Մեծ ավազան, (անգլ.՝ Great Basin), բարձրավանդակ Հյուսիսային ԱմերիկայիԿորդիլերներում, ԱՄՆ-ի արևմուտքում։ Տարածությունն ավելի քան 500 հզ․ կմ2 է։ Կազմված է բազմաթիվ կարճ լեռնաշղթաներից (բարձրությունը՝ մինչև 3900 մ) և ընդարձակ գոգավորություններից (ավազաններից)։ Ռելիեֆը ձևավորվել է մինչքեմբրյան-մեզոզոյան ծալքավորման հիմքի վրա։ Կայնոզոյում ենթարկվել է վարնետվածքային տեղախախտումների, որոնք ուղեկցվել են հրաբխային գործունեությամբ։ Կլիման խիստ ցամաքային է, մեծ մասում՝ մերձարևադարձային, մասում՝ բարեխառն։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20—22 °C է (առավելագույնը՝ 56, 7 °C), հունվարինը՝ 0—2 °C (նվազագույնը՝ —30 °C, լեռներում՝ մինչև —60 °C), տարեկան տեղումները՝ մոտ 200 մմ, առանձին գոգավորություններում 100–ից էլ պակաս, լեռների արմ․ լանջերին՝ մինչև 500 մմ։ Գլխավոր գետը Հումբոլդտն է։ Խոշոր լճերն են Մեծ աղի լիճը, Պիրամիդը, Սևիրը, Յուտան։ Ոռոգման կարևոր աղբյուր են արտեզյան ջրհորները։ Տիրապետում են գորշ, ալկալի, աղուտային և լեռնաշագանակագույն հողերը։ Բուսածածկույթը հիմնականում անապատային և կիսաանապատային է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 403)։