Մոմանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոմանյութեր, մոմեր, բուսական և կենդանական ծագում ունեցող ճարպանման նյութեր, բարձրամոլեկուլային միատոմ սպիրտների և ճարպաթթուների էսթերներ են։ Ամորֆ են, դյուրաբեկ և տաքացնելիս հեշտությամբ փափկում են։ Հալվում են 40—90 °C-ում։ Ջրում անլուծելի են, լուծվում են բենզինում։ Քիմիական և ֆիզիկական հատկություններով նման են ճարպերին։ Տարբերում են կենդանական, բուսական և հանքային մոմանյութեր։ Կենդանական մոմանյութեր (օրինակ՝ մեղրամոմ) ստացվում են մեղուների ու այլ միջատների մոմագեղձերից, լանոլինը՝ ոչխարի բրդից (լվանալիս), սպերմացետը՝ կաշալոտի ճարպից և այլն։ Բուսական մոմանյութերը նուրբ շերտով պատում են բույսի ցողունը, տերևները և պտուղները (կանխում են սնկային հիվանդությունները, կարգավորում բույսի ջրային ռեժիմը)։ Դրանցից են․ կարնաուբյան (ստացվում է բրազիլական արմավենու տերևներից), կանդելիլյան և այլ մոմանյութեր։ Հանքային մոմանյութերը (օզոկերիտ, ցեբելին) ստացվում են գորշ ածխից և տորֆից։ Սինթետիկ մոմանյութերը ստացվում են ածխածնի օքսիդը հիդրելով կամ ցածրամոլեկուլային բազմաօլեֆիններից (օրինակ, 2000—10․000 մոլ․ զանգվածով պոլիէթիլենից)։ Մոմանյութերը օգտագործվում են փայլեցնող, գործվածքը անջրանցիկ դարձնող խառնուրդներ պատրաստելու, կաշին, ռետինը, թուղթը մշակելու, պոլիմերները մամլելու համար), որպես գեղակերպ նյութեր՝ քանդակագործության մեջ (Պետրոս Մեծի կիսանդրին և արձանը, Էրմիտաժ, Լենինգրադ և այլն)։ Մոմանյութերը գեղանկարչական մոմաներկերի հիմքն են։ Մոմանյութերի բարակ շերտով պահպանում են մարմարե արձանները ջրի ազդեցությունից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png