Սառա Էրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox tenis.png
Սառա Էրանի
իտալ.՝ Sara Errani
Sara Errani (14360393498).jpg
Սեռիգական
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Բնակվելու վայրԲոլոնիա, Իտալիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 29, 1987 (32 տարեկան)
ԾննդավայրԲոլոնիա, Իտալիա
Հասակ164 սմ
Քաշ60 կգ
Կարիերայի սկիզբ2002 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՊաբլո Լոսանո
Դավիդ Անդրես
Պարգևավճար, USD12,736,385
Մենախաղ
Խաղեր Հ/Պ540–375[1]
Ամենաբարձր վարկանիշ5 (2013 մայիսի 20)
Ներկայիս վարկանիշ50 (2016 հոկտեմբերի 31)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2012)
ՖրանսիաԵզրափակիչ (2012)
Ուիմբլդոն3-րդ շրջան (2010, 2012)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2012)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ345–191[1]
Ամենաբարձր վարկանիշ1 (2012 սեպտեմբերի 10)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2013, 2014)
ՖրանսիաՀաղթանակ (2012)
ՈւիմբլդոնՀաղթանակ (2014)
ԱՄՆՀաղթանակ (2012)
sara-errani.com
Թարմացվել է՝ 2016 թվականի նոյեմբերի 3

Սառա Էրանի (իտալ.՝ Sara Errani, արտասանությունը [ˈsara erˈrani], ապրիլի 29, 1987(1987-04-29)[1], Բոլոնյա, Իտալիա[1]), իտալացի պրոֆեսիոնալ թենինսիստուհի։ Էրանին համաշխարհային դասակարգման թիվ 1 ռակետ է եղել զուգախաղի վարկանիշում և թիվ 5 ռակետ մենախաղի վարկանիշում։ Կարիերայի ընթացքում նա հաղթանակ է տարել WTA մենախաղի 9 և զուգախաղի 25 մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի և Premier Mandatory/Premier 5 շարքի հինգական մրցաշարերում։

Էրանիի բեկումը տեղի է ունեցել 2012 թվականի մրցաշարջանի ընթացքում։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա քառորդ եզրափակիչ է հասել մենախաղում և եզրափակիչ զուգախաղում։ Հայտնի որպես գրունտային ծածկույթի մասնագետ[2][3], Էրանին գրունտի մրցաշարերում երեք տիտղոս է նվաճել մինչ Ֆրանսիայի բաց առաջնությունը կայացած խոշոր մրցաշարերում, իսկ Ֆրանսիայում եզրափակիչ է հասել և մենախաղում, և զուգախաղում, զուգախաղի տիղոսը նվաճելով Ռոբերտա Վինչիի հետ համագործակցությամբ[4]։ Այնուհետև նրանք միասին հաղթանակ են տարել նաև 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և 2013 և 2014 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հաղթանակ տանելով 2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց զուգախաղում, Սառա Էրանին և Ռոբերտա Վինչին թենիսի պատմության մեջ դարձել են 5-րդ զույգը, ովքեր նվաճել են Կարիերային Մեծ Սաղավարտը[5]։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Էրանին ծնվել է Բոլոնիա քաղաքում, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա։ Նա կրտսեր զավակն է Ջորջո՝ մրգերի և բաջարեղենի վաճառական, և Ֆուլվիա՝ դեղագործ, Էրանիների ընտանիքում։ Ծնողները ոչ մի կերպ կապ չեն ունեցել սպորտի հետ, իսկ զավակները իրենց գտել են մարզական աշխարհում՝ Սառային եղբայր Դավիդը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Սառան թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկան հասակից։ 12 տարեկան հասակում հայրը նրան ուղարկել է Նիկ Բոլետիերիի ակադեմիա, ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ։ 16 տարեկանում նա տեղափոխվել է Վալենսիա, Իսպանիա, որտեղ սկսել է մարզվել և մրցաշարերում կանոնավորապես ներկայացնել տեղական ակումբներից մեկը՝ Պաբլո Լոզանոյի և Դավիդ Անդրեսի ղեկավարությամբ։

Էրանիի լավագույն հարվածը ֆորհենդն է, իսկ սիրելի ծածկույթը գրունտը։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան համեմատաբար հաջող պատանեկան կարիերա է ունեցել։ Ավագ տարիքային խմբում նա կարողացել է մեկ անգամ հանդես գալ Մեծ Սաղավարտի աղջիկների մրցաշարի քառորդ եզրափակիչում (2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ մրցաշարը սկսելով որակավորման փուլից, նա արդյունքում հասել է քառորդ եզրափակիչ, զիջելով այդ տարիքային խմբի առաջատարներից մեկին՝ կանադուհի Ալեքսանդրա Վոզնյակին), ինչպես նաև դարձել է պատանեկան վարկանիշի 32-րդ ռակետ։ Հասակակիցների շրջանում մրցաշարերը բավականին վաղ սկսեցին համատեղվել պրոֆեսիոնալ մրցաշարերի հետ։ Արդեն 2001 թվականին իտալուհին իրեն առաջին անգամ փորձել է 10-հազարանոց մրցաշարի որակավարման փուլում, իսկ մեկ տարի անց վաստակել է առաջին մեծահասակ վարկանիշը մենախաղում։

2003 թվականին Սառան նորամուտել է WTA մրցաշարի որակավորումում, հատուկ հրավեր վաստակելով Պալերմոյի մրցաշարին։ Առաջին փորձը բավականին հաջող էր և աշխարհի 779-րդ ռակետ Էրանին հաղթանակ է տարել մենախաղի 396-րդ վարկանիշ ունեցող մրցակցուհու նկատմամբ մեկնարկային խաղում, իսկ այնուհետև պայքար է ծավալել Իվանե Աբրամովիչի հետ՝ այդ պահին 186-րդ ռակետ։ Մինչ տարվա վերջը Սառան կարող էր հաղթանակ տանել Թոփ 200 թենիսիստուհու նկատմամբ, երբ Կազերտեի 25-հազարանով մրցաշարում պարտություն է կրել Մարետ Անիից։ Որոշ ժամանակ արդյունքներն առանձնապես չեն փոփոխվում։ Առաջին հաջողությունները եղել են 2005 թվականի փետրվարին, երբ Սառային հաջողվել է հաղթանակ տանել առաջին պրոֆեսիոնալ մրցաշարում, հաղթելով Մելիլի 10-հազարանոց մրցաշարում։ Այդ արդյունքից քիչ անց խոշոր մրցաշարերում արդյունքները նույնպես սկսել են բարելավվել։ Ապրիլի վերջին նա կիսաեզրափակիչ է դուրս եկել Տորենտի 25-հազարանոց մրցաշարում, որի շնորհիվ շուտով տեղ է գտել Թոփ 400-ում։ Նույն թվականին սկսել են արդյունքներ գալ նաև զուգախաղի մրցաշարերում։ Սառան տարբեր խաղընկերուհիների հետ հասել է միանգամից չորս մրցաշարերի եզրափակիչ, նիվաճելով երեք տիտղոս։ Մեկ անգամ նույնիսկ հաջողվել է եզրափակիչ դուրս գալ Կունեոյի 50-հազարանոց մրցաշարում։.

