Մուրադ IV
Մուրադ IV օսման.՝ مراد رابع | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1612[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 8 (18), 1640 (27 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ և բանաստեղծ |
Ամուսին | Ayşe Haseki Sultan?, Faria Sultan? և Q30956536? |
Ծնողներ | հայր՝ Ահմեդ I, մայր՝ Քյոսեմ Սուլթան |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության սուլթան |
Երեխաներ | Քայա Սուլթան |
Ստորագրություն![]() | |
Murad IV Վիքիպահեստում |
Մուրադ IV (օսմ. مراد رابع — Murâd-ı râbi‘, թուրք.՝ Dördüncü Murat, հուլիսի 27, 1612[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 8 (18), 1640, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1623 - 1640 թթ.։ Ահմեդ I-ի որդին է։
Կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահզադե Մուրադը ծնվել է 1612 թվականի հուլիսի 26-ին կամ 27-ին և սութան Ահմեդ I-ի ենթադրաբար երրորդ որդին էր՝ ծնված նրա սիրելի հարճ Քյոսեմ սուլթանից: Մուրադը երկար ժամանակ գտնվում էր իր հարազատների հսկողության տակ: Նա գահ բարձրացավ 11 տարեկան հասակում: Գահակալման առաջին տարիներին, ըստ էության, մայրը՝ Քյոսեմ սուլթանն էր կառավարում երկիրը, որը, լինելով իշխող սուլթանի մայրը, կրում էր վալիդե սուլթան տիտղոսը և ուներ լայն լիազորություններ: Նա իշխեց հինգ տարի, մինչև 1632 թվականը, և այդ շրջանում Օսմանյան կայսրությունը հայտնվեց անիշխանության մեջ, որից օգտվելով, Սեֆյան Պարսկաստանի զորքերը ներխուժեցին Բաղդադի էյալեթ (գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում), միևնույն ժամանակ ապստամբություն բռնկվեց Հյուսիսային Անատոլիայում, իսկ 1631 թվականին ենիչերիները հարձակվեցին պալատի վրա և սպանեցին Մեծ Վեզիրին ու մի քանի պալատական ծառայողների: Մուրադ IV-ը, վախենալով իր եղբայր Օսման II-ի ճակատագրին արժանանալուց, որն իշխել էր շատ կարճ՝ ընդամենը 1618-1622 թվականներին, որոշում է ամրապնդել իր իշխանությունը: Նա մորը մեկուսացրեց իշխանական լծակներից և ամբողջ ղեկը վերցրեց իր ձեռքը: 1628 թվականին 16-ամյա Մուրադ IV-ը, Ալլահի օրենքները՝ շարիաթը ոտնահարելու համար մահապատժի է ենթարկում Եգիպտոսի նախկին նահանգապետ Կարա Մուսթաֆա փաշային, որը նաև իր փեսան էր՝ քույր Ֆաթիմա սուլթանի ամուսինը:
Բացարձակ իշխանությունը և կայսերական քաղաքականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրադ IV-ը նախ փորձում է վերացնել կոռուպցիոն երևույթները, որոնք ձևավորվել և արմատացել էին դեռևս նախորդ սուլթանների օրոք և անուշադրության էին մատնվել իր մոր՝ Քյոսեմ սուլթանի փաստացի կառավարման տարիներին՝ պաշտոնատար անձանց կողմից: Մուրադ IV-ը նաև արգելեց ոգելից խմիչքների, թութունի և սուրճի գործածությունը Ստամբուլում՝ օրենքը խախտողներին սպառնալով մահապատժով: Ինչպես հաղորդում են ժամանակակից աղբյուրները, նա գիշերային հսկողություն է սահմանում փողոցներում և առևտրական տաղավարներում: Գիշերային պահակները շրջում էին ոստիկանական համազգեստի վրայից քաղաքացիական զգեստներ հագած: Հանցագործություն կատարածներին բացահայտելով նրանք դեն էին նետում քողարկման համար հագած այդ հագուստը և բռնում նրանց ու տեղում գլխատում:
Պատերազմը Սեֆյան Պարսկաստանի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1635 թվականին Մուրադ IV-ն արշավեց Սեֆյան Պարսկաստանի վրա: Կարճ ժամանակում թուրքերը գրավեցին Թավրիզը, Երևանը, Նախիջևանը: Սակայն ռազմական այդ հաջողությունները թուրքերին դրեցին ծանր կացության մեջ, քանի որ դրա պատճառով նախօրոք դատարկվել էին այդ բնակավայրերն ու հարակից տարածքները, և թուրք զինվորները զրկվեցին ոչ միայն ավարառության, այլև ուտելիք հայթայթելու հնարավորությունից: Մուրադը նահանջեց, բայց 1638 թվականին սուլթանի գլխավորած բանակը կրկին գրավեց Բաղդադը, ինչը ստիպեց պարսից շահ Սեֆի I-ին 1639 թվականին Թուրքիայի հետ կնքել Ղասրե Շիրինի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը չորրորդ անգամ բաժանվեց երկու օտար պետությունների միջև:
