, «կանաչ գույնի պղնձի կարբոնատն է։ Նույնանման է լազուրիտը, որը երկնագույն պղնձի կարբոնատն է և ունի armenium անվանումը, հավանաբար այն պատճառով, որ բերվել է Հայաստանից» (M. Berthelot, Collection des Alchimistes Grees, 1888, էջ 39)։ Տարբեր հեղինակներ տարբեր ժամանակներում այդպես են անվանել կերակրի աղը, անուշադրը։

Գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է հայատառ «սալարմենիկում» տերմինի և նրա տարբերակների գոյությունը հին հայկական ձեռագրերում (Մատենադարան, ձեռագիր №6924)։ Ըստ ռուս ակադեմիկոս Նիկոլայ Ֆիգուրովսկու՝ քիմիական գիտելիքները Ռուսաստան են անցել Հայաստանից։ Հին հայկական քիմիական ձեռագրերի ուսումնասիրությունների հիման վրա Տիրան Ղազանչյանը եզրակացրել է, որ հայ ալքիմիկոսները կարևոր նշանակություն էին տալիս տեսական հարցերին, գործնական ալքիմիան Հայաստանում հենվում էր դասական բնափիլիսոփայության առանձին պատկերացումների վրա, ալքիմիայի արվեստով զբաղվողը պետք է քաջատեղյակ լիներ նաև այլ արվեստների։ 4 տարրերի մասին Արիստոտելի ուսմունքն ընկած է հայկական բնափիլիսոփայության բնույթի բազմաթիվ ձեռագրերի հիմքում (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի և ուրիշներ)։ Ուշագրավ է «հայկական ձու» արտահայտության մեկնաբանությունը, որտեղ ձուն խորհրդանշում է 4 տարրերի՝ կրակի, օդի, ջրի և հողի միասնությունը։ Հայ ալքիմիկոսներից հայտնի են Ստեփանոս Իմաստասերը, Դանիել Աբեղան, Օհան Թոխաթցին, Ղազար Եպիսկոպոսը, Տեր- Հարություն էրզրումցին, Տեր-Սահակ էջմիածնեցին, Տեր-Դավիթը, Ավագը, Թոդորը, որոնց ձեռագրերը պահպանվում են Մատենադարանում։

Դավիթ Անհաղթ

Զարգացումը XVIII դարից մինչև XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (Ամստերդամ, 1702) հայերեն քիմիական բնույթի առաջին տպագիր գրքի հիմքում դրվել է 4 տարրերի ուսմունքը, նկարագրվել են դրանց բնորոշ հատկություններն ու փոխադարձ կապը։

XIX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանոս Աբկարյանի «Գիրք որ կոչի սկզբունք բնական գիտութեանց» (1796) գրքում քիմիական երևույթները քննարկվել են ատոմիստական տեսանկյունից։ Ուշագրավ է, որ այդ պատկերացումները նկարագրվել են Դալտոնի ատոմիստական տեսության ստեղծումից (1808) առաջ։ քիմիական գիտության և նյութերի քիմիական հատկությունների մասին արժեքավոր դատողություններ կան Մինաս Բժշկյանի («ճեմարան գիտելեաց», 1818), Սերովբե Կարնեցու («Ծաղիկ գիտութեանց», 1819), Մեսրոպ Աղաչրաղյանցի («Համառօտ արուեստաբանութիւն ու նորանոր հնարք», 1830), Մատթեոս Սաղաթելյանցի («Համառօտ բնական գիտութիւն», 1842), Մադաթիա Գարագաշյանցի («Նկարագիր ուսմանց», 1845), Բարսեղ Նուրիճանյանի («Փորձառական բնագիտութիւն կամ Ֆիզիկա», 1856) բնագիտական բնույթի գրքերում, որտեղ քիմիան ներկայացվել է որպես մարմինների բաղադրությունը զննելու («անդամազննություն»), մարմինները ճանաչելու և բաղադրելու գիտություն։ Այդ և հետագա շրջանի քիմիական գրականության մեջ «քիմիա» տերմինի փոխարեն (ըստ Հրաչյա Աճառյանի՝ այն «քեմիա» ձևով առաջինն օգտագործել է Սամուել Անեցին XII դ-ում) գործածվել են նրա հայերեն համարժեքները՝ տարրաբանություն, տարրագիտություն, տարրախուզություն, բնալուծություն և այլն։

Հրաչյա Աճառյան

1815-1830 թվականներին գործնական քիմիայի ուշագրավ ուսումնասիրություններ է կատարել էջմիածնի միաբանության անդամ Սահակ Տեր-Գրիգորյանը (Ծաղկարար), որն զբաղվել է արարատյան որդան կարմիրից ներկանյութ ստանալու խնդրով։ Մշակել է որդի ճարպազերծման և ներկի լուծահանման եղանակներ, որոնց շնորհիվ նրան հաջողվել է անջատել տարբեր երանգների գունանյութեր։