2006 թվականին Էրանին առաջին անգամ ընդգրկվել է WTA մրցաշարի հիմնական ցանցում, որակավորման փուլն անցնելով Բոգոտայի մրցաշարում։ Բավականին հաջող են անցել նաև հաջորդ մրցաշարերը։ Էրանին մի քանի կիսաեզրափակիչներ է ունեցել 25-հազարանոց մրցաշարերում և հաղթահարել է որակավորման փուլը Հռոմի մրցաշարում։ Այդ ամենը Էրանիին բարձրացրել են վարկանիշային երրորդ հարյուրյակի սկիզբ և թույլ են տվել որակավորման փուլ անցնել Մեծ Սաղավարտի իր առաջին մեծահասակ մրցաշարում՝ Ուիմբլդոնի մրցաշարում։ Խոտածածկի վրա եզակի ելույթը ավարտվել է արդեն առաջին շրջանում, որտեղ Էրանին պարտվել է առավել փորձառու հայրենակցուհի Ռոմինա Օպրանդիին։ Հետագայում հաջողվել է մտնել և ամրապնդվել վարկանիշային երկրորդ հարյուրյակում, երբ հուլիսին, մի քանի շաբաթվա ընթացքում, իտալուհին սկզբում հասել է Բուդապեշտի WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև դուրս է եկել Մարտինա-Ֆրանկեի 50-հազարանոց մրցաշարի կիսաեզրափակիչ։ Զուգախաղում 2006 թվականը նույնպես հաջողվել է ավարտել Թոփ 200-ում, ինչպես նաև հաղթել 50-հազարանոց մեկ մրցաշարում՝ հուլիսին Կունեոյում երկրորդ փորձից հաղթելով տիտղոսային խաղում։

2007-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մրցաշրջանը սկսվել է անհաջող։ Յոթ մրցաշարերից հինգում Էրանին պայքարն ավարտել է արդեն առաջին շրջանում։ Փետրվարի վերջին, Ակապուլկոյի մրցաշարում, հաջողվել է փոխել իրավիճակը։ Էրանին սկզբում վստահորեն անցել է WTA մրցաշարի որակավորման փուլը, իսկ այնուհետև նաև հիմնական մրցաշարի երեք շրջանները, իր հաշվին հաղթանակներ գրանցելով Սիբիլ Բամերի, Կայա Կանեպիի և Տատյանա Գարբինի նկատմամբ։ Հաջորդ մի քանի ամիսներում Էրանին մի քանի անգամ դուրս է եկել ITF միջին մրցաշարերի քառորդ եզրափակիչ և պահպանել է իր դիրքը վարկանիշային երկրորդ հարյուրյակի միջնամասում։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո նա կենտրոնացել է գրունտային մրցաշարերի շարքի վրա։ Նրանցից յուրաքանչյուրում նա կանոնավորապես հասել է մինչև քառորդ եզրափակիչ-կիսաեզրափակիչ փուլ և հուլիսի կեսերին բարձրացեք է առաջին հարյուրյակի սամանագծին։ Այնուհետև Էրանին կարողացել է կիսաեզրափակիչ դուրս գալ Պալերմոյի WTA մրցաշարում և բավականին վարկանիշ հավաքել, որպեսզի օգոստոսի վերջին, ԱՄՆ բաց առաջնությունում, առաջին անգամ ընդգրկվի Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում։ Նորամուտը հաջող է ստացվել և Էրանին առաջին շրջանում հաղթել է Ռենատա Վորաչկովային։ Մինչ տարեվերջ իտալուհին մրցաշարջանի ընթացքում երրորդ անգամ հասել է WTA մրցաշարի քառորդ եզրափակիչ, այս անգամ Բալիում, ինչը նրան թույլ է տվել վարկանիշային աղյուսակում ամրապնդվել երկրորդ 50-յակի միջնամասում։

Սառա Էրանին 2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում

Հաջող անցկացված 2007 թվականը թույլ է տվել 2008 թվականին հրաժարվել ITF մրցաշարերում ելույթներից։ Իտալուհին մրցաշրջանի առաջին յոթ ամսներն անց է կացրել անկայում, սակայն բավականին արդյունավետ, այդ շրջանում իր հաշվին միանգամից հինգ երրորդ շրջան գրանցելով WTA տարբեր մրցաշարերում, այդ թվում Բարսելոնայում, Մայամիում և Հռոմում։ Վարկանիշում Էրանին պահպանում էր երկրորդ 50-յակի սկզբնամասի դիրքը, որի շնորհիվ որակավորվել է Օլիմպիական խաղերին, սակայն առաջին իսկ շրջանում պարտվել է Սամանտա Ստոսուրին։ Հուլիսին Էրանին գերհաջող է խաղացել Պալերմոյի և Պորտորոժեի մրցաշարերում։ Երկու շաբաթվա ընթացքում նա հաղթանակ է տարել տասը անընդմեջ խաղում, իր հաշվին երկու տիտղոս գրանցելով WTA մրցաշարերում։ Ընդ որում, մրցաշարերն անց էին կացվում տարբեր ծածկույթների վրա, իսկ տնային մրցաշարում Էրանին Նուրիա Լագոստերա Վիվեսի հետ միասին հաղթանակ է տարել զուգախաղի մրցաշարում։ Մրցաշրջանի վերջնամասն ընթացել է միավորների համար պայքարում և այն ավարտվել է վարկանիշային աղյուսակի 42-րդ հորիզոնականով։

2009-2011 թվականներին Էրանին ամրապնդվել է վարկանիշային առաջին հիսնյակի վերջի կայուն թենիսիստի մակարդակում։ Մի քանի հաղթանակներ են տարվել Թոփ 20 բազմաթիվ թենիսիստուհիների նկատմամբ, իսկ Թոփ 10-ի թենիսիստուհիների հետ հանդիպումներում, որքան էլ այն բարեհաջող ընթացք ունենա, հետևում են պարտություններ։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա մի քանի անգամ հասել է երրորդ շրջան, սակայն այնտեղ անփոփոխ պարտություն է կրել։ Առավել մանր մրցաշարերում իտալուհին երեք տարվա ընթացքում երեք անգամ հասել է եզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտություն է կրել։ Տիտղոսին առավել մոտ էր 2009 թվականի Պոտորոժի մրցաշարում, երբ այն ժամանակ աշխարհի 1-ին ռակետ Դինարա Սաֆինան նրա դիմադրությոնը կոտրել է միայն որոշիչ սեթի 12-րդ գեյմում։ նույն ժամանաշրջանում Էրանին կոփել է իր զուգախաղային վարպետությունը։ Նրա խաղընկերուհիներն են եղել այն ժամանակվա նրա համարյա բոլոր լավագույն հայրենակցուհիները, ովքեր կանոնավորապես ուշադրություն էին դարձնում զուգախաղի մրցաշարերին, ինչպես նաև դեռևս ITF մրցաշարերի եզրափակիչի նրա խաղընկերուհի Մարիա Խոսե Մարտինես Սանչեսը։ Պրեմիեր մակարդակի առաջին եզրափակիչը եկել է հենց իսպանուհու հետ զույգին, սակայն առավել ակտիվ խաղացվել է Ռոբերտա Վինչիի հետ զույգով։ Աստիճանաբար Վինչիի հետ զույգը սկսել է ցուցադրել առավել որակական արդյունքներ, 2011 թվականի վերջին մի քանի տիտղոսներ նվաճելով WTA հիմնական մակարդակի մրցաշարերում, ինչպես նաև քառորդ եզրափակիչ հասնելով ԱՄՆ բաց առաջնությունում։

