Բնորդուհին (Արվեստանոցում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Բնորդուհին
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1985
բարձրություն 146,5±0,1 սանտիմետր
լայնություն 97,5±0,1 սանտիմետր
նյութ յուղաներկ և կտավ
հավաքածու Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
Բնորդուհին (Արվեստանոցում)


Բնորդուհին (Արվեստանոցում), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը՝ Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի աշխատասենյակի ինտերիերն է, սեղանին հենված բնորդուհու կիսամերկ պատկերով։ Արվեստանոցի կիսամթում երևում են պատի գեղանկարները, որոնցից ամենախոշորը հետաքրքիր կոմպոզիցիոն-գունային լրացում է։ Ընթերցվում են կերպարային ձևերի դինամիկան, հեծյալի ու կիսամերկ կանացի ֆիգուրի իմաստա-բովանդակային կապը, որ գեղանկարչական հախուռն պլաստիկայով հիշեցնում է «Առևանգումների» շարքը։ Գունային գամման երանգավորումների խլացված հնչեղությամբ, շրջանակի, համատարած «կետաբծային» մշակումով, պատի, առարկայական թվարկման հետ միասնական ամբողջություն է կազմում, ընդգծում ստեղծագործական մթնոլորտը, առարկաների տրամաբանված, խնամքով դասավորվածությունը (սեղանի, աթոռակի և այլն)։ Զարմանալի խաղաղություն է տիրում շուրջը։ Ստվերների ընդհանուր աղոտության շնորհիվ նկարիչը կարծես ցուցադրում է գեղանկարչական պատկերային հնարավորությունը, գունա-երանգային հարուստ շերտերի թեթևությամբ մասնակիորեն հաղորդակից դարձնում դիտողին արվեստագետի ստեղծագործման սրբազան վայրին, կեցության և աշխատանքային գաղտնարանին։ Հաղորդակցությունն աննշան է, հազիվ շոշափելի, առավել մոտ զգայական ընկալողականությանը։

Արվեստագետի կիրառած ինտերիերի պատկերային մեթոդն առաջին հերթին ուղղված է կնոջ կերպարի բացահայտմանը։ Իսաբեկյանի ընտրած մոդելն ունի դիմահայաց դիրք, անկաշկանդ հարմարավետ կեցվածքի ատրիբուտներ, ինչպես օրինակ ներքևում խաչաձև ոտքի անմիջականությունը, սեղանին հենված աջ ձեռքը, հագի խալաթաձև երկար շապիկը։ Արտասովոր արտիստականությամբ է աչքի ընկնում իսաբեկյանական տեսունակությունը։ Առարկայական ձևերի, կնոջ կերպարի գունա-ֆակտուրային առանձնահատկությունները խորհրդավորություն են հաղորդում իրականին, յուրահատուկ դարձնում առօրեականը, հուզական ու «նոր», անկրկնելի հմայք հաղորդում ստեղծագործությանը։

Այստեղ իսաբեկյանական վրձինը հագեցնում է օդային միջավայրը խավարամշուշի պատրանքա-զգայականությամբ (ինչպես հատկապես «Պատասխան Հազկերտին կտավում»)։ Հուզականության աննախադեպ օրինակ է կանացի մերկության այս մեկնաբանումը։ Լուսա-ստվերային ամենահարուստ խաղով նկարիչը պատկերում է զգայական թրթիռ, մաշկի տաք ու սառը ողորկության շոշափելիությունը, ստեղծում նյութական-իրականի տպավորություն, ձևա- ծավալային շքեղությունը լուսավորում ու սքողում գեղանկարի զգայական պլաստիկայով։ Խորհրդավոր լույսի ջերմ տաքությամբ ու արխայիկ ժպիտով մեզ է «նայում» ուռուցիկ դիմակի կիսադեմը, հեղինակային քմահաճույքի՝ իմաստա- հոգեբանական առիթ, ուղղված դիտողի խոհին, երևակայությանը կամ որպես ակնարկ (ինչպես հայելին Վելասկեսի «Վեներայում», ձեռքերը կապված արտասվող ամուրը Ռեմբրանդտի «Դանայայում», սև կատուն Մանեի «Օլիմպիայում» և այլն)[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]