Jump to content

Հուլիոս Կեսարի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուլիոս Կեսարի սպանություն
լատին․՝ Caesar interfectus
Կեսարի սպանությունը (Կարլ Թեոդոր ֆոն Պիլոտի, 1865). Կիմվրը Կեսարի վզից քաշում է տոգան, իսկ Կասկան նրա մեջքի հետևում բարձրացրել է դաշույնը
Տեսակսպանություն, դանակահարություն
ԵրկիրՀռոմեական հանրապետություն
Գրոհի վայրՊոմպեոսի կուրիա, Հռոմ
ՏեղադրանքՊոմպեոսի թատրոն և Հռոմ
Գրոհի նպատակՀուլիոս Կեսարի սպանություն
ՏարեթիվՄ․թ․ա․ 44 թվականի մարտի 15
Զենքդանակ
ԶոհվածներՀուլիոս Կեսար
Ահաբեկիչների քանակշուրջ 60 հռոմեացի սենատորներ
ԿազմակերպիչներՄարկոս Բրուտոս
Գայոս Կասսիոս Լոնգինուս
Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոս
Գայոս Տրեբոնիոս[1]
41°53′43″ հս․ լ. 12°28′37″ ավ. ե.HGЯO
 Death of Julius Caesar Վիքիպահեստում

Հուլիոս Կեսարի սպանություն, կազմակերպվել է Հռոմի մի խումբ սենատորների կողմից, որոնց ղեկավարում էին Մարկոս Բրուտոսը, Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոսը և Գայոս Տրեբոնիոսը։ Սպանությունը տեղի է ունեցել մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին (մարտի իդոս՝ ըստ հռոմեական տոմարի) Հռոմում՝ Պոմպեոսի կուրիայում, որտեղ կայանում էր Սենատի հերթական նիստը։ Դավադրությանը մասնակցել են շուրջ 60 սենատորներ, որոնք իրենց անվանում էին «Ազատարարներ» (լատին․՝ Liberatores

Մ․թ․ա․ 44 թվականի հունվարին Կեսարը, ով արդեն դիկտատոր էր, Սենատի կողմից ստացավ «ցմահ դիկտատոր» կոչումը։ Այս ամենը խախտում է հանրապետական կառույցների սահմանադրական հավասարակշռությունը, իսկ Սենատի որոշ անդամներ կարծում էին, որ այդ ամենը արվում է թագավորական համակարգի վերականգնման համար, ինչը շուրջ 60 օպտիմատ սենատորների ստիպում է դիմել դավադրության՝ պահպանելու հանրապետությունը։ Չնայած դավադրության հաջողությանը՝ դավադիրները չկարողացան վերականգնել հանրապետության պետական կառույցները, ընդհակառակը, սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն էլ ավարտվեց Հռոմեական կայսրության պրինցիպատի հաստատումով։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինչենցո Կամուչչինի կողմից ստեղծված «Կեսարի մահը» կտավը

Կեսարի և Սենատի միջև եղել է լարվածություն, որի գլխավոր պատճառը Կեսարի՝ թագավորական կարգի վերականգնման ձգտումն էր։ Հենց սա դարձավ Կեսարի սպանության գլխավոր դրդապատճառը։ Հռոմի Սենատը Հուլիոս Կեսարին հայտարարել էր «ցմահ դիկտատոր» (լատին․՝ dictator perpetuo)։ Կեսարի կողմից թողարկվել են մի շարք հռոմեական մետաղադրամներ (դինարի), որոնց դարձերեսին նկարված է իր՝ Կեսարի պատկերը և տիտղոսը, իսկ դիմերեսին՝ Կերես դիցուհու պատկերը, որի տակ՝ Կեսարի մեկ այլ տիտղոս՝ «Augur Pontifex Maximus»[Ն 1]։ Ըստ Դիոն Կասսիոսի, որը ապրել է իրադարձություններից 200 տարի անց՝ սենատորները, ցանկանալով իմաց տալ Կեսարին իր նոր տիտղոսի մասին, գնացել են Վեներայի տաճար, բայց Կեսարը նրանց նստած է դիմավորել՝ տեղից չբարձրանալով[2]։