2009 և 2010 թվականների Ֆեդերացիայի գավաթում Իտալիայի հավաքականի համար հաղթական մրցաշարերում Սառա Էրանի-Ռոբերտա Վինչի զույգը անփոփոխ ընդգրկվել է հավաքականում, ցույց տալով հարյուր տոկոսանոց արդյունք։ 2009 թվականին նրանք հաղթանակ են տարել բոլոր երեք զուգախաղերում, իսկ 2010 թվականին երկու զուգախաղում (երրորդ խաղը չի անցկացվել, վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն չունենալու պատճառով)։ Միևնույն ժամանակ նա մասնակցել է երկու մենախաղերի, երկուսում էլ առավելության հասնելով մրցակցուհիների նկատմամբ։

2012 թվական. Բեկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սկզբին Էրանին որոշել է փոխել իր ռակետը՝ Wilson-ից անցնելով Babolat-ի, ավելի ծանր և մեծ ռակետի, քան նախորդը, ինչը թույլ էր տալիս ավելի հզոր դարձնել հարվածները։ Այդ փոփոխությունը նրան ստիպել է Wilson-ին վճարել $ 30,000 գումար[6]։ Այնուամենայնիվ, նա և որոշ մեկնաբաններ ռակետի փոփոխությանն են վերագրում նրա խաղամակարդակի բարձրացումը և WTA վարկանիշի Թոփ 10-ում ընդգրկվելը։ 2012 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Էրանին նվաճել է մենախաղի երեք տիտղոս, վաստակելով ավելի քան $ 1,3 միլիոն մրցանակային գումար։ Էրանին իր նոր ռակետին կնքել է «Էքսկալիբուր» (անգլ.՝ «Excalibur») անվամբ, ի պատիվ Արթուր արքայի սրի[7]։

2012 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Էրանին իր առաջին քառորդ եզրափակիչն է դուրս եկել Մեծ Սաղավարտի մրցաշարում, հաղթելով Նադեժդա Պետրովային, Սորանա Կիրստեային և Չժեն Ցզեին, սակայն պարտություն է կրել Պետրա Կվիտովայից։ Նրա վարկանիշը բարձրացել է մինչև աշխարհի թիվ 33 ռակետ։ Abierto Monterrey Open մրցաշարում նա երկրորդ դասակարգվածն էր և հասել է մինչև կիսաեզրափակիչ, պարտվելով մրցաշարի ապագա հաղթող Թիմեա Բաբոշին, սակայն նա կարիերայում իր երրորդ տիտղոս է նվաճել Ակապուլկոյի գրունտային ծածկույթի մրցաշարում, որտեղ նա 3-րդ դասակարգվածն էր։ Մրցաշարի վերջին երկու հանդիպումներում նա հաղթել է Ռոբերտա Վինչիին և 2-րդ դասակարգված Ֆլավիա Պենետային։ Էրանին Ինդիան Ուելսի մրցաշարի առաջին շրջանում պարտվել է Վանիա Քինգին, իսկ Sony Ericsson Open մրցաշարի երկրորդ շրջանում Սլոան Սթիվենսին։

Որպես 7-րդ դասակարգված Բարսելոնայի Ladies Open մրցաշարում, Էրանին նվաճել է կարիերայում չորրորդ և տարվա ընթացքում երկրորդ տիտղոսը, ոչ մի սեթ չզիջելով մրցակիցներին։ Քառորդ եզրափակիչում նա հաղթանակ է տարել 2-րդ դասակարգված Յուլիա Գյորգեսի, կիսաեզրափակիչում Կարլա Սուարես Նավարոյի և եզրափակիչում Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ։ Դրանից հետո նրա վարկանիշը բարձրացել է մինչև աշխարհի 28-րդ ռակետ։ Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչում Չեխիայի հավաքականի հետ հանդիպման ընթացքում Էրանին պարտվել է Պետրա Կվիտովային և հաղթել Անդրեա Հլավաչկովային, սակայն Իտալիայի հավաքականը պարտություն է կրել։ Մայիսի 7-ին Էրանին հաղթանակ է տարել Բուդապեշտի Budapest Grand Prix մրցաշարում, իտալացի թենիսիստուհիների կողմից մեկ տարվա ընթացքում նվաճած տիտղոսների քանակով հավասարվելով Ռոբերտա Վինչիի հետ[8]։

Սառա Էրանին և Ռոբերտա Վինչին

Նրա արդյունավետությունը շարունակել է աճել և Ֆրանսիայի բաց առաջնությունում Էրանին հասել է եզրափակիչ։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է Քեյսի Դելակուային, Մելանի Ուդենին և 2008 և 2009 թվականների Ֆրանսիայի բաց առաջնիության հաղթողներ Անա Իվանովիչին և Սվետլանա Կուզնեցովային[9]։ Կիսաեզրափակիչում տեղը նա ապահովել է 10-րդ դասակարգված գերմանուհի Անժելիկա Քերբերին հաղթելով, տանելով առաջին հաղթանակը Թոփ 10 թենիսիստուհու նկատմամբ[10]։ Կիսաեզրափակիչում նա առավելության է հասել ԱՄՆ բաց առաջնության գործող չեմպիոն և 2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից Սամանտա Ստոսուրի նկատմամբ, դուրս գալով Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի կարիերայում առաջին եզրափակիչ։ Եզրափակիչում նրա մրցակիցը Մարիա Շարապովան էր[11]։ Էրանին պարտություն է կրել եզրափակիչում[12], զիջելով երկու սեթում։ Այնուամենայնիվ, մրցաշարում նրա առաջընթացը թույլ է տվել մտնել վարկանիշային Թոփ 10-յակ և զբաղեցնել 10-րդ հորիզոնականը։

Զուգախաղի մրցաշարում նրա արդյունքներն առավել նշանակալից էին։ Մրցաշարի առաջին երեք շրջաններում համեմատաբար հեշտ հաղթանակներից հետո Սառա Էրանի-Ռոբերտա Վինչի զույգը քառորդ եզրափակիչում հաղթել է նաև 6-րդ դասակարգված Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգին։ Կիսաեզրափակիչում նրանք երկու սեթում հաղթել են 12-րդ դասակարգված Նուրիա Լագոստերա Վիվես-Մարիա Խոսե Մարտինես Սանչես զույգին։ Եզրափակիչում նրանք երեք սեթում առավելության են հասել 7-րդ դասակարգված Մարիա Կիրիլենկո-Նադյա Պետրովա զույգի նկատմամբ։ Դա Էրանիի առաջին տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարում։

Ի լրացումն նրա մենախաղի տիղոսների, Էրանին Ռոբերտա Վինչիի հետ զույգով ևս հինգ տիտղոս էր նվաճել զուգախաղի տարբեր մրցաշարերում, ներառյալ Մադրիդի Mutua Madrid Open և Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարերում։ Նրանք եզրափակիչ էին հասել նաև Մայամիի Sony Ericsson Open և Ավստրալիայի բաց առաջնություններում։

