Նավզիկե (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավզիկե
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1964
բարձրություն140 ± 1 սանտիմետր
լայնություն150 ± 1 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
Նավզիկե
Ծանոթագրություններ

«Նավզիկե», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Իսաբեկյանի կանացի կերպարների պատկերասրահում առանձին տեղ է գրավում «Նավզիկեն» (1964)։ Այստեղ կանացի կերպարի կոնկրետությունը ձուլվում է ցնորական ձևերում, վերակերպավորվում ընդհանուր, իդեալական գեղեցկության մեջ, պահպանելով արվեստագետի նախասիրությունը խոշոր քանդակային ծավալաձևերի ընդհանրացումների հանդեպ։ Ռեմբրանտի «Դանայայի» պես Իսաբեկյանի «Նավզիկեի» ապարանջանները միակ զարդերն են, որոնք ավելի են ընդգծում մարմնի զգայական մերկությունը։ «Բեմական» վերացական ֆոնը գունային ակտիվ հակադիր զանգվածներով, նաև ջրի մակերևույթի հարթ դեկորատիվ մեկնաբանումը, երկնքի գունային խաղը՝ արտացոլանքներով, անիրական ու պատրանքային են։ Թանձր ու հագեցած կապույտ երկնարտացոլքից փղոսկրյա մարմնի ողորկ ձևերն «ուղղված են» դիտողի ուշադրությանը։

Վրուբել – Սերով – Իսաբեկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրուբելի, Սերովի ստեղծագործական ուշ շրջանի պատկերային միջոցների արտահայտչականության յուրահատուկ արձագանք կա Իսաբեկյանի այս ստեղծագործության մեջ։ Թեմայի դիցաբանական ընդհանրացումից բացի, այլ հատկանիշներ ևս առկա են կերպարային նկարագրի գեղարվեստական մեթոդում։ «Հարթ, ցածրադիր լուսագունային միրաժ (պատրանք), կարծես թատերական բեմանկար, անիրական ընդհանրացված ֆոն. գույների տոնական հնչողությունն առանձնացնում է քանդակային աստվածուհու մարմարյա մերկությունը»։ Այս վերլուծական նկարագիրը զարմանալիորեն կիրառելի է Իսաբեկյանի «Նավզիկեի» համար, թեև իրականում վերաբերում է Վալենտին Սերովի «Նավզիկեին»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրելով «Ոդիսականի» այն դրվագը, երբ Ոդիսևսը նավով լքում է Նավզիկեին, Էդվարդ Իսաբեկյանը մեծապես ընդհանրացնում է գրական երկի կոնկրետությունը (հազիվ նշմարելի ուրվագծով պատկերելով նավը հորիզոնի գծին), Նավզիկեին տալով ազգային կերպարային, դիմագծային նկարագիր։

Ընդհանրացմանը շատ բանով նպաստում է պատմողականության բացակայությունն իսաբեկյանական մեկնաբանման մեջ։ Ընդհանրացման դեկորատիվ սկզբունքից ելնելով՝ Իսաբեկյանն այս կտավում չի խաթարում վերացական-պատրանքային բեմաթատերական հանդիսավորությունը, որն առավել ընդգծում է կանացի դասական պլաստիկան։ Այն նրբացված է գլխի, կիսադեմի տիրական շրջադարձով, ձեռքերի զուգահեռ ռիթմով։ Իսաբեկյանը չափի նուրբ զգացողությամբ, կնոջ դեմքին հաղորդում է թախծի հուզականություն, որն ըստ բովանդակության ու էության լքյալի կերպար է՝ մարմնի կաթնագույնին հակադրելով գորշ մոխրավուն ստվերները թարթիչների տակ, այտին, պարանոցին[1]։

Նավզիկեն քերեցի...Չեմ ափսոսում, քանի որ դուրս չէր գալիս։

Էսօր էսքիզ արեցի Ծովինարի, որ Սանասարի, Բաղդասարի հետ ծովից դուրս է գալիս։
Հենց այդ քերածի վրա էլ կարելի է նկարել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մհեր Իսաբեկյան «Կանացի կերպարները Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործության մեջ»
  2. «Նավզիկե. 1964, կտավ, յուղաներկ, 140×150 / Nausicaa | Eduard Isabekyan». eduardisabekyan.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]