Սվետոնիոսը 150 տարի անց գրում է, որ Կեսարի՝ սենատորներին նստած դիմավորելու գլխվոր պատճառը եղել է Կոռնելիուս Բալբուսը։ Սվետոնիոսը հայտնում է նաև, որ երբ Կեսարը վերադարձավ Հռոմ, բազմությունը ցնծությամբ դիմավորեց նրան՝ շնորհավորելով նոր տիտղոսի համար[3]։ Բազմության անդամներից մեկը դափնեպսակ է դրել ռոստրայի վրա գտնվող Կեսարի արձանի վրա։ Տրիբուններ Գայուս Մարուլլուսը և Լուցիուս Ֆլավուսը հրամայում են հանել դափնեպսակը արձանի վրայից, քանի որ դա Յուպիտերի և թագավորական նշանն էր։ Այս ամենի հետևանքով Կեսարը տրիբուններին հեռացրել է իրենց պաշտոններից[4]։ Երբ բազմությունից մեկը Կեսարին ողջունել է որպես արքա (լատին․՝ rex), Կեսարը պատասխանել է՝ «Ես Կեսարն եմ, ոչ թե արքա» (լատին․՝ Ego Caesar, non-rex, անգլ.՝ I am Caesar, not Rex)[5]։ Բացի այդ, Լուպերկալիի տոնին, երբ Կեսարը ելույթ էր ունենում ամբիոնից, Մարկոս Անտոնիոսը, ով Կեսարի հետ միասին ընտրվել էր կոնսուլ, մի քանի անգամ փորձել է թագ դնել նրա գլխին, սակայն Կեսարը այն մի կողմ է դրել՝ որպես զոհաբերություն Յուպիտերին[4]։

Կեսարը իր սպանության օրը Սենատ գնալու ճանապարհին, երբ ստանում էր գրավոր զգուշացումներ իրեն սպառնացող վտանգի մասին։

Սվետոնիոսը հավելում է նաև, որ Լուցիուս Կոտտան Սենատին առաջարկել է Կեսարին շնորհել «արքա» տիտղոսը, քանի որ կանխատեսվել էր, որ միայն թագավորի տիտղոսը կրելով կկարողանա նվաճել Պարթևստանը։ Կեսարը մտադիր էր ներխուժել Պարթևստան, ինչը հետագայում մեծ հոգսեր բերեց Մարկոս Անտոնիոսին երկրորդ եռապետության ժամանակ[6][7]։ Մտավախություններ կային նաև, որ Կեսարը ցանկանում է մայրաքաղաքը տեղափոխել Ալեքսանդրիա կամ Իլիոն, ինչը արվելու էր պարթևական արշավանքի համար։ Խոսվում էր նաև նրա մասին, որ օրենքով թույլատրվելու էր Կեսարին ունենալ մի քանի կին, որպեսզի նա կարողանա օրինականացնել իր կապը Կլեոպատրայի հետ։ Այս ամենը մեծացնում էր լարվածությունը։

Այս ամենի պատճառով Բրուտոսը սկսեց դավադրություններ կազմակերպել Կեսարի դեմ։ Դրա կազմակերպման հարցում Բրուտոսին օգնում էին իր ընկեր և աներձագ Գայոս Կասսիոս Լոնգինուսը և այլ մարդիկ, ովքեր իրենց անվանում էին «Ազատարարներ»։ Ըստ Նիկողայոս Դամասկոսցու՝ խումբը քննարկել էր մի շարք պլաններ՝ սպանությունը իրականացնելու համար։ Նիկողայոսը գրում է, որ սպանությանը նախորդած օրերին Կեսարի բժիշկները, ընկերները և նույնիսկ նրա կինը՝ Կալպուրնիան, խնդրում էին Կեսարին, որ նա տարբեր պատճառներով չգնա Սենատ, ներառյալ բժշկական խնդիրները և Կալպուրնիայի անհանգստացնող երազները։ Կեսարը պատրաստվում էր ներխուժել Պարթևստան (հետագայում սա իրականություն դարձավ նրա իրավահաջրոդի՝ Մարկոս Անտոնիոսի կողմից, որը, սակայն, անհաջողության մատնվեց) և դրա համար –պլանավորում էր Արևելք մեկնել մարտի 18–ին։ Սպանությունից երկու օր առաջ Կասսիոսը հանդիպել է դավադիրներին և ասել, որ եթե իրենց ծրագիրը բացահայտվի, ապա պետք է ինքնասպանության դիմել[8]։

