Հովհաննես Վահանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վահանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Վահանյան
Դիմանկար
Ծնվել է1832
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1891
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քիմիկոս

Հովհաննես Սարգսի Վահանյան (Նազլը Վահան, Հովհաննես Վահան, 1832, Կոստանդնուպոլիս - 1891, Կոստանդնուպոլիս), Պոլսում ծնված հայազգի քիմիկոս, հասարակական գործիչ, արևմտահայ գրող, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-մանկավարժական գործիչ Սրբուհի Տյուսաբի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Վահանյանը ծնվել է Պոլսի Օրթագյուղ թաղամասում, Սարգիս Վահանյանի և Նազլը Վահանի ընտանիքում։ Նրա գերդաստանը Կ.Պոլսում է հայտնվել էր Կեսարիա քաղաքից։ Տաս տարեկանում Հովհաննեսը կորցրել է հորը։ Հովհաննեսի և քրոջ կրթությամբ զբաղվել է մայրը, որը տիրապետել է ֆրանսերենին ու հունարենին[1]։ Հոր թողած ժառանգության շնորհիվ Հովհաննեսը մեկնել Փարիզ, որտեղ էլ ստացել է քիմիկոսի մասնագիտություն։ Կ.Պոլիս վերադառնալուց ընդամենը մեկ տարի անց՝ 1853 թվականին, Հովհաննես Վահանյանը Կ.Պոլսում աշխարհաբար արևմտահայերենով հրատարակել է 395 էջանոց «Սկզբունք քիմիական գիտութեան» գիրքը, որտեղ արծարծվել են ընդհանուր և անօրգանական քիմիայի հարցեր, տրվել են նկարագրված փորձերի, սարքավորումների գծագրեր։ Գիրքը հետագայում հանդիսացել է քիմիայի առաջին դասագիրքը։ Գրքի առաջաբանում հեղինակը նշել է, որ հայ իրականության մեջ գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ գրքեր գրվել են, սակայն քիմիային նվիրված առանձին աշխատանք դեռ չի հրատարակվել։

1953 թվականին նա ընդգրկվել է Հայ Ուսումնական խորհրդի կազմում, որտեղ հանդիպել է 1860 թվականի ազգային սահմանադրության հեղինակներ Նիկողայոս Բալյանին, Գրիգոր Օտյանին, Նահապետ Ռուսինյանին և Սերովբե Վիչենյանին։ 1860-ական թվականներին Հովհաննես Վահանյանը ներագրավվել է Օսմանյան պետական գործունեության մեջ։ Նա արդարադատության, կրթության և առևտրի ոլորտներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ․ երկար տարիներ Օսմանյան կառավարության կազմում զբաղեցրել է Դատական նախարարության խորհրդականի պաշտոնը, եղել է նորակազմ Առևտրական դատարանի անդամ, այնուհետև՝ նույն դատարանի նախագահ, 1868 թվականին նշանակվել է Առևտրի փոխնախարար, իսկ 1869-1871 թվականներին ընտրվել է Արդարադատության նախարարության անդամ, 1871 թվականին նշանակվել է Օսմանյան կայսրության կրթության նախարարի խորհրդական, 1872-1873 թվականներին ստանձնել է Կ.Պոլսի Ղալաթա Սարայի լիցեյի տնօրենի պարտականությունը, 1875 թվականին ընտրվել է Դատական խորհրդի ցմահ անդամ, միաժամանակ եղել է դատական նախարարի խորհրդական։ Օսմանյան կայսրությունում դատական օրենքների կատարելագործման նպատակով Հովհաննես Վահանյանը գործուղվել է Եվրոպա[2]։

Խորհրդային Հայաստանում Հովհաննես Վահանյանի մասին առաջին անգամ հիշատակել է Ալբերտ Շարուրյանը՝ «Սրբուհի Տյուսաբ» մենագրությունում, որը հրատարակվել է Երևանում, 1963 թվականին[3]։

Հովհաննես Վահանյանը մահացել է 1891 թվականին, Կոստանդնուպոլսում[4][5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նազլը Վահանը` Սրբուհի Տյուսաբի մայրը, ժամանակի ամենազարգացած և հարգված հայ կանացից էր
  2. «Հովհաննես Վահանյան. քիմիկոսն ու օսմանյան պետական գործիչը».
  3. Սրբուհի Տյուսաբ ։ Կյանքը և ստեղծագործությունը
  4. Sharif, edited by Christoph Herzog, Malek (2010). The first Ottoman experiment in democracy (PDF). Würzburg: Ergon in Kommission. էջ 196. ISBN 9783899137453. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  5. Ararat, Volume 29. Armenian General Benevolent Union. 1988. էջ 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]