Մայրս և ես (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մայրս և ես
տեսակ գեղանկար
նկարիչ Էդուարդ Իսաբեկյան
տարի 1983
բարձրություն 130
լայնություն 80
նյութ Կտավ, յուղաներկ
հավաքածու Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ
կայք


Մայրս և ես, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1983 թվականին (կտավի վրա նշված է 1967) ստեղծած իմաստային մտահղացմամբ կտավ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր մահից վեց տարի անց Իսաբեկյանն անդրադառնում է հարազատ կերպարին՝ անցյալին վերադառնալով նոր վերապրումով։ Ձգտելով ընդհանրացումների՝ նկարիչը մոր նկարագրին հաղորդում է մոնումենտալ երանգներ, հաստատում մայրության, որդիական սիրո, պարտքի, կարոտի մնայնությունը, մեկ անգամ ևս արժեքավորում հավերժական զգացմունքները, նեոռոմանտիկ թախիծով կարևորում հիշողությունը։ Նկարագրական կենցաղայնության փոխարեն արվեստագետը դիմում է յուրահատուկ մտորումների։ Ստեղծագործության հիմքը հոգևոր-հուզական զգայականությունն է՝ իբրև անձնավորված ապրում։ Պահպանելով մոր կերպարի անհատական գծերը, նկարիչը թեթև ձգվածություն է հաղորդում կնոջ իրանին, կեցվածքին՝ որոշ հանդիսավոր վեհություն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի ընդհանուր կոմպոզիցիոն կառուցվածքն աչքի է ընկնում ստատիկայի հանդիսավորությամբ։ Մոր վսեմ կերպարի կողքին Իսաբեկյանը ներկայանում է իբրև պատանյակ, սակայն դեմքի և արտահայտության նկարագրերի տարիքին անհամապատասխան դրամատիզմով, ինքնամփոփ հույզով, մտորումներով։

Մոր՝ տիկին Սաթենիկի կերպարն ամփոփված է հատուկ հանդերձներով, որոնց մի մասին Իսաբեկյանը պատմականացված տարազի բնույթ է հաղորդում. կապույտ բացվածքի և կրծքամասում երևացող շագանակագույն երանգային հագեցածություն ունեցող կարմիր շապիկի հատվածներում։ Կոլորիտի ընդհանուր գամման մուգ է։ Անթափանց ֆոնը ճեղքվում է լուսային ու գունային շեշտադրումներով։ Նկարիչն օգտագործում է լույսի ներքին էմոցիոնալ հնարավորությունները, դուրս բերելով մոր կերպարանքը խուլ ֆոնից, դիմահայաց վառ լուսավորում գլխաճակատը, աստիճանաբար սահեցնում այն (լույսը) մինչև ձեռքերը, ստեղծում դեմքի, պարանոցի հարուստ լուսաստվերային մշակումներ, հագուստի ձևերի ու ծալքերի չափավոր ռիթմ։ Կտավում վառ գունային հակադրություն է պատանու վերնաշապիկի ալ կարմիրը, որ հակադրում է ինքնապատկերի գունա-ծավալային տարբերությունը նկարի մյուս մասերի համեմատ։

Ստեղծագործության մեջ երկու կերպարների «գոյությունը» կտավի տարածական հարթության մեջ արտասովոր է ու երկակի։ Արվեստագետի մտահղացումն ինքնին հետադարձ հայացք է երկու անձերի, նրանց ճակատագրերի՝ մոր և իր. առաջին դեպքում ետմահու, երկրորդում՝ երիտասարդ տարիքի։ Կտավում մոր և որդու կերպարները կոնկրետ ատրիբուտներով հանդերձ՝ մեկնաբանված են տարանջատ, ժամանակային և հոգեբանական անջրպետային տարբերությամբ։ Իսաբեկյանն ինքնապատկերը տեղադրում է զգուշավորությամբ՝ չխաթարելով մոր կերպարի ամբողջականությունը, ստեղծագործության հիմնական գաղափարը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]