Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով 2018
Ժամանակ | հոկտեմբերի 11-12 |
---|---|
Վայր | Երևան, Հայաստան |
Պատճառ | Ֆրանկոֆոնիայի կոմիտեի կողմից Երևանի ընտրությունը որպես հյուրընկալող քաղաք |
Մասնակիցներ | Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն |
Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողով (ֆր.՝ Sommet de la francophonie), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որն անց է կացվել 2018 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում[1]։
Գագաթնաժողովի նպատակը ֆրանսերեն լեզվի և համընդհանուր արժեքների ամրագրումն է։ Երևանյան կոնֆերանսին մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 57 լիիրավ, 3 ասոցիացված անդամ և 20 դիտորդ երկրների պատվիրակությունները։ Համաժողովին առաջին անգամ կմասնակցի Վրաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացվում է «Ապրել միասին» («Vivre ensemble») կարգախոսի ներքո։
Պլաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանյան գագաթնաժողովում պետությունների կամ կառավարության ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականությանը, համաշխարհային տնտեսությանը, Ֆրանկոֆոնիայի համագործակցությանը, մարդու իրավունքներին ու կրթությանը, մշակույթին ու ժողովրդավարությանը առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի ընթացքում
- սահմանում են Ֆրանկոֆոնիայի կազմակերպման կողմնորոշումները
- ընդունում են բանաձևեր, որոնք անհրաժեշտ են Ֆրանկոֆոնիայի պատշաճ գործունեության և դրա նպատակների իրականացման համար
- ընտրվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
- որոշում են կայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր լիիրավ անդամների, ասոցիացված անդամների կամ դիտորդի անդամների ընդունելության մասին
Խորհրդանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջոցառման խորհրդանշանը կլինի հայկական մշակույթի և ազգային ավանդույթների սիմվոլ հանդիսացող նուռը, իսկ կարգախոսը՝ «Ապրել միասին»[1]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ։ Մշտական խորհրդի նիստը բացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով ներկայացրել է գագաթաժողովին ընդառաջ քարտուղարության կողմից կատարվող աշխատանքները, կազմակերպության առաջնահերթությունների, Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական հարթակներում գործունեությունը։ Ելույթ է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժակ Կրաբալը։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր ելույթում կարևորել է կազմակերպության գործունեությունն՝ ուղղված ճգնաժամային իրադրություններում հայտնված երկրներին աջակցելուն և ժողովրդավարական գործընթացների խրախուսմանը[2]։
2018 թվականի հոկտեմբերի 9-12-ը Ծաղկաձորում տեղի կունենա Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը, որի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է«Լրատվամիջոցները և միգրացիան» թեման։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվել է տնտեսական ֆորում` Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո[3]։
Hanson Robotics ընկերության արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա ռոբոտը նույնպես մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին, ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բիզնես–ֆորումի ժամանակ[4], հյուրընկալվելով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում[5][6]։
Ֆրանկոֆոնիայի ավան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տարածքի կամ ստենդների միջոցով հնարավորություն կընձեռվի ցուցադրել ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթն ու կենցաղը։ Ավանը գագաթաժողովի շրջանակներում անցկացվող բաց միջոցառում է, որտեղ գագաթաժողովի մասնակիցները, լրագրողները, հայաստանյան հանրությունը կարող են հանդիպել միմյանց՝ ոչ պաշտոնական միջավայրում։ Ֆրանկոֆոնիայի ավանում տեղադրվելու են տաղավարներ, ստենդներ, լինելու է բեմահարթակ, ցուցադրությունների համար տարածքներ։ Բեմահարթակին ցուցադրվելու են երգ, պար, համերգային համարներ։ Դա հնարավորություն կտա բացահայտելու երիտասարդ ֆրանկոֆոն տաղանդավոր կատարողներին և ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի մշակութային բազմազանությունը։
«Գիրք և գինի» ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ու «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին «Գիրք և գինի» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացվել է ֆրանսախոս քաղաքակրթության և մշակույթի, ինչպես նաև ֆրանսերենի հետ հայերի ունեցած առնչությունների և հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների պատմությունը 18-20-րդ դարերում։
Ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի ակտիվ տարածումն աշխարհում սկսվեց Լյուդովիկոս XIV-ի թագավորության տարիներից և առանձնահատուկ թափ առավ Լուսավորության շրջանում՝ 17-18-րդ դարերում։ Այն արձագանք գտավ նաև հայկական մտավորական միջավայրում։
Ֆրանկոֆոնիայի առաջին հայկական կենտրոնը կարելի է համարել 18-րդ դարի սկզբին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատված Մխիթարյան միաբանությունը։ Մխիթարյան հայերն բազմաթիվ թարգմանություններ են արել հայերենից ֆրանսերեն՝, ներառյալ՝ գեղարվեստական և կրթական, գիտական և գիտահանրամատչելի աշխատություններ։ Պատահական չէ, որ երբ Ֆրանսիան վերացնում էր Իտալիայում գտնվող կրոնական հաստատությունները, շնորհիվ ֆրանսիացի և եվրոպացի հայագետների հանդեպ հարգանքի Նապոլեոն Բոնապարտի՝ 1810 թ․ օգոստոսի 17-ի հրովարտակով Մխիթարյան միաբանությունը պահպանվեց՝ ճանաչվելով որպես գիտական հաստատություն[7]։
Ֆրանսերենը որպես օտար լեզու դասավանդվել է Երևանի պետական համալսարանում՝ հիմնադրման օրվանից՝ 1919 թվականից սկսած։ Համալսարանի դասախոսական կազմը Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, կրթություն ստացած մասնագետներ էին, որոնցից նշանավոր էին Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Ֆրանսիայում երկար տարիներ ապրած Կոստան Զարյանը, Զապել Եսայանը և այլք։
Ցուցահանդեսին ցուցադրվեց 1633 թ․ Փարիզում կարդինալ Ռիշելյեի աջակցությամբ արքունական տպարանում լույս տեսած հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ֆրանչիսկո Ռիվոլայի հայերեն-լատիներեն բառարանը, Ֆրանսիայի տեսարաններով պահպանված բացիկներ և սեփական իրեր, ֆրանսիացի բանաստեղծներ, գրողներ ու արվեստագետներ Ալֆոնս Դոդեի, Պոլ Էլուարի, Ստեֆան Մալարմեի, Ռոմեն Ռոլանի, Կլոդ Դեբյուսիի աշխատություններն ու ստեղծագործությունները, ինչպես նաևՌոմեն Ռոլանի նամակը Ֆրանսիայի կառավարության կողմից «Պատվո լեգեոնի» շքանշանով պարգևատրված հայ մտավորական Արշակ Չոպանյանին, Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի թարգմանությունը հայատառ թուրքերենով և այլն[8]։
Ցուցադրությանը ներկայացված էր նաև հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված «Հարգանքի տուրք Հայաստանին» խորագրով համերգի ծրագիրը, որի ձևավորումը կատարել է Էդգար Շահինը, ինչպես նաև հայ դաշնակահարուհի և երգչուհի Մարգարիտ Բաբայանի մենահամերգի ծրագիրը[7]։
Ցուցահանդեսը գործել է 2018 թ․ հոկտեմբերի 10-20-ը Երևանում՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում[8]։
Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի թարգմանությունը հայատառ թուրքերենով, 1863 թ․ | Ռոմեն Ռոլանի նամակը Արշակ Չոպանյանին, 21․06․1906, Փարիզ | «Հարգանքի տուրք Հայաստանին» խորագրով համերգի ծրագիր, ձևավորումը՝ Էդգար Շահինի, 04․09․1916, Փարիզ | Համերգի ծրագիր, մենակատար՝ Մարգարիտ Բաբայան, 20․01․1926, Փարիզ | «Գիրք և գինի» ցուցահանդեսի պաստառը |
«Ֆրանկոֆոն երկրների հայ ճարտարապետների ստեղծագործությունները» ցուցահանդես
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 10-ին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում բացվեց «Ֆրանկոֆոն երկրների հայ ճարտարապետների ստեղծագործությունները» խորագրով ցուցահանդես։ Ցուցահանդեսին ներկայացվեցին 10 ֆրանսահայ ճարտարապետների՝ Միքայել Մովսիսյանի, Էդուարդ Ութունջյանի, Գրիգոր Կալայցյանի, Պիեր Մինասյանի, Արիս Ատամիանի, Աբրո Խանջյանի, Մարտիրոս Ալթունյանի, Լևոն Նաֆիլյանի, Պերճ Միքայելյանի, Ժան Հանեմիանի, լիբանանահայ չորս ճարտարապետների՝ Վիգեն և Րաֆֆի Թարխանյանների, Վազգեն Չեքիջյանի, Տիրան Հարմադյանի, կանադահայ ճարտարապետ Հուրի Ավետիսյանի և «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի աշխատանքներն ու նախագծերը[9]։
Ցուցահանդեսը բացվեց «Ֆրանկոֆոն աշխարհի հայ ճարտարապետները» թեմայով կոնֆերանսով, որին զեկույցով հանդես եկան Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանը և թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանը։
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. վերջը։
Երևանում ճարտարապետներ Արիս Ատամյանի և Նարեկ Սարգսյանի նախագծով 2015 թ. Մելիք-Ադամյան փողոցում կառուցվել է Հայ բարեգործական ընդհանուր միության շենքը[10]։
Արիս Ատամյանի նախագծով նախատեսվում է նաև վենանորոգել Ազնավուր կենտրոնը՝ վերածելով այն ինտերակտիվ և տեխնիկական լուծումներով հագեցած թանգարանի, որը կպատմի Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին։ Վերանորոգումից հետո այն ծառայելու է նաև որպես կրթական և մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության և ֆրանսերենի վրա[11]։
Quadrum ճարտարապետական արհեստանոցի նախագծի մանրակերտ | Quadrum ճարտարապետական արհեստանոցի նախագծի մանրակերտ |
Միջոցառումների շարք «Նարեկացի» արվեստի միությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թ. հոկտեմբերի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված միջոցառումների շարք.
- Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ։ Դասախոսության թեման էր «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ»[12]։
- Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Նարեկացի» միության Սևան Նագգաշյանի անվան նկարչական դասարանի սաների ցուցահանդեսը։ Նկարչական խմբակի սաների ներկայացվող աշխատանքների թեման Ֆրանսիան էր, որն արտացոլվել է պատանի նկարիչների բնապատկերներում, քաղաքային տեսարաններում և երկրի խորհրդանշական կառույցներում[13]։
- Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում-դասախոսություն Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանի հետ։ Դասախոսության թեման էր «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ 1700 թվականներից սկսած»[13]։
- Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ երգիչ, երգահան, թարգմանիչ Պերճ Թյուրաբյանի հեղինակային համերգը։ Միջոցառումը կրում էր «Ֆրանսիական երգի երեկո» խորագիրը։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին Շառլ Ազնավուրի, Բարբարայի, Ժորժ Բրասենսի, Ժակ Բրելի, Լեո Ֆերեի ստեղծագործությունները հայերենով՝ Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ և կատարմամբ[12]։
- Հոկտեմբեր 19-ն տեղի ունեցավ ալտ Լիլի Սևոյանի մենահամերգը։ Միջոցառմանը հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Լիլի Սևոյանի, Ֆրանց Շուբերտի և Էմմա Միհրանյանի ստեղծագործությունները[13]։
- Հոկտեմբեր 20-ին տեղի ունեցավ Դանիել Երաժիշտի համերգ-դասախոսությունը՝ «Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները» խորագրով։ Դասախոսության ընթացքում Դանիել Երաժիշտը անդրադարձավ հայ-ֆրանսիական տնտեսական, դիվանագիտական և մշակութային կապերին։ Միջոցառմանը մասնակցեցին «Շարական» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), Գոհար Դանիելյանը (ջութակ), Գրիգոր Հարությունյանը (կլառնետ) և Ռուզան Հովսեփյանը (դաշնամուր)։ Կատարվեցին Կոմիտասի, Ժ. Բեզարի, Ժ. Բուամորտյեի, Ֆ. Լավինյեի ստեղծագործությունները, Ա. Հոնեգերի երգերից՝ Ա. Չոպանյանի, Պ. Վեռլենի, Ժ. Կոկտոյի և այլոց խոսքերով, և Վ. Մախոխյանի «Հայաստանի հառաչանքը» պիեսը՝ ջութակի և դաշնամուրի համար։ Ստեղծագործությունների մեծ մասը Հայաստանում կատարվեցին առաջին անգամ։ Ներկայացվեցին նաև բանաստեղծություններ[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով կկայանա հոկտեմբերի 11-12-ը». armeniatv.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովն իր աշխատանքը սկսեց մեկ րոպե լռությամբ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Սոֆյա անունով ռոբոտը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին խոստացավ ֆրանսերեն սովորել
- ↑ Ռոբոտ Սոֆյա. Մարդիկ և ռոբոտները պետք է ընկերներ լինեն
- ↑ Աշխարհահռչակ Սոֆիա ռոբոտը Հայաստանում պատասխանում է լրագրողների հարցերին
- ↑ 7,0 7,1 «Գիրք և գինի» խորագրով ցուցահանդես, ֆրանկոֆոն «Գրքի սալոն», «Մեղմիկ երգը» գրքի շնորհանդես. մշակութային միջոցառումներ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում
- ↑ 8,0 8,1 Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում բացվել է «Գիրք և գինի» ցուցահանդեսը
- ↑ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Ֆրանկոֆոն աշխարհի հայ ճարտարապետները» թեմայով կոնֆերանս
- ↑ AGBU Yerevan building
- ↑ Aznavour Centre unveiled in presence of Armenian, French Presidents
- ↑ 12,0 12,1 12,2 http://naregatsi.org/index.php?section=0&content=6112&arm Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված միջոցառումների շարք
- ↑ 13,0 13,1 13,2 ՄԱՄՈՒԼ․ամ. ««Նարեկացի» արվեստի միության հատուկ միջոցառումների շարքը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով 2018 կատեգորիայում։ |