Հայերը Ինդոնեզիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգսյան եղբայրները
Մեծահարուստ հայ ընտանիք

Ինդոնեզիայում կազմավորված հայ համայնքի մասին առաջինը տեղեկություն տալիս է ռուս գիտնական Ի.Բակունինը, որի տվյալներով 17-րդ դարում Ճավա կղզում բնակվել է 2000 հայ։ 17-րդ դարում հայ համայնքի գոյության փաստը հաստատում է նաև Կոստանդ Ջուղայեցին «Առևտրական մատյան»-ում։ Հոլանդական Արևելա-հնդկական ընկերության 1656-ի արձանագրություններից մեկում հիշվում է Մակասարում բնակություն հաստատած Խոջա Սոլիմա հայ վաճառականը, իսկ 1747մարտի 21-ի հրովարտակով հոլանդացիները ինդոնեզահայերին շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք։ Հայերը Ինդոնեզիա են գաղթել հիմնականում Նոր Ջուղայից և Հնդկաստանից (Մադրասից), աննշան թվով՝ բուն հայրենիքից։ Նրանք բնակություն են հաստատել Բատավիայում (այժմ՝ Ջակարտա), Սեմարանգում, Սուրաբայայում, Ջապարայում, Չերիբոնում, Թեգալում, Բանդունգում, Սուրակարտայում, Մակասարում։ Գլխավորապես զբաղվել են վաճառականությամբ, մասամբ՝ արհեստով։ Համայնքի ազգային կյանքն աշխուժացել է 19-րդ դարում։ 1831-ին կառուցվել է հայկական մատուռ, իսկ 1852-ին՝ Սբ. Հովհաննես եկեղեցին (1927-ից Սուրաբայայում գործում է Սբ. Գևորգ եկեղեցին, որը համայնքի հոգևոր և մշակութային կետրոնն է)։ 1855-ին Բատավիայում, Գևորգ Մանուկ Մանուչարյանի կտակած գումարով նրա քույրերը բացել են «Մանուկ և Հարություն» երկսեռ դպրոցը (գիշերօթիկ բաժնով), որը փակվել է 1872-ին և վերաբացվել 1923-ին։ Ինդոնեզահայերի ներքին կյանքը (դպրոց, եկեղեցի, միություններ) կարգավորելու համար կազմվել է կանոնադրություն (27 կետից), որը «Սահմանադրություն և կարգավորություն ժողովըրդյան հայոց ի Ճավա» վերտառությամբ հաստատել է կառավարությունը 1880հունվարի 6-ին։ Կարիքավոր հայրենակիցներին (Ինդոնեզիայում և Նոր Ջուղայում) օգնելու, ինչպես նաև հայ մշակույթը սատարելու նպատակով ինդոնեզահայերը հիմնել են կազմակերպություններ. 1852-ին՝ «Հայկական միաբանություն», 1854-ին՝ «Գանձակ գրավոր աշխատանաց», որի նյութական օժանդակությամբ Նոր Ջուղայում, Կալկաթայում, Երուսաղեմում և այլուր տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, հիմնվել դպրոցներ, 1858-ին՝ «Գանձակ Ջուղայու տնանկացը» (ցայսօր շարունակում է իր գործունեությունը) և այլն։ 1917-ից գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը։ Ինդոնեզահայ համայնքը հայտնի է իր հայրենասիրական գործունեությամբ։ Երբ Արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրվեց (1828) ինդոնեզահայերից շատերը իրենց ծատայությունները առաջարկեցին, շատերն էլ որոշեցին վերադառնալ հայրենիք։ Ինդոնեզահայերը նյութապես աջակցում էին Արևմտյան Հայաստանում 19-րդ դարի ազգային ազատագրական շարժմանը։ Այդ նպատակով 1891-ին կազմակերպել են «Հայոց խրախուսական միությունը» (հիմնադիր՝ Օհաննես Քյուրքչյան)։ 1894-ին գումար են հանգանակել Սասունի աղետյալների, 1905-1906-ին՝ Կովկասի հայ սովյալների համար։ 1915-1917-ին ինդոնեզահայերը միջոցներ չեն խնայել եղեռնից փրկված հայրենակիցներին օգնելու։ Փոքրաթիվ լինելով՝ ինդոնեզահայերը գրական և մշակութային աշխույժ կյանք չեն ունեցել. գործել են ճավա կղզու «Հայ կանանց բարեգործական միություն» թատերախումբը, «Հայկական ֆուտբոլի ակումբ»-ը (1900-ից), «Հայկական մարզական ակումբ»-ը (1922-ից), բեյբոլի, ռեգբիի թիմեր և այլն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ինդոնեզիայի հայերը դիտվել են որպես ֆաշիզմի թշնամիներ, և ճապոնացիները նրանց ընտանիքներով արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանց մի մասը սովի և համաճարակի զոհ է դարձել։ Պատերազմից հետո շատ հայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ։ 2010-ին Ինդոնեզիայում բնակվում է մոտ 150 հայ (հիմնականում վաճառական ընկերությոնների տերեր կամ փայատերեր)։