Երևանի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թատրոնի մասին առաջին անգամ հիշատակվել է ուշ միջնադարում։ Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը 1673 թվականին Երևանի սարդար Սեֆի Կուլի խանի պալատում դիտել է 2 մասից բաղկացած ներկայացում (միմոդրամա), որտեղ նկատելի էին արևելյան ժողովրդական թատրոնին և հայ միջնադարյան գուսանական արվեստին բնորոշ առանձնահատկություններ։ 1829 թվականին ռուսական բանակի մի խումբ սպաներ Սարդարի բերդի սրահներից մեկում ներկայացրել են Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը՝ հեղինակի ներկայությամբ։

Ներկայացումների կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

1851 թվականին Կ. Պոլսի «Արամյան թատրոնը» Հովհաննես Գասպարյանի ղեկավարությամբ Երևանի Ցախի մեյդան թաղամասում խաղացել է կրկեսային և դրամատիկական ներկայացումներ։ 1865 թվականին Երևանում ներկայացումներ են կազմակերպել Գևորգ Չմշկյանը, Սեդրակ Մանդինյան, Միհրդատ Ամերիկյանը (Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ», Խորեն Գալֆայանի «Արշակ Բ» և այլն)։

Սիրողական թատերախմբի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին դերասան Վաղարշակ Շահխաթունյանցը և Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախկին ուսուցիչ Սողոմոն Աբամելիքյանը հիմնել են սիրողական թատերախումբ՝ «Երևանի թատրոնական ընկերությունը», որի անդամներից էին Ն. Աթանասյանը, Վ. Եղիազարյանը, Ղ. Մելիք-Աղամալյանը և ուրիշներ։

Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն

Ներկայացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումները (Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվան սաբրը խեր է», Միքայել Պատկանյանի «Շկոլի վարժապետը» և այլն) խաղացել են թեմական, ապա՝ Գայանյան և Հռիփսիմյան դպրոցների սրահներում։ 1869 թվականին խումբը համալրվել է նոր սիրողական դերասաններով, բեմադրվել է Միքայել Պատկանյանի «Շուշանիկը» (գլխավոր դերակատար՝ Եղիսաբեթ Ղորղանյան

Երևանի թատրոնում թիֆլիսյան թատրոնի փորձի ու ճաշակի ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա

1868 թվականից Երևանի թատրոնում ներդրվել են թիֆլիսյան թատրոնի փորձն ու ճաշակը։ Նախաձեռնողը ինքնուս նկարիչ Ս. Աբամելիքյանն էր, որն առաջին բեմանկարիչն է հայ իրականության մեջ։ 1870-ական թվականներին Երևանում Արտաշես Հակոբյանի ղեկավարությամբ գործել է կայուն թատերախումբ (Ա. Սարգսյան, Ա․, Փ․ և Ձ․ Մելյաններ, Վ. և Ս. Մադաթյաններ, Ե. Ղորղանյան, Թ. Դեկարխանյան և ուրիշներ)։

Երևանի թատրոնը՝ հյուրախաղային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870-1880-ական թվականներին Երևանի թատրոնը նույնպես դարձել է հյուրախաղային կենտրոն։ 1884 թվականից այստեղ հանդես են եկել պրոֆեսիոնալ դերասաններ Սաշա և Ալմա Սաֆրազյանները, Տաբելը, Արամ Վրույրը, Պայծառ Ֆասուլաճյանը, Գևորգ Պետրոսյանը, նաև Հովհաննես Աբելյանի թատերախմբերը։ Ներկայացումները խաղացել են Քաղաքային ակումբում, «Ջանփոլադյան թատրոնում» (հիմնադրվել է 1907 թվականին), «Ապոլլո» կինոթատրոնում և այլուր։

Ռուսական ներկայացումները Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականից Երևանում խաղացել են նաև ռուսական ներկայացումներ։ 1916 թվականին Սիրանույշի և Հ. Աբելյաևի մասնակցությամբ ներկայացվել են հատվածներ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Լիր արքա» պիեսներից։ 1919 թվականին Վարդան Միրզոյանը բացել է ստուդիա, որը 1921 թվականին պետականացվել և դարձել է խորհրդային առաջին թատերական կենտրոնը։ Նույն թվականին հիմնադրվել է Հայաստանի Առաջին պետական թատրոնը (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)։

Թատրոնների ստեղծումը, գործունեության տարիները և հիմնադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

1924-1925 թվականներին գործել է Հեղափոխության, 1931-1936 թվականներին՝ Մաքսիմ Գորկու անվան բանվորական, 1928-1989 թվականներին՝ ադրբեջանական թատրոնը։ 1940 թվականին կազմակերպվել է Հայկական թատերական ընկերությունը (1987 թվականից՝ ՀԹԳՍ)։ 1930-ական թվականներից գործող թատերական տեխնիկումի հիման վրա ստեղծվել է Երևանի թատերական ինստիտուտը (1944, այժմ՝ ԵԹԿՊԻ)։ 1935 թվականին բացվել է թատերական թանգարանը (Հայաստանում առաջին պետական թանգարանը), որը, միավորվելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի հետ, վերակազմավորվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի։ Երևանում գործում են Պատանի հանդիսատեսի (1929 թվականից), Տիկնիկային (1935 թվականից), Ռուսական դրամատիկական (1937 թվականից), Երաժշտական կոմեդիայի (1942 թվականից), Դրամատիկական (1969 թվականից, հիմնադիր և գլխավոր ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան), Մնջախաղի (1974 թվականից, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Ա. Փոլադով), Կամերային (1981 թվականից, ԵՊԻ Ուրախների և հնարամիտների ակումբի հիման վրա), Մարիոնետների (1987 թվականից), Համազգային (1991 թվականից, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Սոս Սարգսյան), Արտիստական (1992 թվականից, հիմնադիր և ղեկավար՝ Մհեր Մկրտչյան, 1994 թվականից՝ Մհեր Մկրտչյանի անվան), «Մետրո» (1992 թվականից), 1990-ական թվականներից՝ նաև «Սոնետ», «Փյունիկ», «Նորք», «Գոյ», «Ոզնիներ», «Ագուլիս», «Արիոն» և այլ թատրոններ։ 1980 թվականին կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը հիմնադրել է Կինոդերասանի թատրոն-ստուդիան (1988 թվականից՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոն1990-ականների կեսերից ավանդույթ է դարձել մասնավոր (անտրեպրիզային) ներկայացումների կազմակերպումը (ռեժիսորներ՝ Արտաշես Հովհաննիսյան, Հակոբ Ղազանչյան, Արամ Սուքիասյան, Նարեկ Դուրյան, Սերժ Մելիք-Հովսեփյան, Արթուր Սահակյան, Վարդան Պետրոսյան և ուրիշներ), որոնք հաստատուն տեղ են գրավել խաղացանկային-ծրագրային ներկայացումների կողքին։ Թատերական կադրեր են պատրաստել նաև Գաբրիել Սունդուկյանի անվան և Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնների ստուդիաները։ Երևանում կազմակերպվում են Շեքսպիրյաև (1944 թվականից, ընդհատումներով), Մոնո (2003 թվականից, երկուսն էլ՝ ղեկավար՝ Հ. Ղազանչյան), Մնջախաղային (2001 թվականից, ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) ներկայացումների և այլ փառատոներ, հյուրախաղերով հանդես են գալիս թատերախմբեր և անհատ դերասաններ արտերկրից։

Տես նաև՝ Թատրոն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png