Ակսել Բակունց (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակսել Բակունց (այլ կիրառումներ)
Ակսել Բակունց
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1960
բարձրություն137 ± 1 սանտիմետր
լայնություն102 ± 1 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
Ակսել Բակունց
Ծանոթագրություններ

«Ակսել Բակունց», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բակունցը եղել է Իսաբեկյանի կուռքը։ Նա Բակունցին զգացել է հոգով, արյամբ, յուրաքանչյուր նյարդով՝ հիմնավորելով ցանկացած հետևություն դարձվածքներով ու փաստերով։

Նկարի ստեղծման դրդապատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանը և մի խումբ երիտասարդներ աշխատակցում էին Պիոներ կանչ և Ավանգարդ թերթերին։

Իսաբեկյանի խոստովանությունը. «Բակունցին «անմնացորդ սիրահարվածներս իրեն տեսնելու համար պատրաստ էինք հարկի-անհարկի գլուխներս խոթել դռան արանքից»։ Խմբագրությունից հետո էլ, իմանալով, որ Բակունցը ժամը երեքին Աբովյանի մայթով իջնելու է «Սևան» հյուրանոց՝ իրեն հատկացված աշխատասենյակում աշխատելու, բուլվարի մոտ դարան մտած սպասում էինք, որ բարևենք։ Եվ գալիս էր մեր կիսաստվածը, մի գլուխ բոլորից բարձր, կապույտ կամ սպիտակ «կոսովորոտկան» հագին, հյուսված, ծոպերով գոտին անփութորեն կապած, թևի տակ անբաժան մի գիրք՝ տետրակը մեջը։ Իջնում էր դանդաղ, մտազբաղ ու հանդիսավոր, հայացքը Բուդդայի պես՝ անորոշ հեռուները Կես դարից ավել է անցել տպավորությանս վրայից, բայց նրա հմայքը, անջնջելի դաջվել է հոգուս և սրտիս վրա։ Նրա հմայքը մեր մեջ լցվել էր առաջին հերթին իր գրվածքներից, իսկ մնացածը հրաշալի լեգենդ էր, հասկանալի և անբացատրելի»։

«Եվ լսում էինք նրա կատակով արված դիտողությունները, որից լուռ փշաքաղվում էր նա, ում վերաբերում էին, և զարմանալի ելույթները, որ ամեն անգամ ցնցում, ապշեցնում էին ո°չ միայն մեզ` պատանիներին։ Ի՜նչ ընդգրկումներ, հարցերի, պրոբլեմների ինչպիսի բազմառատություն ու խորություն՝ պատմություն, գրականություն, ձիաբուծություն, որդան կարմիր, վարդի յուղ, մանրանկարչություն, խոտաբույսեր»։

«Հետո միայն հասկացա, որ մեզ պարզապես բախտավոր երջանկություն էր վիճակվել. կարող էինք բացել օրվա թերթերը, ամսագրերը և, դեռ տպագրական թերթի հոտը վրան կարդալ Չարենցի հերթական «ստիխը», Բակունցի, Թոթովենցի, Մահարու պատմվածքը, ակնարկը, ֆելիետոնը»։

«Արվեստագետի, հատկապես գրողի համար կա մի ճշմարտություն. դա բաց աչքերով ճշմարտությունը տեսնելու խիզախությունն է։ Բակունցը չէր փակում աչքերն հայ մարդու տառապանքով սկսվող նոր կյանքի առաջ, և առաջին անգամ գրականության կենդանի հերոսներ դարձրեց հնձվորներին, այգեպաններին, սերմնացաններին, բրուտներին, փոստատարներին, հովիվներին։ Դա° է ճշմարիտ հայրենասիրությունը»։

Այսպիսի խոհական-վերլուծական տեքստի միջոցով բացահայտվում է նաև իսաբեկյանական ներաշխարհը, նրա խորաթափանցության ուղղվածությունը։ Բակունցի գեղանկար-դիմանկարի համար ընտրած «Կյորեսի» պատկերը բնական է, տրամաբանված։ Բացառիկ է եղել Իսաբեկյանի առաջին անգամ Հին Խնձորեսկ այցելության տպավորությունը (բնակեցվել է մինչև 1962 թվականը)։ «Առավոտը շատ վաղ էր,- գրում է նա,- և Խնձորեսկը կապույտ մշուշի մեջ էր, ոչ մի տուն չէր երևում, ձորից միայն ծերպերի ծայրերն էին ցցված` հայտնի ու անհայտ կենդանիների տեսքով։ Հետո կատարվեց հրաշքը. արևը դուրս եկավ, և մշուշն ահռելի կապույտ վիշապի նման սկսեց գալարվել ու քաշվել գյուղից։ Աչքերիս չէինք հավատում, որ հեքիաթ չէ տեսածս։ Դե ինչպես չսիրես այդ երկիրը»։