Զուտ քիմիային վերաբերող առաջին հայերեն գիրքը Հովհաննես Վահանյանի «Սկզբունք քիմիական գիտութեան» (1853) ձեռնարկն է, որտեղ շարադրված են ընդհանուր և անօրգանական քիմիայի հիմնական հարցերը, տրված են հայտնի 62 քիմիական տարրերի նկարագրությունն ու ֆիզիկոքիմիական հատկությունները, նկարագրված քիմիական նպատակներով գործածվող ֆիզիկական գործիքները, քիմիական նոմենկլատուրայի («անվանադրություն») սկզբունքները։ 1852-1853 թվականներին «Բազմավեպ» ամսագրում տպագրվել է Օգսենտի Գուրգենյանի «Սկզբունք բնալուծութեան» խորագրով հոդվածաշարը, որտեղ համակարգված սկզբունքներով ներկայացված է ժամանակի քիմիական (անօրգանական) գիտությունը։

1870 թվականին լույս է տեսել Մանուել Քաջունու եռահատոր գիրքը՝ «Տարրաբանութիւն տեսական եւ արուեստական», որի առաջին 2 հատորները վերաբերում են անօրգանական, երրորդը՝ օրգանական քիմիային։ Գրքում հարուստ տեղեկություններ կան նաև քիմիական գիտության պատմության մասին։ Գիրքը, սակայն, լայն գործնական կիրառություն չի ունեցել գրաբարով գրված լինելու պատճառով։

1891 թվականին տպագրվել է Պողոս Գաֆթանի երկհատոր «Նոր տարրաբանութիւնը», որի առաջին հատորը վերաբերում է մետաղներին և մետաղակերպ մարմիններին, իսկ երկրորդը՝ օրգանական և, մասնավորապես, տնտեսության մեջ հաճախ գործածվող նյութերին։

XIX դարի վերջին կատարվել են նաև քիմիական գրքերի թարգմանություններ («Բնալուծություն Բեյլնշտեյնի», 1885, պրոֆեսոր Ռոսկոյի «Քիմիա», 1892

XIX դարի վերջին-XX դարի սկգբին Եվրոպայում քիմիայի զարգացման մեջ իրենց ծանրակշիռ ավանդն ունեն լուսաքիմիայի հիմնադիր, պիրոլի քիմիայի սկզբնավորող Լուիջի Չամիչյանը (Բոլոնիա, Իտալիա) և վերլուծական քիմիայի ճանաչված մասնագետ Հարություն Աբելյանը (Ցյուրիխ, Շվեյցարիա)։

Քիմիան Հայաստանում XX դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ. Ի. Մենդելեև

Հայաստանում քիմիայի գիտական առաջին օջախն ստեղծվել է 1921 թվականին ԵՊՀ-ում, որտեղ աշխատելու են հրավիրվել ականավոր քիմիկոսներ Ստեփան Ղամբարյանը, Պապա Քալանթարյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Լևոն Ռոտինյանը, Հովհաննես Ակունյանը և ուրիշներ։ Նրանց ջանքերով ձևավորվել է հայկական քիմիայի նոր դպրոցը։ Ոաումնասիրության առարկա են դարձել այդ շրջանում տնտեսության համար կարևոր հարցերը, հետազոտվել են Արարատյան դաշտի կրաքարերը, կավահողերը, մերձարաքսյան ճահիճները, բազալտներն ու դրանց հալման արգասիքները։

1926 թվականին լույս է տեսել Վահագն Դեմիրչօղլյանի «Արժեքականությունը և ատոմների կառուցվածքը» (ռուսերեն) մենագրությունը, որտեղ հեղինակն առաջինն է կռահել ծանր ջրածնի՝ դեյտերիումի գոյությունը և այն անվանել «արմենիում»։ Տվել է տարրերի հատկությունների պարբերականության սեփական բացատրությունը՝ ծանոթ չլինելով Դմիտրի Մենդելեևի աշխատանքներին։

1935 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ-ի քիմիական լաբորատորիան՝ անօրգանակ, օրգանական, ֆիզիկոքիմիական և կենսաբանական քիմիայի բաժիններով։ քիմիական գիտության զարգացումը Հայաստանում լայն թափ է ստացել ՀԽՍՀ ԳԱ ստեղծումից (1943) հետո, երբ հիմնադրվել են քիմիական տարբեր հարցերով զբաղվող ակադեմիական ինստիտուտներ։ Քիմիական ուսումնասիրություններ են ծավալվել բուհերի համապատասխան ամբիոններում և դրանց կից պրոբլեմային լաբորատորիաներում։

Հայաստանի Հանրապետության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում զարգացել են հատկապես անօրգանական քիմիան, օրգանական քիմիան, դեղագործական քիմիան, վերլուծական քիմիան, ֆիզքիմիան, քիմֆիզիկան, պոլիմերների քիմիան, քիմիական տեխնոլոգիան, էկոլոգիական քիմիան և կենսատեխնոլոգիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png