Թանաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր գույների թանաքներ

Թանաք, գրելու համար գործածվող ներկանյութերի ջրային լուծույթներ։ Հայտնի է նաև մելան անունով։

Էրեբունիի պեղումների ժամանակ շենքերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի որմնանկարները վկայում են, որ մ․ թ․ ա․ 8-րդ դարում Հայաստանում թանաքը կիրառվել է որմնանկարչության մեջ։

13-18-րդ դարերում հայկական ձեռագրերում պահպանվել են թանաք պատրաստելու բազմաթիվ դեղատոմսեր, ըստ որոնց թանաք ստանալու համար կիրառվել են բուսական (խունկ, գարի, տորոն, գխտոր, կտավատի ձեթ, նռան կեղև և այլն), կենդանական (լեղի, կաթ, ձու, որդան կարմիր և այլն), ինչպես նաև հանքային ծագման (արջասպներ, պաղլեղներ, կիր, պողպատի խարտուք, լեղակ և այլն) նյութեր։

Թանաք ստացվել է տարբեր եղանակներով՝ բույսերի տերևները, ծաղիկներն ու արմատները տրորելով և քամելով, ջրի մեջ եփելով, ծեծելով և այլն։

Սև թանաք հիմնականում ստացվել է գխտորից, կարմիրը՝ որդան կարմիրից, տորոնից, քրքումից կամ դրանց խառնուրդներից, կապույտը՝ լեղակից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 265 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Ա․ Ք․, «Ներկերի և թանաքների գործածությունը հին հայկական ձեռագրերում», Երևան, 1941
  • Առաքելյան Բ․ Ն․, «Քաղաքները և արհեստները Հայաստանում IX―XIII դդ․», Երևան, 1959