Ուիմբլդոնի մրցաշարում Էրանին երրորդ շրջանում պատվել է Յարոսլավա Շվեդովային, Բաց դարաշրջանի կանանց թենիսի պատմության մեջ առաջին անգամ նվաստացուցիչ պարտություն կրելով առաջին «Ոսկե սեթում» (սեթ, որում յուրաքանչյուր միավոր շահում է խաղացողներից մեկը)[13]։ Հուլիս ամսին Italiacom Open մրցաշարում Էրանին, չզիջելով ոչ մի սեթ, տարվա ընթացքում իր չորրորդ և կարիերայում վեցերորդը տիտղոսն է նվաճել մենախաղում։ Եզրափակիչում նա հաղթանակ է տարել 8-րդ դասակարգված Բարբորա Ստրիցովայի նկատմամբ[14]։ Այնուհետև Էրանին պարտվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի առաջին շրջանում, ինչպես նաև խառը զուգախաղի առաջին շրջանում (Անդրեաս Սեպիի հետ)[15]։ Այնուամենայնիվ, նա և Ռոբերտա Վինչին հասել են կանանց զուգախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մասնակցելով Rogers Cup մրցաշարին, Էրանին երրորդ շրջանում պարտվել է Նա Լիին։ Այնուհետև նույն երրորդ շրջանում նա Վենուս Ոիլյամսից պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարում։ Նյու Հեյվենի մրցաշարում Էրանին 4-րդ դասակարգվածն էր և հասել է մինչև կիսաեզրափակիչ, ճանապարհին հաղթանակ տանելով Մարիոն Բարտոլիի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պարտվել է Պետրա Կվիտովային։ ԱՄՆ բաց առաջնությունում Էրանին մեկնարկել է երեք սեթում Գարբինե Մուգուրուսայի նկատմամբ հաղթանակով, որից հետո հեշտ հաղթանակներ է տարել ռուսներ Վերա Դուշևինայի և Օլգա Պուչկովայի նկատմամբ։ Այս երկու շրջաններում նա մրցակցուհիներին զիջել էր ընդամենը երեք գեյմ։ Չորրորդ շրջանում նա հաղթել է 6-րդ դասակարգված Անժելիկա Քերբերին։ Քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է թողել զուգախաղի իր խաղընկերուհի Ռոբերտա Վինչիին և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է մրցաշարի ապանգա հաղթող Սերենա Ուիլյամսին[16]։ Այդ արդյունքով նա հանդիսանում է առաջին իտալուհին Բաց դարաշրջանում, ով կիսաեզրափակիչ է հասել ԱՄՆ բաց առաջնությունում և իտալացի առաջին կին թենիսիստուհին, ով երկու հիմնական մրցաշարերում երբևիցե հասել է կիսաեզրափակիչ։

ԱՄՆ բաց առաջնությունում Էրանին կրկին համագործակցել է Ռոբերտա Վինչիի հետ։ Նրանք դասակարգված էին 2-րդ համարի տակ։ Առաջին երկու շրջաններում հեշտությամբ առավելության հասնելով մրցակցուհիների նկատմամբ, նրանք երրորդ շրջանում երեք սեթում հաղթել են 13-րդ դասակարգված Բեթանի Մատեկ Սանդս-Սանիա Միրզա զույգի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նրանք պայքարից դուրս են թողել 11-րդ դասակարգված Յուլիա Գյորգես-Կվետա Պեշկե զույգին։ Կիսաեզրափակիչում մրցաշարի 8-րդ զույգ Նուրիա Լագոստերա Վիվես-Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին հաղթելուց հետո նրանք դուրս են եկել եզրափակիչ՝ մրցաշրջանի ընթացքում Մեծ Սաղավարտի երրորդ մրցաշարում։ Եզրափակիչ խաղում նրանք առավելության են հասել 3-րդ դասակարգված Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգի նկատմամբ, մրցաշրջանի ընթացքում նվաճելով համատեղ ութերորդ և Մեծ Սաղավարտի մրցաշարերում երկրորդ տիտղոսը։ Դա Էրանիի կարիերայում նաև երկրորդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Մրցաշրջանում այդ արդյունքների շնորհիվ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին Սառա Էրանին հասել է զուգախաղի վարկանիշի առաջին հորիզոնականին, դառնալով զուգախաղի վարկանիշի թիվ 1 ռակետ[17]։

Տարվա վերջին Էրանին կարիերայում առաջին անգամ մասնակցություն է ունեցել WTA Ամփոփիչ մրցաշարին,ընդ որում հանդես գալով և մենախաղում, և զուգախաղում։ Մենախաղի մրցաշարում նա խմբային փուլում երկու սեթում պարտվել է Մարիա Շարպովային, հաղթանակ տարել Սամանտա Ստոսուրի նկատմամբ, 3 ժամ 29 րոպե տևողությամբ մրցախաղում (երեք սեթից բաղկացած ամենաերկար խաղը WTA Ամփոփիչ մրցաշարի պատմության մեջ) պարտվել է Ագնեշկա Ռադվանսկային և դուրս մնացել մրցաշարից[18]։ Զուգախաղի մրցաշարում Էրանին և Վինչին կիսաեզրափակիչում պարտվել են Մարիա Կիրիլենկոյին և Նադյա Պետրովային։ Էրանին իր բեկումնային տարին ավարտել է որպես մենախաղի վարկանիշի թիվ 6 և զուգախաղի վարկանիշի թիվ 2 ռակետ։

2013 թվական. Հաջողության շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մրցաշրջանը Էրանին սկսել է Բրիսբենի Premier մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթել է Օլգա Պուչկովային, սակայն հաջորդ շրջանում պարտվել է Դանիելա Հանտուխովային։ Սիդնեյի մրցաշարում Էրանին քառորդ եզրափակիչի ճանապարհին հաղթել է 14-րդ դասակարգված Մարիա Կիրիլենկոյին։ Այնուամենայնիվ, նա պարտվել է 15-րդ դասակարգված Դոմինիկա Ցիբուլկովային։ Նա 7-րդ դասակարգվածն էր Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա քառորդ եզրափակիչ էր հասել 2012 թվականին, սակայն առաջին իսկ շրջանում պարտություն է կրել Կարլա Սուարես Նավարոյից։ Զուգախաղի մրցաշարում նա Ռոբերտա Վինչիի հետ համագործակցությամբ նվաճել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր և համատեղ երրորդ տիտղոսը, եզրափակիչում հաղթանակ տանելով ավստրալիցիներ Էշլի Բարտի և Քեյսի Դելակուայի նկատմամբ։

Փարիզի Open GDF Suez մրցաշարում Էրանին հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Մոնա Բարտելին[19]։ Դոհայի Qatar Ladies Open մրցաշարում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, սակայն երկու սեթում պարտվել է Վիկտորիա Ազարենկային։ Այնուամենայնիվ, նա նվաճել է տարվա թնթացքում երրորդ տիտղոսը, կրկին Վինչիի հետ, Նադյա Պետրովային և Կատարինա Սրեբոտնիկին հաղթելով եզրափակիչում։ Մեկ շաբաթ անց նա դուրս է եկել Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ, երեք սեթում հաղթանակ տանելով Նադյա Պետրովայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա հաղթել է իր խաղընկերուհի Ռոբերտա Վինչիին, հասնելով տարվա ընթացքում մենախաղի երկրորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Պետրա Կվիտովային։ Abierto Mexicano Telcel մրցաշարում Էրանին բարելավել է այդ ցուցանիշը՝ կրկին դուրս գալով եզրափակիչ (երկրորդ անընդմեջ), այս անգամ երկու սեթում հաղթանակ տանելով Կարլա Սուարես Նավարոյի նկատմամբ և նվաճելով մենախաղի կարիերայում իր 7-րդ տիտղոսը։

