Ակապուլկո
| քաղաք, մեծ քաղաք, նավահանգստային քաղաք, seaside resort? և locality of Mexico? | |||
|---|---|---|---|
| Ակապուլկո | |||
| իսպ.՝ Acapulco de Juárez | |||
| |||
| 16°51′46.3302″N 99°53′13.2313″W / 16.862869500°N 99.887008694°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Acapulco de Juárez Municipality? | ||
| Հիմնադրված է | 1520 թ. | ||
| Մակերես | 1880,6 կմ² | ||
| ԲԾՄ | 30 մետր, 18 մետր | ||
| Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||
| Բնակչություն | ▼658 609 մարդ (մարտի 15, 2020) | ||
| Հեռախոսային կոդ | 744 | ||
| Փոստային դասիչ | 39300–39937 | ||
| Պաշտոնական կայք | acapulco.gob.mx | ||
|
| |||
Ակապուլկո (իսպ.՝ Acapulco de Juarez), նավահանգստային քաղաք և զբոսաշրջային կենտրոն Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին` Գեռերո նահանգում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մեխիկոյից 300 կմ հարավ-արևմուտք։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 673.479 մարդ։ Քաղաքի անունը ացտեկների լեզվից թարգմանվում է ácatl - եղեգ, poloa - ոչնչացնել, co - տեղ, այսինքն` եղեգը ոչնչացնելու տեղ[1]։ Կանկունի հետ Ակապուլկոն համարվում է երկրի ամենահին և ամենահայտնի ծովափնյա քաղաքներից մեկը։ 1950-ական թվականներին եղել է հոլիվուդյան դերասանների և միլիոնատերերի հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը։ Ներկայումս մեքիկացիների շրջանում մեծ հեղինակություն ունեցող հանգստավայրերից է, որը հայտնի է իր գիշերային կյանքով։ Հիանալի ձև ունեցող ծովախորշի շնորհիվ այն շատ հարմար է նավերի կայանման համար։ Ակապուլկոն կարևոր նավահանգիստ է գաղութային Մեքսիկայի պատմության մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ եվրոպացիները Ակապուլկոյի շրջանում են հիմնավորվել 1531 թվականին։ Ֆիլիպինների հետ առևտրի շնորհիվ` 15-րդ դարի կեսերին Ակապուլկոն դարձել է Նոր Իսպանիայի` կարևորությամբ երկրորդ քաղաքը Վերակրուսից հետո։ 1573 թվականին Ակապուլկոն ստացել է Մանիլայի հետ առևտրի մենաշնորհ։ Անգլիական և հոլանդական ծովահեններից պաշտպանվելու համար կառուցվել է Սան-Դիեգո ամրոցը, ինչը, սակայն, չի խանգարել հոլանդացիներին 1615 թվականին թալանելու քաղաքը։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակապուլկոն Մեքսիկայի ամենահին և հանրաճանաչ նավահանգստային քաղաքներից է[2]։ Այն ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների է գրավում իր ձյունաճերմակ ափերով, բարենպաստ եղանակով, գիշերային կյանքով և հեքիաթային գեղեցկությամբ ծովախորշով (այն աշխարհի ամենագեղեցիկ չորս ծովածոցերից մեկն է)։ Որպես առողջարան` Ակապուլկոն մեծ համբավ է ձեռք բերել 1950-ական թվականներին` դառնալով ամերիկացի մեծահարուստների և հոլիվուդյան աստղերի սիրած հանգստավայրը։ Ներկայումս, երբ հանգստացողների այդ ալիքը նվազել է, Ակապուլկոն հանրամատչելի հանգստավայր է դարձել, որի նախկին փառքի մասին հիշեցնում են նշանավոր մարդկանց ձեռքերի հետքերը` թողնված այսպես կոչված «Փառքի պատին»։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակապուլկոյի կլիման ամբողջ տարվա կտրվածքով համաչափ է. միջին ջերմաստիճանը 26-28°С է, բացարձակ նվազագույն ջերմաստիճանը +11 °C է, առավելագույնը` +41 °C: Նոյեմբեր-մայիս ամիսներին տեղումներ գրեթե չեն լինում։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայր տաճար` մոդեռն ոճով
- Պապագայո ազգային պարկ
- Խաղաղության մատուռ
- Հնագիտության թանգարան
- Սան-Դիեգո ամրոց
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջությունը քաղաքի տնտեսության առանցքային ճյուղն է։ Բնակչության 73 %-ը զբաղված է զբոսաշրջության հետ կապված առևտրով, 20 %-ը` հանածոների արդյունաբերությամբ և մշակմամբ, 5 %-ը` գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերությունն ուղղված է կաթնամթերքի, ցեմենտի և էներգետիկայի արտադրությանը։ Ակապուլկոյում հիմնականում մշակում են լոլիկ, եգիպտացորեն, ոլոռ, կանաչ չիլի պղպեղ, նաև ձմերուկ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան շատ ավիաընկերություններ Ակապուլկո են թռչում ողջ տարին։ Քաղաքն ունի ավտոբուսային և տաքսու զարգացած համակարգ, սակայն տեղաբնակների մեծամասնությունը չի օգտվում հասարակական տրանսպորտից։
Տրանսպորտի ամենաէժան տեսակը ավտոբուսն է։ Զբոսաշրջիկների համար քաղաքային իշխանությունները թողարկել են դեղին ավտոբուսներ` «Ակապուլկո» մակագրությամբ։ Դրանք քաղաքի ամենագեղեցիկ և հարամարավետ ավտոբուսներն են, որոնք ընթանում են ափի երկայնքով։ Կան նաև ավտոբուսներ, որոնք ընթանում են հատուկ ուղղություններով, որոնք նշված են դիմապակուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ակապուլկո
- Ակապուլկոյի տեսարան
- Ակապուլկոյի ծովախորշը պատկերող իսպանական նկար, 1628
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակապուլկո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
