Jump to content

Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պերեդվիժնիկներից)
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամները (1888 թվական)
Տեսակարվեստագետների միություն
Հիմնադրված1870 թվականի նոյեմբեր
Լուծարված1923 թվական
ՂեկավարԸնկերության ընդհանուր ժողով

Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն (ռուս.՝ Товарищество передвижных художественных выставок, պերեդվիժնիկներ, ռուս.՝ передвижники), ռուս նկարիչների միություն, որ գոյություն է ունեցել 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին։ Գեղագիտական պլանում ընկերության անդամները նպատակաուղղված կերպով հակադրվում էին պաշտոնական ակադեմիզմին։ Ընկերությունը հիմնադրվել է 1870 թվականին Սանկտ Պետերբուրգում Իվան Կրամսկոյի, Գրիգորի Մյասոեդովի, Նիկոլայ Գեի ու Վասիլի Պերովի նախաձեռնությամբ՝ ի հակադրություն Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի[1]։ Պերեդվիժնիկների արվեստը ներշնչված էր նարոդնիկական շարժման գաղափարներով[2]։ Ընկերությունը զարգացրել է Սանկտպետերբուրգյան նկարիչների արտելի (ստեղծվել է 1863 թվականին) լավագույն ավանդույթները, որի ղեկավար Իվան Կրամսկոյն էլ դարձել է նոր միավորման գաղափարական առաջնորդը։ Պերեդվիժնիկները եղել են Վիսարիոն Բելինսկու և Նիկոլայ Չեռնիշևսկու հասարակական ու գեղագիտական հայացքների ազդեցության ներքո[1]։ Ազատվելով իրենց գործերն ստեղծելու, ցուցադրելու, իրացնելու՝ Գեղարվեստի ակադեմիայի սահմանափակումներից ու խնամակալությունից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ներքին կյանքը կազմակերպել են կոոպերատիվ սկզբունքներով, ծավալել լուսավորական գործունեություն։ 1871 թվականից ընկերությունը բացել է 48 ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, որից հետո դրանք ցուցադրել Կիևում, Խարկովում, Կազանում, Օրյոլում, Ռիգայում և այլ քաղաքներում։ Վճռականորեն խզելով կապերը ակադեմիզմի իդեալիստական գեղագիտությունից ու կանոններից՝ պերեդվիժնիկների արվեստը հիմքում ունեցել է քննադատական ռեալիզմի մեթոդը։ Պերեդվիժնիկները դիմել են կյանքի, ժողովրդի պատմության, հայրենի երկրի ու բնության ճշմարտացի, դեմոկրատական դիրքորոշմամբ պատկերման։ Կրքոտ կերպով մերկացնելով ինքնակալական-ճորտատիրական կարգերը, կապիտալիզմի խոցերը՝ նրանք ջերմ սիրով են ցույց տվել ժողովրդի ուժն ու գեղեցկությունը, ազատության համար նրա մղած պայքարի վեհությունը։ Պերեդվիժնիկների ստեղծագործության մեջ առաջատար է եղել կենցաղային ժանրը, որի միջոցով ընդհանրացման չտեսնված խորությամբ և ուժով է պատկերվել ժողովրդի ժամանակակից կյանքը[1]։ Կարևոր տեղ են գրավել նաև սոցիալական և հոգեբանական բնութագրերով կատարված դիմանկարը, ժողովրդի գործունեությանը նվիրված պատմանկարչությունը, հայրենի բնության պարզ մոտիվների գեղեցկությունն ու նշանակալիությունը բացահայտող բնանկարը, ավետարանական սյուժեներով պատկերներում մարմնավորվել են բարոյափիլիսոփայական հրատապ խնդիրներ[1]։ Նրա կազմում տարբեր ժամանակներում (բացի նախաձեռնողներից) եղել են Իլյա Ռեպինը, Վասիլի Սուրիկովը, Վլադիմիր Մակովսկին, Իլարիոն Պրյանիշնիկովը, Ալեքսեյ Սավրասովը, Իվան Շիշկինը, Վասիլի Մաքսիմովը, Կոնստանտին Սավիցկին, Ապոլինարի և Վիկտոր Վասնեցովները, Արխիպ Կուինջին, Վասիլի Պոլենովը, Նիկոլայ Յարոշենկոն, Իսահակ Լևիտանը, Վալենտին Սերովը և ուրիշներ։ Պերեդվիժնիկների ցուցահանդեսներին մասնակցել են Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Վերեշչագինը, Անդրեյ Ռյաբուշկինը և ուրիշներ, հայերից՝ Վարդգես Սուրենյանցը (մի քանի ցուցահանդեսի), Եղիշե Թադևոսյանը։

Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերությունը կազմալուծվել է 1923 թվականին։ Նրա անդամները հիմնականում անդամագրվել են Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիային։

19-րդ դարի 60-ական թվականների սկզբին Ռուսական կայսրությունում սկսվեցին Ալեքսանդր II-ի բարեփեխումները։ Գյուղացիական ռեֆորմը վերացրեց ճորտատիրական կարգը, անցկացվեցին դատական համակարգի, քաղաքային ինքնակառավարման ու ռազմական բարեփոխումներ։ Բարեփոխումների ծրագրի մի մասն էր կազմում Գեղարվեստի կայսերական ակադեմիայի հիմնումը։ 1859 թվականին ընդունվեց ակադեմիայի նոր կանոնադրությունը, սակայն մեծ ոսկե մեդալի շնորհման հարցում պահպանված հին մոտեցումները հանգեցրին կոնֆլիկտների. 1863 թվականի նոյեմբերի 9-ին Գեղարվեստի ակադեմիայի 14 աշակերտներ, ովքեր մասնակցում էին մեծ ոսկե մեդալի համար անցկացվող մրցույթին, դիմեցին Ակադեմիայի խորհրդին՝ խնդրելով փոխել մրցույթի թեման (նկարել «Օդին աստծու խրախճանքը Վալհալում» թեմայով, որ վերցված էր սկանդինավյան առասպելաբանությունից) և թույլ տալ նկարել իրենց նախընտրած թեմայով։ Ակադեմիայի խորհուրդը մերժեց նրանց առաջարկը, ինչից հետո բոլոր 14 աշակերտները լքեցին ակադեմիան։ Այդ դեպքը պատմության մեջ հայտնի է որպես «տասնչորսի խռովություն»։ Հենց նրանք էլ կազմակերպեցին Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելը, որը 1870 թվականին վերակազմավորվեց Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության[3]։

Պերեդվիժնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամները (1886 թ.)․ նստած են (ձախից աջ)՝ Սերգեյ Ամմոսով, Ալեքսանդր Կիսիլյով, Նիկոլայ Նևրև, Վլադիմիր Մակովսկի, Ալեքսանդր Լիտովչենկո, Իլարիոն Պրյանիշնիկով, Կիրիլ Լեմոխ, Իվան Կրամսկոյ, Իլյա Ռեպին, Իվանով (ծառայող ընկերության վարչությունում), Նիկոլայ Մակովսկի, կանգնած են (ձախից աջ)՝ Գրիգորի Մյասոեդով, Կոնստանտին Սավիցկի, Վասիլի Պոլենով, Եֆիմ Վոլկով, Վասիլի Սուրիկով, Իվան Շիշկին, Նիկոլայ Յարոշենկո, Պավել Բրյուլով, Ալեքսանդր Բեգրով

Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի նկարիչների՝ շրջիկ ցուցահանդեսների կազմակերպման միջոցով համախմբելու գաղափարն առաջ է քաշվել մոսկվացի նկարիչների նամակում[Ն․ 1][4]՝ ուղղված Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի անդամներին։ Վերջիններս, բացառությամբ Իվան Կրամսկոյի ու Կիրիլ Լեմոխի, Ընկերության ստեղծման գաղափարը չեն ընդունել, սակայն Սանկտ Պետերբուրգի այլ նկարիչներ, ովքեր արտել էին գնում «հինգշաբթիներին», այդ առաջարկն ընդունել են մեծ խանդավառությամբ։ 1870 թվականի սեպտեմբերին Ընկերության հիմնադիրները (17 մարդ[4]) դիմում են ներկայացնում ներքին գործերի նախարար Ալեքսանդր Տիմաշևին՝ խնդրելով հաստատել Ընկերության կանոնադրության նախագիծը։ 1870 թվականի նոյեմբերին կանոնադրությունը հաստատվում է։ Նրա § 1-ով հայտարարվում էր․ «Ընկերությունը նպատակ ունի կայսրության բոլոր քաղաքներում կազմակերպել գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսներ՝ ձգտելով ա) գավառների բնակչությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ ռուսական արվեստին, բ) հասարակության մեջ զարգացնել սերը դեպի արվեստը, գ) նկարիչների համար հեշտացնել նրանց նկարների վաճառահանումը»։ Կանոնադրության մեջ նշված էր, որ Ընկերության գործերը ղեկավարում է ընդհանուր խորհուրդը[4][Ն․ 2], որտեղ բոլոր հարցերը որոշվում են քվերակությամբ (որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ), ընկերության անդամ ընդունվում է ընդհանուր ժողովի ժամանակ անցկացվող քվեարկությամբ։ Կանոնադրությունն անփոփոխ է մնում 18 տարի՝ մինչև 1890 թվականի ապրիլը, երբ ընդունվում է նոր կանոնադրությունը, որում զգալիորեն սահմանափակվում են որոշումների ընդունման դեմոկրատական սկզբունքները[4][Ն․ 3]։

Ընկերության առաջին ցուցահանդեսն բացվել է 1871 թվականի նոյեմբերի 29-ին Պետերբուրգում՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքում։ Ցուցահանդեսում ներկայացվել են 16 նկարիչների աշխատանքներ[Ն․ 4][4]։ Պետերբուրգից հետո ցուցահանդեսն անցկացվել է Մոսկվայում, Կիևում և Խարկովում։ Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 20 նկարչի 82 աշխատանք։ Ցուցահանդեսում մեծ հաջողություն են ունեցել Ալեքսեյ Սավրասովի «Սերմնագռավները վերադարձան» և Նիկոլայ Գեի «Պետրոս I-ը հարցաքննում է արքայազն Ալեքսեյ Պետրովիչին Պետերհոֆում» նկարները, Մարկ Անտոկոլսկու «Իվան Ահեղ» քանդակը։ Ցուցահանդեսը հաջողություն է ունենում[Ն․ 5][4] և դառնում է նշանակալի իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում։ Պերեդվիժնիկների արվեստը մեծ ժողովրդականություն էր վայելում Ռուսաստանի բնակչության շրջանում։ Պերեդվիճնիկների արվեստի զարգացման գործում մեծ դեր են ունենում հասարակական գործիչ, արվեստի հետազոտող և քննադատ Վլադիմիր Ստասովը, հավաքորդ և մեկենաս Պավել Տրետյակովը, ով գնել է պերեդվիժնիկների աշխատանքները Տրետյակովյան պատկերասրահի համար՝ դրանով իսկ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելով նկարիչներին։ Պերեդվիժնիկների բազմաթիվ նկարներ ստեղծվել են Պավել Տրետյակովի պատվերով։

Իր կեսդարյա գոյության ընթացքում ընկերությունն անցկացրել է 47[5] շրջիկ ցուցահանդես։ Ամենամյա ցուցահանդեսներից բացի ընկերությունը զուգահեռ ցուցահանդեսներ է կազմեկերպել նաև այն քաղաքներում, որտեղ չեն հասել հիմնական ցուցահանդեսները։ Այդ ցուցահանդեսներում ներկայացվել են պերեդվիժնիկների այն նկարները, որոնք չեն վաճառվել հիմնական ցուցահանդեսների ընթացքում։ Այդ պատճառով էլ նման ցուցահանդեսներ կազմակերպվում էին այն ժամանակ, երբ հավաքվում էին անհրաժեշտ քանակի նկարներ։ Զուգահեռ ցուցահանդեսների անցկացման աշխարհագրությունն ավելի ընդարձակ էր, քան հիմնական ցուցահանդեսներինը։ Այսպես, առաջին զուգահեռ ցուցահանդեսը[Ն․ 6] ներկայացվել է Ռուսաստանի 12 քաղաքներում[Ն․ 7]։

Պերեդվիժնիկների ընկերությունը ծաղկում ապրեց հատկապես 1870-1880-ական թվականներին։ Պերեդվիժնիկների ընկերության կազմում տարբեր ժամանակներում ընդգրկված են եղել.