Հաջորդ մրցաշարը Ինդիան Ուելսում էր, որտեղ նա 6-րդ դասակարգվածն էր և դուրս է եկել քառորդ եզրափակիչ և մրցաշարի ապագա հաղթող Մարիա Շարապովային պարտվել երկու սեթում։ Հաջորդ շաբաթ նա մասնակցել է Մայամիի մրցաշարին, որտեղ 8-րդ դասակարգվածն էր։ Առաջին շրջանում ազատ լինելուց հետո նա հեշտությամբ հաղթել է Դոմինիկա Հանտուխովային և Սիմոնա Հալեպին։ Չորրորդ շրջանում նա հաղթել է Անա Իվանովիչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, երկրորդ անընդմեջ Premier Mandatory մրցաշարում ընդդեմ Մարիա Շարապովայի։ Չորրորդ անգամ անընդմեջ նա պարտվել է Շարապովային, զիջելով նրան երկու սեթում։

Մայիսի առաջին շաբաթվա ընթացքում նա մասնակցել է Mutua Madrid Open մրցաշարին, որտեղ հաղթելով Ուրսուլա Ռադվանսկային, Սորանա Կիսրտեային, Վարվարա Լեպչենկոյին և Եկատերինա Մակարովային, դուրս է եկել կիսաեզրափակիչ, առաջին եզրափակիչը Premier Mandatory մրցաշարում։ Եզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Այնուհետև Էրանին կիսաեզրափակիչ է հասել Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարում, որտեղ պարտվել է Վիկտորիա Ազարենկային։

Որպես 5-րդ դասակարգված նա խաղացել է Ֆրանսիայի բաց առաջնությունում, փորձելով պաշտպանել նախորդ տարվա եզրափակիչը։ Առաջին երեք շրջաններում նա հաղթել է Արանչա Ռուսին, Յուլիա Պուտինցևային և Սաբինա Լիսիցկիին, որպեսզի հասնի չորրորդ շրջան, որտեղ հաղթել է իսպանացի Կարլա Սուարես Նավարոյին։ Քառորդ եզրափակիչում նա պարտության է մատնել Ագնեշկա Ռադվանսկային, առաջին հաղթանակը տանելով գործող Թոփ 5 թենիսիստուհու նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։ Զուգախաղի մրցաշարում Էրանի-Վինչի զույգը հասել է Մեծ Սաղավարտի իրենց համատեղ 5-րդ եզրափակիչ, սակայն պարտության են մատնվել ռուսներ Եկատերինա Մակարովայի և Ելենա Վեսնինայի կողմից։

2013 թվական Ուիմբլդոնի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Մոնիկա Պուիգին, չնայած դասակարգված էր 5-րդ համարի տակ։ Էրանին եզրափակիչ է դուրս եկել Պալերմոյի մրցաշարում, որտեղ նա պարտվել է Ռոբերտա Վինչիին։ Այնուհետև նա մասնակցել է Rogers Cup մրցաշարին, որպես 5-րդ դասակարգված։ Էրանին հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել 3-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայից։ Ցինցինատիի մրցաշարում նա երրորդ շրջանում կրկին պարտվել է Ռոբերտա Վինչիին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում պարտվել է Ֆլավիա Պենետային։ Զուգախաղի մրցաշարում, որպեէ գործող չեմպիոններ, նրանք քառորդ եզրափակիչում պարտվել են Ուիլյամս քույրերին։

Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարում 3-րդ դասակարգված Էրանին երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է Սվետլանա Կուզնեցովային, իսկ Պեկինի China Open մրցաշարում նա հաղթել է Կիրստեն Ֆլիպկենսին և Միսակի Դոիին, որից հետո երեք սեթում պարտվել է Պետրա Կվիտովային։ Էրանին երկրորդ անգամ անընդմեջ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին։ Այնտեղ նա երկու սեթում պարտվել է Վիկտորիա Ազարենկային, առաջին սեթում 5-2 և 6-5 հաշիվներով առավելություն ունենալուց և սրնքամկանի վնասվածք ստանալուց հետո։ Այնուհետև նա պարտվել է Նա Լիին։ Խմբային փուլի վերջին խաղում նա հաղթել է աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ելենա Յանկովիչին, երկու սեթում, սակայն կրկին դուրս է մնացել հետագա պայքարից։

2014 թվական. Թոփ 10-ից դուրս, Կարիերային Մեծ Սաղավարտ զուգախաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրանին 2014 թվականի մրցաշրջանը սկսել է Shenzhen Open մրցաշարում, որտեղ երկրորդ շրջանում պարտություն է կրել ամերիկուհի Վանիա Քինգից։ Այնուհետև նա ուղևորվել է Ավստրալիա, մրցակցելու Sydney International մրցաշարում, որտեղ հասել է մինչև մենախաղի քառորդ եզրափակիչ և զուգախաղի եզրափակիչ, որտեղ Ռոբերտա Վինչիի հետ միասին պարտվել են Թիմեա Բաբոշին և Լյուսիա Շաֆարժովային։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա պարտություն է կրել գերմանացի Յուլիա Գյորգեսից։ իսկ զուգախաղի մրցաշարը լրիվ այլ ընթացք է ունեցել, քանի որ Վինչիի հետ միասին նրանք պաշտպանել են իրենց տիտղոսը, եզրափակիչում երեք սեթում հաղթանակ տանելով Ավստրալիայի բաց առաջնությունում առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած Եկատերինա Մակարովա-Ելենա Վեսնինա զույգի նկատմամբ, նվաճելով Մեծ Սաղավարտի չորրորդ տիտղոսը[20]։

Հաջորդ շաբաթ նրան հաջողվել է պաշտպանել Փարիզի Open GDF Suez մրցաշարի եզրափակիչը, հաղթելով Ալիզե Կորնեին և երեք սեթում պարտվելով Անաստասիա Պավլյուչենկովային, առաջին սեթում հաղթանակ տանելով և երկրորդ և երրորդ սեթերում մրցակցի մատուցումը շահելուց հետո։ Դոհայի մրցաշարում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, հեշտությամբ զիջելով ապագա հաղթող Սիմոնա Հալեպին։ Մեկ շաբաթ անց նա Դուբայի մրցաշարի երկրորդ շրջանում կարիերայում առաջին անգամ պարտվել է Սորանա Կիրստեային, նախորդ բոլոր հինգ հանդիպումներում նրան հաղթելուց հետո։

Մարտին նրա հաջորդ մրցաշարթ եղել են Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերը, որոնցում նա պարտվել է երրորդ շրջաններում, Էժենի Բուշարին և Եկատերինա Մակարովային։ Մայամիի մրցաշարում ռուս թենիսիստուհուն պատրվելուց հետո Էրանին լքել է Թոփ 10-ը, 2012 թվականի հունիսից անընդմեջ 94 շաբաթվանից հետո, թույլ տալով Դոմինիկա Ցիբուլկովային կարիերայում առաջին անգամ տեղ զբաղեցնել Թոփ 10-ում։