Սպանություն․ Մարտյան իոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ռեինիի «Կեսարի սպանությունը» ("L'assassinio di Cesare") կտավը

Իր մահվան նախորդ օրը Կեսարը ճաշում էր Լեպիդոսի հետ, ինչի ժամանակ հարց է ծագում, թե մահվան ո՞ր տեսակն է նախընտրելի, որին Կեսարը պատասխանում է՝ «անսպասելի»։ Նույն գիշեր նրա կինը երազ է տեսնում, թե ինչպես են Կեսարին իր գրկում սրախողխող անում, իսկ սպանության օրը՝ առավոտյան, խնդրում է Կեսարին չգնալ Սենատ, ինչի հետևանքով Կեսարը Անտոնիոսին ուղարկում է Սենատ՝ հայտնելու իր չգալու մասին, սակայն Դեմիցիոս Բրուտոս Ալբինը, ով դավադիրների շարքից էր, համոզում է գնալ Սենատ՝ նոր դժգոհությունների առիթ չտալու համար։ Ճանապարհին Կեսարը հանդիպում է գուշակ Սպուրիննային, ով նույնպես զգուշացնում է մարտյան իդոսների վտանգի մասին։ Կեսարը նրան հարցնում է՝ «Բայց չէ՞ որ մարտյան իդոսները արդեն եկել են», ինչին ի պատասխան գուշակը ասում է․ «Այո՛, եկել են, բայց չեն անցել»։ Կեսարը ստանում է նաև 2 գրավոր զգուշացում, որոնք, սակայն, ժամանակ չունենալու պատճառով չի կարդում։

Սովորություն գոյություն ուներ, որ մինչև Սենատ մտնելը պետք է կատրավեին զոհաբերություններ։ Կատարվող զոհաբերության ժամանակ տեղի է ունենում մի դեպք։ Զոհաբերության համար նախապատրաստված կենդանիներից մեկի մոտ սիրտ չի հայտնաբերվում, ինչը գլխավոր քրմի մոտ վախեր է առաջացնում։ Կեսարը նրան հանգստացնում է՝ ասելով, որ իր հետ նման դեպք էլի է պատահել Իսպանիայում, երբ պատերազմում էր Պոմպեոսի որդիների հետ, ինչին ի պատասխան՝ քուրմը հիշեցնում է, որ այդ ժամանակ նույնպես Կեսարը մահացու վիրավորվել էր։

Դավադիրների մոտ ևս կային անհանգստություններ։ Երբ սենատորներից մեկը բռնում է դավադիրներից մեկի՝ Կասկայի ձեռքը և ասում՝ «Դու ինձնից՝ քո բարեկամից, թաքցնում ես, բայց Բրուտոսն ամեն ինչ ինձ պատմել է», ինչին ի պատասխան Կասկան շփոթմունքից լռում է, իսկ խոսակիցը ծիծաղելով շարունակում է՝ «Դու որտեղի՞ց ես վերցնելու իդիլի պաշտոնում ընտրվելու համար միջոցներ»։ Պոպիլոս Լենան, տեսնելով որ դավադիրներ Բրուտոսը և Կասսիոսը զրուցում են, մոտենում է նրանց և հաջողություն մաղթում այն բանի մեջ, ինչը նրանք մտադրվել են անել, ապա խորհուրդ տալիս, որ շատապեն։ Դավդիրների լարվածությունը մեծանում է, երբ նույն սենատոնը մոտենում է Կեսարին և երկար առանձնազրույց ունենում նրա հետ։ Նրանք կարծում են, որ դավադրությունը բացահայտվել է, սակայն հետագայում պարզվում է, որ Լենան անձնական խնդրանքով էր մոտեցել Կեսարին։