Նկարիչ Հայտնի նկարներ, որ առաջին անգամ ցուցադրվել են շրջիկ ցուցահանդեսում[Ն․ 8]
Իլյա Ռեպին
Վասիլի Սուրիկով
Նիկոլայ Դուբովսկոյ
Վլադիմիր Մակովսկի
Իլարիոն Պրյանիշնիկով
Ալեքսեյ Սավրասով
Իվան Շիշկին
Վասիլի Մաքսիմով
Կոնստանտին Սավիցկի
Ապոլինարի Վասնեցով
Վիկտոր Վասնեցով
Արխիպ Կուինջի
Պյոտր Կելին
Վասիլի Պոլենով
Նիկոլայ Յարոշենկո
Ռաֆաիլ Լևիցկի
Իսահակ Լևիտան
Վալենտին Սերով
Ալեքսեյ Կորին
Աբրամ Արխիպով
Վարդգես Սուրենյանց
Վիտոլդ Բյալինիցկի-Բիրուլյա
Ալեքսանդր Մորավով
Իվան Կրամսկոյ
Նիկոլայ Բոգդանով-Բելսկի
Վասիլի Պերով
Դմիտրի Կոլուպաև

Ընկերության անդամներից բացի շրջիկ ցուցահանդեսներին մասնակցում էին նաև նկարիչ-էքսպոնենտներ[Ն․ 9][4]՝ Մարկ Անտոկոլսկին, Վասիլի Վերեշչագինը, Անդրեյ Ռյաբուշկինը, Իվան Տրոտնևը, Ֆիլիպ Չիրկոն և այլք։ Ցուցահանդեսներին մասնակցող նկարիչ-էքսպոնենտների թիվը միշտ գերազանցում էր Ընկերության անդամների թիվը։ Էքսպոնետներից առաջադրվում էին ընկերության անդամության թեկնածուներ (սակայն նրանք հազվադեպ էին դառնում ընկերության անդամ)։ Էքսպոնենտները Ընկերության ժողովում ձայնի իրավունք չունեին։ Հակասություններ էին առաջանում ընկերության հին ու նոր անդամների միջև, ինչի պատճառով 20-րդ դարի սկզբին, երբ կազմակերպվում են նկարիչների՝ տարբեր ուղղվածություն ունեցող խմբակներ, երիտասարդները նախապատվությունը տալիս են դրանց։ 1901 թվականին Ընկերությունից դուրս են գալիս միանգամից 11 նկարիչներ[Ն․ 10]։ Ընկերության թուլացմանը նպաստում է նաև այն, որ ընկերության՝ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում գտնվող մասնաճյուղերի սկսում են առանձնանալ։ Ընկերությունն այլևս չէր կարողանում վերափոխվել ու համապատասխանել ժամանակի պահանջներին։ Ընկերության վերջին ղեկավարը, որ ընտրվել է 1918 թվականին, եղել է Պավել Ռադիմովը։ Վերջինս փորձել է փրկել ընկերությունը լուծարումից, սակայն դա նրան չի հաջողվել։ 1922 թվականին տեղի է ունեցել ընկերության վերջին շրջիկ ցուցահանդեսը։ 1923 թվականին ընկերությունը դադարել է գոյություն ունենալուց[6]։

Գեղարվեստական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեդվիժնիկների նկարներին հատուկ է սուր պսիխոլոգիզմը, սոցիալական ու դասակարգային ուղղվածությունը, տիպականացման բարձր վարպետությունը, ռեալիզմը, որ երբեմն հանգում էր նատուրալիզմի, ընդհանուր առմամբ ողբերգական հայացքը կյանքի նկատմամբ։ Պերեդվիժնիկների արվեստի հիմնական ուղղություններից են իմպրեսիոնիզմն ու ռեալիզմը։