Ապրիլին Էրանին մասնակցել է Չառլստոնի մրցաշարին և հասել մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է երիտասարդ շվեյցարուհի Բելինդա Բենչիչին, կորցնելով հնարավորությունը կրկին տեղ զբաղեցնելու Թոփ 10-ում։ Այնուհետև նա հաջող ելույթներ է ունեցել Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում, որտեղ Կլարա Կոուկալովայի, Կայա Կանեպիի և Կարլա Սուարես Նավարոյի նկատմամբ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում հերթական անգամ պարտվել է Մարիա Շարապովային։ Զուգախաղում նա նվաճել է մրցաշարի հաղթողի տիտղոսը, կրկին համագործակցելով հայրենակից և ընկերուհի Ռոբերտա Վինչիի հետ։ Եզրափակիչում նրանք առավելության են հասել Կառա Բլեյքի և Սանիա Միրզայի նկատմամբ։ Նրա հաջորդ մրցաշարը եղել է Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարում, որտեղ նա հաղթել է նախկին Թոփ 10 թենիսիստուհիներ Անդրեա Պետկովիչին և Ֆրանչեսկա Սկիավոնեին, որից հետո նա երրորդ շրջանում պարտվել է Կարոլին Գարսիային։ Մրցաշրջանի ընթացքում զուգախաղի իր երրորդ տիտղոսը նա նվաճել է Մադրիդում, իսպանական Գարբինե Մուգուրուսա-Կարլա Սուարես Նավարո զույգին հաղթելով եզրափակիչում։ Մեկ շաբաթ անց նա մասնակցել է Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարում, որտեղ հաղթանակներ է տարել Շանել Շեպերսի, Եկատերինա Մակարովայի, Պետրա Ցետկովսկայի նկատմամբ, որից հետո կարիերայում առաջին անգամ երեք սեթում հաղթանակ է տարել աշխարհի թիվ 2 ռակետ Նա Լիի նկատմամբ, չին թենիսիտուհուն նախորդ վեց հանդիպումներում պարտվելուց հետո։ Դա Էրանիի կարիերայում առաջին հաղթանակն էր Թոփ 3 թենիսիստուհու նկատմամբ։ Կիսաեզրափակիչում երկու սեթում հաղթելով աշխարհի 8-րդ և նախկին 1-ին ռակետ Ելենա Յանկովիչին նա դուրս է եկել եզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն է կրել Սերենա Ուիլյամսից, ազդրի վնասվածք ստանալուց հետո։ Վնասվածքը նրան ստիպել է դուրս գալ զուգախաղի եզրափակիչ խաղից, Կատարինա Սրեբոտնիկին և Կվետա Պեշկեին չորս գեյմ պարտվելուց հետո։

Որպես 10-րդ դասակարգված Էրանին մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը։ Նա երեք սեթում հաղթել է Մեդիոն Կիսին, երկու սեթում Դինա Պֆիզենմայերին և Յուլիա Գլուշկոյին։ Չորրորդ շրջանում նա պայքարից դուրս է թողել 7-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին, երրորդ անգամ անընդմեջ հասնելով մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա անսպասելիորեն պարտվել է գերմանացի Անդրեա Պետկովիչին, զիջելով երկու սեթում։ Զուգախաղում Էրանի-Վինչի զույգը երրորդ անգամ անընդմեջ հասել է մրցաշարի եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել են Սե Շուվեյ-Պեն Շուայ զույգին։

Ուիմբլդոնի մենախաղի մրցաշարի առաջին շրջանում ֆրանսիացի Կարոլին Գարսիային պարտվելուց հետո Էրանին կենտրոնացել է զուգախաղի մրցաշարի վրա։ Եզրափակիչում 14-րդ դասակարգված Թիմեա Բաբոշ-Կրիստինա Մլադենովիչ զույգի նկատմամբ 6-1, 6-3 հաշվով 56 րոպեում հաղթանակ տանելուց հետո նրանք տիրել են Կարիերային Մեծ Սաղավարտին[5]։ Մինչ եզրափակիչ հասնելը Էրանին և Վինչին 1-ին հորիզոնականն են զբաղեցրել զուգախաղի համաշխարհային վարկանիշում, քանի որ փետրվարին վարկանիշից հրաժարվել էր չինացի Պեն Շուայը։

Էրանին մասնակցել է Բադ Գաշտայնի Gastein Ladies մրցաշարին, որտեղ նա 2-րդ դասկարգվածն էր և հասել է մինչև կիսաեզրափակիչ, անսպասելիորեն պարտություն կրելով ամերիկուհի Շելբի Ռոջերսից։ Նա վաղ շրջաններում պարտություն է կրել Մոնրեալի Rogers Cup և Western & Southern Open մրցաշարերում, երկուսում էլ պարտվելով Սաբինա Լիսիցկիին։ Connecticut Open մրցաշարում նա երեք սեթում պարտվել է Գարբինե Մուգուրուսային։ Էրանիի հաջորդ մրցաշարը ԱՄՆ բաց առաջնությունն էր, որտեղ նա 14-րդ դասակարգվածն էր։ Առաջին երկու շրջաններում նա երկու սեթում հաղթել է Կիրստեն Ֆլիպկենսին և Անաստասիա Ռոդիոնովային։ Երրորդ շրջանում նա առաջին անգամ հաղթանակ է տարել աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Վենուս Ուիլյամսի նկատմամբ, առավելության հասնելով 6-0 0-6 7-6 զարմանալի հաշվով։ Չորրորդ շրջանում նա երեք սեթում հաղթել է Միրյանա Լուչիչ Բարոնիի նկատմամբ, 6-րդ անգամ հասնելով Մեծ Սաղավարտի քառորդ եզրափակիչ, որտեղ բավականին հեշտությամբ պարտվել է Կարոլին Վոզնյացկիին։

Տոկիոյի Toray Pan Pacific Open մրցաշարի առաջին շրջանում Էրանին պարտվել է որակավորված Մարինա Էրակովիչին։ Տարվա վերջին Էրանի-Վինչի զույգը իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ հենց առաջին խաղում, քառորդ եզրափակիչում, առաջին սեթում 2-1 հաշվի ժամանակ նրանք հրաժարվել են շարունակել մրցաշարը։ Երկրորդ տարին անընդմեջ Էրանին տարին եզրափակել է զուգախաղի վարկանիշի առաջին հորիզոնականում, իսկ մենախաղում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

2015 թվական. Ամրապնդում Թոփ 20-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրանին մրցաշրջանի սկզբում պարտություններ է կրել Օքլենդի և Սիդնեյի մրցաշարերում, առաջին շրջաններում զիջելով Դանիելա Հանտուխովային և Գարբինե Մուգուրուսային։

Ավստրալիայի բաց առաջնությունում նա հաղթանակ է տարել մեկնարկային երկու հանդիպումներում, հաղթելով Գրեյս Մինին և Սիլվիա Սոլեր Էսպինոսային։ Սակայն երրորդ շրջանում պարտվել է Յանինա Վիկմայերին։

Ֆրանսիայի հավաքականի հետ Ֆեդերացիայի գավաթի խաղում Էրանին հաղթանակ է տարել Կարոլին Գարսիայի հետ խաղում, սակայն պարտվել է Կրիստինա Մլադենովիչին։ Էրանին և Վինչին երկու սեթում պարտություն են կրել որոշիչ զուգախաղում, զիջելով Մլադենովիչ-Գարսիա զույգին։

Այնուհետև Էրանին տիտղոս է նվաճել Rio Open մրցաշարում, առաջին անգամ երկու տարվա ընթացքում, քառորդ եզրափակիչում երիտասարդ բրազիլուհի Բեաթրիս Հադադ Մայաի հետ խաղում երեք մաթչ-փոինթ ունենալուց և եզրափակիչում սլովակ Աննա Շմիդլովային երկու սեթում հաղթելուց հետո։ Հաջորդ շաբաթ նա մրցակցում էր Ակապուլկոյի մրցաշարում և երկրորդ շրջանում պարտվել է Մոնիկա Պուիգին։ Այնուհետև նա հասել է մինչև Մոնտերեյի մրցաշարի կիսաեզրափակիչ, Լորեն Դևիսի, Թիմեա Բաբոշի և առաջին անգամ Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ հաղթանակնեցից հետո։ Կիսաեզրափակիչում նա համառ պայքարում երեք սեթում պարտվել է Թիմեա Բաչինսկիին։