Մարտյան իդոսներ

Սենատի նիստը սկսվում է։ Պոմպեոսի կուրիայում՝ Սենատի ամբիոնի մոտ, Կեսարին շրջապատում են դավադիրները․ Լոցիոս Տուլիոս Ցիմբերը Կեսարից ներում էր խնդրում իր եղբոր համար[9], իսկ մյուս խումբը կանգնած էր Կեսարի հետևում։ Նույն պահին Ցիմբերը սկսում է քաշել Կեսարի տոգան՝ նշան տալով դավադիրներին, որ սկսեն դավադրությունը[10]։ Կեսարը բղավում է՝ «Ինչո՞ւ․ սա բռնություն է» (լատին․՝ Ista quidem vis est!)[11], ինչից հետո առաջին հարվածը դիկտատորի վզին հասցնում է Պուբլիոս Սերվիլիոս Կասկան։ Կեսարը արագորեն շրջվել է և ձեռքով բռնել Կասկային, ապա ասել՝ «Ստո՛ր Կասկա, այդ ի՞նչ ես անում»[12], ինչին ի պատասխան Կասկան վախեցել է և հունարենով գոչելով՝ «Օգնիր ինձ, եղբա՛յր» (հին հունարեն՝ ἄδελφε, βοηθεῖ)՝ օգնության կանչելով եղբորը։ Այս ամենից հետո դավադիրների խումբը հարձակվել է Կեսարի վրա։ Նա սկսել է պաշտպանվել, սակայն երբ այդ խմբի մեջ տեսել է Մարկոս Բրուտոսին, ըստ ավանդության, հունարեն ասել է՝ «Եվ դո՞ւ, որդյակ իմ» (հին հուն․՝ καὶ σὺ τέκνον)[13], իսկ ըստ մեկ այլ տարբերակի՝ «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»[Ն 2] (լատ․՝ Et tu, Brute?), ինչից հետո, ըստ Պլուտարքոսի, դադարեցրել է դիմադրությունը։ Դավադիրները այնքան տարերային էին գործում, որ հաճախ հարվածում էին նաև միմյանց[7]։ Ըստ Եվտրոպիոսի՝ դավդիրների թիվը հասնում էր 60-ի[14]։

Հետագա դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիոս Կեսարի անշնչացած մարմինը սպանությունից անմիջապես հետո

Սպանությունից հետո պարզվում է, որ Կեսարի ստացած 23 վերքերից[15][16][17] միայն մեկն է մահացու եղել[7][18]։ Կեսարի կողմանկիցները՝ Անտոնիոսը, Օկտավիանոսը և այլք, թաքնվում են, իսկ դավադիրները Կեսարի դին տանում են Պոմպեոսի արձանի ոտքերի տակ։ Նրանք քաղաքով մեկ գոչում էին, որ «բռնակալը» սպանված է, կոչ են անում ժողովրդին միանալ իրենց, սակայն ժողովուրդը փակվում է տներում՝ վախենալով դավադրությունից։ Կեսարի ստրուկներից միայն 3–ն են համարձակություն ունենում իրենց տիրոջ դին պատգարակով տուն տանել։ Հետագայում՝ թաղման խաղերից հետո, ամբոխը Կեսարի մարմինն այրել է ֆորումում, ինչի համար օգտագործել են շուկայի վաճառասեղանները[19].

Մարկոս Անտոնիոսը՝ Հուլիոս Կեսարի դիակի դիմաց

«Ոմանք առաջարկել են նրան այրել Կապիտոլյան Յուպիտերի տաճարում, մյուսները՝ Պոմպեոսի կուրիայում, երբ անսպասելիորեն հայտնվել են թրերով գոտևորված, տեգերը թափահարող երկու անհայտ անձինք, և մոմե ջահերով այրել են կառույցը։ Այդ ժամանակ շրջապատող ամբոխը սկսել է դեպի կրակը քարշ տալ չոր ցախեր, նստարաններ, դատավորի բազկաթոռներ և այն ամենը, ինչը բերվել էր որպես նվեր։ Ապա ֆլեյտահարներն ու դերասաններն սկսել են իրենց վրայից պոկել տոնական հագուստները, որ հագել էին այդ օրվա համար, և պատռելով՝ նետում դրանք կրակի մեջ, ծեր լեգեոներները այրում էին զենքերը, որոնցով նրանք զարդարվել էին թաղման համար, իսկ շատ կանայք՝ իրենց զարդերը, որ կրում էին, երեխաների զգեստները»[20]։

Կեսարի սպանությամբ սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որի եռապետեր դարձան Օկտավիանոսը, Լեպիդոսը և Անտոնիոսը։ Կեսարի սպանության վրեժը լուծելու համար Օկտավիանոսը պատերազում է Մարկոս Բրուտոսի և Սեքստոս Պոմպեոսի դեմ և հաղթանակ տանում նրանց նկատմամբ, ապա սկսվում է պայքար եռապետերի միջև, որն ավարտվում է Հռոմեական հանրապետության վերջին պատերազմով՝ Անտոնիոսի և Օկտավիանոսի բախմամբ՝ Ակտիումի ճակատամարտով, որտեղ Անտոնիոսը պարտություն է կրում և շուտով մահանում։ Այդ ամենից հետո շուտով անկում է ապրում Հռոմեական հանրապետությունը և ստեղծվում է Հռոմեական կայսրությունը։

