Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում
Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում
The notable figures from Igdir, Funeral in Igdir.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1980-2000
բարձրություն 301
լայնություն 401
նյութ Կտավ, յուղաներկ
գտնվում է Հայաստան
հավաքածու Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք


«Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1980-2000 թվականներին ստեղծած աշխատանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի իմաստա-հոգեբանական առանցքային բնույթն հարազատ է Իսաբեկյանի «Իգդիր» գրական ստեղծագործությանը։ Երկուսն էլ երկ են` հիմնված կերպարների կոնկրետության վրա. ազգ, գերդաստան, ընտանիք, անհատականություն, ճակատագիր:

«Իգդիրի երևելիները. Թաղում Իգդիրում» կտավը պատմություն է, իսաբեկյանական ազգային ոգու, աշխարհայացքի խտացում, որտեղ հիմնական շեշտը դրվում է իրական կերպարների նմանությանը, նրանց մեկդի հավաքական «ներկայությանը», առաջադրում ոչ՛ միայն Իգդիրի հետ կապ ունեցող անձանց (արմատներով, ծնունդով), այլև գերդաստանի հետ ընտանեկան կապ ունեցող մարդկանց, սերունդ, որի ծննդավայրը Երևանն է, խորհրդային և արդի Հայաստանը: Հուղարկավորությունը ողբերգական-դրամատիկ թեմա լինելով, ենթադրում է կոնկրետ անձնավորություն, ում վախճանը սգում են արարողության մասնակիցները[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի ստորին հատվածում հարթ հողաթմբի վրա նստած են երեք ճերմակ աղավնիներ, սակայն թումբը պատկանելիություն չունի։ Այն մատնանշում է մարդկային կյանքի անխուսափելի ավարտը, ժամանակի անցողիկության ու կարճատևության փոխաբերությունը։

Կտավում կա 45 անձ։ Բոլորի դեմքերը չէ, որ մշակմամբ հասցված են ճանաչելիության աստիճանի։ Մի քանիսի հեղինակային գունաշերտերը մաքրված են, վերանկարելու նպատակով։ Իսաբեկյանը չի հասցրել ընդգրկել ևս 5-6 կերպարներ, որ մտահղացել էր ի սկզբանե, ինչպես Ամասիային, Արային, Երվանդին, սակայն վարպետը ճշգրտորեն մատնանշում է կոմպոզիցիայի որ հատվածում ով պետք է տեղ գտներ։

Յուղաներկ կտավի կոմպոզիցիոն կառուցվածքը խիստ սկզբունքային է։

Հուղարկավորության գաղափարը պայմանական բնույթ է կրում, ուստի կերպարների «մասնակցությունը» ծեսին ևս պայմանական է։ Կերպարային «բազմությունը» «կապելլայի» հանդիսավորությամբ պատկերված է ընդհանրացված ֆոնին՝ բիբլիական Արարատի վեհափառ մեծ գագաթի և եկեղեցու։ Չնայած ստեղծագործության անվանումը մատնանշում է գործողության վայրը (Իգդիրում), կիրառված ընդհանրացումներն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունեն, ի նկատի ունենալով Հայոց աշխարհն առհասարակ։

Արարատի գագաթից ձախ տեղ գտած եկեղեցու ուրվապատկերը հարթ պատերով, ծավալներով, գմբեթի սուր տանիքով, թմբուկի սյունակամարաշարի բացվածքներով, մուտքի կողմից ճակտոնների եռակի ռիթմով մոնումենտալ է, սակայն միևնույն ժամանակ վեր խոյացող ընդհանրացված թեթևությամբ (ըստ վարպետի Իգդիրում կար երեք եկեղեցի)։ Ընդհանրացման ու խորհրդանշական մոտեցումն են վկայում երկնքում ճախրող երկու հրեշտակները, որոնք ասես երկնակամարից ցած են սուրում ավելի շատ օրհնելու կամ փառաբանելու, քան սգալու։

Գորշ չեզոք ընդհանուր ֆոնը կտավի գունահենքն է, որ երևում է հատկապես երկնքի աջ չմշակված հատվածներում։ Գեղանկարչական պլաստիկ լեզուն հասկանալի ու պարզ է դառնում մուգից բաց մշակումների պատկերային մեթոդից ելնելով։ Իսաբեկյանը կերպարների մեծ մասի դիմագծերն «արարում» է հիշողությամբ, երբեմն էլ՝ հիմք ունենալով պահպանված լուսանկարները։ Կերպարների դիրքերն համեմատաբար ընդհանուր են, սակայն նկարագրերով՝ տարբեր։ Առավել մշակված կերպարները զուրկ են լուսանկարչական ստատիկայի անկենդանությունից, ճանաչելի են նկարագրերի ճշմարտացիությամբ։ Գունալուսային շեշտերով նկարիչն առանձնացնում է կանանց կերպարները, կոմպոզիցիոն միասնականությամբ՝ իր և քրոջ ընտանիքների անդամներին։ Լուսավորության ընդհանուր սկզբունքը հիմնվում է կերպարային նկարագրերի հեղինակի հարմարությամբ, հնարավոր դարձնելով բացահայտել բնութագրական, հատկանշական գծերը։ Ուստի պարզ է կտավի կենտրոնում մոր՝ Սաթենիկի կերպարի արտասովոր լուսավորությունը, որ տարածվում է նաև նրա կողքին, դիտողից աջ կանգնած Ռուզանի պատկերին։ Գեղանկարչական կատարման յուրահատուկ դինամիկան, թրթիռը զգացվում են հրեշտակների ֆիգուրների, թևերի ու հագուստների ծալքերի միաձույլ պլաստիկայով, գունաբծերի խաղով։ Երկնքի հատվածում երևում են երկնագույնի, դեղինի նախնական քսվածքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]