Jump to content

Հարսանյաց երթ Կողբից Իգդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսանյաց երթ Կողբից Իգդիր
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1985
բարձրություն69
լայնություն70
նյութստվարաթուղթ, յուղաներկ
կայք
Ծանոթագրություններ

«Հարսանյաց երթ Կողբից Իգդիր», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1985 թվականին հեղինակային երևականությամբ ստեղծած աշխատանքը։

«Հարսանյաց երթ Կողբից Իգդիր» կտավում Իսաբեկյանը պատկերել է փաստ, որին իրականում ականատես չէր կարող լինել. իր ծնողների՝ կողբեցի Սաթենիկի և իգդիրեցի Հմայակի հարսանյաց երթը, կերպավորված որպես նրանց կենսագրության, համատեղ կյանքի «սկիզբ»[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիսակատարության մասնակից-անձանց թիվն արվեստագետը նվազեցնում է՝ պատկերի աջ հատվածում զետեղելով միայն հեծյալների ու երաժիշտների (զուռնայով, դհոլով) երկուական կերպարներ։ Կտավի կենտրոնում հանդիսավոր շուքով ձիու գավակին նստած հարսի պատկերն է, նկարագրի մաքրությամբ ու բանաստեղծականությամբ, հեզաճկուն ընդհանրացված կեցվածքով, նուրբ ու հուզական։ Ձիու սանձը բռնած փեսացուի քայլն ավելի շուտ ստատիկ դիրք է ընկալվում, քան շարժում։ Անսովոր կացության վեհությամբ ներթափանցված է կենտրոնական ֆիգուրների խումբը (հարսնացուն ձիու վրա, փեսացուն սանձը բռնած)։ Շարժումը որպես այդպիսին ընկալվում է ֆիգուրների, գլուխների դիրքով, դեմքերի ու հայացքների ուղղվածությամբ, կոմպոզիցիոն ընդհանուր կորավուն ռիթմով (կտավի կենտրոնից դեպի ձախ), նույնիսկ հեծյալների ու երաժիշտների կերպարներն ընկալվում են իբրև հրաժեշտ տվող ուղեկցողներ, և ո՛չ ուղեկիցներ։ Մուգ գունային հագեցածության հիանալի առանցք է կենտրոնական ֆիգուրը (հարսը) արծաթափայլ ճերմակ քողով ու երկար հագուստով, որոնց ծալքերի լուսաստվերային ու ծավալային մշակումները հարստացնում են գեղանկարչական կատարման գեղեցկությունը։

Լույսի արևային ջերմությունը հեռվում ուրվագծում է լեռնազանգվածի հատվածը, ընդլայնում միջավայրի տարածական տպավորությունը։ Ինտիմ-կամերային տրամադրությամբ այս ստեղծագործությունը տարեգրության պատկերային այլաբանություն է, հարազատ կերպարների ու հայրենիքի գոյության, ժամանակի ընթացքի փիլիսոփայական աշխարհընկալում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]