  1. Գրիգորի Մյասոեդով, Վասիլի Պերով, Իվան Կամենև, Ալեքսեյ Սավրասով, Վլադիմիր Շերվուդ (հետագայում ընկերության անդամ չի դարձել), Իլարիոն Պրյանիշնիկով։
  2. Վարչությունը կազմված է երկու բաժիններից (մոսկովյան և պետերբուրգյան), այն ուներ հինգ անդամ ու մեկ անդամության թեկնածու (մեկ տարով)։ Առաջին վարչության (1871 թվական) անդամ են ընտրվում Գեն, Մյասոեդովը, Մ․ և Ի․ Կլոդտները, Պերովը, Կրամսկոյը, անդամության թեկնածու՝ Պրյանիշնիկովը։
  3. Ստեղծվում է Ընկերության խորհուրդը, որին էլ վերապահվում է Ընկերության բոլոր գործերի ղեկավարությունը։ Խորհրդի ցկյանս անդամներ էին միայն հիմնադիր անդամները։
  4. Վ. Ամմոնի, Ս. Ամմոսովի, Ա. Բոգոլյուբովի, Ն. Գեի, Կ. Գունի, Լ. Կամենևի, Ֆ. Կամենսկու, Մ. Կլոդտի, Ի. Կրամսկոյի, Վ. Մաքսիմովի, Գ. Մյասոեդովի, Վ. Պերովի, Ի. Պրյանիշնիկովի, Ա. Սավրասովի, Ի. Շիշկինի, Մ. Կլոդտի աշխատանքները։
  5. Ցուցահանդեսի այցելուների թիվը հասնում է 30 հազարի, նկարների վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 23 հազար ռուբլի։
  6. Առաջին զուգահեռ ցուցահանդեսը բացվել է 1886 թվականի օգոստոսին Նիժնի Նովգորոդում և ավարտվել 1888 թվականի ապրիլին Վիտեբսկում։
  7. Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Պենզա, Տամբով, Կոզլով, Վորոնեժ, Նովոչերկասկ, Ռոստով, Տագանրոգ, Եկատերինոսլավլ և Կուրսկ։
  8. Շրջիկ ցուցահանդեսներում ներկայացվել են միայն նախկինում երբեք չցուցադրված նկարներ։
  9. Էքսպոնենտն այն նկարիչն է, որ Ընկերության անդամ չէ, բայց դիմում է ներկայացրել իր որոշակի աշխատանքով ցուցահանդեսին մասնակցելու համար։ Էքսպոնենտի նկարը ընդունվում էր ընկերության ընդհանուր ժողովի քվերակությամբ։
  10. Ընկերությունը լքողների թվում էին Վ. Սերովը, Ս. Իվանովը, Մ. Նեստերովը, Ս. Վինոգրադովը, Ա. Արխիպովը, Ապ. Վասնեցովը և այլք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983, էջ 271։
  2. Троицкий Н. А. Россия в XIX веке: Курс лекций.. — Москва: Высшая школа, 1997. — 431 с.
  3. Николай Троицкий. Культура: Искусство // Россия в XIX веке. Курс лекций. М., 1997. С. 398
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Товарищество передвижных художественных выставок. Письма и документы. Издательство «Искусство», Москва, 1987. Т. 1, 2.
  5. Список передвижных выставок Товарищества на сайте ТПХВ.РУ
  6. БСЭ, т. 19,стр. 377

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Товарищество Передвижных Художественных Выставок. Письма и документы. 1869—1899 гг. Книги 1, 2. Издательство 'Искусство', Москва, 1987
  2. Передвижники Արխիվացված 2015-06-03 Wayback Machine // Большая советская энциклопедия
  3. Лазарев С. Е., Курдюмов О. Г. Церковный раскол XVII века в произведениях русской живописи // Научные ведомости Белгородского государственного университета. Серия «История. Политология». 2015. № 19 (216). Выпуск 36. С. 77–83.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն» հոդվածին։