Իսաբեկյանի բակունցյան կերպարի հետ է կապված Վահագն Դավթյանի «Ժողովրդական կյանքի ակունքից» հոդվածը[1]։ Ընդհանրացնելով ժողովուրդ, պատմություն, հայրենի բնություն թեմաները բակունցյան, իսաբեկյանական աշխարհընկալումներում, հոդվածի հեղինակը, ելնելով ստեղծագործական խառնվածքից, նախասիրություններից, գույների և երանգների ընդհանրություններից, զուգահեռում է երկու արվեստագետների կյանքին նայելու համարժեք սկզբունքները։ Բացի գեղանկարչության մեծերից, Վ.Դավթյանը Բակունցին ևս համարում է Իսաբեկյանի ուսուցիչը, բակունցյան կերպարվեստը՝ կատարված բառերի կախարդական գույնով»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ակսել Բակունցի դիմանկարը» ստեղծելիս Իսաբեկյանը դիմել է կոմպոզիցիոն-կառուցվածքի իր համար ավանդական ձևին՝ տեղադրելով ֆիգուրը կտավի ուղղաձիգ առանցքից աջ կիսահատվածում, երեք քառորդով, ստորին հորիզոնականով սահմանափակում պատկերը կոնքագծից քիչ ցած։ Ընդհուպ մոտեցնելով կերպարը դիտողին, նկարիչը տարածության գահավիժող ու սլացիկ վեր խոյացող համայնապատկերը ծավալում է նաև ֆիգուրից ետ՝ կտավի ողջ մակերեսով։

Բակունցի ողբերգականորեն ընդհատված կյանքից տասնամյակներ անց իրագործված գեղանկար-մտահղացումը նկարիչ-արվեստագետի խորին պատկառանքն է, ափսոսանքը, գնահատանքի անմնացորդ նվիրումը։

Ձիգ, զուսպ կեցվածքի նկարագիրն անկաշկանդ է. բաճկոնի եզրերը բաց են, ձեռքերը՝ գրպանում։ Գրողի դեմքին ակնհայտ են ներքին հույզն ու լարվածությունը, «խստաշուք»` գունային հարուստ վրձնահարվածներով։

Աշխատանքում ընգծված է Բակունցյան` Հայրենիքի հետ կապի մնայուն արժեքը։ Նկարի կառուցվածքում առկա են յուրահատուկ երանգներ. անդնդախորքից «վեր հառնող կերպարանքը» նկարչի համար աշխատելու պահին արդեն պատմա-ռետրոսպեկտիվ բնույթ ուներ, որքան էլ որ վառ ու հստակ լիներ դիմագծային-կերպարային պատկերացումը։ Իմաստաբանորեն Սյունյաց լեռնաշխարհի հետ ունեցած կապը նախ և առաջ հոգու կապն է։

Չնայած այս կառուցվածքային սկզբունքը զուգահեռվում է Սարյանի «Ավետիք Իսահակյանի դիմանկարի» հետ ևս, տարբերությունը մեկնաբանման իմաստով մեծ է։ Բակունցի կերպարանքը վեր է խոյացել անհատակ խորքից, ի հեճուկս ժամանակի նսեմ ոճրագործության։ Կերպարի դիրքն ու հայացքը (երկուսն էլ երեք քառորդ դիրքով) միջանկյալ են, հավասարապես փոխկապակցված «հայրենիք-բնաշխարհ» (ֆոն) և ժողովուրդ (դիտող) ժամանակային-տարածական հարթությունների համար։ Կերպարի ուրվապատկերում, ձևի և գույնի կառուցվածքում անվերջանալիորեն փոխակերպվում, խտանում են մեղմ ու կտրուկ գունակառուցվածքային շեշտերը, ազատ անկաշկանդությունն ու ներքին անհանգստությունը։

Կտավում գերիշխում է կապտա-մշուշ, կապտա-մանուշակագույն երանգայնությունը, առավոտյան օդա-լույսային լեռնային խստության յուրահատուկ շունչը։ Թույլ վարդա-մանուշակագույն լրացումները «հավաքվում», խտանում են կերպարի վերնաշապկին, համեմատաբար լոկալ երկու խոշոր հատվածներով (վերնաշապիկը, բաճկոնը) ամբողջացնելով կտավի կոլորիտային լուծումը։ Լույսը սառը արծաթի հնչեղությամբ շեշտում է կերպարի ճակատոսկրը, փափուկ սահում ուսագծերով, ավելի ջերմ տաքությամբ արձագանքվում դեմքին։

Բակունցի դիմանկարը կոմպոզիցիոն-կառուցվածքով բազմաթիվ զուգահեռներ ունի հենց Իսաբեկյանի արվեստում, սակայն մեկնաբանման խորաթափանցությամբ այն վեհարձան է, ռետրոսպեկտիվ-ռոմանտիկ բնույթի դիմանկարի ձևամտածողությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://eduardisabekyan.com/?p=3503
  2. Իսաբեկյան Մ. - Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ժանրային և ձևա-ոճական առանձնահատկությունները (Ատենախոսություն) - Երևան, 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]