Մարտին Էրանին խաղացել է Ինդիան Ուելսի և Մայամիի մրցաշարերում, երկու մրցաշարում էլ պարտվելով Սաբինա Լիսիցկիին, երրորդ և չորրորդ շրջաններում։ Միևնույն ժամանակ նա դադարեցրել է համագործակցությունը Ռոբերտա Վինչիի հետ, նախընտրելով կենտրոնանալ մենախաղի կարիերայի վրա։

Ապրիլին նա 4-րդ դասակարգվածն էր Family Circle Cup մրցաշարում։ Հաղթանակներ տանելով Յանա Չեպելովայի և Սառա Սորիբես Տորնոյի նկատմամբ, նա դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Լյուսիա Հրադեցկայից։ մեկ շաբաթ անց նա մասնակցում էր Ֆեդերացիայի գավաթի Համաշխարհային խմբի փլեյ-օֆֆին, որտեղ հաղթանակ է տարել Լորեն Դևիսի նկատմամբ և պարտություն է կրել աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսից՝ 6-4, 6-7 (3), 3-6։ Այնուհետև նա խաղացել է Շտուտգարտի մրցաշարում, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, պարտվելով Սիմոնա Հալեպին, աշխարհի 9-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկային և Զարինա Դիյասին հաղթելուց հետո։

Մայիսին Էրանին անհաջող ելույթներ է ունեցել Մադրիդի և Հռոմի մրցաշարերում, երկու դեպքում էլ զիջելով երկրորդ շրջանում՝ Անաստասիա Պավլյուչենկովային և Լորի ՄակՀեյլին։ Երկու շաբաթ անց նա մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը, որտեղ պարտության է մատնել Էլիսոն Ռիսկեին, Կարինա Վիթհոֆթին և աշխարհի 10-րդ ռակետ Անդրեա Պետկովիչին։ Էրանին այդ մրցաշարում չորրորդ անգամ անընդմեջ հասել է քառորդ եզրափակիչ, Յուլիա Գյորգեսին հաղթելով երկու սեթում։ Սակայն խառորդ եզրափակիչում երկու սեթում պարտվել է Սերենա Ուիլյամսին։

Այնուհետև Էրանին խաղացել է խոտածածկի մրցաշարերում, որի ընթացքում Իսթբորնի մրցաշարում պարտվել է երրորդ շրջանում, զիջելով Դարյա Գավրիլովային։ Ուիմբլդոնի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Ֆրանչեսկա Սկիավոնեին, իսկ երկրորդ շրջանում պարտվել է Ալեքսանդրա Կրունիչին։ Այնուհետև Էրանին եզրափակիչ է հասել Բուխարեստի մրցաշարում, սակայն պարտվել է Աննա Կարոլինա Շմիդլովային։

Ամերիկյան մայրցամաքի հարդի մրցաշարերին մասնակցելու ընթացքում Էրանին Տորոնտոյի մրցաշարի երրորդ շրջանում երկու սեթում հաղթել է Վիկտորիա Ազարենկային։ Նա հասել է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է մրցաշարի ապագա հաղթող Սիմոնա Հալեպին։ Ցինցինատիի մրցաշարում դուրս է մնացել առաջին շրջանում, պարտվելով Դարյա Գավրիլովային։ Նույն փուլում է ավարտվել ելույթները նաև Նյու Հեյվենի մրցաշարում, այս անգամ զիջելով Կրիստինա Մլադենովիչին։ ԱՄՆ բաց առաջնությունում Էրանին հասել է մինչև երրորդ շրջան, որտեղ պարտվել է 22-րդ դասակարգված Սամանտա Ստոսուրին։

Այնուհետև նա տեղափոխվել է ասիական մայրցամաք, որտեղ Գուանչժոուի մրցաշարումհասել է մինչև կիսաեզրափակիչ, պարտվելով Դենիսա Ալերտովային։ Պեկինի մրցաշարում նա հասել է քառորդ եզրափակիչ։ Առաջին շրջանում Էրանին հաղթանակ է տարել 2-րդ դասակարգված Պետրա Կվիտովայի նկատմամբ։ Երորորդ շրջանում նա հաղթել է Կարոլին Գարսիային, իսկ երրորդում՝ 13-րդ ռակետ Անդրեա Պետկովիչին։ Քառորդ եզրափակիչում նա պարտվել է Թիմեա Բաչինսկիին։ Տարեվերջին Էրանին մասնակցել է WTA Elite Trophy մրցաշարին, որտեղ խմբային փուլում պարտություններ է կրել Կարոլինա Պլիշկովայից և Ելենա Յանկովիչից, երկուսն էլ երկու սեթում, և դուրս է մնացել հետագա պայքարից։ Տարվա արդյունքներով Էրանին պահպանել է դիրքը Թոփ 20-ում, զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։

2016 թվական. WTA Premier տիտղոս և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրանին մրցաշրջանը սկսել է Բրիսբենի մրցաշարում, որտեղ առաջին շրջանում երկու սեթում պարտվել է Բելինդա Բենչիչին։ Այնուհետև նա մրցակցել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, Կարլա Սուարես Նավարոյի և Ելենա Յանկովիչի նկատմամբ հաղթանակներից հետո, սակայն պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։ Ավստրալիայի բաց առաջնությունում Էրանին առաջին շրջանում պարտվել է Մարգարիտա Գասպարյանին։

Ֆեդերացիայի գավաթի շրջանակներում Էրանին մենախաղում պարտվել է ֆրանսիացիներ Կարոլին Գարսիային և Կրիստինա Մլադենովիչին։ Նույն թենսիսիտուհիներից կազմված զույգին նա զիջել է նաև Մարտինա Կարեգարոյի հետ։ Դուբայի Dubai Tennis մրցաշարում Էրանին հաղթել է Չժեն Սայսային, Յարոսլավա Շվեդովային, Մեդիսոն Բրենգլին, Էլինա Սվիտոլինային և դուրս է եկել եզրափակիչ։ Եզրափակիչում նա հաղթանակ է տարել Բարբորա Ստրիցովայի նկատմամբ և նվաճել կարիերայում մենախաղի ամենանշանակալից WTA տիտղոսը։

Սակայն այդ տհաջողությունը շարունակություն չի ունեցել և Էրանին երկրորդ շրջաններում դուրս է մնացել հաջորդ չորս մրցաշարերում, Դոհայում պարտվելով Թիմեա Բաբոշին, Մոնտերեյում՝ Անետ Կոնտավեյտին, Ինդիան Ուելսում՝ Լեսյա Ցուրենկոյին, իսկ Մայամիում՝ Նաոմի Օսակային։ Որաշակի հաջողություն է ունեցել Չարլստոնի մրցաշարում, որտեղ հասել է մինչև կիսաեզրափակիչ, երեք սեթում պարտվելով Ելենա Վեսնինային։ Մադրիդի, Հռոմի և Ստրասբուրգի մրցաշարերն ավարտվել են առաջին շրջանում։ Առաջին շրջանում է ավարտվել նաև Ֆրանսիայի բաց առաջնությունը, որտեղ նա պարտվել է Ցվետանա Պիրոնկովային։

Ուիմբլդոնի մրցաշարում նա հասել է երկրորդ շրջան, որտեղ պարտվել է Ալիզե Կորնեին։ Բուխարեստի և Բաստադի մրցաշարերում Էրանին հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Անաստասիա Սևաստովային և Կատերինա Սինիակովային։