Այդ պայմանագիրը վերջ դրեց Օսմանյան կայրսության և Սեֆյան Պարսկաստանի միջև երկարամյա հակամարտությանը, որը սկիզբ էր առել 1514 թվականին տեղի ունեցած Չալդրանի ճակատամարտով: Դա եղավ Մուրադ IV-ի ամենամեծ նվաճումներից մեկը: Դրանով, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջև վերականգնվեց դեռևս 1555 թվականին կնքված Ամասիայի հաշտության պայմանագրով հաստատված սահմանը: Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով գծված սահմանը անփոփոխ մնաց գրեթե մեկ դար:
1641 թվականի հունիսի 7-ին թուրքական բանակը մեծ վեզիր Քեմանքեշ Կարա Մուսթաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեց Ազով բերդաքաղաքը, որտեղ ամրացած կազակները շուտով՝ հաջորդ տարվա ամռանը, ստիպված եղան հեռանալ ամրոցից:
Մուրադ IV-ի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ընթացքում Օսմանյան դինաստիայի արական սեռի ներկայացուցիչներ էին միայն Մուրադ IV-ը և նրա եղբայր Իբրահիմը: Մահից առաջ Մուրադ IV-ը որոշում է Օսմանյան գահը հանձնել Ղրիմի խան Բահադիր I Գերային, քանի որ Իբրահիմը հոգեկան շեղումներ ուներ և չէր կարող պետություն ղեկավարել, իսկ Օսմանյաններն ու Գերայները խնամիական կապերով ազգակիցներ էին: Մուրադ IV-ը նույնիսկ հրամայում է սպանել իր եղբորը, որպեսզի հանկարծ գահը չանցնի նրա ձեռքը: Սակայն վերջին պահին մայրը՝ Քյոսեմ սուլթանը նրան փրկում է մահից: 1640 թվականի փետրվարի 8-ին Մուրադ IV-ը վախճանվեց, և այդպիսով, որպես գահի օրինական և միակ ժառանգ, թագավորում է Իբրահիմը: Բայց քանի որ նոր սուլթանը ի վիճակի չէր երկիրը կառավարել, իշխանությունն իրենց ձեռքը վերցրին Քյոսեմ սուլթանն ու Կարա Մուստաֆա փաշան:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Alderson, Anthony Dolphin The Structure of the Ottoman Dynasty. — Oxf.: Clarendon Press, 1956.
- Günhan Börekçi Encyclopedia of the Ottoman Empire / Gabor Agoston, Bruce Alan Masters. — New York: en:Infobase Publishing, 2009. — P. 409. — 689 p. — ISBN 1438110251, 9781438110257
- Encyclopaedia of Islam / Bosworth C.E. — Brill Archive, 1986. — Vol. V (Khe-Mahi). — 1333 p. — ISBN 9004078193, 9789004078192
- Ebru Boyar, Kate Fleet A Social History of Ottoman Istanbul. — New York: Cambridge University Press, 2010. — P. 42. — ISBN 1139484443, 9781139484442
- Evliya Efendi The travels of Evliya Efendi / Ritter Joseph von Hammer. — London, 1846. — (Narrative of travels in Europe, Asia, and Afrika, the seventeenth century).
- Colin Imber The Ottoman Empire, 1300-1650: The Structure of Power. — New York: en:Palgrave Macmillan, 2009. — P. 66—68, 97—99. — 448 p. — ISBN 1137014067, 9781137014061
- Mandel, Gabriele Storia dell'harem. — Rusconi, 1992. — 246 p. — ISBN 8818880322, 9788818880328
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Sakaoğlu, Necdet Bu mülkün kadın sultanları. — Oğlak Yayıncılık, 2008. — 574 p.
- Süreyya Mehmed Bey Sicill-i Osmani / ed. Nuri Akbayar. — Istanbul: Tarih Vakfi Yurt Yayınlar, 1996. — Т. 1. — ISBN 975-333-049-5, 975-333-038-3
- Uluçay, M. Çağatay Padişahların kadınları ve kızları. — Türk Tarih Kurumu, 1985. — 220 p.
- Yılmazer, Ziya Murad IV // Islam Ansiklopedisi. — İslâm Araştırmaları Merkezi, 2006. — Vol. 31. — P. 177—183.
|
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1612 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1640 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Օսմանյան կայսրության սուլթաններ
- Օսմանյան արքայատոհմ
- 17-րդ դարի օսմանյան սուլթաններ
- Ստամբուլում ծնված անձինք
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Երկու սուրբ մզկիթների պահապան
- Թուրք բանաստեղծներ
- Թուրք-պարսկական պատերազմների օսմանյան մասնակիցներ
- Լյարդի ցիռոզից մահացածներ
- Հույն մայրերից ծնված օսմանյան սուլթաններ