Նշանավոր իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարի սպանությունից հետո երկնքում հայտնվել է մի պայծառ գիսաստղ, որը հայտնի է հենց իր՝ Կեսարի անվամբ։ Քանի որ այն շատ պայծառ էր և երկնակամարում երևացել է Կեսարի պատվին կազմակերպված տոնախմբությունների ժամանակ, կարծիք է եղել, որ այն սպանված դիկտատորի հոգին է[21][22]։

Դավադիրների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրուտոսը և Կեսարի հոգին

Դավադրություն կազմակերպողների թիվը հասել է շուրջ 60 հոգու, սակայն սպանության ամբոխին միացողները շուրջ 40-ն էին, որոնց միայն կեսի անուններն է պահպանվել պատմության քառուղիներում[23]։ Սպանության մասնակիցներից հայնի են՝

Ցիցերոնը դավադրության մաս չի կազմել, սակայն հետագայում Գայոս Տրեբոնիոսին ուղղված նամակում նշել է, որ նա «կցանկանար հրավիրված լինել այդ խնջույքին»։ Նա կարծում էր, որ «Ազատարարները» պետք է սպանեին նաև Մարկոս Անտոնիոսին[30]։

  1. Այս տիտղոսը կրում էին երկրի հոգևոր առաջնորդները։
  2. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս» արտահայտությունը տարածում է գտել Վիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսի շնորհիվ (III գործողություն, տեսարան 1, 77)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Livy Periochae 116.3, Suetonius Caesar 80.4, Nic. Dam. 19, Dio Roman History 44.14
  2. «Cassius Dio — Book 44». penelope.uchicago.edu.
  3. Suetonius, Julius 78
  4. 4,0 4,1 Plutarch, Caesar 61
  5. Suetonius, Julius 79.2
  6. Suetonius, Julius 79.3
  7. 7,0 7,1 7,2 «ՀՈՒԼԻՍ ԿԵՍԱՐ». ankakh.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  8. Plutarch, Caesar 58.6
  9. Plutarch – Life of Brutus. Եղբայրը Պուբլիուս Ցիմբերն էր.
  10. Утченко, 1976, с. 328—333
  11. «Internet History Sourcebooks». sourcebooks.fordham.edu.
  12. Plutarch, Life of Caesar, chapter 66: "ὁ μεν πληγείς, Ῥωμαιστί· 'Μιαρώτατε Κάσκα, τί ποιεῖς;'"
  13. (Suet. Iul. 82) Սվետոնիոս, Աստվածային Հուլիոս, 82։
  14. 14,0 14,1 Rawson, Cambridge Ancient History, vol. IX, p. 465.
  15. Cohen, J. (October 11, 2012). Julius Caesar’s Stabbing Site Identified. Retrieved from History.com
  16. Woolf Greg (2006), Et Tu Brute? – The Murder of Caesar and Political Assassination, 199 pages – 1-86197-741-7
  17. (Plut. Caes. 66) Պլուտարքոս, Կեսար, 66։
  18. Suetonius, Julius, Կաղապար:Circa 82.
  19. (Plut. Caes. 68) Պլուտարքոս, Կեսար, 68։
  20. (Suet. Iul. 84) Սվետոնիոս, Աստվածային Հուլիոս, 84։
  21. (Suet. Iul. 88) Սվետոնիոս, Աստվածային Հուլիոս, 88։
  22. (Plut. Caes. 69) Պլուտարքոս, Կեսար, 69։
  23. Epstein, David F. (1987). «Caesar's Personal Enemies on the Ides of March». Latomus. 46 (3): 566–570. JSTOR 41540686.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 24,7 Appian, Civil Wars II.16.113
  25. Appian, Civil Wars II.16.117
  26. Appian, Civil Wars V.1.7
  27. Velleius Paterculus, II.86.3
  28. Appian, Civil Wars II.16.113, 117
  29. Dio, LI.8.2
  30. Ad Att. XIV 12

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]