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Էրանին առաջին շրջանում հաղթել է Կիկի Բերթենսին։ Երկրորդ շրջանում նա առավելության է հասել Բարբորա Ստրիցովայի նկատմամբ, սակայն երրորդ շրջանում պարտվել է ռուս Դարյա Կասատկինային։

ԱՄՆ բաց առաջնությունում նա պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում, հարտվելով Շելբի Ռոջերսին։

Մրցաշրջանում Էրանին վերսկսել է ելույթները զուգախաղի մրցաշարերում, համագործակցելով տարբեր թենիսիստուհիների հետ։ Սակայն առանձնակի հաջողություններ չեն եղել։ Մեծ Սաղավարտի երեք մրցաշարերում (Ավստրալիա, Ֆրանսիա և Ուիմբլդոն) նրանք դուրս են մնացել առաջին իսկ շրջանում։ Միակ նշանակալից արդյունքը եղել է Դոհայի մրցաշարում, որտեղ նա համագործակցել է Կարլա Սուարես Նավարոյի հետ և հասել են մինչև եզրափակիչ։ Երկու կիսաեզրափակիչ է գրանցվել Դուբայի և Ինդիան Ուելսի մրցաշարերում։ Քառորդ եզրափակիչ փուլում է ավարտվել մրցելույթը Օլիմպիական խաղերում, որին մասնակցելու համար նա միավորվել էր Ռոբերտա Վինչիի հետ և պարտություն են կրել Լյուսիա Շաֆարժովա-Բարբորա Ստրիցովա զույգից։

Վարկանիշ տարվա վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մենախաղի
վարկանիշ
Զուգախաղի
վարկանիշ
2015 20 42
2014 15 1
2013 7 1
2012 6 2
2011 45 27
2010 43 32
2009 47 73
2008 42 103
2007 70 159
2006 171 197
2005 359 203
2004 521 556
2003 569 524
2002 742 836

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 (1 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2012 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Ռուսաստան Մարիա Շարապովա 3–6, 2–6

Զուգախաղ 8 (5 տիտղոս, 3 պարտություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 012 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Իտալիա Ռոբերտա Վինչի Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա
Ռուսաստան Վերա Զվոնարյովա
7–5, 4–6, 3–6
Հաղթանակ 2012 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իտալիա Ռոբերտա Վինչի Ռուսաստան Մարիա Կիրիլենկո
Ռուսաստան Նադյա Պետրովա
4–6, 6–4, 6–2
Հաղթանակ 2012 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ Իտալիա Ռոբերտա Վինչի Չեխիա Անդրեա Հլավաչկովա
Չեխիա Լյուսիա Հրադեցկա
6–4, 6–2
Հաղթանակ 2013 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Իտալիա Ռոբերտա Վինչի Ավստրալիա Էշլի Բարտի
Ավստրալիա Քեյսի Դելակուա
6–2, 3–6, 6–2
Պարտություն 2013 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իտալիա Ռոբերտա Վինչի Ռուսաստան Եկատերինա Մակարովա
Ռուսաստան Ելենա Վեսնինա
5–7, 2–6
Հաղթանակ 2014 Ավստրալիայի բաց առաջնություն (2) Հարդ Իտալիա Ռոբերտա Վինչի Ռուսաստան Եկատերինա Մակարովա
Ռուսաստան Ելենա Վեսնինա
6–4, 3–6, 7–5
Պարտություն 2014 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իտալիա Ռոբերտա Վինչի {{{2}}} Սե Շուվեյ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեն Շուայ
4–6, 1–6
Հաղթանակ 2014 Ուիմբլդոն Խոտածածկ Իտալիա Ռոբերտա Վինչի Հունգարիա Թիմեա Բաբոշ
Ֆրանսիա Կրիստինա Մլադենովիչ
6–1, 6–3

Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Հ–Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ ՉՈ 1 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 10–9
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՈ 1 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան Ե 1/2 1/4 1/4 1 շրջան 20–9
Ուիմբլդոն ՉՈ ՉՄ 1 շրջան 2 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 8–9
ԱՄՆ բաց առաջնություն ՉՈ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 1 շրջան 1/2 2 շրջան 1/4 3 շրջան 1 շրջան 18–10
Հ–Պ 0–0 1–1 1–4 5–4 6–4 2–4 17–4 6–4 8–4 9–4 1–4 56–37
Վարկանիշ տարվա վերջին[21] 171 70 42 47 43 45 6 7 15 20

Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ-Պ
Ավստրալիայի բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան Ե Հ Հ 3 շրջան 1 շրջան 2 / 9 17–6
Ֆրանսիայի բաց առաջնություն 2 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան Հ Ե Ե ՉՄ 2 շրջան 1 / 8 21–7
Ուիմբլդոն 2 շրջան 2 շրջան 3 շրջան 3 շրջան 1/4 3 շրջան Հ ՉՄ 1 շրջան 1 / 8 17–7
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 Հ 1/4 2 շրջան 1/2 ՉՄ 1 / 8 17–7
Հ–Պ 2–4 2–4 3–4 7–4 20–2 16–3 18–2 6–2 0–3 5 / 33 72–27

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Player Profile // WTA կայքէջ
  2. Nguyen Courtney (7 June 2012)։ «Sara Errani makes improbable run into French Open final»։ Sports Illustrated։ Վերցված է 8 June 2012 
  3. «Quarterfinal Previews and Picks: Day 10»։ tennis.com։ 4 June 2012։ Վերցված է 8 June 2012 
  4. «Sara Errani»։ Վերցված է 2012-06-09 
  5. 5,0 5,1 «Errani & Vinci Complete Grand Slam Set»։ Վերցված է 2014-07-05 
  6. «Sara Errani paid Wilson $30k to get out of her contract. Picks up a longer Babolat, has a stunning career year.»։ inagist.com։ Վերցված է 7 June 2012 
  7. «Excalibur, il segreto della Errani» (italian)։ ubitennis.com։ Վերցված է 7 June 2012 
  8. «Magica Errani, Budapest è sua» (italian)։ ilsole24ore.com։ Վերցված է 5 May 2012 
  9. «Errani defeats Kuznetsova in French Open»։ 3 June 2012 
  10. «Errani beats Kerber to reach 1st Grand Slam semifinal»։ 5 June 2012 
  11. «Sara Errani»։ Վերցված է 2012-06-07 
  12. «Sara Errani»։ Վերցված է 2012-06-09 
  13. «Wimbledon 2012: Yaroslava Shvedova claims 'golden set' as Sara Errani makes unwanted history»։ The Telegraph։ 30 Jun 2012։ Վերցված է 2012-07-01 
  14. «Errani downs Zahlavova Strycova for win at Palermo»։ 15 July 2012 
  15. «Sara Errani Bio, Stats, and Results»։ Olympics at Sports-Reference.com։ Վերցված է 2016-08-20 
  16. «Serena Williams routs Sara Errani to reach US Open final»։ Sep 8, 2012 
  17. «Errani, Vinci capture US Open women's doubles crown»։ Վերցված է Sep 10, 2012 
  18. «Radwanska Survives, Moves Into Semifinals»։ Վերցված է Oct 26, 2012 
  19. «2013 Results»։ CBSSports.com։ Վերցված է 6 February 2013 
  20. «Italians Errani and Vinci retain Australian Open title»։ GMA News։ Վերցված է 24 January 2014 
  21. «Sara Errani – Stats»։ wtatennis.com։ Վերցված է 7 June 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]